ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

ՊՐՈՖԵՍԻՈՆԱԼՆԵՐԻ ԵՐԿՈՒՇԱԲԹԻՆ ՕԵԿ-ՈՒՄ

ՊՐՈՖԵՍԻՈՆԱԼՆԵՐԻ ԵՐԿՈՒՇԱԲԹԻՆ ՕԵԿ-ՈՒՄ
16.03.2010 | 00:00

Աշխարհում շատերն են երկուշաբթի օրվանից նոր կյանք սկսում, համենայն դեպս` որոշում են շատ շատերը: Իսկ նրանք, ովքեր, բացի այդ, նաև կուսակցական են, սեփական որոշումներից բացի, իրականացնում են կուսակցության որոշումները: Երկուշաբթի օրը` մարտի 15-ին, «Օրինաց երկիր» կուսակցությունը տարածեց հայտարարություն, համաձայն որի` «մարտի 13-ին կայացած քաղաքական խորհրդի նիստում քննարկվել է ՕԵԿ քվոտայով նախարարներ Մհեր Շահգելդյանի և Գուրգեն Սարգսյանի` գործադիր իշխանությունում պաշտոնավարման հարցը: ՕԵԿ քաղխորհուրդը որոշում է կայացրել հետ կանչել նշված նախարարներին, հանրապետության նախագահին ներկայացնել Մանուկ Վարդանյանի թեկնածությունը` տրանսպորտի ու կապի նախարարի պաշտոնում, և Արմեն Երիցյանի թեկնածությունը` արտակարգ իրավիճակների նախարարի պաշտոնում: Մհեր Շահգելդյանն ու Գուրգեն Սարգսյանը կշարունակեն պաշտոնավարել ՕԵԿ-ի ղեկավար կազմում` ստանձնելով այլ պարտականություններ»: Այսինքն` նվազագույնը չորս մարդ երկուշաբթի օրվանից նոր կյանք է սկսել` Մհեր Շահգելդյանն ու Գուրգեն Սարգսյանն իբրև անպաշտոն կուսակցականներ, Մանուկ Վարդանյանն ու Արմեն Երիցյանը` նախարարներ: Ի տարբերություն ՕԵԿ-ի այլ` անցյալում լավ հայտնի նախարարների, թե՛ Մհեր Շահգելդյանը, թե՛ Գուրգեն Սարգսյանը, իրենց նախարարական գործունեության ընթացքում սենսացիայի արժանի գործ չեն արել` ո՛չ լավ, ո՛չ վատ իմաստով, աշխատել են իրենց հնարավորությունների և պետության հատկացրած ռեսուրսների շրջանակում: Հիմնականում լավ են աշխատել, եթե հաշվի առնենք, որ նրանց պաշտոնավարումը համընկավ գլոբալ ֆինանսատնտեսական ճգնաժամի շրջանին, որը շատ մոդայիկ է աշխարհում ու Հայաստանում համարվում է բոլոր չարիքների պատճառ: Եվ հազիվ թե նրանց իրավահաջորդները, որքան էլ ջանան, ավելին կարողանան անել: Համենայն դեպս, ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանի գնահատականով` իրենց նախարարների հետկանչը պայմանավորված չէ նրանց պրոֆեսիոնալ գործունեությամբ, այլ «ընտրությունից ընտրություն ՕԵԿ-ն ընտրողներին է ներկայացնում իր ծրագրերը, իսկ դրանք համակարգելու և ներկուսակցական խնդիրներով զբաղվելու համար անհրաժեշտ են փորձառու քաղաքական գործիչներ»: Խմբակցության ղեկավարը հերքել է կոալիցիայից ՕԵԿ-ի դուրս գալու լուրերը:
Մարտի 16-ին ՕԵԿ գրասենյակում կկայանա կուսակցության նախագահ Արթուր Բաղդասարյանի մամուլի ասուլիսը, և կուսակցության քաղխորհրդի անակնկալ որոշման պատճառներն ու հետևանքները կպարզաբանվեն առաջին դեմքից:
Իսկ Մհեր Շահգելդյանն ու Գուրգեն Սարգսյանը վերջապես հնարավորություն կստանան իբրև ազատ մարդ ըմբոշխնելու գարնան գեղեցկությունը` մինչև կուսակցական հերթական առաջադրանքը: Հաջողություններ ՕԵԿ-ի հին ու նոր նախարարներին:
Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 1243

Մեկնաբանություններ