ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

ՍՓՅՈՒՌՔԸ և ԱՐՑԱԽԸ` ՆՈՐ ՄԱՐՏԱՀՐԱՎԵՐՆԵՐԻՆ ԴԵՄ ՀԱՆԴԻՄԱՆ

ՍՓՅՈՒՌՔԸ և ԱՐՑԱԽԸ` ՆՈՐ ՄԱՐՏԱՀՐԱՎԵՐՆԵՐԻՆ ԴԵՄ ՀԱՆԴԻՄԱՆ
14.01.2011 | 00:00

ՈՒժի համաշխարհային կենտրոնների անհամաչափ զարգացումն էական փոփոխություններ է ձևավորել աշխարհաքաղաքական փոխհարաբերակցության մեջ։ Ընդհանրապես աշխարհում և տարածաշրջանում նպաստավոր իրավիճակ է ստեղծվել Հայաստանի շահերի համար, այդ թվում` ղարաբաղյան հիմնախնդրում, բայց դա չի նշանակում, թե արտաքին լուրջ մարտահրավերներ չկան, ուստի և անհրաժեշտ է պատրաստ լինել աննպաստ զարգացումների։ Թուրք-հայկական հարաբերությունները կարգավորելու փորձերը, որոնք, անտարակույս, ընկալվում են որպես դրական նախաձեռնություն, առայժմ հանգեցրել են միայն տարածաշրջանում լարվածության ուժեղացմանը։ Ընդ որում, այդ գործընթացը տեղի է ունենում ավելի շուտ ոչ թե թուրք-հայկական, այլ արևմտյան հանրակցության և Ռուսաստանի հետ Թուրքիայի հարաբերությունների շրջանակներում։ Անշուշտ, կարևորագույն նշանակություն ունի Թուրքիայի և ԱՄՆ-ի փոխհարաբերությունների զարգացումը։ Մեր կարծիքով` արևմտյան հանրակցության, նախ և առաջ ԱՄՆ-ի և եվրոպական առաջատար պետությունների դիրքորոշման հիմքում ընկած են նրանց նպատակներն ու խնդիրները Թուրքիայի արտաքին քաղաքական հավակնությունները «զսպելու» հարցում՝ այն պայմաններում, երբ Թուրքիան ձգտում է ավելի կարևոր դիրքեր զբաղեցնելու տարածաշրջանում և աշխարհում։ Հարկ է նշել, որ Ռուսաստանի նպատակները հետզհետե ավելի են զուգակցվում և նմանվում արևմտյան հանրակցության դիրքորոշումներին ու մտադրություններին։ Միաժամանակ Թուրքիան հասկանում է, որ տարածաշրջաններում ընթացող գործընթացներում իրեն ներգրավելը, որն իրականացվում է արտաքին գործընկերների նախաձեռնությամբ, կարող է հանգեցնել իր արտաքին քաղաքական կախվածության ուժեղացման, սեփական արտաքին քաղաքականության սահմանափակման։ Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործում Թուրքիայի հիմնական խնդիրը «հայկական գործոնի» բացառումն է, որն արտաքին ուժերի կողմից օգտագործվում է նրա վրա ճնշում գործադրելու համար, ինչը տեղի է ունենում Ղրիմի պատերազմի ժամանակներից ի վեր։ Թուրքիան դեռևս չի ստացել այն հարցի պատասխանը, թե ԱՄՆ-ի և Եվրամիության հետ, ու նաև միջազգային հարաբերություններում ինչպիսի զարգացումներ կարձանագրվեն Հայաստանի հետ հարաբերությունների լրիվ կամ մասնակի կարգավորումից հետո։ Սա է կարգավորման գործընթացում ոչ հրապարակային քաղաքականության հիմնական պայմանը։ Սակայն այդ բարդ գործընթացների համապատկերի վրա առաջ են քաշվել միանգամայն մտացածին հանգամանքներ ու պայմաններ, թե թուրք-հայկական հարաբերությունների կարգավորումը կախված է ղարաբաղյան հիմնախնդրի լուծումից։ Իրականում Թուրքիային երբեք լրջորեն չի հետաքրքրել Ղարաբաղի խնդիրը։ Անկարայում միշտ որոշակիորեն երկյուղ են կրել Ղարաբաղի հիմնախնդրին միջամտելուց, ինչը կարող էր Թուրքիան ներքաշել տարածաշրջանում տարբեր պետությունների հետ առճակատման մեջ։ Փաստորեն, միայն 2008 թվականի աշնանից Թուրքիան զգաց ղարաբաղյան հիմնախնդրին միջամտելու իր ընդունակությունն ու շահագրգռվածությունը, ընդ որում, դա տեղի ունեցավ Ռուսաստանի նախաձեռնությամբ, որն այդ պահին փորձում էր Թուրքիայի հետ ստեղծել որոշակի դաշինք՝ դիմակայելու Սևծովյան տարածաշրջանում ԱՄՆ-ի ռազմական ու քաղաքական ներկայությունն ուժեղացնելու մտադրություններին։ Հետագայում Ռուսաստանը հասկացավ, թե ինչ կոպիտ սխալ է կատարել և, փաստորեն, համակերպվեց ԱՄՆ-ի այն դիրքորոշման հետ, թե թուրք-հայկական և հայ-ադրբեջանական կարգավորման գործընթացները չպետք է զուգակցվեն։ Բայց տարածաշրջանում շատ արագ ձևավորվեց նոր իրավիճակ՝ կապված իր արտաքին քաղաքական նպատակներն ու ծրագրերը կառուցելիս Թուրքիայի կողմից ղարաբաղյան հիմնախնդրի եռանդուն օգտագործման հետ։ Ներկայումս տարածաշրջանում միանգամայն նոր իրադրություն է ստեղծվել, որն այս կամ այն կերպ կհանգեցնի հանգուցալուծման և ուժերի նոր հաշվեկշռի ձևավորման, սակայն Հայաստանը սահմանափակ քաղաքական ու տնտեսական ռեսուրսներ ունի և կարիք է զգում արտաքին աջակցության, նախ և առաջ՝ սփյուռքի։
Հայկական սփյուռքը, անտարակույս, ընդհանուր առմամբ կատարեց իր պատմական խնդիրը և կարողացավ պաշտպանել Հայաստանի շահերն անցած 20 տարում, չնայած հայաբնակ որոշ երկրների ներքին զգալի հակասություններին, քաղաքական, տնտեսական, սոցիալական անբարենպաստ պայմաններին։ Սակայն հայ սփյուռքի հասարակական և քաղաքական կազմակերպությունները պատրաստ չէին նոր մարտահրավերներին և Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացին մասնակցելու Հայաստանի փորձերին։ Չնայած սփյուռքի բավականաչափ եռանդուն վերաբերմունքին, որն արտահայտվում է տարբեր կազմակերպությունների գործունեությամբ, պարզվեց, որ ընդհանրապես տվյալ առաջատար կազմակերպությունները հայտնվեցին շփոթահար վիճակի մեջ և չկարողացան ո՛չ համարժեք վերլուծություն առաջարկել, ո՛չ էլ հասկանալ հեռանկարները։ Տվյալ իրավիճակն ստեղծվեց սփյուռքահայության առաջատար և զանազան այլ կազմակերպությունների ու խմբերի երկարատև հարմարվողական քաղաքականության հետևանքով, որը շարունակվում էր երկար տարիներ։ Համագործակցություն էր իրականացվում Հայաստանի քաղաքական ղեկավարության և սփյուռքի կազմակերպությունների միջև, ընդ որում՝ ինչպես սփյուռքի ավանդական քաղաքական կազմակերպությունների հետ, որոնք մեծ ազդեցություն ունեն, այնպես էլ այն նոր խմբերի հետ, որոնք ստեղծվել են սփյուռքի մի շարք հարուստ ընտանիքների նախաձեռնությունների և անձնական շահագրգռությունների շնորհիվ։ Ավանդական կազմակերպությունների դիրքորոշումը, որը հանգում էր ամեն գնով Հայաստանի քաղաքական ղեկավարության հետ համագործակցությանը, հանգեցրեց նրանց հեղինակության նկատելի անկման ինչպես բուն Հայաստանում, այնպես էլ սփյուռքում։ Նոր կազմակերպություններն ու խմբավորումները դարձան յուրատեսակ գործիք այն երկրների կառավարությունների ձեռքին, որտեղ գտնվում են հայ համայնքները և, փաստորեն, զբաղեցրին այլ, տնտեսապես նվազ կարողունակ կազմակերպությունների գործունեության ասպարեզը։ Երկար ժամանակ թվում էր, թե Հայաստանի և սփյուռքի քաղաքական ուժերի ցուցադրական միասնությունը դրական գործոն է և, անշուշտ, ճիշտ վարքագիծ, մինչդեռ իրականում վերջին 20 տարում Հայաստանը և սփյուռքը չկարողացան և, ըստ երևույթին, նպատակ էլ չունեին ստեղծելու ժամանակակից ցանցային կառույց, որն ընդունակ լիներ համարժեք, արդյունավետ գործունեություն վարելու միջազգային ասպարեզում։ Ցանցային կառույցների արդյունավետ աշխատանքի պայմաններից մեկն անհրաժեշտ բազմազանությունն է, պայմանների ստեղծումը այս կամ այն կազմակերպության խուսավարելու և գործունեության ազատություն ապահովելու համար։ Միջազգային հանրակցությունը հասկացել է, որ Հայաստանի և սփյուռքի շահերը միշտ չէ, որ համընկնում են, իսկ երբեմն էլ բացահայտ հակասության մեջ են։ Այդ կապակցությամբ հարց է ծագում, թե սփյուռքի կազմակերպություններն արդյո՞ք ամեն ինչում պետք է ընթանան Հայաստանի իշխանությունների հետևից, թե՞ ապահովեն սփյուռքի իրական քաղաքական սուբյեկտ լինելը։ Առնվազն հասկանալի է դարձել, որ 2009 թվականի իրադարձությունները, երբ ներհակություններ դրսևորվեցին Հայաստանի քաղաքական ղեկավարության և սփյուռքի կազմակերպությունների միջև, դաս եղան շատերի համար, ովքեր հույս էին կապում իշխանության վրա ազդեցություն գործելու ընդունակության հետ, երբ հարմարվողականությունը դարձել էր հիմնային դիրքորոշում։
Ցավոք, վերջին տարիներին սփյուռքի կազմակերպություններն այդպես էլ չորոշարկեցին իրենց դիրքորոշումը Ղարաբաղի և Ջավախքի հիմնախնդիրների առնչությամբ։ Ինչպես Հայաստանի քաղաքական շատ կուսակցություններ ու կազմակերպություններ, սփյուռքի կառույցները ձևացնում են, թե ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման մադրիդյան սկզբունքները թեպետ փոխզիջողական, բայց և դրական են, և դրանց հիման վրա հնարավոր է կարգավորել ղարաբաղյան հիմնախնդիրը, տարածաշրջանում նախադրյալներ ստեղծել երկարատև խաղաղության և համագործակցության համար։ Իրականում մադրիդյան սկզբունքները շատ կասկածելի են և կհանգեցնեն հայ ժողովրդի համար ղարաբաղյան նահանգի կորստին։ Այն, ինչ կոչվում է Դաշտային Ղարաբաղ, որն անվանում են «յոթ կամ հինգ» շրջան, իրականում մի նեղ հողաշերտ է, որից կախված է ոչ միայն Ղարաբաղի, այլև Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության ճակատագիրը։ Ո՛չ սփյուռքի կազմակերպությունները, ո՛չ ավանդական քաղաքական կուսակցությունները, որոնք ներկայացված են Հայաստանում, այդպես էլ չարտահայտեցին իրենց վերաբերմունքը մադրիդյան սկզբունքների նկատմամբ։
Բավականաչափ սուր է ծառացած Ջավախքի խնդիրը, մի տարածաշրջան, որը բնակեցված է առավելապես հայերով, որտեղից Վրաստանի իշխանությունները փորձում են հայերին դուրս մղել և նրանց մշակույթն ու սոցիալական շահերն անտեսելու քաղաքականություն են վարում։ Հայաստանի քաղաքականությունը, որը փորձում է առավելագույնս կարգավորել հարաբերությունները Վրաստանի հետ, վերջին ժամանակներս կոշտ հանգամանքների ազդեցությամբ դարձել է ավելի սկզբունքային։ Հայաստանը հասկացել է, որ պետք չէ հույսը զանազան խմբավորումների վրա դնել, որոնք ոչ մի ազդեցություն չունեն Ջավախքում։ Այդուհանդերձ, սփյուռքի կազմակերպությունները կարող էին աշխատանքի ավելի որոշակի պլան մշակել միջազգային ասպարեզում Ջավախքի հայության շահերը պաշտպանելու համար։ Պետք է ուշադրության առնել այն հանգամանքը, որ Հարավային Կովկասում իրավիճակը նկատելիորեն փոխվել է, և արևմտյան հանրակցությունն այժմ այլ կերպ և շատ ավելի քննադատաբար է քննարկում Վրաստանի իշխանությունների քաղաքականությունը` արտաքին և ներքին տարբեր ուղղություններում։ ՈՒժի համաշխարհային կենտրոնները որոշ դեպքերում համերաշխ դիրք են բռնում Վրաստանի նկատմամբ, իսկ այլ դեպքերում` բավականաչափ տարբեր։
Հայաստանում և Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում, ինչպես նաև Ջավախքի տարածաշրջանում բարդ իրավիճակ է ստեղծվել, ինչը հարուցված է ներքին և արտաքին պայմաններով։ Այդ պայմաններում սփյուռքի կառույցները պետք է հասկանան, որ պատմական հայրենիքի հետ հարաբերությունները չպետք է սահմանափակվեն սոսկ իշխանությունների հետ ունեցած կապերով, այլ պետք է սերտորեն համագործակցել հասարակական, քաղաքական և մտավորական լայն շրջանակների հետ։ Սփյուռքի կառույցների վարքագծի նախկին մոդելներն ու շարժառիթները դարձել են հնաոճ և իրենց չարդարացնող։ Ստեղծվել են նոր մարտահրավերներ, և պետք է կարողանալ դիմագրավել դրանց։
Իգոր ՄՈՒՐԱԴՅԱՆ

Դիտվել է՝ 1082

Մեկնաբանություններ