ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՀԻՄՆԱԴՐԱՄ. ԻՍԿ ԻՆՉՈ՞Ւ ՈՉ

ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՀԻՄՆԱԴՐԱՄ. ԻՍԿ ԻՆՉՈ՞Ւ ՈՉ
26.11.2010 | 00:00

Ընդամենը մեկ-երկու տարի առաջ հաճախակի և սովորական դարձած ԱԺ-ի աշխատանքների տապալումները` քվորումի բացակայության պատճառով, այսօր, կարծես թե, հետին պլան են մղվել։ Տպավորություն է ստեղծվել, որ ԱԺ-ի նախկին նախագահներն ի զորու չէին լուծելու այդ և մի շարք ցավոտ հարցեր, լուրջ և քաղաքակիրթ կազմակերպելու ԱԺ-ի աշխատանքները, պատշաճ կարգով աջակցելու և նպաստելու պետական այդ բարձրագույն օրգանի լիարժեք կայացմանը, դրանով իսկ մեղմելով հասարակության հիասթափությունը, հասարակություն, որի ուշադրությունից վաղուց դուրս է մղվել քաղաքական կյանքի այդ կարևոր հարթակը։
Վերջին մեկ տարում նկատելի են ԱԺ-ի ղեկավարության ջանքերը` ամեն գնով խորհրդարանի հեղինակությունը վերականգնելու ուղղությամբ։ Ցավոք, դա արվում է ոչ վայել ձևով և ոչ ճիշտ ուղղվածությամբ, որոնք բավարար չեն ԱԺ-ի հեղինակությունը բարձրացնելու համար։
ԱԺ-ի հեղինակությունը կբարձրանա մեր պետական շահերը պաշտպանող արդար օրենքների ընդունմամբ, ինչը հնարավոր է գրագետ, ազնիվ, քաղաքացիական բարձր պատասխանատվությամբ օժտված, ԱԺ-ի աշխատանքներին պարտադիր, ակտիվ և սրտացավ մասնակցող պատգամավորների առկայության պարագայում։
Ցավոք, այսօր նման առաքելությամբ օժտված պատգամավորները մեր խորհրդարանում շատ սակավաթիվ են։ Գաղտնիք չէ, որ մեծ թվով պատգամավորներ իրենց անձնական շահերից (բիզնեսից) ելնելով են «հավաքագրվել» ԱԺ-ում, պարտավորություն ստանձնելով «ծառայելու» իշխանական հզոր լծակներ զավթած, իրենց հովանավորող օլիգարխներին, ինչը բացառիկ արտոնություն և «իրավունք» է վերապահում նրանց առհասարակ չմասնակցելու կամ ըստ ցանկության մասնակցելու նիստերին, ամսվա ընթացքում ընդամենը մի քանի անգամ, մեկ-երկու ժամով ներկայանալու հանձնաժողովների աշխատանքներին, որի համար նրանք վարձատրվում են տասն անգամ շատ, քան հանրապետությունում նվազագույն աշխատավարձն է կամ միջին կենսաթոշակը։
Անհերքելի փաստ է, որ ԱԺ-ի վերջին տասը տարիների առօրյա աշխատանքներին շատ թե քիչ կանոնավոր մասնակցող, պարտաճանաչ պատգամավորների թիվը չի անցնում 50-60-ից, որի անժխտելի ապացույցն են ԱԺ-ի նիստերի կիսադատարկ դահլիճից հեռարձակվող հաղորդումները։
Այնպես որ, այսօր էլ ԱԺ-ի աշխատանքներին գրեթե չմասնակցող, հաճախակի բացակայող, ուշացող կամ ժամանակից շուտ նիստը լքող պատգամավորների` մեկ ամսվա ընթացքում բացակայած ժամերն ու օրերը հավասար են նվազագույնը 30-40 պատգամավորների` մեկ ամսվա լրիվ աշխատանքային օրերին համապատասխանող ժամերին, որոնց համարժեք նրանց աշխատավարձերի ընդհանուր ամսական գումարն անցնում է 10-12 մլն դրամից։
Շատ ցավալի է, որ հանրապետության բազմահազարանոց հարկատուների հաշվին ԱԺ-ին հատկացված հսկայական գումարների զգալի մասը փոշիացվում է նման, մեղմ ասած, անպատասխանատու պատգամավորների վարձատրման, ԱԺ-ում նրանց համար նախատեսված այլ ծախսերի վրա։ Եվ դա այն դեպքում, երբ նրանց մեծամասնության համար այդ բարձր աշխատավարձը գրոշ չարժե, առավել ևս, որ այն իրենց «հալալ քրտինքի» վաստակը չէ։
Թերևս այս հարցը կարող է դառնալ այն փորձաքարը, որի ճիշտ և արդար լուծումն ԱԺ-ի ղեկավարության կողմից զգալի չափով կբարձրացնի պետական այս կարևորագույն ինստիտուտի հեղինակությունը։ Դրա համար անհրաժեշտ են ԱԺ-ի ղեկավարության հաստատակամ ցանկությունն ու նախաձեռնողականությունը, ինչու չէ, նաև համարձակությունը` վերականգնելու խորհրդարանի աշխատանքային կարգապահությունը` անխտիր ու անկողմնակալ հաշվառելով պատգամավորների առօրյա մասնակցությունը ինչպես նիստերին, այնպես էլ նիստերից դուրս։ ՈՒստի անհրաժեշտ է անհարգելի պատճառով բացակայած, ուշացած կամ նիստը ժամանակից շուտ լքած պատգամավորների այդ ժամերին կամ օրերին համապատասխանող աշխատավարձը կասեցնել (ինչպես դա ընդունված է պետական հիմնարկներում) և կուտակված գումարներով ստեղծել Ազգային ժողովի հիմնադրամ։
Այդ հիմնադրամով կարելի է ստեղծել, օրինակ, «Ազգային ժողովի կրթաթոշակ» կամ «Ազգային ժողովի մրցանակ»` արվեստի, գիտության, կրթության, սպորտի, առողջապահության և այլ բնագավառներում, համապատասխան ֆինանսական պարգևատրումներով։
Այդ հիմնադրամով օգնել (միանվագ, կարճատև կամ ցմահ) Հայրենական մեծ պատերազմի հաշմանդամներին, վետերաններին, զոհված կամ հաշմանդամ արցախյան ազատամարտիկների ընտանիքներին, մանկատներին, ծերանոցներին, աղետի գոտու խիստ կարիքավորներին, 75 տարին բոլորած գիտության, կրթության, արվեստի վաստակավոր գործիչներին և այլն։
Ինչևէ, հուսանք, որ ԱԺ-ի ղեկավարությունը, դեռևս «մարտնչող» ոչ քիչ մոհիկան-պատգամավորների օգնությամբ, կկարողանա հաղթահարել այս մարդասիրական ձեռնարկի բացահայտ հակառակորդների դիմադրությունը` փոշիացվող գումարներն ուղղելով մեր հանրության առավել անապահով, այդ օգնության խիստ կարիքն ունեցող արժանի խավին։ Եվ դա կլինի ԱԺ-ի վերածննդի սկիզբը։
Սերգեյ ՀԱՋԻՆՅԱՆ
Գրիգոր ԹՈՐՈՍՅԱՆ

Դիտվել է՝ 1117

Մեկնաբանություններ