Ամեն հեռացող սերունդ իր հետևից եկողի շնչառությունն է զգում թիկունքին, ուրախանում է, տխրում, կասկածում, փնթփնթում, նախանձում:
Ամեն հեռացող սերունդ իր հետևից եկողին նայում է, ինչպես ճաղատը կնայեր վարսավիրանոցին:
Իմ հետևից եկողը քմծիծաղով հարցրեց.
-Ո՞րն է իմ ու քո տարբերությունը:
-Եթե գալիս ես իմ կիսատ թողածը շարունակելու, տարբերություն համարյա չկա, մենք նույն խմբի արյունն ունենք, նույն պատմությունը, նույն հերոսները:
-Ես նոր պատմություն եմ գրելու, նոր հերոսներ եմ հնարելու,- հպարտ ամբարտավանությամբ ասաց իմ հետևից եկողն ու շրջանցեց ինձ:
-Ոտքդ քարին առնի, հետ նայիր,- պատվիրեցի նրան ու բաժանվեցինք...
Սպարտակ ՂԱՐԱԲԱՂՑՅԱՆ