Ադրբեջանում կալանավորված մարդու իրավունքների պաշտպան Լեյլա Յունուսի առողջական վիճակի վատացման մասին հայտարարություն են տարածել նրա փաստաբանները՝ նշելով, որ կնոջ վիճակը ծանր է:
Ըստ փաստաբանների՝ նրան պահում են ցուրտ խցում, որտեղ չկա տաք ջրի հասանելիություն։ Նման պայմանները նախկինում 4 վիրահատության ենթարկված կնոջ վիճակը ծանրացրել են։
Փաստաբանները հայտնել են, որ այս իրավիճակից ելնելով՝ ոչ մի երաշխիք չկա, որ Լեյլա Յունուսը կապրի մինչև տարեվերջ:
«Եթե ցանկություն չկա փոխելու նրա խափանման միջոցը տնային կալանքի, ապա խիստ անհրաժեշտություն կա նրան տեղափոխելու քրեակատարողական համակարգի հիվանդանոց»,- ասվում է հայտարարության մեջ։
Ադրբեջանցի իրավապաշտպան Լեյլա Յունուսն ու նրա ամուսինը` Արիֆ Յունուսը, մեղադրվում են «հայրենիքի դավաճանության, խարդախության, հարկերից խուսափելու» մեջ: Սակայն այդ մեղադրանքները ոչնչով հաստատված չեն: Amnesty International միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը նրանց ճանաչել է որպես «խղճի բանտարկյալներ»: