ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի անցումային թիմում ամենաազդեցիկ անձ համարվող գործարար Իլոն Մասկը և ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցիչ Ամիր Սաիդ Իրավանին Նյու Յորքում քննարկել են Վաշինգտոնի ու Թեհրանի հարաբերություններում լարվածությունը նվազեցնելու ուղիները։ Նրանք դրական են որակել բանակցությունները և ասել, որ սա «լավ նորություն» են համարում։               
 

Անկախության տխուր դասը

Անկախության տխուր դասը
18.02.2024 | 20:23

Ճշմարտությունը դառն է ինչպես դեղահաբը, բայց ինքնահոսի էլ ոչ մի հիվանդություն չի բուժվում։
Անկախության առաջին տասնամյակը մեզ բավականաչափ դասեր տվեց։ Եվ արդեն այս տասնամյակում մենք պարտավոր ենք լրջությամբ ուսումնասիրել, ճիշտ հետևություններ կատարել ու ճշգրիտ լուծումներ գտնել։ «Մենք»-ը մեզ բոլորիս է վերաբերվում․ բոլոր նրանց, ովքեր մնացել են այս երկրում, իրենց այսօրն ու վաղը շաղկապում են այս երկրի ճակատագրի հետ: Ամենից առաջին դասն էլ, երևի, այն է, որ մեր հասկացողության մեջ «մենքի» սահմանները ընդլայնենք։

«Մենք»-ը պարտավոր է ընդգրկել հանրապետության ողջ բնակչությանը իր բոլոր խավերով, շերտերով և հակասություններով հանդերձ։ Տարօրինակ ու ցավալի է, որ հինգ հազարամյա ժողովրդիս ըմբռնմամբ «մենք»-ը ավելի նեղմիտ է, քան չեչենական «վայնախը»։ Այն ներառում է նաև հեռավոր արյունակցական կապերը՝ նույն հասկացության մեջ ներառելով նրանց եղբայր ինգուշ ժողովրդին։ Ցավալի է , որ մեր «մենքն» ավելի նեղմիտ է, քան հանցագործ աշխարհի «սվոյը», որն իր մեջ ներառում է բոլորին՝ առանց մաշկի գույնի և լեզվի խտրականության, ովքեր դավանում և գործում են իր օրենքների համաձայն։
Երիցս տարօրինակ է, որ առայսօր մենք չենք հասկացել բոլորիս նույն նավի ուղևորներ լինելու հանգամանքը։ Երբ համաշխարհային քաղաքականության օվկիանոսի ալիքների մեջ բզկտվող միևնույն Հայաստան-նավի ուղևորների կազմում են հանրապետության նախագահն ու ամենահասարակ սարվորը, յուրաքանչյուր համայանքապետն ու ուսանողը, յուրաքանչյուր վաճառողն ու գնորդը, յուրաքանչյուր ձեռներեցն ու բանվորը, բոլոր կուսակցություններն ու հասարակական կազմակերպությունները․․․․

Եվ եթե այս նավը նավահանգիստ հասնի, ապա բոլորս տեղ կհասնենք։

Եթե այն խորտակվի, ապա ամենքս կխորտակվենք:
Ահա՛ այս ընդգրկուն տրամաբանությունն է անհրաժեշտ թե՛ յուրաքանչյուրիս, թե՛ բոլորիս։

Որպեսզի այլևս չշարունակվեն անցած տասնամյակի անընդհատ բաժանումները, բաժանումների ներսում խմբավորումները, դրանց ներսում կրկին նոր բաժանումներն ու ենթախմբավորումները։ Ախր սթափ դիտողի համար այս ամենը անհեթեթությո՜ւն է: ՈՒրիշ էլ ի՜նչ կուսակցություններ, երբ Աստված ինքն է կնքել մեր կուսակցությունը․ ՄԵՆՔ ՀԱՅ ԵՆՔ ԾՆՎԵԼ։
Էլ ի՜նչ աղանդներ, երբ ճակատագիրը կռապաշտության խենեշի դեմ ամենօրյա առաքելական ավարայրներ է մեզ պարտադրել։ Եվ ի՜նչ գերշահույթ, շահագործում և շերտավորում, երբ այս լեռների բացարձակ աղքատիկ պայմանները բացարձակ հանդուրժողականություն և սոցիալական հավասարություն են պարզապես թելադրում, այլապես 80-ականների վերջին սերունդն էլ կհեռանա երկրից:Դրանով իսպառ կխախտվի Հայաստանի սերնդափոխության պոտենցիալը, որովհետև 60-ական, 70-ական, 80- ականների սկզբի սերունդները վաղուց հիմնականում տարագրվել են, իսկ 90- ականներին, բոլորս էլ գիտենք, համարյա ծնունդներ չեղան։ ՈՒրեմն այսօրվա 16-22 տարեկան պատանիները այն հին և երանելի ժամանակների վերջիններն են։ Սրանց, գոնե, պարտավոր ենք մի կերպ անել՝ տեղավորել այստեղ, որպեսզի ապահովենք ազգի շարունակելիությունը։
Սա համազգային խնդիր է։ Այն պակաս կարևոր չէ, քան Արցախի հանգույցը կամ Հայոց Դատը։ Իմ կարծիքով երրորդ հազարամյակի սկզբում սերնդափոխության ապահովման խնդիրն առաջնայինն է, որովհետև և Հայոց դատը, և Արցախի հիմնահարցը շարունակական և հզոր Հայաստանի ուժերով են լուծվելու։
Տարրական ճշմարտությունները հարկ է խոստովանել, որովհետև դրանք են այն հիմքը, որի վրա կկառուցվի մեր ապագան։ Պետք է խոստովանել, որ այս անկախությունը մենք չենք նվաճել, այն ԽՍՀՄ փլուզման հետևանքով ուղղակի մեզ բաժին հասավ։ Խոստովանել, որ անցած տասներեք երկար ու ձիգ տարիների ընթացքում անկախության «դե-յուրե» տեսակը չկարողացանք օգտագործել «դե-ֆակտո» անկախություն կառուցելու համար։ Եվ մի Լարսի անցակետի փակումով հարցականի տակ է դրվում Հայաստանի ողջ տնտեսական մեխանիզմի աշխատանքը։ Եվ մենք ամենևին էլ չորս միլիոն ազգաբնակչությամբ երկիրը չենք , այլ հազիվ 2,5 մլն-ի սահմանգծին հասնենք-չհասնենք։ Եվ մեր բանակն ամենևին էլ տարածաշրջանի ամենամարտունակը չէ, որովհետև՝ բացի գաճաճներ Ադրբեջանից ու Վրաստանից, մեր մյուս հարևաններն են ԱՄՆ-ի դեմ հակառակվելու համարձակություն ունեցող ԻՐԱՆը և ՆԱՏՕ-ում թվակազմով երկրորդ բանակն ունեցող Թուրքիան։
Գործազրկության ահռելի չափերն ու աշխատանք ունեցողների անիրական ցածր աշխատավարձերը , թոշակների ու նպաստների ողորմելի չափերը․․․ընտրած ու մեզ նշանակած ղեկավարների անլիարժեքությունը վերջապես պարտավոր ենք ինքներս մեզ խոստովանել։
Եվ այս ամենը ինքնագիտակցելուց հետո կրկին հարկ է ազգովի վերադառնալ դեպի ակունքները, դրանք մաքրել անցած տարիների կեղտից ու ապականումից։ ՈՐՈՎՀԵՏԵՎ ԲՈԼՈՐ ՃԱՆԱՊԱՐՀՆԵՐԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ ԵՆ ԱՅՆՏԵՂԻՑ, ՈՐՏԵՂ ՀԱՏՎԵԼ ՈՒ ԽԱԽՏՎԵԼ ԵՆ։

Այո՛, հայոց համազգային շարժումն ու գաղափարախոսությունը ո՛ղջ հայ ժողովրդինն էր։ Այն ամենևին էլ մի խումբ «դեղձանիկներինը» չէ, ովքեր դիտավորյա՞լ, թե անգետ յուրացրին մեր սրբազան գաղափարներն ու զգացմունքները, դիտավորյալ, թե՞ անմիտ վարկաբեկեցին դրանց։
Արցախյան ազատամարտն էլ էր ողջ ժողովրդինը, որովհետև այս ծանր սոցիալական պայմաններում գոյատևող , այս լեռներին մագիլներով կառչած յուրաքանչյուր հայ արդեն երկիրը պահող է։ Ո՞վ կամ ինչու՞ ազատամարտիկներին անջատեց իրեն ծնող, սնող, պատերազմի ժամանակ նրանց պինդ թիկունք դարձած ժողովրդից և նրանց առանձնակի կոչեց «երկրապահ»։
Մի՞թե ազերի-թուրքական շրջափակման մեջ հայոց պահանջատիրության դատը կրկին ողջ ժողովրդինը չէ։ Ո՛չ մի կուսակցություն իրավունք չունի պատմականորեն մեր առջև ծառացած խնդիրները սեփականացնելու և նեղ կուսակցական չափումներով դրանք լուծելու։
Ռազմավարական նշանակության օբյեկտների փոշիացման ու օտարներին վերավաճառման փաստը, թերևս, Հայաստանի «անկախության կառուցման» ամենապարադոսքալ էջերից է։ Փաստորեն մեր «ընտրած» առաջնորդները մեզ հանձնեցին ու շարունակում են հանձնել օտարների ողորմածությանը, երբ նրանց կապիտալների ծագումնաբանությունը ակնհայտ անհայտ է։
Այս տեսակ անտրամաբանական գործելակերպի անունը հայրենիքի հանդեպ դավաճանություն է , որ վաղ թե ուշ պետք է պատժվի։
Ինքնապաշտպանական տարրական բնազդը, լավը վատից և բարին չարից տարբերակման տարրական կարողությունը ցանկացած կենդանի համակարգի Գոյաբանական Կոդի կարևորագույն նիշերից է։ Կենդանի, գոյատևող և շարունակվող ժողովուրդը պարտավոր է դրանցով ղեկավարվել, այլապես դատապարտված է։ Մենք, ցավոք, անցած տասնամյակում չլսեցինք մեր ներքին ձայնին, ենթարկվեցինք արտաքին աղմուկին, թմբկաձայն կոչերին։ Եվ ահռելի կորուստներ ունեցանք։ Այժմ ժամանակն է վերարժեքավորելու ամենայնը։ Վերարժեքավորելու՛, որպեսզի ամուր հիմքի վրա կառուցենք Հայոց միասնական տունը։

2004 թ., սեպտեմբեր

Աշոտ ՄԻՐԶՈՅԱՆ

Կոլաժը` ՆԻԿՕ-ի (Նիկոլայ ՄԱՆՈՒԿՅԱՆ)

Դիտվել է՝ 2504

Մեկնաբանություններ