Մեր զրուցակիցն է Հայաստանի հանրապետական կուսակցության երիտասարդական կազմակերպության նախագահ ՀԱՅԿ ՄԱՄԻՋԱՆՅԱՆԸ։
-Պարոն Մամիջանյան‚ նոյեմբերի 20-ին Դուք վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով քաղաքացիական անհնազանդության ակցիաների մասնակիցների և հետո ձերբակալվածների թվում էիք։ Ի՞նչ հիմքով էին ձերբակալել Ձեզ‚ և հետաքրքիր է՝ ակտիվիստների նկատմամբ վերաբերմունքն ինչպիսի՞ն է ոստիկանական բաժանմունքում կամ ձերբակալվածների պահման վայրում։
-Ձերբակալել էին 225 հոդվածի առաջին մասով՝ ռազմական դրության ժամանակ ցույցեր կազմակերպելու համար։ Ճիշտն ասած‚ այս ընթացքում շատ եմ շփվել ոստիկանների հետ՝ թե՛ ցույցերի‚ թե՛ բերման ենթարկվելու ընթացքում։ Չեմ ուզենա որևէ մեկի համար խնդիրներ առաջացնել‚ բայց կասեմ‚ որ ոստիկանների և ուժայինների ճնշող մեծամասնությունը խիստ դժգոհ է այս իրավիճակից, ինչպես և ցանկացած հայ։ Երբեք որևէ ցույցի ժամանակ որևէ մեկը չի մեղադրել ոստիկաններին‚ քանի որ մենք գիտակցում ենք‚ որ նրանք հրամաններ են կատարում‚ ուստի վատ վերաբերմունք ուժայինների նկատմամբ չկա ու լինել չի կարող։ Բայց, ինչպես և ամբողջ հասարակության, իրավապահների շրջանում էլ այն տիրապետող կարծիքն է‚ որ Փաշինյանը պետք է հեռանա։
-Կարծում եք՝ պատճառն այն է, որ պատերազմից հետո մենք հայտնվել ենք ճգնաժամային իրավիճակում, քանի որ իշխանությունը սպառել է լեգիտիմությու՞նը։
-Ոչ միայն լեգիտիմության խնդիր կա‚ այստեղ նաև արժանապատվության խնդիր կա‚ կա նաև դիվանագիտական խնդիր։ Հարցը կարող է դիտարկվել շատ ու շատ տիրույթներում։ Դիվանագիտական տիրույթում մեզ պետք է բանակցող։ Արժանապատվության տեսանկյունից՝ պարտված առաջնորդը պետք է հեռանա‚ որպեսզի ապահովի բնականոն վերածնունդը։ Կարելի է շարունակել թվարկումը։ Բոլոր դաշտերում առկա է‚ այսպես կոչված‚ կոնսենսուս մինուս մեկը։ Պետական ինստիտուտները՝ նույնիսկ հայտարարությունների մակարդակով և հասարակության ճնշող մասն ասում են‚ որ Փաշինյանը պետք է հեռանա։ Այդպես չեն համարում միայն ինքը՝ Փաշինյանը‚ նրա կինն ու ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորների մի մասը։
-Ընդդիմություն-իշխանություն պայքարը ու՞ր է տանելու։ Փաշինյանը մտադրություն չունի հեռանալու‚ ընդդիմությունն ու հասարակությունը պահանջում են հրաժարական։
-Նախ՝ սա ընդդիմության-իշխանության պայքար չէ‚ սա փրկության պայքար է։ Երկրորդ՝ կապրենք,՝ կտեսնենք. մենք հակված ենք կիրառելու օրենքով նախատեսված բոլոր միջոցները՝ Փաշինյանի հեռացումը կազմակերպելու համար։
-Եռակողմ հայտարարության ստորագրումից հետո բանակցությունների նոր փուլ է սկսվում։ Ինչպե՞ս պետք է դիրքավորվի Հայաստանը։
-Մեզ ոչ միայն բանակցությունների նոր փուլ է սպասում‚ այլև փաստաթղթի իրականացման ամեն օրը բանակցություն է ենթադրում տարբեր մակարդակներում՝ սկսած հիմնական բանակցողի մակարդակից‚ վերջացրած տարբեր ղեկավարների մակարդակով։ Այնպես որ, մեզ անհրաժեշտ են հմուտ պրոֆեսիոնալներ։ Այդպիսիք Փաշինյանի թիմում կա՛մ չկան‚ կա՛մ քիչ են։
-Հանրահավաքային պայքարը շարունակելու՞ եք։
-Իհարկե։ Ձերբակալելով‚ խուլիգանական խմբերի միջոցով հաշվեհարդարներ կազմակերպելով մեր դեմ պայքարելը ծիծաղելի է։
Զրույցը՝ Լիլիթ ԳԱԲՐԻԵԼՅԱՆԻ