«Փաշինյանն ու իր թիմը պատերազմը որպես PR գործիք ու գովազդվելու միջոց էին դիտարկում»
20.11.2020 | 00:14
Ռազմական փորձագետ ԿԱՐԵՆ ՎՐԹԱՆԵՍՅԱՆԸ ոչ միայն Շուշիի հանձնման, այլև պատերազմական գործողությունների հետ կապված մի շարք հարցերում մութ կետեր է տեսնում: «Իրատեսի» հետ զրույցում ընդգծում է՝ շատ հարցեր դեռ երկար ժամանակ այդպես էլ չպարզաբանված կմնան: Արձանագրում է՝ թշնամին Շուշին գրոհելու համար նախատեսված տեխնիկան ու զինամթերքը նախանշած վայրեր բավական դժվարանցանելի ճանապարհներով էր հասցնում, և մեզ հասած տեսանյութերում էլ հստակ երևում է՝ ինչպես է հայկական հրետանին ոչնչացնում ադրբեջանական զինուժը: Փորձագետի համար հասկանալի չէ՝ ինչու՞ դեպի Շուշի տանող ճանապարհը, որ անցնում է անտառներով ու աշխարհագրական բարդ ռելիեֆ ունի, այդպես էլ չի արգելափակվել, հնարավոր չէ՞ր 100-200-հոգանոց ստորաբաժանում հավաքել և ուղարկել այդ ճանապարհը «կտրելու»: Ադրբեջանական բանակն այդ օրերին ինչպե՞ս կարողացավ սնուցել իր զորքը Շուշիում, պատերազմի առաջին 15 օրերին, փորձառու գեներալներին ինչու՞ մեկուսացրին ռազմական գործողություններից:
-Այդ գեներալները, երբ հասկացան, որ ամեն ինչ շատ ավելի վատ է, իրենք իրենց նախաձեռնությամբ ընդգրկվեցին տարբեր շրջանների պաշտպանության գործին, բայց ամեն ինչ արդեն կորսված էր,- հավելում է փորձագետը։- Այսօրվա իրավիճակը չէինք ունենա, եթե կառավարությունն ի սկզբանե աներ այն, ինչ սովորաբար արվում է պատերազմի ժամանակ, այն է՝ ներքին համախմբում: Բայց, հակառակ դրան, իշխանությունը շարունակում էր անազատության մեջ պահել ընդդիմադիր հայացքներ ունեցողներին, մարդկանց աշխատելու հնարավորություն չէին տալիս: ՀՀԿ-ական Արմեն Աշոտյանին, ում փոխանակ հանձնարարեին բանակցել միջազգային տարբեր կառույցների ու գործիչների հետ, ուղարկել էին Սյունիքի դիահերձարան ու փակել այնտեղ:
-Միտում տեսնու՞մ եք այդ քայլերի մեջ:
-Այսօր գործ ունենք անձնական իշխանությունն ամեն գնով պահելու փորձեր անող ու հասարակության մեջ պառակտումն էլ ավելի մեծացնող իշխանության հետ: Դասագրքային ճշմարտություն է՝ եթե թշնամին պատերազմ է սկսել, հարձակվել է, առաջին խնդիրը համախմբումը պետք է լինի: Պատերազմի առաջին իսկ օրն ընդդիմադիր բոլոր ուժերն ու կուսակցություններն իրենց աջակցությունն են հայտնել թե՛ բանակին, թե՛ պետությանը: Պետք էր լսել այդ ուժերի խորհուրդները, առաջարկներն ու վերջ տալ ներքին պառակտումներին: Իշխանական ֆեյքերը, որոնք ղեկավարվում են բոլորին հայտնի կենտրոնից, ցավոք, պատերազմի ամբողջ ընթացքում շարունակում էին ատելություն սերմանել հասարակության մեջ: Նույնը նաև հիմա են անում:
-Շուշին Ստեփանակերտից ուղիղ գծով 4-5 կմ հեռավորության վրա է: Հայտնի խոսք կա՝ ով տիրում է Շուշիին, տիրում է ամբողջ Արցախին: Փաստորեն, մեր դիրքերը, մեղմ ասած, նպաստավոր չեն:
-Ես ոչ թե նպաստավոր կամ ոչ նպաստավոր, այլ աղետալի կգնահատեի: Ըստ էության, վերադարձել ենք 1992-ի իրավիճակին: Շուշին վերահսկում է Ստեփանակերտը, հակառակորդը ծանր հրետանային միջոցներ ունի, որոնցով կարող է հանգիստ հրետակոծել Ստեփանակերտի ցանկացած կետ: Անգամ եթե չհրետակոծի էլ, կարող է վերահսկել դեպի Արցախի մայրաքաղաք տանող ճանապարհն ու քաղաքում կատարվող ամեն մի շարժ: Այս պահին Արցախի վիճակն ավելի վատ է, քան եղել է ԼՂԻՄ-ի ժամանակ: Այն ժամանակ գոնե Հադրութը հայկական էր:
-Կա՞ն ռազմական գործողություններ, որ կարող էին իրականացվել, բայց տեղի չեն ունեցել:
-Ես կարող եմ խոսել այնպիսի գործողությունների մասին, որոնք մեր զինուժը չպետք է իրականացներ: Գործող իշխանության վարկանիշը բարձրացնելու համար կործանարար, գովազդային բնույթի հակահարձակումներ, գրոհներ ու հակագրոհներ են եղել, որոնց պատճառով մեծաթիվ ուժեր ենք կորցրել: Հարավում, օրինակ, երբ պարզ դարձավ, որ թշնամին ճեղքում է իրականացրել, պետք էր դեպի բարենպաստ դիրքեր նահանջել, ուժերը կենտրոնացնել այնտեղ, որ հակառակորդը բարձրանալ չկարողանա: Այսինքն՝ պետք էր ամրացնել Ջաբրայիլի, Հադրութի դիրքերը, ինչը նորմալ կերպով չի իրականացվել: Թեև մեր զորքերի շարժը որպես տակտիկական նահանջ էր ներկայացվում, իրականում դա փախուստ էր: Թշնամուն սպառազինություն թողնելը, ճանապարհները չականապատելն ու հնարավոր ուղիները չպայթեցնելը, որով ադրբեջանցիները կարող էին տեխնիկա տեղափոխել, նորից նահանջի մասին է խոսում: Երբ իշխանափոխություն լինի, ապիկարներն էլ հեռացվեն կառավարման համակարգից, շատ լուրջ հանձնաժողով պետք է ձևավորվի՝ բացահայտելու բոլոր սխալները: Ապրիլյան պատերազմից հետո, հիշում ենք, ինչքան շահարկումներ եղան, ինչը, ի դեպ, նույնպես հասարակությունը պառակտելու միջոց էր: Բայց այդ հարցերի իրական պատասխանները մարդիկ, ի վերջո, պետք է ստանան: Եվ, առհասարակ, անկախությունից ի վեր եղած բոլոր հարցերի պատասխանները, որոնք մոռացվել կամ շահարկվել են, պետք է պատասխան ստանան: Այժմ 1990-ականներին խայտառակված մի շարք գործիչներ, «նոր կյանք» են ստացել ու մեծ-մեծ խոսում են:
-Ադրբեջանի ռազմական նշանակության օբյեկտներից որո՞նք կարող էին լինել հայկական զինուժի թիրախում, որ չեն եղել:
-Բաքու-Ջեյհան նավթամուղը, Սանղաչալի գազային հանգույցը, Եվլախի ռազմական ենթակառուցվածքները և այլն: Բայց թե ինչու մերոնք այդ քայլին չեն գնացել, չեմ կարող ասել: Դրա համար գուցե ծանրակշիռ հանգամանքներ ու պատճառաբանություններ կան, որոնց ես ծանոթ չեմ:
-Պատերազմի ընթացքում մեր և ադրբեջանական զինուժն ի՞նչ ռազմական տեխնիկա է կիրառել:
-Մեր դեպքում, բացի «Իսկանդերից» ու «ՍՈՒ-30» կործանիչներից, հակառակորդի դեպքում,՝ բացի «ՄԻԳ-29» ինքնաթիռներից ամեն ինչ օգտագործվել է: Իսկ թե զինանոցի քանի տոկոսն է կիրառվել, հնարավոր չէ ասել:
-«ՍՈՒ-30»-ների ձեռքբերումն իշխանությունները որպես պատմական իրողություն ներկայացրին: Դա՞ էլ էր սեփական վարկանիշը բարձրացնելու համար արվում:
-Շատերը քննադատում են «ՍՈՒ-30»-ների գնումը, բայց ես այդ մարդկանց թվում չեմ, ավելին, կարծում եմ՝ առնվազն 4 հատ էլ պետք է ձեռք բերենք: Հարցը կործանիչների անձնակազմ ունենալու ու նրանց պատրաստելու մեջ է: Այլ հարց է, որ հաշվի առնելով Ադրբեջանի բանակի կողմից թուրքական «Բայրաքթար» անօդաչու թռչող սարքերի ձեռքբերման փաստը՝ միայն «ՍՈՒ-30»-ներով չպետք է սահմանափակվեինք: «Բայրաքթարները» Թուրքիան առաջին անգամ 2019-ին Սիրիայում ու Լիբիայում է կիրառել, ու այդ ժամանակ արդեն պարզ էր՝ դա իրավիճակ փոխող լուրջ տեխնիկա է, ինչը պարտավոր էինք հաշվի առնել: Աշխատանք էր պետք տանել նաև հակաօդային պաշտպանության սարքեր ձեռք բերելու ուղղությամբ: Իհարկե, չգիտեմ՝ ինչ աշխատանք է տարվել, «արդյունքը», սակայն, տեսանելի է բոլորիս:
-Թուրքիան Հայաստանի հետ սահմանին զորք է կենտրոնացնում, սպառնալի՞ք է այն մեզ համար:
-Տարիներ շարունակ ասում էինք՝ եթե թշնամին ռազմաբազա է ստեղծում, ճանապարհներ կառուցում, հրետանին ավելի մոբիլ դարձնում, դա ոչ թե PR-ի կամ «փող լվանալու» համար է անում, այլ պատերազմի է պատրաստվում: Բարձրաձայնում էինք ռեալ սպառնալիքների մասին: Ինձ միշտ հարցնում էին՝ այս կամ այն զորավարժությամբ թշնամին ի՞նչ «մեսիջ» է հղում, պատասխանում էի՝ ցանկացած զորավարժություն, իհարկե, նաև քարոզչական ազդեցություն և «մեսիջներ» ունի, բայց դրանցով, նախ և առաջ, զորքի մարտունակությունն են բարձրացնում: Եթե հիմա հակառակորդը զորք է կուտակում, ապա այն սպառնալիք է մեզ համար, ու Հայաստանը որոշակի քայլեր պետք է իրականանցի: Ըստ իս, մանավանդ այս ծանր իրավիճակում, իշխանության ղեկին պետք է փորձառու մարդիկ լինեն: Ցավոք, այսօր չկա այնպիսի ուժ կամ առաջնորդ, որ բոլորին կմոբիլիզացնի, իր հետևից կտանի: Քաղաքական դաշտի բոլոր խաղացողների նկատմամբ տոտալ անվստահություն է, բայց գոնե կոլեգիալ հիմքերով, համատեղ ջանքերով պետք է ինչ-որ բան անել: Փաստ է, որ ներկայիս ռազմաքաղաքական ղեկավարությունն ու առաջին հերթին վարչապետ Նիկոլ Փաշինյանը ի վիճակի չեն կառավարելու երկիրը, ներկայացնելու Հայաստանի շահերը միջազգային ասպարեզում: Դա ևս մեկ անգամ ապացուցվեց նրա ստորագրած ամոթալի հայտարարությամբ, ինչի իրավական կարգավիճակը հասկանալի չէ մինչև այսօր: Մեզ շատ շտապ պետք է վերախմբավորվել ու վերականգնել այն, ինչն ավերվեց 2,5 տարում:
-Գրեթե մեկ տարի առաջ Փաշինյանը հայտարարեց, որ 1980-ականների զենքի ամոթալի էջը փակված է: Այս պատերազմի ընթացքում 80-ականների զենք կիրառվե՞լ է:
-Նիկոլ Փաշինյանը ստում էր միանգամից մի քանի կետով: Նախ՝ 80-ականների զենք ունենալու մեջ որևէ ամոթալի բան չկա, երկրորդ՝ 80-ականների էջը փակված չէ, որովհետև մեր սպառազինության մեծ մասը 60, 70 և 80-ականների արտադրանք է, ու երրորդ՝ աշխարհում չկա որևէ երկիր, որ 70 կամ 80-ականների զենք չկիրառի: Նույնիսկ ամենահարուստ Ամերիկայի Միացյալ Նահանգները, որ աշխարհում ամենամեծ ռազմական բյուջեն ունի, կիրառում է 80-ականների սպառազինություն: Ավելին ասեմ՝ Փաշինյանի գովազդած «ՕՍԱ» հակաօդային պաշտպանության միջոցները 1970-ականների արտադրության են: Անգամ հրետանու մեջ 50, 60-ականների զենքեր կան: 80-ականների զենքի թեման դաշտ նետված փուչիկներից, կեղծ թեզերից էր: Այնպես, ինչպես «ՍՈՒ-30»-ների ուսումնամարզական թռիչքները որպես մարտական հերթապահություն ներկայացնելը, 80-ականների զենքի թեման ևս պուպուլիստական քայլ էր: Պատերազմի ամենակործանարար սխալներից մեկն էլ այն էր, որ Փաշինյանն ու իր թիմը ռազմական գործողությունները դիտարկում էին որպես PR գործիք, գովազդվելու միջոց: Թեև ռազմական դրություն էր հայտարարվել, բայց զորակոչ այդպես էլ չիրականացվեց: Ասում էին՝ կամավորագրվեք, տնից սաղավարտ ու զրահաբաճկոն բերեք, ու դրան զուգահեռ հայտարարում էին, թե սպառազինության աննախադեպ գնումներ են իրականացվել: Բա եթե գնումներ էին արվել, կամավորն ինչու՞ պետք է տնից զրահաբաճկոն տաներ ռազմաճակատ:
-Բացի այդ, հայդուկային շարժում հո չէ՞ր, կանոնավոր բանակ ունեցող երկրի քաղաքացիները կամավորական ջոկատներ ինչու՞ պիտի կազմեին:
-Միանշանակ իրավացի եք: Ժամանակակից պատերազմը, առաջին հերթին, պետական համակարգերի բախում է, բանակն այդ տարրերից մեկն է միայն: Իհարկե, առաջին հարվածը բանակի վրա է, բայց եթե կոնֆլիկտը տևում է 5-6 օրից ավելի, պետական ամբողջ համակարգը պետք է միանա, մոբիլիզացվի: Պոպուլիզմի դրսևորում էր նաև այն, երբ հայտարարվեց, որ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը, Ազգային ժողովի փոխխոսնակը, համայնքների ղեկավարները մեկնել են առաջնագիծ: Բոլոր այդ կառույցները շատ կոնկրետ խնդիրներ ունեին, իրենց աշխատանքն անելու փոխարեն ինչու՞ էին անիմաստ շոու անելով զբաղված: «Կամուֆլյաժներ» էին հագնում, զենք բռնում, սելֆի անում ու հրապարակում այդ լուսանկարները, թե՝ տեսեք-տեսեք, մենք ճակատում ենք: Հիմա ես հարց եմ բարձրացնում՝ այդ ջոկատներից քանի՞սն է ռազմական գործողությունների մասնակցել: Այդ մարդիկ, ըստ էության, լքել են իրենց դիրքերը, որովհետև պատերազմի ժամանակ պաշտոնյայի դիրքը ոչ թե խրամատում, այլ իր աշխատասենյակում է: Իսկ աշխատանքն այս օրերին շեշտակի է շատացել՝ փախստականների հիմնախնդիրներից սկսած զինկոմիսարիատների հետ համատեղ աշխատանքները համակարգելով վերջացրած:
Զրույցը՝ Սևակ ՎԱՐԴՈՒՄՅԱՆԻ
Հեղինակի նյութեր
Մեկնաբանություններ