«Քանի կ՛ապրեմ կը կատարեմ պարտականութիւնս»
20.03.2020 | 04:15
«Գյուլբենկյան» ֆիրման, որի գրասենյակի պատերը զարդարում էին Հովհ. Այվազովսկու երկու կտավներ, գտնվում էր 5-րդ ավենյուի մի վիթխարի, կարմիր կղմինդրով կառուցված շենքում: 1924 թ. ԱՄՆ 91 քաղաքներում 332 հայ ու 29 ընկերություն զբաղվում էին գորգավաճառությամբ, և դրանց բացարձակ մեծամասնությունը տեղավորված էր այդ շենքում: Դա, ըստ էության, ամերիկահայ բիզնեսի առաջատար գորգավաճառների յուրատեսակ հավաքատեղի էր, գորգակենտրոն ու բացառիկ երևույթ: Դեռևս 1915 թ. խոշոր ֆիրմաները խորհրդակցություններ անցկացրին՝ միանալու, օտարազգիների մրցակցությանը դիմագրավելու և գորգի բիզնեսն իրենց ձեռքում պահելու համար, բայց չհաջողեցին (այդպիսի միություն ստեղծվեց 1946 թ., բայց դա արդեն ուրիշ պատմություն է):
Գորգավաճառության «կաղնի», բիզնեսի վետերան Պ. Գյուլբենկյանն ասում էր. «Մենք ազգովին աշխատասէր ցեղ մ՛ենք, ու այս յատկութիւնը մեր չարքաշութեան միացած՝ մեծապէս նպաստած է հայ ժողովուրդի վերապրումին»:
Նա դժգոհում էր, որ գորգավաճառ հայերը մեկմեկու հետ են մրցակցում, այնինչ կարող էին այլ բանով զբաղվել, ասենք՝ հույների ձեռքում գտնվող հյուրանոցային կամ ռեստորանային բիզնեսով, բայց իր ցանկությունը բավական չէր, թելադրողը շուկան էր, պահանջարկը:
Պ. Գյուլբենկյանն ուներ բիզնես վարելու իր կանոնները, որոնք նրան հաջողություն էին բերում. դրանք էին՝ ազնվությունը, մարդասիրությունը, խստագույն հաշվապահությունը, խնայողությունը և բարձրակարգ սպասարկումը:
1918 թ. Պ. Գյուլբենկյանն ապրեց անձնական անամոք ողբերգություն:
Հուլիսի 22-ին, թևատակին մի մաշված տաբատ, գորգակենտրոնի «Գյուլբենկյան» ֆիրմայի գրասենյակ մտավ ոմն Մկրտիչ Մխիթարյան: Նա կովկասցի էր և 23 տարի աշխատել էր որպես բանվոր: Դա անկարգ, կամակոր, քմահաճ մարդ էր, որը մշտապես դժգոհ էր կապիտալիստ Գյուլբենկյաններից ու մյուս բանվորներին էլ դրդում էր ընդվզել, չկատարել հանձնարարությունները, պահանջել աշխատավարձի բարձրացում: Բանը հասավ այնտեղ, որ նրան ստիպված ազատեցին աշխատանքից, սակայն շարունակելով վճարել շաբաթավարձը՝ 25 դոլար, մինչև նոր աշխատանք կգտներ:
Գրասենյակում Պ. Գյուլբենկյանի 54-ամյա եղբայր Գյուլաբին էր ու 31-ամյա որդի Սերովբեն: Մ. Մխիթարյանը նրանցից պահանջեց երաշխավորագիր տալ, որպես բարեխիղճ ու պարտաճանաչ աշխատողի, որը նրան կօգներ այլ աշխատանք գտնելու: Գյուլբենկյանները երբեք ու ոչ մի անգամ որևէ մեկի նման երաշխավորագիր չէին տվել, բայց ճանաչելով այդ անտանելի մարդուն ու տեսնելով նրա այլայլված դեմքը, գրգռված վիճակը, համաձայնեցին:
Սակայն դա չբավարարեց Մխիթարյանին. նա թևատակի տաբատից հանեց ատրճանակը ու կրակեց Գյուլաբիին: Տեսնելով անշունչ ընկած հորեղբորը, Սերովբեն նետվեց դեպի Մխիթարյանն ու փորձեց խլել ատրճանակը: Հնչեց երկրորդ կրակոցը:
Կրակոցների ձայնի վրա ֆիրմայի աշխատողները ներս թափվեցին, բռնեցին ոճրագործին, որը շատ հանգիստ ու սառնասրտորեն ասաց. «Գնացեք ոստիկան կանչեք»: Գյուլաբին մեռած էր, իսկ Սերովբեն դեռևս կենդանության նշույլներ էր ցուցաբերում, և մինչ կզբաղվեին նրանով, հանցագործը հեշտ ու հանգիստ փախուստի դիմեց: Սերովբեն մահացավ հիվանդանոցի ճանապարհին:
(Ես փորձեցի Մ. Մխիթարյանի հետքը գտնել, բայց չհաջողվեց՝ ժամանակի հայ մամուլում այլևս ոչ մի հիշատակման չհանդիպեցի: Ենթադրում եմ, որ նրան բռնել են ու մահապատժի ենթարկել: Միլիոնատեր սպանած ազգությամբ հայ բանվորն ու՞ր պիտի փախչեր Ամերիկայից):
Գյուլաբի ու Սերովբե Գյուլբենկյաններին մեծ շուքով հողին հանձնեցին Վուդլոն գերեզմանատանը:
Դրանից հետո բացեցին 1916 թ. մայիսի 29-ին գրած Գյուլաբիի կտակը: Պարզվեց, որ բարեգործական նպատակների համար թողել էր 300 հազար դոլար կամ 1,5 միլիոն ֆրանկ: 25 հազար դոլար էլ հատկացրել էր Պոլսի Գատը գյուղի Արամյան վարժարանին, ուր ստացել էր նախնական կրթությունը, և Սբ Փրկչյան ազգային հիվանդանոցին:
Կտակը պիտի կատարեին այրին՝ Մարին, եղբայր Հարությունը ու… եղբորորդի Սերովբեն:
Հիմա անդրադառնամ Պատրիկ Գյուլբենկյանի բարերարություններին: Ինչու՞, որովհետև բարեգործությունն անմահության հասնելու ամենադյուրին ճանապարհն է:
Նա շատ լավ գիտակցում էր, որ դրամն առանց բարերարության առ ոչինչ է: Ավելին, բարեգործությունը նրա տոհմի հյուսվածքի, գենետիկայի մեջ էր, որ փոխանցվել էր իրեն և իրենից պիտի անցներ ժառանգներին:
Պարզապես թվարկեմ:
1886-1894 թթ. եղել է Սբ Փրկչյան հիվանդանոցի հոգաբարձու, հետագայում կառուցել բուժհաստատության «Գյուլբենկյան» մասնաշենքը:
Եղել է Զեյթունի հրկիզյալների օգնության հանձնախմբի ատենապետ, ինչպես նաև Արմաշի դպրեվանքի և Սանասարյան վարժարանի խնամակալության անդամ:
1924 թ. ԱՄՆ-ից ժամանել է Հունաստան և 200 որբերի խնամքը հոգալու նպատակով, սպանված եղբոր կտակը կատարելով՝ Սալոնիկում հիմնել «Գյուլաբի Գյուլբենկյան» վարժարանը:
1925-1930 թթ. 25000 դոլար է տրամադրել Երուսաղեմի Սբ Հակոբ վանքի եկեղեցականության համար:
1928-1934 թթ. Հարություն եղբոր հետ տարեկան 2000 դոլար է հատկացրել Քելեկյան-Սիսվան որբանոցի 161 երեխաներին պահելու համար:
Նրա ֆինանսավորմամբ Հայ կրթական հիմնադրամը հրատարակել է Մկրտիչ Խրիմյանի երկերի ժողովածուն:
Ի հիշատակ վաղամեռիկ տիկնոջ, Հալեպում կառուցել է «Վերժին Գյուլբենկյան» ծննդատունը, որի ավարտը, ավաղ, չի տեսել:
Ի վերջո, նա հանդիսանում էր Նյու Յորքի Կեսարիո վերաշինաց միության պատվավոր ու ցկյանս նախագահը և կրում «Կեսարացիների պապա» կոչումը:
Պատրիկ Գյուլբենկյանը հաճախ տրտնջում էր և մեծավ մասամբ՝ իրավացի: Այսպես, գումար էր տրամադրում Երուսաղեմի քահանացուների պատրաստման համար ու միաժամանակ ասում. «Եթէ տասը մատդ ալ վառես մոմի պէս՝ արժէք չունի յաչս ժողովրդեան»:
Հետո այլ առիթով շարունակում. «Քանի կ՛ապրեմ կը կատարեմ պարտականութիւնս. հոգ չէ թէ վաղը մեռնիմ՝ ամէն բան մոռցուի: Այս ազգը շուտ մոռցող է»:
Ո՞րն էր այս դժգոհությունների պատճառը: Կարծում եմ այն, որ հայոց աշխարհը, երբեմն՝ ծածուկ, երբեմն էլ՝ հրապարակայնորեն, մեծարում էր հորեղբորորդի Գալուստ Գյուլբենկյանին, անտեսելով իրեն ու եղբայրներին (ես այստեղ չեմ խոսի Հարություն Գյուլբենկյանի ազգանվեր գործունեության մասին. դա առանձին թեմա է):
Երբ Պատրիկ Գյուլբենկյանը 1930 թ. հունիսի 12-ին վախճանվեց Նյու Յորքում, «Հայաստանի կոչնակ» պարբերականը գրեց. «ՈՒնինք սակաւաթիւվ հարուստներ և անոնցմէ շատ աւելի սակաւաթիւ մեծահարուստներ, որոնցմէ ոմանք հարուստներ են պարզապէս, ոմանք հարուստ մարդեր են, իսկ մատի վրայ համրուելու չափ փոքրաթիւվ են անոնք, զորս կրնանք կոչել հարուստ հայ մարդ:
Հին ազնուական գերդաստանի շառաւիղ, ջերմեռանդ ազգասիրութեան մը բարեպաշտիկ աւանդութեանց շարունակող հանգուցեալը հարուստ ըլլալէ առաջ հայ մարդ էր, իր ազգին յոյսերուն և յուսավրիպումներուն, բաղձանքներուն և ձախողութեանց բաժնեկից: Չէր այն հարուստներէն կամ մեծահարուստներէն, որոնք եկեղեցիով ու ազգով զբաղելու համար շատ ծանրազբաղ են ու զայն ձգած են վարժապետներու, վարդապետներու և ազգային գործիչներու և կը խորհին, թէ իրենց օգնութեան յաճախ դժկամակ պարբերական բաժինը շատ բան է:
Այո՛, հանգուցեալ Պատրիկ Կիւլպէնկեան այդ տեսակ հարուստներէն չէր: Իր դրամին հետ սիրտն ալ կը դնէր այն բարեգործութեանց մէջ, որոնց օգտակարութեան կը հաւատար անկեղծօրէն»:
Ես ավելի լավ չէի ասի…
Խաչատուր ԴԱԴԱՅԱՆ
Հեղինակի նյութեր
Մեկնաբանություններ