Թալասն արդի թուրքական Կեսարիայի արվարձանն է, բայց կար ժամանակ, երբ այն առանձին բնակավայր էր՝ քաղաքից 5 կմ հեռավորության վրա գտնվող գյուղաքաղաք: 1882-1902 թթ. ուներ 2200 տուն, որից 900-ը՝ հունական, 800-ը՝ հայկական, 500-ը՝ թուրքական, 1913 թ.՝ 3000 տուն, որից 1500-ը՝ հունական, 900-ը՝ հայկական, 600-ը՝ թուրքական:
Հայերը Կեսարիա են գաղթել 1021 թ.՝ Սենեքերիմ թագավորի հետ: Գաղթականներից յոթ ընտանիք հաստատվեց Թալասում, և դրանցից մեկը սերում էր Վարդ-Պատրիկ Ռշտունուց: Երկար ժամանակ գերդաստանը պահպանեց անվանումը՝ Վարդ-Պատրկենք, բայց երբ թուրքերն արգելեցին հայկական անունները և անգամ հայերեն խոսելը, ստիպված վերածեցին թուրքերենի. վարդը, ծաղիկը՝ գյուլ, պատրիկը՝ բեկ, բայց որպեսզի դա էլ հավակնոտ չթվար՝ բենկ: Այդպես ի հայտ եկավ Գյուլբենկյան ազգանունը:
Թալասն անվանում էին «փոքրիկ Փարիզ», և դա պատահական չէր: Սբ Բարսեղ լեռան և արևելյան բլրաշարքի անկյունում ծվարած բնակավայրը աչքի էր ընկնում փարթամ բուսականությամբ, այգիներով ու պարտեզներով, ակնաբուխ ջրերով, զովասուն օդով, հոյակապ տներով ու շենք-շինություններով:
Վենետիկի Մխիթարյան միաբան Ղուկաս Ինճիճյանը իր «Հնախօսութիւն աշխարհագրական Հայաստանեայց աշխարհի» հատորներից մեկում այսպիսի բնութագրում է տվել թալասցի հայերին. «Արք կորովիք, քաջասիրտք եւ յաջողակք ի զէնս հրոյ եւ սրոյ, որք համբաւեալ են յայն կողմանս, մինչեւ աւազակաց իսկ երկնչիլ, յորժամ ի ճանապարհորդս կամ ի կարաւանս լսեն լինել զոք ի Թալասցոց»:
Ահա այս մարդիկ էին, որ ժամանակի ընթացքում դարձան հմուտ, արհեստավարժ վաճառականներ, պահպանելով իրենց մարտաշունչ ոգին:
Նրանք առևտրային կապեր հաստատեցին Ռուսաստանի, Պարսկաստանի, եվրոպական շատ երկրների, Կ. Պոլսի, Կարինի ու Սեբաստիայի, Ադանայի ու Զմյուռնիայի հետ: 100-ից 80-ը սկսեց առևտրային նպատակով գաղթել, ու ոմանք չվերադարձան: Իսկ վերադարձողներն անխնա ծախսում էին վաստակած փողը, ասելով. «Դրամը կլոր շինած է գլորուելու համար»:
Թալասցի և առհասարակ կեսարացի հայերի եկամտի հիմնական աղբյուրը գորգագործությունն էր: Մի արհեստ, որ նրանք տասնամյակներով պահպանեցին, զարգացրին ու վերածեցին շահութաբեր բիզնեսի:
Պատմագրությունը Գյուլբենկյանների բազմադարյա գոյությունից հիշում է Գյուլաբի և Մարիամ ամուսիններին: Նախահայրը 1830-ական թթ. կառուցել է Դերեվանքի վիմափոր ջրամբարը, Թալասի Վերի թաղում՝ Սբ Աստվածածին եկեղեցու հարևանությամբ, հիմնել Վարդ-Պատրիկյան վարժարանը, օժանդակել Թոմարզայի Սբ Աստվածածին և Դերեվանքի Սբ Աստվածածին եկեղեցիներին, իսկ Մարիամ Գյուլբենկյանը Թալասի նույն թաղում հիմնել է օրիորդաց վարժարան:
Ամուսիններն ունեցան երկու որդի՝ Սերովբե և Սարգիս, որոնք սկսեցին մանուֆակտուրայի առևտրով զբաղվել Կեսարիայում, ապա՝ Զմյուռնիայում, հետո վերջնականապես հաստատվեցին Կ. Պոլսում: Նրանք ծնողներից տեսել ու յուրացրել էին բարեգործություն անելու կերպը և համոզված էին, որ ազգի համար քսակ բացելը Աստվածահաճո պարտականություն է:
Եղբայրները դարձան Սբ Փրկչյան ազգային հիվանդանոցի պահապան հրեշտակները՝ միանվագ տվեցին 4000 օսմանյան ոսկի ու դրանից հետո շարունակեցին պարբերաբար դրամական օժանդակություն տրամադրել: Նրանց հետ շատ մտերիմ էր Պոլսո պատրիարք Ներսես Բ Վարժապետյանը, և հենց վերջինիս հորդորով եղբայրները կառուցեցին Չոմախլուի Սբ Աստվածածին եկեղեցին, նպաստեցին Հայաստանի սովելոց հանձնաժողովին, դարձան զանազան ազգային մարմինների անդամ: Այսպես, Սերովբե Գյուլբենկյանը Պոլսի երեսփոխանական ժողովի և պատրիարքարանին կից քաղաքական ժողովի անդամ էր, Սբ Փրկիչ եկեղեցու հոգաբարձության և Վանի սովելոց խնամատար հանձնաժողովի ատենապետ: Վանեցոց համար նա հանգանակեց 50 հազար օսմանյան ոսկի (քառորդ միլիոն դոլար), որից 15 հազար ոսկով Պոլսում գնեց մի եկամտաբեր խան, որը կոչվում էր Սովելոց խան (սա բռնագրավվեց Մուստաֆա Քեմալի օրոք ու վերանվանվեց Թիջարեթ խան):
Պատահական չէ, որ թե Սերովբեն, թե Սարգիսն իրենց մահից հետո թաղվեցին Սբ Փրկչյան հիվանդանոցի շրջափակում:
Սերովբե և Հռիփսիմե (ծնյալ Գույումճյան) ամուսիններն ունեցան 6 զավակ՝ Պատրիկ, Հովհաննես, Գյուլաբի, Հարություն, Վարդուհի և Մարգարիտ:
Սարգիս Գյուլբենկյանն ունեցավ երկու որդի՝ Գառնիկ (մահացել է 1893-ին) և Գալուստ: Վերջինիս մասին շատ է գրվել ու խոսվել (այդ թվում՝ մի քանի հրապարակումներ ես եմ ունեցել), և հանրությունը, իբր, նրան ճանաչում է:
Պատրիկ Սերովբեի Գյուլբենկյանը ծնվել է 1858 թ., Թալասում: Վեց տարեկան էր, երբ նրան տարան Կ. Պոլիս՝ ծնողների մոտ: Նախ, ուսանեց Խասգյուղի Շահնազարյան վարժարանում, ապա ամերիկյան «Ռոբերտ» քոլեջում: Ստանալով բարձրակարգ կրթություն, սկսեց մասնակցել հոր ու հորեղբոր հիմնած «Գյուլբենկյան» առևտրային տան գործառնությունների կառավարմանը: Հոր մահից հետո (1886 թ.), հորեղբայր Սարգսի ու կրտսեր եղբայրների հետ ստանձնեց ֆիրմայի ղեկավարումը: Ըստ էության, Պատրիկ Գյուլբենկյանը եղավ այն մարդը, որն ստեղծեց առաջին հայկական ցանցային բիզնես-կառույցը: Նրա շնորհիվ «Գյուլբենկյան» ֆիրման մասնաճյուղեր բացեց Թուրքիայի բոլոր խոշոր քաղաքներում, Բաղդադում, Թավրիզում, Թիֆլիսում, Մարսելում, Բալկանյան երկրներում, իսկ 1890-ից՝ նաև Մանչեստրում, Լոնդոնում ու Նյու Յորքում:
Պ. Գյուլբենկյանը 1882 թ.՝ 24 տարեկան հասակում, Պոլսում ամուսնացավ Թալասի յոթ հնագույն գերդաստաններից մեկի՝ Մանուկյան ընտանիքի դուստր Վերժինի հետ: Նրանք ունեցան չորս զավակ՝ Ներսես, Սերովբե, Հերմինե և Շուշան: Եթե Սերովբեն կրում էր պապի անունը, ապա անդրանիկին Ներսես էին անվանել ի պատիվ պապի մտերիմ Պոլսո պատրիարքի: Զավակներն ունեցան տարբեր ճակատագրեր. Հերմինեն ամուսնացավ ՀԲԸՄ կենտրոնական վարչության երկարամյա գանձապահ Լևոն Կյումուշկերտանի, Շուշանը՝ Կեսարիո վերաշինաց միության կենտրոնական վարչության նախագահ Մարտիկ Պալյոզյանի հետ, Ներսեսը հաստատվեց Լոնդոնում, իսկ Սերովբեին կանդրադառնամ քիչ հետո:
Վերժին Գյուլբենկյան-Մանուկյանը վախճանվեց 1903-ին, ինչից հետո Պ. Գյուլբենկյանը երեխաների հետ ընդմիշտ տեղափոխվեց Նյու Յորք:
Բայց մինչ այդ տեղի էին ունեցել բախտորոշ իրադարձություններ: 1896 թ. համիդյան ջարդերն ի ցույց դրեցին, որ կարելի էր կորցնել ոչ միայն դրամագլուխը, այլև կյանքը: Դա ազդանշան էր, և Պ. Գյուլբենկյանն անցավ գործի. նա փակեց բազմաթիվ մասնաճյուղեր, կապիտալը հանձնեց Գյուլաբի ու Հարություն եղբայրներին (Հովհաննեսը մահացել էր 1894-ին) և նրանց ուղարկեց Նյու Յորք:
Այստեղ կենտրոնացած էր ամերիկահայոց բիզնեսի առաջատար ճյուղը՝ արևելյան գորգերի առևտուրը: 1903-ին Պ. Գյուլբենկյանը միացավ եղբայրներին, գլխավորեց ֆիրման և Հ. Թավշանճյանի, Կարագյոզյան ու Փուշմանյան եղբայրների հետ դարձավ ամերիկահայ բիզնեսի անառարկելի հեղինակություն:
Խաչատուր ԴԱԴԱՅԱՆ