Ագռավաքար
13.12.2019 | 00:51
(Նախորդ մասը)
Ինչպես երևում է, ԱՄՆ-ն ակտիվացրել է Հայաստանի Հանրապետությունում քաղաքական գործոնի վրա ազդելու իր ներգործության քայլերը՝ հետևողականորեն շեշտելով հրաժարումը «պատմական կաղապարներից»: Լ. Տեր-Պետրոսյանի հիմնադրած Ատլանտյան կողմնորոշման «պարույրը» հայերին վերադարձրեց ՀՀՇ-ական ժամանակներ:
Հայաստանի հետ հարաբերությունները ԱՄՆ-ի համար ռազմավարական նշանակություն ունեն: Այդ մասին հայտարարեց ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնը: Իսկ ինչ վերաբերում է Ռուսաստանին, ոչ միայն որպես Հայաստանի «ռազմավարական գործընկերոջ», այլև ՀԱՊԿ անդամի. այդպիսի հարց չբարձրաձայնվեց: Բոլթոնը բավարարվեց թափանցիկ ակնարկներով:
ԱՄՆ միջամտությունը հայ ժողովրդի ներքին գործերին ակտիվանում է տեղական կադրերի օգտագործման միջոցով: Այսպես, ՀՀ ԱԺ խոսնակ Արարատ Միրզոյանը, Հայաստանում ԱՄՆ ժամանակավոր հավատարմատար Ռաֆիկ Մանսուրի հետ 2019 թվականի փետրվարի 4-ին կայացած հանդիպմանը հայտարարեց. «ԱՄՆ-ը հանդիսանում է Հայաստանի կարևորագույն գործընկերներից մեկը»: Ավելին, ԱԺ խոսնակը ոչ միայն նշեց, որ Հայաստանը պատրաստ է ԱՄՆ-ի հետ «հարաբերությունների ավելի ընդլայնմանը և խորացմանը», այլև «հույս հայտնեց, որ նորընտիր պառլամենտում առաջիկայում ձևավորվող բարեկամության խումբը իր գործունեությամբ նոր թափ կհաղորդի եկկողմ կապերի հետագա ամրապնդմանը: Օրենսդիր մարմնի ղեկավարը բարձր գնահատեց նաև ԱՄՆ աջակցությունը՝ տարբեր ոլորտներում իրականացվող բարեփոխումների գործում»: Իր հերթին, Մանսուրը նշեց. «Ակնհայտ է, որ հայ ժողովուրդը մեծ հույսեր է կապում այս Ազգային Ժողովի հետ, և ես ակնկալում եմ խորհրդարանականների՝ իրենց պարտավորությունների կատարման ջանքերին 2019 թվականի ընթացքում»: Զրուցակիցները անդրադարձան նաև երկրում ժողովրդավարության զարգացմանը, օրենսդրական դաշտի կատարելագործմանը առնչվող հարցերի: Սրանք արդեն ակնարկներ չեն: Սա հայ ժողովրդի կյանքում նոր, «ժողովրդավարական» օրենքներ ընդունելու ուղիով փոփոխություններ իրականացնելու ուղղակի հանձնարարություն է՝ ԱՄՆ-ի ակնդետ հսկողության ներքո:
Դրա հետ մեկտեղ, ԳՖՀ-ի կանցլերի Հայաստան այցի նախաշեմին, համանցանցում տեղադրվեց և ակտիվորեն քարոզվեց մի տեսահոլովակ, որտեղ Վիլհելմ II կայսրի սերունդները ծնկաչոք ներում են հայցում հայ ժողովրդից իրենց նախապապի գործած վայրագությունների համար:
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ապրիլի 24-ը հայտարարեց հայերի Ցեղասպանության Հիշատակի օր: Ֆրանսիայում հայկական կազմակեպությունների համակարգող խորհրդի ամենամյա ընթրիքի ժամանակ նա հիշեցրեց, որ Ֆրանսիան եղել է առաջին երկրներից մեկը, որը դատապարտել է «Օսմանյան կայսրությունում հայ ժողովրդի մահաբեր մարդորսը»:
Ամերիկյան կոնգրեսմեն Բրեդ Շերմանը կոչ արեց ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ադմինիստրացիային դադարեցնելու Հայոց ցեղասպանության ճանաչման հարցի վերաբերյալ Կոնգրեսի օրենսդրական նախաձեռնությունների շրջափակումը: Այդ մասին հայտարարում է Ամերիկայի հայ ազգային կոնգրեսը իր Twitter-ում: Բրեդ Շերմանն իր ելույթում կոչ արեց վերջ տալ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին «քողարկելուն»: Նրա խոսքով, ամերիկյան կոնգրեսականները պարտավոր են քվեարկել խղճով, երբ հարցը վերաբերում է քրիստոնյա ժողովուրդների նկատմամբ Թուրքիայի կատարած զանգվածային հանցագործություննների ճանաչմանը Ամերիկայի կողմից: «Եթե այդ հարցում դուք չեզոքություն դրսևորեք, ապա կոնգրեսը հետայդու հանդես կգա այդ երկրի խղճով»,- նշել է կոնգրեսականը: (Տվյալները՝ համացանցից, 14.02.2019):
2018 թվականի հոկտեմբերի 24-ին, Հայաստանի ազգային ժողովի նիստում վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը հայտարարեց «հայ-ռուսական հարաբերություններում վստահության այնպիսի բարձր մակարդակ չի եղել, ինչպես այժմ»:
Միևնույն ժամանակ, «թավշյա երիտասարդությունը» բողոքի «ժողովրդական ցույց» է կազմակերպում Ռուսաստանի դեսպանատան առաջ, կրկին բարձրացվում է Սևրի պայմանագրի համապատասխան հոդվածի վերակենդանացման հարցը, Վիլսոնի կերպարով, որպես «հայ ժողովրդի պաշտպանի», քարոզվում է ԱՄՆ քաղաքականությունը:
Այդ ամենն իրականացվում է ոչ միայն 1921 թվականի ռուս-թուրքական պայմանագիրը չեղյալ հայտարարելու պահանջի համապատկերում, այլև այն պատճառով, որ, հանդիսանալով Հայաստանի ռազմավարական գործընկերը, Ռուսաստանն առայսօր չի դատապարտել 1915-1923 թթ. հայերի ցեղասպանությունը:
Իսկ ռազմավարական գործընկե՞րը:
1992 թ. մարտի 2-ից մինչև 1994 թ. սեպտեմբերի 13-ը, Հայաստանում Ռուսաստանի արտակարգ և լիազոր դեսպան Վլադիմիր Պետրովիչ Ստուպիշինը, լինելով Ռուսաստանի իսկական նվիրյալ, արժանապատվորեն ներկայացնում էր ռուսական քաղաքականությունը հայ ժողովրդի հանդեպ:
Ցավոք, Վ.Պ. Ստուպիշինից հետո Հայաստանում Ռուսաստանի Դաշնությունից նշանակված բոլոր դեսպանները, մեղմ ասած, այնքան էլ չնպաստեցին Հայաստանի Հանրապետության բնակչության դրական վերաբերմունքին՝ իրենց ներկայացրած պետության նկատմամբ: Տպավորությունն այնպիսին է, որ ՌԴ դիվանագիտական ծառայությունը նպատակամղված հեռացնում է հայերին ռուս ժողովրդից: Ռուսաստանի կառավարական կառույցներին պետք է որ հետաքրքրեն այդպիսի խճողման պատճառները և հիմքերը, քանի որ դրանք որոշակի նմանություն ունեն «Ելցինյան-Կոզիրևյան» շրջանում նախկին սովետական հանրապետությունների դիվանագիտական հարաբերությունների հետ:
Այդպիսի ոչ պատշաճ (երբեմն նաև սադրանքի, վիրավորանքի) քաղաքականություն մերթ ընդ մերթ իրականացնում են նաև ռուսական զանգվածային լրատվության, բացահայտորեն հանձնակատար, առանձին միջոցներ:
Իր մենագրության մեջ Ս. Լուրյեն ուշադրություն է հրավիրում հայերի հերոսական առասպելի ձևավորմանը, մասնավորապես, կանգ առնելով Սասունցի Դավթի կերպարի վրա: «Աշխարհում, հավանաբար, չկա մի ժողովուրդ, որ չունենա իր հերոսական էպոսը: Այդպիսի հերոսական էպոս, անտարակույս, ունեն նաև հայերը, մասնավորապես, ավանդազրույցը Սասունցի Դավթի մասին…»:
Ինչպես հայտնի է, «Սասնա Ծռեր» էպոսում Դավիթը միայնակ է գնում կռվելու հանուն հայ ժողովրդի ազատության և անկախության: Ոչ ոք չի միանում նրան: Ավելին, բոլորը փորձում են համոզել Դավթին, որ հրաժարվի այդ մարտից, քանի որ թշնամին «նրան հաղթելուց հետո կոչնչացնի ամբողջ ժողովրդին»: Եվ չնայած Դավիթը հաղթում է այդ մարտում, ժողովուրդը շարունակում է մնալ ստրկական մտածողության պայմաններում: Դրա վկայությունն է Դավթի որդու՝ մարդկանցից վիրավորված աստվածամարդ Փոքր Մհերի առանձնացումը «Ագռավաքարում». պայմանով, որ կվերադառնա միայն այն ժամանակ, երբ հայ ժողովուրդը ձեռք կբերի ներքին ազատություն և չի ապավինի այլոց օգնությանը: Այդպիսի իրավիճակում էր Հայաստանի բնակչությունը 1988-1989 թթ., երբ երևանյան Ազատության հրապարակում վեր խոյացավ Փոքր Մհերի աստվածային կերպարը. ժողովուրդն իրեն զգաց որպես մեկ միասնական ամբողջություն: Եվ ազա՛տ:
Այս անգամ հնարավորություն է ընձեռվում դիմելու Ս. Լուրիեի վերլուծությանը՝ իրադարձությունների հետագա զարգացման իմաստավորումից օգուտ քաղելու նպատակով:
Ինչպես վերը մեջբերվեց. «…ամբողջ աշխարհում հազվադեպ կգտնվեն ազգային համայնքներ, որ այդչափ պառակտված լինեն ներքին սուր հակասություններով կամ ամբողջովին բաժան-բաժան եղած, ինչպես հայ համայնքը»: Դա հոգեկան սուր վնասվածքի հետևանք էր, և թվում էր, թե վրա է հասնում հայոց պատմության ամենաողբերգական էջը, երբ նրանք «իրենց ձեռքերով կանեն այն, ինչ չեն կարողացել նրանց անել ամենասարսափելի ճնշումներն ու հալածանքները՝ նրանք կդատապարտեն իրենց մշակութային և ազգային ինքնաոչնչացման»:
Եվ դարձյալ. «Անազատ գոյատևման դարերը, ճակատագրի բոլոր անհեթեթությունները համբերատարորեն կրելու սովորույթը, թվում է, թե հայերի գիտակցությունից ընդմիշտ վանել էին հերոսի պաշտամունքը: Ի դեպ, իրենց պատմությանը քաջատեսյակ հայերը բավական սակավաթիվ էին: Բոլորը գիտեին, որ եղել է պատմություն, եղել է ինչ-որ փառահեղ պատմություն։ Լեոն՝ հայ ժողովրդի պատմության բազմահատորյակի հեղինակը, և Րաֆֆին, որը լարված սյուժե ունեցող, ուշագրավ արկածներով, հանուն հայրենիքի մղած մարտերով և սխրանքներով հագեցած հերոսավեպեր է գրել, առարկայորեն համալրեցին խորհրդանշական պատմությունը… Իրենց հերթին, ֆիդայիները հսկայական բարոյական ազդեցություն ունեցան ամբողջ ժողովրդի վրա: Գոյություն ունեն բազմաթիվ լեգենդներ՝ նվիրված Արաբոյին, Աղբյուր Սերոբին, Գևորգ Չավուշին, Մուրադին, Անդրանիկին…Հայ ժողովրդի գիտակցության մեջ աստիճանաբար սկսեց մտնել հայկական պետականության գաղափարը: Դեռևս չի կարելի այդ փուլի մասին ասել, որ հայկական պետականության գաղափարը հայերի համար դարձավ գործողությունների ուղղորդող, բայց այն արդեն թոթափում է իրենից վախճանաբանական, արտաժամանակային հատկանիշները և ավելի է միահյուսվում հերոսական առասպելին: Հայկական պետականության այդ հերոսական առասպելը կպարզվի որպես կառուցվածքաստեղծ առասպել»:
Ո՞ր ուղին կընտրի հայությունը:
Ժամանակակից ժողովրդական հիշողության մեջ ձևավորվել է պատմություն հայ մահապարտ ֆիդայիների՝ կանոնավոր բանակի վերածվելու մասին: Միայնակ հերոսների ժամանակն անցել է, եկել է պետական շինարարության ժամանակը: Դժվարին ու երկար է այդ ուղին, քաղաքացիականության գիտակցման ուղին, որին ոտք դրել է «ազգային պետության» ուրվագծեր և կարգավիճակ աստիճանաբար ձեռք բերող, նորացված Հայաստանում մեծացած նոր սերունդը: Դա կիրականանա, երբ յուրաքանչյուր քաղաքացի իր մեջ կվերարթնացնի Փոքր Մհերի ոգին, երբ հայության բոլոր սերունդները կմիավորվեն` բացառելով ամեն տեսակի «…մետ»-երը և հույս չեն կապի «ուրիշ քեռու» հետ՝ «Իրենց անկախ պետությունը կառուցելու» միասնական նպատակով:
Ռուսերենից թարգմանեց
Դավիթ Մկր ՍԱՐԳՍՅԱՆԸ
Մեկնաբանություններ