Ագռավաքար
10.12.2019 | 02:31
Հայաստանում, վաղուց արդեն, ի հաստատումն Սվետլանա Լուրյեի «Պատմական ազգագրություն» մենագրության վերլուծական կանխատեսումների, բազմացել և գործում են «գունավոր» հասարակական կազմակերպություններ:
Հրապարակված տվյալների համաձայն, Սորոսի «Բաց հասարակություն» հիմնադրամից, 2016 թվականին, Հայաստանի ոչ կառավարական կազմակերպություններին է փոխանցվել, ընդհանուր առմամբ, ավելի քան 1 միլիոն 752 հազար դոլարի դրամաշնորհային գումար:
Ամենախոշոր դրամաշնորհը ստացել է «Լրագրողական հետաքննություն» հասարակական կազմակերպությունը, որի ղեկավարի հաշվին փոխանցվել է 160930 դոլար: Հատկանշական է, որ նրա hetq. am մեդիահարթակի հետաքրքրությունների շրջանակի մեջ են մտնում դատական համակարգը, օրենսդիր և գործադիր մարմինների գործունեությունը, իրավապաշտպան համակարգը, շրջակա միջավայրը, զինված ուժերը, մարդու իրավունքների պաշտպանության ոլորտը:
«Ասպարեզ» լրագրողական ակումբի ղեկավար Լևոն Բարսեղյանը 2016 թվականին «Բաց հասարակության» հիմնադրամից ստացել է երկու դրամաշնորհ. 67600 և 36029 դոլար: Ակումբի պաշտոնական կայքում նշված է, որ նրա գործունեության նպատակներն են տեղեկատվության ազատությունը, տեղական ինքնակառավարման թափանցիկությունը, հաշվետվողականությունը, հասարակության ներգրավումը հակակոռուպցիոն պայքարին:
Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը 2016 թվականին ստացել է մի քանի դրամաշնորհ. hունվարի 27-ին (2016 թ.), գրասենյակի նախագահ Արթուր Սաքունցի անունով փոխանցվել է 55375 դոլար, ապա ևս 10265 դոլար, իսկ սեպտեմբերի 1-ին նրան հատկացվել է 104000 դոլար արժողությամբ դրամաշնորհ: Ավելի ուշ, Արա Զալյանի անվամբ, գրասենյակին է փոխանցվել ևս 50000 դոլար:
2016 թվականին խոշոր ֆինանսավորում են ստացել նաև Հելսինկյան կոմիտեն և «Ֆակտոր» տեղեկատվական կենտրոնը: Հելսինկյան կոմիտեի ղեկավար Ավետիք Իշխանյանի անունով հունիսի 29-ին փոխանցվել է 103925 դոլար, իսկ «Ֆակտոր» տեղեկատվական կենտրոնի ղեկավար Արևհատ Սահակյանի անունով՝ 103657 դոլար:
«Իրազեկ քղաքացիների միավորում» հասարակական կազմակերպության ղեկավար Դանիել Իոննիսյանը ստացել է դրամական երկու փոխանցում 13870 և 4460 դոլար ընդհանուր գումարով:
«Թրանսփարենսի ինթերնեշնըլ» հակակոռուպցիոն կենտրոնի գործադիր տնօրեն Սոնա Այվազյանը ստացել է 33850, ապա ևս 43850 դոլարի դրամաշնորհներ:
«Մանդատ» հասարակական կազմակերպության ղեկավար Լուսինե Վասիլյանը 2016 թվականին ստացել է 63660 դոլար:
Խտրականության դեմ պայքարի և հանուն հավասարության ընկերության համակարգող Անահիտ Չիլինգարյանը՝ 68100 դոլար:
«Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» կազմակերպության ղեկավար Հայկուհի Հարությունյանը տարվա ընթացքում ստացել է 70000 դոլար:
«Իրավունքի զարգացման կենտրոն» հասարակական կազմակերպության ղեկավար Վիոլետ Զոփունյանի անունով փոխանցվել է 39972 և 14970 դոլար:
Նոր իշխանությունը ձգտում է իր գործողություններին հաղորդել հեղափոխական բնույթ, աստիճանաբար ներկրվում են «եվրոպական առանձնահատուկ» արժեքներ (հոմոսեքսուալություն, լեսբիականություն և այլն), որոնք բացարձակապես չեն ներառվում հայ ժողովրդի ավանդական արժեհամակարգի մեջ: Բոլոր նրանք, ովքեր պետական հաստատությունների նորանշանակ ղեկավարների մեջ տեսնում են անգիտություն և անկարողություն, հայտարարվում են «հեղափոխության թշնամիներ»: Հիշողությանդ մեջ հայտնվում են Ալեն Դալլեսի հայտնի մտքերը: Ճիշտ է, 1945 թվականին խոսքը վերաբերում էր ՍՍՀՄ-ի փլուզմանը, բայց և ժամանակակից Հայաստանի առնչությամբ այն չարագուշակ է հնչում. «Քաոս տարածելով մենք աննկատ կփոխարինենք նրանց իսկական արժեքները կեղծով և կստիպենք նրանց հավատալ այդ կեղծ արժեքներին: Գրականությունից և արվեստից մենք աստիճանաբար դուրս կմղենք հասարակական էությունը, արվեստագետների մեջից կվանենք ժողովրդի հոգու խորքում ծավալվող գործընթացները հետազոտելու և արտացոլելու ցանկությունը, իսկ գրականությունը, թատրոնը, կինոն պետք է արտահայտեն և փառաբանեն միայն մարդու ամենանողկալի զգացմունքները: Մենք պետք է օգնենք և առաջ քաշենք նրանց, ովքեր մարդկային գիտակցության մեջ կսկսեն ցանել և աճեցնել սեքսի, բռնության, դավաճանության պաշտամունքը, այլ կերպ ասած, անբարոյականություն: Երկրի կառավարության մեջ մենք կտարածենք քաոս և խառնաշփոթ, աննկատ, ակտիվորեն և անընդհատ կնպաստենք պաշտոնյաների տխմարությանը, կաշառակերությանը, անսկզբունքայնությանը: Ազնվությունը և պարկեշտությունը կծաղրվեն, կդառնան անցյալի մնացուկներ և անպետք բոլորի համար: Մենք հմտորեն և աննկատ կսերմանենք ստորություն և անհնազանդություն, սուտ ու կեղծիք, հարբեցողություն և թմրամոլություն, անասնական վախ և անամոթություն միմյանց նկատմամբ… Եվ միայն քչերը, շատ քչերը կկռահեն և կհասկանան, թե ինչ է կատարվում: Բայց այդպիսիներին մենք կդնենք անօգնական վիճակի մեջ, կվերածենք ծաղրածուների, կգտնենք նրանց շեղելու հնարքներ և կոչելու հասարակության թերմացք»: Ասենք, օրինակ, անվանել՝ «հակահեղափոխական»:
Սակայն, նույն Դալլեսն ունի մեկ այլ նկատառում, որի մասին, չգիտես ինչու, չի բարձրաձայնվում. «Պետական ծառայությունը առանձնաշնորհ է, ոչ թե իրավունք, և, պետական ծառայություն իրականացնելու համար անձը պետք է համապատասխանի բարոյական որոշակի չափորոշիչների, ավելի բարձր պահանջների, քան այնպիսիք, որ ներկայացվում են այլոց»:
Այսպես կոչված, «Հայկական թավշյա հեղափոխությունը», առանց չափազանցության, ցնցեց ամբողջ աշխարհը: Ռուսաստանը նյարդայնացավ, եվրոպական երկրները ակտիվացան: Հայաստանի կողմը սկսեցին շրջել հայացքները ԱՊՀ մասնակից երկրները, ԵԱՏՄ-ն և ՀԱՊԿ-ը:
Լ. Տեր-Պետրոսյանի սանի կողմից իշխանությունը բռնազավթվելուց հետո, ԱՄՆ-ն ակտիվացրեց, առանց այն էլ ակտիվ, դիվանագիտական գործունեությունը Հայաստանում:
2018 թ. հոկտեմբերի 25-ին, Երևան կատարած այցի ընթացքում, ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնը, Հայաստանի վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման ժամանակ, հայտարարեց. «Ամերիկայի Միացյալ Նահանգները աջակցում է Հայաստանի նոր կառավարության ջանքերին»: Այնուհետև Բոլթոնը բացահայտ առաջարկեց հայերին «հրաժարվել պատմական կաղապարներից», նկատի ունենալով ռուսական կողմնորոշումից հրաժարումը, նշելով, որ «ամեն դեպքում, ամերիկյան զենքն ավելի լավն է, քան ռուսականը» (արդյո՞ք, սա 2016 թ. ապրիլյան քաղաքականության ձևաչափի շարունակությունը չէ՝ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի ԱՄՆ-ում գտնվելու ընթացքում):
Մեկնելուց առաջ Բոլթոնը մամուլի ասուլիս տվեց, որն ինքնին ուշագրավ է. Պատասխանելով հարցին, թե կարո՞ղ է նա երաշխավորել, որ ազատության աջակցման ակտի 907-րդ ուղղումից հետո, որը սահմանափակում է ԱՄՆ-ի օգնությունը Ադրբեջանին, պետական մակարդակով չի հանգեցնի անհամամասնության, Բոլթոնը նշեց, որ տվյալ պահին որոշում ընդունված չէ և որևէ բան կանխագուշակել ու երաշխավորել չի կարող:
Մեկնաբանելով Ադրբեջանին ԱՄՆ-ի զենքի վաճառքի հնարավորության մասին հարցը, Բոլթոնը հայտարարեց. «Իրավիճակն այնպիսին է, որ Հայաստանը զենքի գերակշիռ մասը ձեռք է բերում Ռուսաստանից, Ադրբեջանի զենքի ավելի քան 80 տոկոսը նույնպես ռուսական է: Այդ հանգամանքը չի նպաստում հակամարտության կարգավորմանը, քանի որ Ռուսաստանին տալիս է ազդեցության լրացուցիչ լծակ կողմերի նկատմամբ և չի կարող հանգեցնել խաղաղության հաստատման»:
Նա ավելացրեց, որ մրցակցությունը որոշ հարցերի լուծման շարժիչ ուժ է: Եվ ցանկացած պարագայում, ամերիկյան զենքը ավելի լավն է, քան ռուսականը: Բոլթոնը հավելեց, որ «այդ հանգամանքը հարկավոր է հաշվի առնել օրենքներ ընդունելիս»: Թե որ օրենքների ընդունումը, հայտնի չէ: Բոլթոնը չկոնկրետացրեց այդ հարցը:
Ինչպես հաղորդեցին Հայաստանի նորությունները՝ news.am, Հայաստանի կառավարության մամուլի ծառայությունից, հանդիպման ընթացքում Բոլթոնը նշել է, որ Հայաստանի համար պատմականորեն կարևոր այս շրջանում իրենք մեծ նշանակություն են տալիս հայ-ամերիկյան հարաբերությունների զարգացմանը և խորացմանը:
«Ամերիկայի Միացյալ Նահանգներն աջակցում է նոր կառավարության ջանքերին՝ ուղղված կոռուպցիայի դեմ պայքարին, դատական համակարգի թափանցիկության բարձրացմանը և քաղաքացիների առաջ կառավարության հաշվետվողականության մեծացմանն այնպիսի ուղիներով, որոնք կհանգեցնեն ժողովրդավարության, իրավունքի գերակայության և տարածաշրջանային կայունության ամրապնդմանը»,- ասել է Ջոն Բոլթոնը:
Վարչապետի պաշտոնակատարը և ԱՄՆ նախագահի խորհրդականը մտքեր են փոխանակել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացի շուրջ: Երկուստեք կարևորվել է հիմնախնդրի խաղաղ կարգավորմանն ուղղված հետևողական քայլերի իրականացումը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափի շրջանակում և բանակցային գործընթացի համար համապատասխան մթնոլորտի ձևավորումը:
Հայաստանի համար հիմնարար խնդիր է իր ինքնիշխանության լիիրավ օգտագործումը և անկախությունը արտաքին ազդեցությունից: Այդ մասին «Ազատություն» ռադիոկայանին հաղորդել է ԱՄՆ նախագահի խորհրդական Ջոն Բոլթոնը, ընդ որում, չնշելով, թե ինչ «արտաքին ազդեցությունից»: Թեև հետո ավելացրել է. «Կարծում եմ, ժողովրդի համար առավել նախընտրելի է ունենալ լայն հնարավորություններ միջազգային ասպարեզում և չկաշկանդվել պատմական կաղապարներով»: ԱՄՆ նախագահի խորհրդական Ջոն Բոլթոնը հանդիպումներ ունեցավ Հայաստանի պաշտպանության նախարարի պաշտոնակատար Դավիթ Տոնոյանի, արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Զոհրաբ Մնացականյանի և անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի հետ:
Ինչպես հաղորդում է Անվտանգության խորհրդի մամուլի ծառայությունը, Ջոն Բոլթոնն ընդգծել է երկկողմ հարաբերություններին և տարածաշրջանային հարցերին վերաբերող քննարկումների կարևորությունը: Դրանց թվում Բոլթոնը նշել է Իրանի, Ռուսաստանի և Սիրիայի նկատմամբ ԱՄՆ քաղաքականությունը, ինչպես նաև ջանքերը տարածաշրջանում կայունությունն ամրապնդելու ուղղությամբ: «Մենք աջակցում ենք տարածաշրջանում ժողովրդավարական փոփոխություններին, որոնք ապահովում են ավելի բարեհաջող, ազատ և անկախ ապագա»,- հայտարարել է ԱՄՆ նախագահի խորհրդականը:
ԱՄՆ նախագահի խորհրդականն ընդգծել է ամերիկյան կողմի պատրաստակամությունը աջակցելու Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ինչպես ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, այնպես և «այլ հնարավոր» քայլերով: Երևանում Բոլթոնը կրկնեց այն միտքը, որ հնչեցրել էր վաղօրոք Բաքվում՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումը շահեկան է ոչ միայն Հայաստանին և Ադրբեջանին, այլև ԱՄՆ-ին: Հանդիպման ընթացքում քննարկվեցին նաև ՌԴ կատարած այցի արդյունքները, Իրանի դեմ պատժամիջոցները, Սիրիայի իրավիճակը: Նշվեց Հայաստանի տնտեսության մեջ ԱՄՆ անմիջական ներդրումների ակտիվացման կարևորության մասին:
Ռուսերենից թարգմանեց
Դավիթ Մկր ՍԱՐԳՍՅԱՆԸ
Մեկնաբանություններ