Կրկին մեր դուռը բացվեց, կրկին առաջ ցցվեց վիժուկ կոմիսարը:
-Լռեցե՛ք, այստեղ այդպիսի երգեր չի կարելի երգել:
-Իսկ ինչպիսի՞ երգեր կարելի է երգել, մենք երգել ենք ուզում,- ասաց Սաթոն,- խնդրեմ ցուցակը պատից կախել:
-Կարելի է բոլորովին չերգել, այստեղ հարսանքատուն չէ,- պատասխանեց կոմիսարը:
-Կարող ենք դարձնել հարսանքատուն, մեր սիրած երիտասարդներն էլ են այստեղ: Չի պակասում նաև քահանան, եթե ուզենք՝ կամուսնանանք: Բանտում ամուսնանալն արգելված չէ:
Խոսողը նորից Սաթոն էր: Նա երբեք չէր հուզվում, ձայնը չէր բարձրացնում, կարծես ամեն ինչ բնական էր, անառարկելի:
-Օ՜, դուք՝ դաշնակներդ,- ասաց կոմիսարը՝ դուրս գնալով:
Մենք մի անգամ էլ իր ետևից երգեցինք. «Կանանց երբեք ձեռ տալու չէ, վրիժառու ջան ֆեդան»:
Այդ օրը գիշերվա ողբերգությանը հաջորդեց մի զավեշտ: Դուռը շռինչով բացվեց: Ներս հրվեց մի տիկին, որը դռնից հազիվ մի երկու քայլ անելով՝ իր վրա փակված դռան մոտ արձանացավ, մեզ չբարևեց, խոսք չուղղեց: Ներելի էր, քանի որ անծանոթ բեմ էր ելել:
Տիկինը հայտնի դերասանուհի Վիկտորիա Աբովյանն էր՝ թոռնուհին Խաչատուր Աբովյանի, դերասան Աշո Շահխաթունու՝ ապահարզանով բաժանված առաջին կինը:
Գեղեցիկ կին էր, միջահասակ, այդ ժամանակ բավական գիրացած, կլորիկացած, որ պահում էր դերասանուհու կեցվածքը: Ես երբեք չէի տեսել իր դերակատարումները, սակայն հետաքրքրված էի իրենով, որպես Խ. Աբովյանի թոռնուհու:
Բոլորս լուռ էինք, գուցե՝ զարմացած, թե այս ի՞նչ տեսակ ձերբակալություններ են, որ հասնում էին մինչև Վիկտորիա Աբովյան: Տիկինը, որպես լավ դերասանուհի, առանց նայելու իրեն ունկնդիր հասարակությանը, ինքն իրեն խոսեց.
-Տե՜ր Աստված, ինձ ինչու՞ բերին սրանց մոտ, ես սրանց չեմ ճանաչում, սրանց հետ գործ չեմ ունեցել, թյուրիմացություն է, թյուրիմացություն…
Եվ սկսեց հետ ու առաջ քայլել սենյակի փոքրիկ, բաց տարածության մեջ: Կանգ առավ՝ այս անգամ խոսքն անուղղակի հղելով ինձ.
-Դու՛ք, դու՛ք պարտավոր եք վկայել, հաստատել, որ ես ձեզնից չեմ, որ ե՛ս ե՛ս… Պարտավո՛ր եք, այո…
Լաց եղավ: Թե ինչու էինք պարտավոր՝ չհասկացանք: Մի՞թե մենք գիտեինք, թե ինչ ենք մեզ ձերբակալողների համար, ինչու՞ էինք բանտարկվել, որ կարողանայինք մեկ ուրիշի համար վկայել, թե նա «մերոնցից չէ»:
Այնքան ողբերգական-զավեշտալի էր նրա դրությունը, որ այլևս անհնար էր անտարբեր մնալ: Եվգենիան, որ ծանոթ էր նրա հետ, ասաց.
-Բայց, տիկին Վիկտորիա, մենք էլ չգիտենք ինչու ենք ձերբակալված, որ Ձեզ համար վկայենք, թե Դուք մերոնցից չեք: Անպայման թյուրիմացություն է, հանգստացեք, կպարզվի:
Վիկտորիան, կարծես հուսախաբ իրեն հասնելիք օգնությունից, անպատասխան թողեց իր հետ խոսողին և սկսեց խաղալ հանպատրատի դերը.
-Զավա՜կս, զավա՜կս (շփում էր ճակատը, քաշքշում մազերը, ծեծում կուրծքը. իսկական դերակատարություն), եթե ինձ երկար պահեն, ո՞վ պիտի հոգա քեզ, ո՞վ պիտի հագցնի, ո՞վ պիտի կերակրի: Օ՜հ, բալիկս, ծաղիկս, հրեշտակս (տղան ծնվել էր Ա. Շահխաթունուց և իսկապես գեղեցիկ երեխա էր): Հավատա՛, բալիկս, ես մեղավոր չեմ, ես սրանց հետ գործ չեմ ունեցել: Ես քո մաման եմ, ապրում եմ միայն քեզ համար, քե՛զ համար:
Զգացվեցինք. ի վերջո, մեր առջև մի տառապող մայր էր: Առաջարկեցինք նստել: ՈՒզեցինք ջուր տալ, բայց չընդունեց, մեջքով հենվեց պատին, լռեց: Ստիպված էինք ուշադրություն չդարձնել, սպասելով ներկայացման երկրորդ արարին, որ ուշանում էր: Վերջապես, նա հոգնեց, կքեց, ինքն իր վրա ծալվեց, նստեց հատակին:
Բարեբախտաբար, երկար չտևեց վարագույրի էջքը՝ մեզ ազատելով հանդիսատեսի լարված վիճակից: Նա կանչվեց հարցաքննության և այլևս ետ չեկավ: Ազատվել, տուն էր ուղարկվել: Իսկապես թյուրիմացություն էր, նա «մերոնցից չէր»:
Այդ գիշեր Եվգենիան կանչվեց հարցաքննության: Ես և Մ. Թևոսյանը նստեցինք դռան անցքի մոտ՝ լսելու, թե ինչ պիտի հարցնեն և ինչ պիտի պատասխանի գիմնազիայի տեր ու տնօրենուհին, որ մեր կարծիքով նույն թյուրիմացությամբ էր հայտնվել մեր մեջ, եթե մենք ձերբակալված էինք որպես դաշնակցականներ:
Հարցաքննողը մեկ ուրիշ կոմիսար էր, որ խոսում էր հայերեն: ՈՒշագրավ է տեղի ունեցած խոսակցության մի դրվագ, որ արժե նշել:
-Ե՞րբ եք հարել Դաշնակցությանը, դաշնակների իշխանության տիրանալուց հետո՞, թե…
-Ծնված օրվանից:
-Զվարճալի է: Իսկ ե՞րբ պիտի պոկվեք դաշնակներից:
-Այն, ինչ լինում է ծնունդով, վերջանում է մահով:
-ՈՒրեմն, դուք խոստովանում, ընդունու՞մ եք, որ դաշնակ եք և պիտի մնաք դաշնակ:
-Դաշնակցականներն ինձ դաշնակցական չեն համարում, իսկ ես, մանավանդ հիմա, զգում եմ, որ առանց իմանալու ես միշտ դաշնակցական եմ եղել ու այդպիսին էլ պիտի մնամ: Շնորհակալ եմ ձեզնից, որ ինձ զգացրիք դաշնակցական լինելս:
-Ստորագրե՛ք:
-Սիրով կստորագրեմ, երեխա չեմ, որ խոսքիս տեր չլինեմ:
Եվգենիա Նիկիտիչնա Սարգսյանը՝ ցարական ժանդարմերիայի ակնառու պաշտոնյայի դուստրը, մեզ համար դարձավ հինգերորդ դարի «Տիկնայք փափկասունքի» արժանավոր ժառանգ հայուհին՝ արժանի հարգալից հիշատակության:
Երկրորդ կանչվողը եղավ Մ. Թևոսյանը, իսկ ինձ մոտ տեղ գրավեց Հ. Ղարիբյանը, ասելով.
-Տեսնենք ի՞նչ պիտի ասի այդ անպիտանը:
Նկատել էի, որ դաշնակցական օրիորդները լավ աչքով չէին նայում նրան, Մ. Թևոսյանին չէի տեսել իրենց հավաքույթ-հանդես ձեռնարկներում, ինչպես, օրինակ, «Ռոստոմ» գրադարանի բացման հանդեսին: Իր անցյալին էլ ծանոթ չէի:
Դարձյալ դաշնակ եղած-չեղած լինելու հարցում:
-Այո՛, եղել եմ դաշնակցական օրիորդաց խմբակի անդամ, նույնիսկ՝ վարչության գանձապահ, բայց այսօր պատիվ չունեմ ինձ դաշնակցական համարելու:
-Այսի՞նքն…
-Հաշիվների մեջ անճշտապահ լինելու պատճառով վտարվել եմ Դաշնակցությունից:
-ՈՒրեմն, դաշնակ չե՞ք:
-Հոգով մնում եմ դաշնակցական, իրավունք ունեին ինձ պատժելու: ՈՒրախ կլինեմ, եթե քավելով մեղքս ներվեմ ու կրկին հպարտություն ունենամ դաշնակցական կոչվելու:
-Օ՜հ, դուք, խելագարներ, կախարդվածներ, անարժան տիրոջ հավատարիմ շներ, գնացեք, ձեր հաշիվը կփակենք:
-Ավելի լավ է անարժան մի տեր ունենալ, քան թե անտեր փողոցի շուն լինել: Դաշնակցության շուն եմ,-սուր ձայնով ճչաց Մանյան՝ ձեռքը սեղանին խփելով:
-Տարե՛ք թոկից փախած այս կատաղած շանը,-բղավեց նույնքան ինքն իրեն կորցրած կոմիսարը:
-Ապրե՛ս, Մանյա, ապրե՛ս, պետք է ներել նրան, պետք է ներել,- ձեռքերը տրորելով ասում էր Հայկանուշը:
Երրորդ կանչվողը եղավ աշակերտուհի Գայանեն:
-Ձեզ ինչու՞ են այստեղ բերել,-մեղմ ձայնով հարցրեց կոմիսարը՝ իր առջև տեսնելով գրեթե երեխայի:
-Հայրիկիս էին ուզում, տանը չէր: ՈՒզեցին մորս բերել: Փոքրիկ քույր-եղբայրներ ունեմ, ես չէի կարողանալու նրանց պահել, մեկը ծծկեր է: Ես ինքս խնդրեցի, որ մորս փոխարեն ինձ բերեն: Իրենք էլ բերին:
-Լավ, քանի որ այդպես է, եթե ասես, թե ուր է հայրդ, քեզ անմիջապես տուն կուղարկենք: Իսկ եթե ճիշտը չասես, ոչ միայն տուն չենք ուղարկի, այլև ընդմիշտ կզրկվես դպրոց գնալու իրավունքից: ՈՒ՞ր է հայրդ:
-Արդեն ասել եմ, ուրիշ բան չունեմ ասելու:
-Լավ, ինձ էլ ասա, ճիշտը ասա, որ անմիջապես տուն գնաս:
-Հայրս հիվանդ էր, պիտի գնար Թիֆլիս վիրահատվելու: Եթե այստեղ չէ, ուրեմն Թիֆլիս է գնացել:
-Ճիշտ չէ, ստում ես, անհնար է, որ դու՝ տան ավագ զավակը, չիմանաս, թե որտեղ է թաքնվել հայրդ: Ասա՛, ճաշ չե՞ս տարել հորդ, մամայիդ, երեխաների մասին լուր չե՞ս տվել նրան: Ասա՛ ճիշտը, ապա թե ոչ…
-Ճիշտ եմ ասում, ուրիշ բան չգիտեմ, ինչ ուզում եք արեք:
-Գնա՛, իժի ճուտ, մենք գիտենք ձեզպեսներին խոստովանեցնելու ձևը:
Զարմանալի էր այդ աղջնակի հանդարտությունը, համարձակությունը, սպառնալիքի առջև աներեր մնալը: Ինձ համար նա հերոսուհի էր անհավասար պայքարի դաշտում:
Ենթադրում էինք, որ հաջորդ կանչվողը կլինի Սաթոն, քանի որ ամենից ավելի նրան էին նեղացնում՝ պահանջելով ասել, թե ուր է թաքցրել կոմիտեի արխիվը: Սաթոն, ինչպես միշտ, ոչ մի հուզմունք չէր դրսևորում, նույնիսկ քնած էր ձևանում:
-Ի՞նչ ես սպասում,- անհանգստանում էր Հայկանուշը,- հիմա քեզ կկանչեն:
-Ի՞նչ կա իրար անցնելու, ինչ որ ասել եմ, նույնը պիտի ասեմ: Եթե պահել եմ, ուրեմն տեղն ասելու համար չեմ պահել: Եթե ասելու էի, էլ ինչու՞ էի պահում: Թո՛ղ փնտրեն-գտնեն:
Նոր ձերբակալվածներ բերեցին: Մեզնից այլևս կանչվող չեղավ:
Հաջորդ օրը մեր ատելի կոմիսարը բարձր տրամադրությամբ ներս մտավ, կարծես, ավետիս տալու մեզ:
-Քաղաքացուհի Հակոբյան (նկատի ուներ Սաթոյին), շատ մի հպարտացեք ձեր գաղտնապահությամբ: Մենք մուկը ծակից էլ կհանենք, գտանք ձեր պահած արխիվները:
-Գտա՞ք,- ասաց Սաթոն քմծիծաղով և առանց հույզի:-Ձեր գտածը երևի «Խաթաբալայի» հավաքածուն է (նկատի ուներ Թիֆլիսում հրատարակվող երգիծաթերթը): Լավ նայեք, այնտեղ շատ զվարճալի և ուսանելի հոդվածներ կան: Պատկերազարդ է նաև…
Կոմիսարը, ընկճված այդ ծաղրական պատասխանից, այլևս չխոսեց, դուրս գնաց:
-Բայց, Սաթո, վստա՞հ ես, որ գտնվածը արխիվը չէ:
-Վստահ եմ: Մինչև հիմա թաքնված մարդկանց չգտան, ուր մնաց անլեզու, անշարժ թղթերը գտնեն:
Եվ իսկապես, գտնվածը արխիվը չէր:
Այդ գիշեր ականատես եղանք մեկ այլ տեսարանի: Տիկին Այվազյանն անհանգիստ էր, իրեն թվում էր, թե սկսվել է ծննդաբերության երկունքը: Լուր տվեցինք կոմիսարին, որը լրբաբար ասաց.
-Ի՞նչ երկունք, ի՞նչ երեխա, խաղ է, փորի մեջ իր ամուսնու մաուզերն է: Չեք խաբի…
Տիկնոջ անհանգստությունը գնալով մեծանում էր:
-Ի՞նչ պիտի լինի: Բանտու՞մ պիտի ծնվի երեխաս, տեր Աստված:
Աղմկեցինք, պահանջեցինք բժիշկ կանչել՝ ստուգելու: Ձերբակալվածների մեջ քիչ չէին նաև բժիշկները:
Վերջապես, բավական ժամանակ անց դրսից բերեցին բժշկուհի Վարդանուշ Բուդաղյանին (ներկայումս՝ Բուդաղյան-Մելիքյան, ապրում է Թեհրանում): Նա, քննելով հիվանդին, հաստատեց երկունքի մեջ լինելը և պահանջեց կառք բերել ու կնոջը տեղափոխել հիվանդանոց:
Այդպես էլ եղավ: Հենց բժշկուհու ուղեկցությամբ տիկին Այվազյանը փոխադրվեց հիվանդանոց, ուր հաջորդ օրը ծնեց մի արու զավակ, մի նոր «մաուզերիստ»:
Այդպես հասանք հունվարի 13-ին: Հիշեցինք, որ այդ օրը յոթ անունների (Հովհաննես, Մկրտիչ, Կարապետ և այլն) անվանակոչության տոնն է: Մեզ հասած առատ ուտեստի պաշարներից ընտրեցինք լավագույն պատառները, մեծկակ կապոց սարքեցինք ու տալով մեզ հսկող զինվորներից մեկին՝ խնդրեցինք հասցնել տղամարդկանց բաժին, հանձնելու համար Հովհաննես Քաջազնունուն, որ այդ օրվա տոնատեր էր:
Չիմացանք տեղ հասնելը:
Հանկարծ կոմիսարը ներս մտավ՝ ձեռքին մի թուղթ:
-Քաղաքացուհիներ (դեռևս Խորհրդային Հայաստանի քաղքացիներ էինք, դա էլ էր մի բան) Սաթո Հակոբյան, Եվգենիա Սարգսյան, տիկին Զառաֆյան, Մ. Թևոսյան, Ե. Ստամբոլցյան (ես), Գ. Վարդանյան (աշակերտուհին), պատրաստվեք դուրս գալու:
(Թող ներվի, եթե որևէ անուն մոռացա):
Պատրաստվեցինք: Մ. Թևոսյանը ծալեց-կապեց նաև իր վերմակը:
Պատուհանից տեսանք, որ ստվար խմբով բակ հանվեցին ու շարք կանգնեցվեցին տղամարդիկ: Հ. Քաջազնունին առաջին շարքում էր, եղբայրս՝ միջնամասում: Դա ազատելու կամ հարցաքննության տարվելու խնդիր չէր: Մեզ կենտրոնական բանտ էին տանելու: Վերջում մեզ հանեցին՝ կանգնեցնելով ետին շարքերում: Փողոցում երկշար կանգնած էին հրացանավոր զինվորներ, նաև կոմիսարներ:
-Շարժվե՜լ…
Դուրս եկանք փողոց: Մեզ շրջապատեցին պահակները:
Աբովյան պողոտայում բավական անցուդարձ կար: Անցորդները կանգնում, կարեկցանքով նայում էին մեզ:
-Մորաքու՛յր, մորաքու՛յր,-լսեցի ինձ ծանոթ և շատ սիրելի մի ձայն ու մայթի վրա տեսա հորեղբորս աղջկա որդուն՝ Բ. Ղասաբյանին, 18-19 տարեկան մի պատանու, որն սկսեց վազել մայթն ի վար, մեր ուղղությամբ:
Մի հսկիչ կոմիսար ատրճանակի կոթով խփեց նրան: Սիրտս մղկտաց:
-Բան չկա, Բաբկեն, հանգիստ եղիր, շուտով տուն կգամ,- բղավեցի:
Անցանք: Դեռ լսվում էր պատանու աղեխարշ ձայնը՝ մորաքու՜յր…
Խոստումս չկատարվեց, տուն չվերադարձա, չտեսա սիրելիներիցս ոչ մեկին, որ Կարսից փախել՝ Թիֆլիս էին գնացել:
Երկար տարիներ, շատ անգամ երազում լսել եմ՝ մորաքու՜յր, մորաքու՜յր…
(շարունակելի)
Խաչատուր ԴԱԴԱՅԱՆ