ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն իրազեկել է, որ Պուտինն առայժմ կոնկրետ պլաններ չունի Թրամփի հետ շփումների առնչությամբ։ ՌԴ նախագահը հրապարակավ շնորհավորել է Թրամփին հաղթանակի առիթով այն օրը, երբ, WP տվյալներով, տեղի են ունեցել նրանց հեռախոսային բանակցությունները։ Պուտինը մեկ անգամ ևս ընդգծել է, որ հակամարտության կարգավորումը հնարավոր է միայն Կիևի կողմից իրողություններն ընդունելու պայմանով, այն է՝ Ռուսաստանի կողմից ՈՒկրաինայի տարածքի 20 տոկոսի զավթմամբ։               
 

«Այն խնդիրները, որ կարծրացած էին, մեկիկ-մեկիկ ճաք էին տալիս»

«Այն խնդիրները, որ կարծրացած էին, մեկիկ-մեկիկ ճաք էին տալիս»
16.11.2018 | 03:10

ՐԱՖՖԻ ՀԵՐՄՈՆ ԱՐԱՔՍԸ ծնվել է Պոլսում, ուսումը շարունակել է Փարիզում, որտեղ և ծավալել է լրագրողական, հասարակական գործունեություն: Լինելով Ֆրանսիայում հավատարմագրված APE ընկերությունում միակ հայը՝ ներկայացնում էր Հայաստանում լույս տեսնող «Ազգ», Ստամբուլում՝ «Ակոս», «Ենիգյոնդոմ» թերթերը: Ջանք չէր խնայում թուրք քաղաքական գործիչների հետ հաջողության հասնելու Հայկական հարցի ճանաչման խնդրում: Որպես «Ճշմարիտ թուրք մտավորականների հետ երկխոսություն շարժման» առաջամարտիկ՝ Րաֆֆի Հերմոն Արաքսը, Ռագըբ Զարաքոլուն և Ժան Կլոդ Քեբաբջյանը Ֆրանսիայի նախագահ Ժակ Շիրակի կողմից արժանացել են «Ժողովրդական դիվանագետ» կոչմանը:
1979 թ. Թուրքիայի մամուլում հանդես եկող միակ հայկական արմատներ ունեցող թղթակիցն էր:

2009-2014 թթ. եղել է Ստամբուլի 39 քաղաքապետարաններից մեկի՝ Իշխանաց կղզիների քաղաքապետարանի պատգամավոր, քաղաքապետի առաջին տեղակալ:

-Հարգելի Րաֆֆի Հերմոն Արաքս, վերջերս պատեհ հնարավորություն եղավ զրուցելու թուրք և քուրդ գրողների հետ, և ինձ ցնցեց այն խորունկ ապրումը, որով նրանք խոսում էին Հայոց ցեղասպանության մասին: Մինչդեռ մեր մեջ կարծրացած, կաղապարված է Ցեղասպանություն ապրած մեր պապերից եկած համոզմունքը՝ թուրքը մնում է թուրք, լավ թուրք չի լինում: Եվ, այնուամենայնիվ, ինչ-որ բան դժվարությամբ, ասես երկունքի ցավով փոխվում է մեր հոգիներում, և մենք պետք է հետևություն անենք, ու շատ կարևոր է, թե ինչ երանգ ու իմաստ պիտի ունենա այդ հետևությունը: Ժամանակը մեզ նոր խնդի՞ր է առաջադրում, որ մենք՝ հայերս, պետք է օգնենք թուրքերի այսօրվա սերնդին՝ խորությամբ իմանալու ճշմարտությունը, որպեսզի վաղ թե ուշ մի օր իրենք առերեսվեն պատմական ճշմարտությանը, ընդունեն կատարվածը, և թուրք գրող Դողան Աքհանլըի պես (1999 թ. նա առաջինն է վեպ գրել Հայոց ցեղասպանության մասին) բարձրաձայնեն. «Ի վերջո, ես հոգնել եմ ամաչելուց: Հավիտյանս ամաչելով չեմ ուզում ապրել»:
-Թուրքերի հանդեպ մեր վերաբերմունքը կաղապարված է, այն գալիս է, ինչպես դուք ասացիք, մեր պապերի՝ կոտորածների մասին ականատեսի հուշերից և գրականությունից: Երբ ասում ենք՝ «մեր» վերաբերմունքը, այդ «մերի» մեջ չեմ նույնացնում Սփյուռքի և Հայաստանի հայությանը, քանի որ Սփյուռքի ինքնության բացատրության մեջ, որ կարելի է տակ-տակի շարադրել յոթ-ութ կամ տասը կետով, առաջին կետը, իմ կարծիքով, վերաբերում է ինքնությունը պահելուն, ինչը այդպես չէ Հայաստանի պարագայում, չի կարելի բաղդատել: Հայաստանի հայի ինքնությունը պահպանելու կամ հայապահպանում ասված մտահոգությունը, թերևս, կարող է 6-7-րդ կամ 8-րդ, 9-րդ տեղն զբաղեցնել: Սփյուռքի պարագայում այն առաջին տեղը կզբաղեցնի, ինչը բնական է ու հասկանալի: Սփյուռք հասկացությունը ծագել է հրեաների «դիասպորա» անվանումից, որ նշանակում է իրեն պատկանող հողից դուրս ապրել, ինչը, ի վերջո, և՛ բնական է, և՛ բնական չէ: Բնական է, որ իրողություն է, քանի որ սփյուռք չունեցող ազգ քիչ է մնացել, բայց և այնպես, որպես բնության օրենք, անբնական երևույթ է: Պատկերացրեք՝ բույսը պոկվի հողից և դրվի ուրիշ հողի վրա: Որքան էլ հաջող պտուղներ տա, միևնույն է, այլ հողի վրա տնկված բույսը հին բույսը չէ: Քանի որ իր առանձնաշնորհները տարբեր են, Սփյուռքը հակված է առավել իր զգացմունքներով շարժվելու, քան տրամաբանությամբ: Ահա թե ինչու Սփյուռքը որքան էլ ջանք է թափում իր ինքնությունը պահելու համար, այդքանով էլ հեռու է մնում իր ժամանակի նորություններից ու առաջխաղացումներից: Ծաղկի պես մի բան է, օտար ափերում եթե ինքնությունդ չպաշտպանես, այսինքն, ձուլվես, ավելի ժամանակակից կդիտվես, հետ չես մնա ամեն տեսակ նորություններից, սակայն արդեն կզիջես քո ինքնությունից: ՈՒրեմն 1915 թ. ամենավայրագ պարտադրանքներից հայկական ցեղասպանության հարցում տրամաբանությունը զիջելով զգացմունքին՝ «թուրքը» և կամ «թուրքերը» այսպես են և կամ այնպես են ասելով, ընդհանրացնելու ծուղակի մեջ կընկնես, ինչը մարդկային տրամաբանությանը հակառակ է: Մյուս կողմից, իհարկե, հասկանալի է այս կեցվածքը, քանի որ 1915 թ. վերապրողների զավակներն են գերմեծամասնությամբ կազմում Սփյուռքը: Նույն կեցվածքը չունի Հայաստանի հայը՝ գոնե Սփյուռքի չափ, որովհետև իր հողի վրա է ապրում: Ավելի շատ տրամաբանությամբ է գործում՝ հակառակ Սփյուռքի: Հայաստանի ժողովրդի մեջ կան 1915 թ. զոհերի զավակները և թոռները, սակայն մեծ մասամբ նրանց շնորհիվ չի զարգացել Հայաստանը: Արևելյան Հայաստանը միշտ եղել է՝ և՛ 1915-ից առաջ, և՛ հետո: Գնալով Հայաստանի ժողովրդի՝ թուրք հասարակության հանդեպ կարծիքը տարբերվում է Սփյուռքի կեցվածքից, սակայն կրկին որոշ նախապաշարումով: Պատճառը Ադրբեջանի ժողովրդին Թուրքիայի ժողովրդի հետ նույնացնելու, ասոցացնելու հանգամանքն է: Երկրորդ պատճառը, կասեի՝ կարևորագույնը, ճանապարհների փակ լինելն էր: Դռները, պատուհանները փակ էին, և այդ պատճառով թուրք և Թուրքիա հասկացությունների հանդեպ, հնուց եկած տվյալներից բացի, այլ բան չի եղել: Սակայն հիմա, որ ճանապարհները բացվել են, և հազարավոր հայեր Թուրքիայում պաշտոնապես և ոչ պաշտոնապես աշխատում են տարիներ շարունակ, երկու երկրների միջև մշակութային կամուրջներ են ձևավորվում, երկու կողմից զբոսաշրջություն կա, ակնհայտորեն տեսանելի է, որ Հայաստանի հայի մտածողության մեջ թուրք կոչեցյալի և Թուրքիայի հասարակության մասին ավելի իրատեսական պատկերացում է ձևավորվում: Իհարկե, Թուրքիայի հասարակության մեջ շատ խոր պրոբլեմներ կան, դրանք առանձին քննարկման նյութ են:
-Թուրքիայի հասարակությունը որքանո՞վ է իրազեկված և ինչպե՞ս է վերաբերվում 1915 թ. կատարվածին:
-Ո՞ր թուրքն է տեղյակ, ո՞ր թուրքը տեղյակ չէ։ Սա է հարցը: Նախ՝ հանցավոր կողմի պապերն իրենց թոռներին չէին պատմում այդ մասին, որովհետև հոգեբանական մեծ խնդիր կառաջանար՝ հանցավոր զգալու, ստի առումով, և այդ հանցանքը չբացահայտելու համար ջանք թափելը զգացվում էր՝ ինչպես պատմել թոռներին, թե մենք հայերին այս արեցինք, այն արեցինք: Իսկ քրիստոնյա և իսլամացած հայերը չէին պատմում իրենց թոռներին այն մտահոգությամբ, որ նրանք կբարձրաձայնեն ցեղասպանության մասին, և փորձանք կլինի. Հետևանքների առումով՝ շատ պատասխանատու վիճակ: Եվ կարծես երկու կողմերը լուռ համաձայնությամբ չէին պատմում, թե ինչ է կատարվել 1915 թ.: Երկրորդ պրոբլեմը. երկու կողմերն էլ չէին բացահայտում իսլամացած հայերի գոյության փաստը, որովհետև արժանապատվության հարց էր: Եթե ասվեր, պիտի պարզվեր, որ երկրի տարբեր բնագավառներում հայտնի, նշանավոր այս կամ այն թուրքը, որով թուրքերը հպարտանում են, իրականում թուրք չէ: Ահավոր հարված կլիներ, թուրք ինքնությունը ջարդուփշուր կլիներ: Իսկ մի մասն էլ չէր բարձրաձայնում այդ մասին, կարծելով, թե իսլամացած հայերի մասին խոսելը քրիստոնյա հայերի դեմ ամոթալի պիտի լիներ և ստվեր գցեր ցեղասպանության իրականության վրա (անշուշտ՝ անհիմն): Կարճ ասած, ինչպես բոլոր բազմազգ պետություններում, այս պետության մեջ էլ քողարկված մի շարք ճշմարտությունների շարքում կար 1915 թ. գաղտնիքը: Սակայն, ինչպես ասում են, կամուրջների տակից շատ ջրեր հոսեցին, շատ ժամանակ անցավ, ժամացույցների սլաքները հետապնդեցին իրար, արտերկիր գնացին բանվորներ, ուսանողներ, աշակերտներ, և կամաց-կամաց լռության տրվածը, թաքցվածը սկսեց բացահայտվել, ու. դժվարացավ գիտնականների, արվեստագետների՝ ճշմարտությունը թաքցնելու գործը: Երկրորդ՝ Խորհրդային Միության փլուզումից հետո կարծես պատռվեց խոշոր ստի վարագույրն ամբողջ Եվրոպայի և Ամերիկայի հասարակության առջև: Սկսվեց գլոբալիզացիայի՝ համաշխարհայնացման ժամանակը: Երրորդը հաղորդակցության տեխնիկայի անծայրածիր ու արագ առաջխաղացումն էր: Այն խնդիրները, որ կարծրացած էին, մեկիկ-մեկիկ ճաք էին տալիս, անթափանցելին դառնում էր թափանցիկ: Եվ Թուրքիայի հասարակությունն էլ, բոլոր բարդ, աննպաստ պայմաններով հանդերձ, իր բաժին ճշմարտությունը պիտի քաղեր այս բոլորից: Թուրքիայի ժողովուրդը դեռ լավ տեղյակ չէ, ինչպես իրենք են բնորոշում, «տակավին ծայրն ենք ծայրոց», որը, իհարկե, շատ անբավարար է, և սակայն անժխտելի է մտավորականների, դեմոկրատների, գուցե շատ քիչ, սակայն ոչ աննշան մի խմբակի ծնունդը, որի շարքերն օրեցօր ստվարանում են, և, ուզես, թե չուզես, ինչ էլ որ լինի, արդեն Թուրքիայի հասարակության մեջ Հայկական հարցի վերաբերյալ կեցվածքն այն չէ, ինչ որ 40 տարի առաջ էր: Ոչ միայն ժողովրդական խավերի, ոչ կառավարական կազմակերպությունների, անգամ չոր ու սառը պետական կեցվածքում չի կարելի չտեսնել ակնառու փոփոխությունները: Չպետք է մոռանալ, որ «Թուրքիայի պատմության մեջ բացարձակապես հակընդդեմ բան չի պատահել», «եթե եղել է մի բան, ուրեմն նշանակում է, որ հայերն արժանի են եղել», «ցեղասպանություն չի եղել, այլ տեղահանություն» և նման տեսակետներից այսօր հասել են այն կեցվածքին, որ նախկին վարչապետ Դավութօղլուն Երևանում կատարած իր հայտարարության մեջ նշեց. «Եթե նույնիսկ սա ցեղասպանություն չէր, այլ տեղահանություն էր՝ շատ արյունալի, ուրեմն անիրավ տեղահանում էր, անմարդկային, ու այսօր էլ ճիշտ չենք համարում»:
-Կան թուրք մտավորականներ, ովքեր մեծ աշխատանք են կատարում Հայոց ցեղասպանության ճանաչման համար, չեմ վարանի նրանց կոչել այդ պայքարի նվիրյալներ: Նրանք հայտնաբերում և հրապարակում են փաստաթղթեր, որոնք անհասանելի են հայ պատմաբաններին: Ռագըբ Զարաքոլու՝ Հայոց ցեղասպանության լուսաբանման և ճանաչման խոչընդոտներով լի, վտանգավոր ճանապարհի անխոնջ նվիրյալ: Նրանից հետո ու՞մ անունը կհիշատակեիք...
-Շատ դժվար և հեշտ հարց տվեցիք: 1994-ից 2005 թ. սեպտեմբերը Ռագըբ Զարաքոլուի և Ժան Կլոդ Քեբաբչյանի հետ «Ճշմարիտ Թուրքիայի մտավորականների հետդեմոկրատական երկխոսություն շարժման» մասնակից էի: Հետո այն կոչվեց «Հայաստան-Թուրքիա դեմոկրատական երկխոսություն» շարժում: Որպես այդ շարժման առաջամարտիկ՝ Ֆրանսիայի նախագահ Ժակ Շիրակը մեզ շնորհեց «Ժողովրդական դիվանագետ» կոչում՝ ասելով. «Այս դարի դիվանագիտությունն այնպիսի մի ասպարեզ է, որը չի կարելի թողնել միայն պետական դիվանագետներին, քանի որ դեմոկրատիան հասել է մի այնպիսի հանգրվանի, երբ արդեն ժողովրդի մեծամասնությունը ոչ միայն պետք է իր խոսքն ասի, այլև ուղղակիորեն մասնակցի երկրի ղեկավարմանը»: Եվ ես այդ երկու հրաշալի գործիչների հետ աշխատելու հաճույքն ու պատիվն ունեցա աչքիս առջև տեսնելով այն շիթերը, որոնք կաթիլ առ կաթիլ գոյանալով, զորանալով, դարձան չասեմ՝ օվկիանոս, բայց արդեն մի լիճ, որը չորացնելն այնքան էլ դյուրին չէ: Եթե խոսեմ Ռագըբ Զարաքոլուի մասին, անպայման պիտի հիշատակեմ իր լուսահոգի տիկնոջ՝ Այշենուր Զարաքոլուի անունը, բայց բոլորի անուն-ազգանունները դյուրին չի լինի տալ, էջերը չեն հերիքի: Չեմ կարող չհիշատակել Գերմանիայի Ֆրանկֆուրտ քաղաքում գործող «Կազմակերպություն ընդդեմ ցեղասպանությունների» գործունեության մասին, որտեղ ընդգրկված են թուրքեր ու քրդեր: 1998-ից ի վեր՝ ապրիլի 24-ին, այդ կազմակերպության հիմնադիր Ալի Էրթեմի և Բյուլնեթ Գյուլի, Ալի Էրթեմի տիկնոջ՝ Սելայ Էրթեմի գլխավորությամբ, նրանք ամեն տարի գալիս են Հայաստան և ծաղկեփնջերով ու ցուցապաստառներով այցելում Ծիծեռնակաբերդ՝ հարգանքի տուրք մատուցելու Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին: Այս կազմակերպությունն էր, որ մինչև 2015 թ. հավաքել էր Գերմանիայում բնակվող միայն թուրք ու քուրդ բնակիչների տասնյակ հազարավոր ստորագրություններ՝ պահանջելով ճանաչել Հայոց ցեղասպանությունը և, այդ անվանացուցակները հազարավոր օրինակներով լուսապատճենելով, անձամբ հանձնել Եվրոպայի մոտավորապես 20 երկրների խորհրդարանների նախագահներին:
Չեմ կարող չհիշատակել թուրք պրոֆեսր, դոկտոր Թաներ Աքչամի անունը, բացառիկ է նրա դերը ցեղասպանությունն ուսումնասիրող պատմաբանների շարքում: Ներկայումս դասավանդում է ամերիկյան «Քլարկ» համալսարանում, այդ համալսարանի Հայոց ցեղասպանության ամբիոնի վարիչն է և հետամուտ է Հայոց ցեղասպանության լիակատար ճանաչմանը՝ Թուրքիայի և միջազգային հանրության կողմից: Շատ քչերը գիտեն, որ Թաներ Աքչամը ղարսեցի է, և իր պապն սպանվել է հայերի կողմից: Եվ շատ ցավալի է, որ որոշ շրջանակներ չեն ուզում բարձրաձայնել, որ այսօր Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործում գլխավոր դերակատարը մի թուրք գիտնական է: Այո, թուրք գիտնական Թաներ Աքչամը, էլի անուններ տամ՝ Մուրադ Բելգեն, Ֆերհաթ Քենթելը և հարյուր հազարավորի հասնող ծանոթ ու անծանոթ, հանրահայտ ու քիչ հայտնի թուրքիացիներ կան, որ կարևոր գործ են անում՝ Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման համար: Այստեղ մի փակագիծ էլ բացեմ. ասացի՝ «թուրքիացի» և ոչ թե «թուրք կամ «քուրդ»: Թուրքիայի հասարակությանը մոտիկից ճանաչողները շատ լավ գիտեն, որ Թուրքիայի ճշմարիտ մտավորականները չեն ներկայանում կամ չեն ուզում ներկայանալ որպես թուրք կամ քուրդ՝ նախընտրելով «թուրքիացի» եզրույթը՝ ասելով, որ այն ավելի ընդգրկուն է, ներառում է բոլոր այնտեղ ապրող ժողովուրդներին, և Թուրքիայի ընդհանուր հասարակության ու ազգային խտրության հարցը հասցնում նվազագույնի, այսինքն՝ ավելի դեմոկրատական է:
-Աշխարհում այսօր գրեթե ամենուր լարված վիճակ է, արյուն է հեղվում: Քանի դեռ Թուրքիան չի ճանաչել Հայոց ցեղասպանությունը, չի եղել արդար հատուցում, նոր ոճիրներ ու արյունահեղություններ կլինեն, կշարունակի հոսել անմեղ մարդկանց արյունը, և մարդկության մի կեսն անտարբեր ու անհաղորդ կնայի կատարվածին՝ կարծելով, որ դա իր դուռը չի հասնելու: Դողան Աքհանլըն առաջին թուրք գրողն է, որ վեպ գրեց Հայոց ցեղասպանության մասին՝ «Դատաստանի օրվա դատավորները», այն թարգմանված է գերմաներեն և շուտով լույս կտեսնի նաև հայերեն: Նա ներկա էր Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի արարողությանը: Այս տարի հունվարին կրկին Երևանում էր՝ Սարգիս Հացպանյանի հուղարկավորությանը մասնակցելու համար: Մեր զրույցի ընթացքում նա ասաց. «Աշխարհում այսչափ լարվածությունը լավ բանի չի հանգեցնի: Բարի կամքի տեր մարդիկ պետք է միավորեն իրենց ջանքերը՝ հանուն երկիր մոլորակի ապահովության: Իսկ դրան հասնելու համար պետք է ճանաչել ու դատապարտել գործած ոճիրները»:
Հավատա՞նք, որ մի օր Թուրքիայի իշխանությունները կբարձրաձայնեն. «Այո, 20-րդ դարասկզբին կատարվածը ցեղասպանություն էր, և Թուրքիան պատրաստ է ճանաչելու այն»:
-Սկսած Թուրքիայի ձախակողմյան շարժումից մինչև Եվրոպայի ձախակողմյան շարժումները, իմ համեստ կարծիքով, ցանկանում էին հեղաշրջման միջոցով փոխել իրենց երկրների պետական կարգը: Իզուր։ Պետությունը կամ կառավարությունը տվյալ երկրի հասարակության արտացոլումն են, ու եթե տվյալ հասարակության ընդհանուր կարծիքի գերմեծամասնությունն ասի՝ մածունը սև է, տվյալ պետությունն էլ դատապարտված է ասելու, որ, իրոք, մածունը սև է: Այսինքն, եթե ժամանակի հրամայականով չկերպարանափոխվի, ինքն իրեն չվերափոխի, դատապարտված է ոչնչացման: ՈՒրեմն, փոխանակ պետությունը փոխելու, հեղաշրջում կատարելու, շեշտում և ընդգծում եմ՝ հասարակությունը փոխելու պայքար պետք է տարվի, որպեսզի նա փոխի իր կարծիքը: Եվ չպետք է կարծել, որ Թուրքիան և թուրքերը չեն հասնելու ճշմարտության ընդունման աստիճանին:
-Լավատեսական այս երանգով ավարտենք մեր զրույցը: Շնորհակալություն եմ հայտնում՝ համոզված, որ առաջիկա մեր զրույցում կանդրադառնանք նաև ներկայումս Թուրքիայում ընթացող իրողություններին:


Զրուցեց
Ասպրամ ԾԱՌՈՒԿՅԱՆԸ

Դիտվել է՝ 6292

Մեկնաբանություններ