ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն իրազեկել է, որ Պուտինն առայժմ կոնկրետ պլաններ չունի Թրամփի հետ շփումների առնչությամբ։ ՌԴ նախագահը հրապարակավ շնորհավորել է Թրամփին հաղթանակի առիթով այն օրը, երբ, WP տվյալներով, տեղի են ունեցել նրանց հեռախոսային բանակցությունները։ Պուտինը մեկ անգամ ևս ընդգծել է, որ հակամարտության կարգավորումը հնարավոր է միայն Կիևի կողմից իրողություններն ընդունելու պայմանով, այն է՝ Ռուսաստանի կողմից ՈՒկրաինայի տարածքի 20 տոկոսի զավթմամբ։               
 

«Հավատանք, որ մի օր հայը և Հայաստանը միասին են լինելու»

«Հավատանք, որ մի օր հայը և Հայաստանը միասին են լինելու»
07.09.2018 | 00:57

Հայն իր պատմության ընթացքում կարևոր, առաջնակարգ է համարել իր զավակների կրթության խնդիրը: Հայ դպրոցը, հայ ուսուցիչը եղել են նրա պաշտամունքը՝ որպես երկրի ապագա սերունդ կերտողներ: Այս առումով իր ուրույն ուղին, ընթացքն է ունեցել Պոլսի հայ համայնքը, որի յուրաքանչյուր դրվագը որոշիչ դեր է ունեցել հայության այդ փոքրիկ, բայց խորքեր ու արմատներ ունեցող հայրենիքում: Տասնյակ, հարյուրավոր սերունդներ են հայեցի կրթություն ստացել, հայ ոգով դաստիարակվել Պոլսի հայկական վարժարաններում, նրանց թվում՝ պատմական Հայաստանի (Անատոլիայի) գավառներից եկած ուսումնատենչ պատանիները: Նրանցից շատերը, ուսումը շարունակելով Եվրոպայի հայտնի համալսարաններում, հաղորդակցվելով համաշխարհային մշակույթի ոգեղեն գանձերին, իրենց տաղանդն ու գիտելիքները ներդրել են ի նպաստ Թուրքիայի և հայկական համայնքի զարգացման: Որքան էլ ջանացել, ջանում են թաքցնել, քողարկել հայկական դիմագիծը, այն ամենուր զգացվում է Ստամբուլի փոփոխվող, նորացվող դիմանկարում և այլուր: Դյուրին ու սահուն չի եղել պոլսահայ դպրոցի ուղին. հայահալած քաղաքականությունը, մեծ ու փոքր ողբերգական իրադարձությունները, Մեծ եղեռնն իրենց արյունալի, արցունքալի հետքն են թողել ամենուր:

Այսօր Պոլսի հայ համայնքն ընդամենը 16 վարժարան ունի, որոնք, զրկված լինելով պետության հովանավորությունից, գոյատևում են բացառապես հայ համայնքի բարեգործությունների շնորհիվ (միայն թուրքերենի, Թուրքիայի աշխարհագրության, քաղաքագիտության և այդ կարգի այլ առարկաների ուսուցիչներն են նշանակվում պետության կողմից և աշխատավարձ ստանում կրթության նախարարության միջոցներից): Հիշենք, որ թե՛ Պարսկաստանի, թե՛ Թուրքիայի հայկական դպրոցներում (դրանք միայն Պոլսում էին գործում) հանրապետության հռչակումից հետո արգելված է «Հայ ժողովրդի պատմություն» առարկայի դասավանդումը: ՈՒսումնական տարվա դպրոցական ծախսերը հոգալու համար ամեն տարի պոլսահայ համայնքում կազմակերպվում են, այսպես կոչված, «Սիրո սեղաններ», որոնց ժամանակ համայնքում սիրված երաժիշտները, երբեմն էլ տվյալ դպրոցի սաները հայերեն երգեր են երգում՝ կարծես դրանով կարող անհատների ներաշխարհում արթնացնելու համար ազգասիրության թրթիռներ, որպեսզի նրանք, յուրաքանչյուրն իր սրտի ու քսակի կամեցողության չափով, ֆինանսական օգնություն ցուցաբերեն վարժարաններին:

Պատահում է, որ տվյալ վարժարանի համար հավաքված գումարը բավարար չի լինում, և հարկ է լինում շարունակել միջոցների փնտրտուքը: Այս տարի հայկական վարժարանը գոցելու տագնապ հնչեցվեց, որ միանշանակ չընկալվեց համայնքի անդամների և անգամ այլ երկրներում բնակություն հաստատած, բայց հոգու զգայուն թելերով իրենց բնօրրանին կապված պոլսահայերի կողմից: Եվ սա ներկա օրերի տագնապալի միակ դրվագը չէ: Սփյուռքի գաղթօջախները երկյուղում են հայկական վարժարանների ապագայի համար: Վերջերս համացանցը ներկայացրեց «Արևելք» թերթի հրապարակումը. «Ահազանգ Ամմանէն. Յորդանանի միակ հայկական վարժարանը կը փակե իր դռները»: Այսօր խաթարվում, փլուզվում են անգամ ամենաողբերգական պահերին աներեր մնացած ազգապահպան, տոհմիկ հայկական ավանդույթներն ու սովորույթները: Որպես հետևանք՝ հայկական միջավայրում հայկականը նվազում, հյուծվում է, վարժարաններում, հայ ընտանիքներում, անգամ սրբություն սրբոց Պոլսի հայոց պատրիարքարանում գնալով սակավ է հնչում արևմտահայ բանաստեղծների նրբահունչ, արևաճաճանչ հայերենը: Անգամ առավոտյան ժամերգությունների, պատարագների, պսակադրության ու հոգեհանգստի արարողությունների ժամանակ հայ եկեղեցու պատերի ներսում ներկայանալի հայ այրեր ու տիկնայք մեծ մասամբ գերադասում են հաղորդակցվել թուրքերենով:

Հայկական պատարագի հոգեզմայլ երգեցողության միջոցին երբեմն լսվող կիսաշշունջ ոչ հայերեն խոսքերից տագնապով ես համակվում, որ Միսաք Մեծարենցի, Պետրոս Դուրյանի, Սիամանթոյի, Մնձուրու և արևմտահայ մյուս մեծերի անզուգական ստեղծագործությունները մի սովորական-անսովոր օր նոր սերնդի համար դառնալու են անհասկանալի սրբություններ: Ստամբուլի բազմերանգ ժխորում պոլսահայ երիտասարդին արևմտահայերենը թվում է անօգտակար լեզու: Հայ օրիորդն ու պատանին խուսափում են կամ չեն կարողանում հաղորդակցվել հայերենով: Գոյատևման դժվարին վազքում գերադասելի է թուրքերեն խոսելը: Եվ սակայն 50-60-հազարանոց պոլսահայ համայնքն այդքան էլ հոժարակամ ու ենթակայի կեցվածքով չի տրվում նյութապաշտ օրերի պարտադրանքին, ջանադրաբար շարունակում է հոգալ իր ազգային վարժարանների ու եկեղեցիների բնականոն գոյության համար անհրաժեշտ միջոցները: Առանձին անհատներ այդ նպատակին նվիրված են հոգու ու մտքի ամենաջերմ թրթիռներով՝ հայ մանուկներին բարձրակարգ կրթության գործն իրենց գործունեության համապատկերում համարելով կարևորագույնը՝ հանուն հայ համայնքի հետագա գոյատևման: Այս առումով Գարակէօզեան վարժարանը (պատմական անունը՝ Գարակէօզեան որբանոց) յուրօրինակ ուղի է անցել. դժվարին սկիզբ, աստիճանաբար, հետևողական բարելավում, այսօր, չափազանցություն չդիտվի, եվրոպական զարգացած երկրների կրթության համակարգերին, միջազգային չափորոշիչներին համապատասխան խոր ու բազմակողմանի գիտելիքներ հաղորդելու, սովորողների բազմակողմանի զարգացմանը հետամուտ լինելու հետևողական գործելաոճ:

ԳԱՐԱԿԷՕԶԵԱՆ ՈՐԲԱՆՈՑԻ ԾՆՆԴՅԱՆ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԻՑ


Ստամբուլի կենտրոնական հատվածներից մեկում՝ կանաչ գոտու և քաղաքաշինության վերջին շնչով կառուցված երկնաքերի հարևանությամբ՝ իր գործունեության 104-ամյա վաստակով ու հայկականության ջերմ առկայծումով Գարակէօզեան վարժարանն ամենաանտարբեր անցորդին անգամ «պարտադրում» է մի պահ հապաղել՝ հաղորդակցվելու համար ներկայից ոչ թե առանձնացող, այլ անցյալ ու ներկա ժամանակները միավորող վարժարանի դիմապատկերի գողտրիկ ջերմությանը: Համառոտ անդրադարձն իսկ երբեմնի որբանոցի ծննդյան պատմությանը խոր մտածումների, մտորումների տեղիք է տալիս: Այն հիմնադրվել է բարերար Տիգրան Գարակէօզեանի (1834- 1896 թթ.) կտակի համաձայն, բայց, աննպաստ հանգամանքների բերումով, կյանքի կոչվել նրա մահից երկար տարիներ անց:
Տիգրան Գարակէօզեանը ծնվել է Իսթանպուլում: Սովորել է Պէզճեան Մայր վարժարանում: Մասնագիտությամբ եղել է տոմարակալ, տպագրության առաջնակարգ նկարիչ, հայ մշակույթի, գրականության սիրահար ու հովանավոր: Լեզուների հանդեպ նրա սերն այնքան մեծ է եղել, որ հիսունն անց տարիքում գերմաներեն է սովորել: Տիգրանի մեծ եղբայրը՝ Բյուզանդը, բարեգործական հաստատություն հիմնելու միտք է փայփայել: Նրա մահից հետո՝ 1874 թ. եղբայրները ցանկանում են ժառանգությունը հատկացնել առևտրային վարժարան հիմնելու նպատակին, սակայն անկանխատեսելի խոչընդոտներն արգելք են լինում: Տարիներ անց միայն Տիգրան Գարակէօզեանը կարողանում է իրագործել նվիրական գաղափարը, բայց, ավա՜ղ, 1896 թ. հունվարի 11-ին նա զոհ է դառնում եղբայրասպան դավաճան գնդակի: Գարակէօզեանի կտակը կյանքի է կոչվում Օսմանյան սահմանադրությունից (1908 թ.) հետո միայն: Կառույցի շինարարությունն ավարտվում է 1913 թ. վերջին, և 1913 թ. դեկտեմբերի 20-ին` կիրակի օր, շքեղ հանդիսությամբ, նախաձեռնությամբ Զաւէն պատրիարք տեր Եղիայեանի, Գարակէօզեան որբանոցը բացում է իր դռները 113 աշակերտների առջև:

Այնուհետև, գուրգուրոտ մոր հոգատարությամբ, ընդունում ու խնամում է Պոլսի ու պատմական Հայաստանի տարբեր գավառներից եկած հայ որբերին: Այդ տարիներին աշակերտներին դասավանդում էին հայերեն, օսմաներեն, ֆրանսերեն, թվաբանություն, պատմություն, բնագիտություն, աշխարհագրություն և ակադեմիական այլ գիտություններ:
1921-ին, շնորհաշատ մանկավարժ, որբանոցի տնօրեն Արամ Նիկողոսյանի հեռատես մտահղացմամբ, վարժարանում հիմնվում են արհեստանոցներ, որտեղ աշակերտները սովորում են կարուձև, հյուսք, կոշկակարություն, ատաղձագործություն, խեցեգործություն, կենդանաբուժություն, պարտեզի մշակում և այլ արհեստներ, որպեսզի հետագայում կարողանան վաստակել իրենց հանապազօրյա հացը: Աշխատասիրություն դաստիարակելու լավագույն ձևերից մեկն էլ վարժարանի պարտեզի մի հատվածում պտղատու ծառեր և բանջարեղեն աճեցնելն էր. աշակերտներն իրենց աշխատանքի արդյունքով ապահովում էին վարժարանին անհրաժեշտ բանջարեղենի ու մրգի մի մասը: Դպրոցի հիմնադրման տարիներին ստեղծված կրթական միջավայրում, առօրյա կյանքում «կիրարկելով ապրելու» սկզբունքը վարժարանում այժմեական է նաև այսօր:


Ժամանակին զուգընթաց՝ Գարակէօզեանը որդեգրել է նոր սկզբունքներ, ընդլայնել գործունեության ոլորտները: Այդ ամենին մոտիկից ծանոթանալու համար ես վերստին դիմեցի Դպրեվանքի աշխատակից, ամեն անգամ սիրահոժար ինձ ուղեկցող, պայմանավորվածություններում հույժ ճշտապահ Իսա Հարություն Կույումջուի օգնությանը: Մի պարզ, արևոտ օր մետրոյի Ենի Գաբու կայարանից մենք հասանք Օսմանբեյ, ապա ոտքով շարունակեցինք ճանապարհը, և հանկարծ... ժամանակակից շինությունների, տեղացիների ու զբոսաշրջիկների անընդհատ երթի համապատկերում ճարտարապետական զուսպ, անհավակնոտ, անցյալ ժամանակներին բնորոշ պարզ, ազնվաշուք ճարտարապետական հորինվածքով առանձնացող շինությունը վաղեմի հարազատի երևույթով կանչեց մեզ. Գարակօզէան վարժարանն էր: Շքամուտքից ներս մտնելուն պես՝ առաջին պահին համակած զգացողությունն ավելի խոսուն ու տպավորիչ դարձավ: Նրբաճաշակ հարդարանքը, կահավորանքը, անհրաժեշտ պիտույքներով, պարագաներով լիովին ապահովվածությունն աչք են շոյում ամենուր, մարմարյա ողորկ հատակի վրա քայլերդ դառնում են սահուն ու թեթև: Դասասենյակների կիսաբաց դռներից ներս մի հայացքն իսկ բավական է զգալու հոգատարության, կամեցողության նույն երանգն ու շունչը: Կանգնած լիությամբ շնչող այդ մթնոլորտում՝ հանկարծ հիշեցի խորհրդային կարգերի օրոք մեր անշուք դպրոցն ու ափսոսացի, որ մանուկ չեմ, և ինձ վիճակված չէ սովորել հեքիաթային հմայքներով շնչող այս դղյակ վարժարանում:


Թեև նախօրոք չէինք զգուշացրել մեր այցելության մասին, վարժարանի երիտասարդ, հմայիչ տնօրեն Արուսյակ Գօչ Մօնեն (ամուսինը ֆրանսիացի է) մեզ ընդունեց ժպտերես, սիրալիր, իսկ երբ իմացավ, որ նախքան վարժարան գալն այցելել ենք Իսկյութարի հայկական գերեզմանոց, խոնարհվել Պետրոս Դուրյանի, ապա Բալքլիի գերեզմանոցում՝ Հրանտ Դինքի ու Միսաք Մեծարենցի շիրիմների առջև, նրա պատշաճ քաղաքավարի վերաբերմունքը դարձավ ջերմ ու մտերմիկ: Հանգամանալի ներկայացրեց վարժարանի՝ ժամանակի ոգուն համահունչ կրթական ու դաստիարակչական ծրագրերը, վերջին տարիներին արված նորարարությունները, որոնց խոսուն վկայություններն արդեն տեսել էինք դասասենյակներում, սրահներում շրջայցի ժամանակ: Ժամանակին համընթաց՝ շատ փոփոխություններ են կատարվել այս կրթօջախում: Հիշատակենք մի քանիսը. 1992-1993 թթ. ուսումնական տարում բացվել է երկսեռ մանկապարտեզը: 1994-1995 ուսումնական տարում սկսել են գործել երկսեռ վարժարանը, միայն տղաների համար՝ գիշերօթիկը: Ասենք, որ Թուրքիայում մինչև 90-ական թթ. վերջը պետական պարտադիր ուսուցումը մինչև նախակրթարան էր, հետո դարձավ միջնակարգ: 1997-1998-ից, համաձայն «ՈՒթ տարվա պարտադիր կրթության» օրենքի, վարժարանը համալրվել է երեք նոր դասարանով: Կրթության նախարարության 2007 թ. հունվարի 15-ի արտոնագրի հիման վրա Գարակէօզեանի հարկի ներքո հիմնվել է նույնանուն Գարակէօզեան մանկանց վարժարանը, որտեղ կարևոր տեղ է տրվում 3-6 տարեկան երեխաների ներդաշնակ զարգացման ծրագրին: Նախակրթարանի և միջնակարգի կրթական ծրագրերը նպատակաուղղված են կրտսեր ու ավագ սաների միջև համերաշխ և ներդաշնակ մթնոլորտ ձևավորելուն: Ամեն ինչ արվում է հարուստ գիտելիքներ հաղորդելու, բանիմաց սերունդ կրթել-դաստիարակելու գործընթացներն ավելի արդյունավետ դարձնելու համար, որպեսզի աշակերտները սովորեն սիրով, եռանդով, ձեռք բերեն անհրաժեշտ գիտելիքներ, հմտություններ, կյանքում կարողանան գտնել իրենց սրտամոտ աշխատանք, ապահովել իրենց հանապազօրյա հացը, լինեն հաջողակ: Վարժարանի ղեկավարությունը մեծապես կարևորում է մայրենի լեզվի ուսուցումը, որպեսզի իրենց սաները հայերենը գործածեն ամենուր, ամբողջ կյանքում: Հայերենը դասավանդվում է «խելացի» գրատախտակի և ժամանակակից այլ միջոցների գործածությամբ:

Թուրքերենով 21-րդ դարի արդիական, էլեկտրոնային բազում հնարքների տեր գործիքները բնորոշվում են «խելացի» բառով: Երկու լեզվի իմացությունը հնարավոր է դարձնում դյուրությամբ այլ լեզուներ սովորելը: Որպեսզի վարժարանի շրջանավարտներն այլ ուսումնական հաստատություններ հաճախելիս լինեն ինքնավստահ, հաջողակ, ընդհանրապես կյանքում լինեն անհատականություն, Գարակէօզեան մանկանց վարժարանում առաջնորդվում են «High Scopeլ» կրթական ծրագրով՝ ամենափոքրիկներին առաջին 3 տարիներին նախապատրաստելով մեծ կյանքի: Այս կրթական ծրագիրը կոչված է «Գործուն ուսուցում» սկզբունքի հիման վրա երեխաներին նոր գիտելիքներ հաղորդելու մարդկանց և նրանց գաղափարների հետ անմիջական շփմամբ: Հագեցած են կրթօջախի արտադասարանային աշխատանքները՝ յուրաքանչյուր աշակերտի համար մշակված անհատական օժանդակ ծրագրերով, հայ ժողովրդի պատմությանը, մշակույթին վերաբերող դիտանյութերով, բազմալեզու կրթությամբ, կրթական ժամանակակից մեթոդներով: Դաստիարակության ավանդական «Մրցանակ-պատիժ» մեթոդի փոխարեն այստեղ կիրառվում է «Գովելու փոխարեն՝ խրախուսանք» մեթոդը, որն ավելի դրական արդյունք է տալիս: ՈՒսուցիչները և ուղեցույց հոգեբաններն աշակերտի ֆիզիկական, մտային, ընկերահոգեբանական, սեռային զարգացումների մասին իրենց դիտարկումների արդյունքների մասին տեղեկացնում են ծնողներին և նրանց հետ համատեղ կազմում հետագա աշխատանքի առավել նպատակային ծրագիր: Միջնակարգ ուսուցման նպատակն է պատրաստել գիտելիքներով և հմտություններով օժտված անհատներ՝ ջանալով հետևողականորեն կիրառել «գործուն ուսուցման» և «ուսանողակենտրոն ուսուցման» սկզբունքները: Ժան Փիաժեի՝ աճման և ուսուցման տեսության վրա հիմնված այս High Scope նախադպրոցական ծրագիրը ներդրվել է ԱՄՆ-ում և այսօր կիրառվում է աշխարհի բազմաթիվ կրթական հաստատություններում՝ որպես նախընտրելի դաստիարակչական ծրագիր:


Ասպրամ ԾԱՌՈՒԿՅԱՆ
(շարունակելի)

Դիտվել է՝ 7553

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ