Հայերը, իրենց շատ թերություններով հանդերձ, Անդրկովկասի ամենազարգացած ու քաղաքակրթված տարրն են: Անդրկովկասի ամենակարևոր տնտեսական ու մտավորական ուժերը կազմում են հայերը: Հայերը կարողացել են օգտվել ռուսական պատեհությունից ու տիրացել են նախանձելի կացության: Երկու կարևոր կենտրոններում` Թիֆլիսում ու Բաքվում, հայերի ազդեցությունը չափազանց զգալի է: Հայերի մեջ անկախության ոգին ճշմարիտ է, և բավականին ուժեր ունեն իրենք իրենց կառավարելու: Ռուսական քաղաքականությունը Կովկասում միշտ եղել է «բաժանիր, որ տիրես»: Երեք ազգերն էլ, որպես ռուսական քաղաքականության արդյունք, միմյանց ատում են: Ռուսական կառավարությունը սիրաշահել է մերթ այս, մերթ մյուս ազգը. 1905-ի հայ-թաթարական ընդհարումների պատճառը ռուսն էր: Վերջին փոխարքայի տիկնոջ հայասիրության պատճառներից մեկն էլ վրացիների սաստիկ չար նախանձն էր հայերի հանդեպ: Ռուսական քաղաքականությունը որքան էլ որ թշնամացնում էր բնիկ ազգերին, բայց պետք է խոստովանել, որ առանց ռուսական տիրապետության Անդրկովկասը չէր ունենա իր ներկայիս զարգացած վիճակը: Երկաթուղիները, ճանապարհները, հանրային շինությունները և հանքերի, մետաքսի, գինու և այլնի արտադրություններն իրենց գոյությամբ պարտական են Ռուսաստանին:
Կովկասը Ռուսաստանի համար անհրաժեշտություն է: Երկրամասը, բացի զանազան բնական հարստություններից, Ռուսաստանի համար կարևոր է Բաքվի նավթի ու Վրաստանի ծովեզերքի պատճառով: Բաքուն ամբողջ Ռուսաստանի վառելանյութի շտեմարանն է, իսկ Վրաստանը ելք է արտաքին աշխարհ: Ռուսները քաջատեղյակ են այս ամենին և երբ ի վիճակի լինեն` անմիջապես կամ նորից կգրավեն, կամ բացարձակ տնտեսական առանձնաշնորհներ կունենան: Վրացիներն ու թաթարներն էլ են լավ հասկանում Ռուսաստանի նպատակը, այդ պատճառով մշտապես սաստիկ վախի մեջ են: Երկրամասի հաղորդակցության ուղիները, Բաքվից մինչև Բաթում, գտնվում են Ռուսահայաստանից դուրս: Միայն հայն է, որ հավատարիմ է մնացել ռուսներին, սակայն Հայաստանը Ռուսաստանի համար շատ մեծ նշանակություն չունի տնտեսական և աշխարհագրական տեսակետից: Հայաստանը առիթ չունի վախենալու Ռուսաստանից, ընդհակառակն, նա ակնկալում է բարյացակամ հարաբերություններ:
ԱՆԴՐԿՈՎԿԱՍՅԱՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Երբ բոլշևիկությունը ծագեց ռուսական բանակի մեջ, և ռուսական զորքերն սկսեցին փախուստ տալ թրքական ճակատից, Անդրկովկասը տեսավ թուրքի վտանգը. վրացիները, թաթարներն ու հայերը հիմնեցին Անդրկովկասյան Հանրապետությունը ¥1917 թ. դեկտեմբեր¤, կազմավորեցին բանակ ու սկսեցին պաշտպանել իրենց հայրենիքը: Վարչակազմի ու զինվորական բարձրագույն հրամանատարական պաշտոնները պատկանում էին վրացիներին: Վրացիներն արդեն գաղտնի դաշնագրություն ունեին Թուրքիայի հետ և հաղորդակցության մեջ էին գերմանացիների հետ: Թաթարները, թեև ոչ պաշտոնապես, սակայն ի սկզբանե բացեիբաց թուրքերի կողմից էին: Միակ կռվող տարրը եղավ հայը, որը կարողացավ յոթ ամիս ամբողջ ճակատը պահել թուրքերի դեմ, հակառակ վրացիների դավաճանության ու թաթարների պատճառած անթիվ խոչընդոտների: Վրաց բարձրագույն հրամանատարության հրահանգներով հայերն ստիպված նահանջեցին Կարինից և նույնիսկ Կարսը առանց դիմադրության հանձնեցին թուրքերին: Թաթարները ոչ միայն հաղորդակցության ուղիներն էին կտրում, պարենամթերքի գնացքներն արգելափակում, այլև հաճախ Ռուսաստանից թուրքական ճակատ օգնության շտապող հայկական զորքերը այստեղ-այնտեղ զանազան պատրվակներով ջարդում: Հայերն արդեն ուժասպառ էին եղել, երբ վրացի-թաթար-թուրք խաղն էլ վերջ գտավ:
Անդրկովկասյան Հանրապետությունը հազիվ հինգ ամսվա կյանք ունեցավ: Վրաստանը 1918-ի մայիսի 26-ին անկախություն հռչակեց, Գերմանիային խնդրելով, որ իրեն պաշտպան կանգնի: Հաջորդ օրը վրացիների օրինակին հետևեց Ադրբեջանը և պաշտպանություն խնդրեց Թուրքիայից: Իսկ 1918-ի մայիսի 28-ին Հայաստանն անկախություն հռչակեց, առանց պաշտպանի: Լիակատար բնաջնջումից փրկվելու համար հայերը շատ ծանր պայմանագիր ստորագրեցին թուրքերի հետ և ի միջի այլոց հանձնեցին այն բոլոր տարածքները, որ Ռուսաստանը գրավել էր 1878-ին:
Հայերը սարսափելի տուժեցին թե պատերազմի ընթացքում և թե այն ժամանակ, երբ Անդրկովկասը երեք հանրապետությունների բաժանվեց: Ամբողջ Հայաստանը ավերակի էր վերածվել, Հայաստանի բնակչության մեծամասնությունը թրքահայերի նման գաղթական էր դարձել: Թուրքերը, գիտենալով հանդերձ, որ զինադադար է կնքվել, անցան Արփաչայն ու խուժեցին Ալեքսանդրապոլ, Ղարաքիլիսա և այլուր, ու երբ առիթ ունեցան ջարդելու` լավ ուշադրություն դարձրին, որ միմիայն հայերը ջարդվեն, և ոչ վրացիները: Վրաստանն ու Ադրբեջանը յուրացրին ամբողջ պետական ունեցվածքը, զինամթերքն ու նպարեղենը, երկաթուղու վագոններն ու սարքավորումները, որոնք գտնվում էին իրենց նորաստեղծ երկրների սահմաններում: Դժբախտաբար, հայերի համար, Հայաստանում գրեթե ոչինչ չկար Վրաստանի և Ադրբեջանի համեմատությամբ: Մյուս երկու հանրապետությունները զանազան պատրվակներով համարյա ամեն ինչ դուրս էին բերել Հայաստանից: Նույնիսկ այսօր Հայաստանում հազիվ տասը լոկոմոտիվներ կան, մինչդեռ Վրաստանում դրանք 400-ից ավելի են: Ադրբեջանն էլ ունի իր համեմատաբար խոշոր բաժինը: Եվ ամեն ինչ միևնույն հարաբերակցությամբ բաժանված է երեք նոր պետությունների միջև: Ապագայում ռուսներն անշուշտ հաշիվ կպահանջեն, բայց այսօր գաղթականների պատճառով Հայաստանը սովի է մատնված, սարքավորումների ահռելի կարիք ունի, այնինչ վրացիներն ու թաթարները չեն ցանկանում անգամ ծախել, հոգ չէ, թե դրանք ռուսներին են պատկանում, և հայերը սաստիկ տուժում են:
Գերմանացիների ու թուրքերի ներկայությունից ոգևորված` վրացիներն ու թաթարները պահանջկոտ կեցվածք ընդունեցին: Վրացիները պահանջեցին Լոռին ու Ախալքալաքը, իսկ թաթարները` Զանգեզուրն ու Ղարաբաղը: Նոր մահմեդական հանրապետություններ ծնվեցին Նախիջևանի ու Կարսի նահանգներում: Երբ անգլիացիները եկան, հայերը հուսախաբ եղան, տեսնելով, որ Դաշնակիցների ներկայացուցիչը միևնույն աչքով է նայում դավաճան Վրաստանին, թշնամի Ադրբեջանին ու մինչև վերջին վայրկյանը հավատարմորեն պատերազմած Հայաստանին: ՈՒ վիճելի տարածքները մնացին այնպես, ինչպիսին էին սկզբում: Հարկ է խոստովանել, որ առանց անգլիական կամ Դաշնակից բանակի ներկայության Հայաստանի Հանրապետության գոյությունը կասկածելի կլիներ: Վրաստանի և Ադրբեջանի ամբարտավանությունները անտանելի կլինեին: Անգլիացի զինվորները, համաձայն իրենց ստացած վերին հրամանների, լուծարեցին Կարսի ու Նախիջևանի մահմեդական հանրապետությունները, այնպես որ այդ տարածքներն այժմ Հայաստանի տիրապետության ներքո են:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆԸ
Իր աշխարհագրական դիրքի պատճառով Ռուսահայաստանը չի կարող տնտեսապես անկախ լինել: Ցեղային տեսակետով էլ վիճակն աննախանձելի է: Իր դրացիներն են թաթարները, պարսիկները, քրդերը, թուրքերը և վրացիները: Վրաստանից բացի, Հայաստանը շրջապատված է հին ու նոր մահմեդական պետություններով, որոնք ձգտում են նրան խեղդել: Ամբողջ հայությունը կենտրոնացած էր Սևանա լճի արևմտյան կողմում` մի փոքր տարածքի վրա: Վրաստանը տրամադրում էր միակ ճանապարհը, որով Հայաստանը կարող էր քիչ թե շատ հարաբերության մեջ մտնել արտաքին աշխարհի հետ և ապրանք ու սնունդ ներմուծել: Սակայն հայ-վրացական պատերազմը այդ ճանապարհը փակեց: Հայերը պնդում են, թե վրացիներն են մեղավոր և նրանք եղան պատերազմի պատճառ: Վրացիները չկարողացան փաստով արդարանալ այդ ամբաստանության դեմ: Հայտնի է, որ հայերն իրոք հաղթեցին վրացիներին: Լոռվա հայ գյուղացիները բարձունքներից մեծամեծ քարեր գլորեցին վրացական զինվորական գնացքների առջև, կանգնեցրին դրանք և նույնիսկ ռազմական վագոններ խլեցին ու տվեցին հայոց բանակին: Հայոց բանակի գործողությունները փայլուն էին ու հաղթական: Սակայն պատերազմի արդյունքը խիստ ցավալի եղավ հայերի համար: Վրացիները նեղեցին թիֆլիսահայերին, շատերին աքսորեցին, հազարներով բանտարկեցին ու միլիոններով դրամ առան: Հայաստանից դուրս շուրջ քսան հայկական գյուղեր ոչնչացրին ու Հայաստանը թողեցին կղզացյալ վիճակի մեջ: Նրանք ցարդ չեն մոռացել այդ պատերազմը, և եթե ամերիկացիներն ու անգլիացիները չլինեին, այսօր իսկ արգելք պիտի հանդիսանային Հայաստան ուղարկված նպաստին:
Անդրկովկասի երեք հանրապետություններն էլ տնտեսապես միմյանցից կախում ունեն: Թիֆլիսում մի քանի շաբաթ տևած համաժողով տեղի ունեցավ` տնտեսական ընդհանրության հանգելու համար: Սակայն ամեն մի կենսական խնդրի առջև հանդես եկան վրացիներն ու թաթարները և ստիպեցին, որ հայերը սահմանային վեճերը լուծեն, այսինքն` Լոռին տան Վրաստանին ու Ղարաբաղը` Ադրբեջանին: Սակայն Հայաստանը, որքան էլ ընկճված ու սովամահ վիճակի մատնված, չընդունեց նրանց առաջարկը, առարկելով, թե սահմանների խնդիրը Փարիզի խաղաղության վեհաժողովը պիտի լուծի: Իսկ վերջերս Վրաստանն ու Ադրբեջանը գեներալ Դենիկինի դեմ պաշտպանական դաշն կնքեցին, և շուրջ 500 վրացի հեծելազորայիններ գնացին Ելիզավետպոլ` Ադրբեջանին օգնելու: Նրանք պնդեցին, որ Հայաստանն էլ միանա իրենց` ընդդեմ Դենիկինի, բայց հայերը մերժեցին: Եթե Դենիկինը մուտք գործի Անդրկովկաս, ապա այս երկու հարևանները նախ կհարձակվեն հայերի վրա, Հայաստանը կմաքրեն, հետո ամբողջ ուժերը կկենտրոնացնեն արտաքին թշնամու դեմ: Նրանք վախենում են, որ հայերը կաջակցեն Դենիկինին այնպես, ինչպես իրենք օգնեցին թուրքերին: Բայց հայերը ոչ կարող են դա անել, ոչ էլ ցանկանում են:
Հայաստանի քաղաքական կյանքն անապահով է իր անհաշտ ու ոչ-բարեկամ դրացիների պատճառով, թեև Հայաստանը մեղավոր չէ և որդեգրած քաղաքականությունից զատ, այլ կերպ վարվել չի կարող: Հայերը քաջ գիտեն, որ բարյացակամ դրացիությունն անհրաժեշտություն է, ու ջանք չեն խնայում զիջումներ անելու: Բայց մյուս երկուսը ծայրահեղության են դիմում և հայերի համար շատ նեղ կացություն կստեղծեն:
Հայկական կառավարությունն իր հարևաններից ավելի անկեղծ գործունեություն է դրսևորում: Գրեթե բոլոր պաշտոնյաները հայրենասերներ են: Բայց նրանց մեջ փառասեր և ապաշնորհ նախարարներն էլ քիչ չեն: Նրանցից ոմանք պաշտոն են զբաղեցնում պարզապես կուսակցական լինելու համար:
Եվ սակայն այդ նախարարներից շատերը լավ տպավորություն են թողնում օտարների հետ հանդիպումների ժամանակ: Նրանք բոլորն էլ, գոնե արտաքնապես, ունեն քաղաքակրթված եվրոպացու տեսք: Բայց երբ մի օտարական գործակցում է նրանց հետ, լավ տպավորությունները նվազում են: Սրա հիմնական պատճառը արևելյան նկարագրի հոգեբանության ու գործելակերպի տարբերությունն է արևմտյանից: Այն օտարները, որոնք չեն կարողանում վերլուծել հայ նախարարների հոգեբանության պատճառները, այսինքն` միջավայրը, պարտված ազգի կյանքն ու ռուսական ազդեցությունը, նրանց մասին շատ անարդար եզրակացության են հանգում: Մինչդեռ հարկ է հիշել, որ շատ դժվար բան է կարգուկանոն պահպանելը, ավերակ, սովամահ երկիր ու նորաստեղծ հանրապետություն կառավարելը: Իրոք, գնահատելի են հայկական հանրապետության առաջադիմական ծրագրերը և դրանք մաս առ մաս իրագործելը:
(շարունակելի)
Խաչատուր ԴԱԴԱՅԱՆ