Մերձավոր Արևելքում ստեղծված պայթյունավտանգ իրավիճակին անդրադառնալով՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է. «Իրան-Իսրայել ուղու վրա ամեն ինչ չափազանց լարված է։ Այս անվերջանալի հարվածների փոխանակումը պետք է դադարեցվի։ Անհրաժեշտ է գտնել իրավիճակի կարգավորման այնպիսի ուղիներ, որոնք երկու կողմերին էլ կբավարարեն: Հարցի պատասխանը միշտ փոխզիջումների որոնման մեջ է, որոնք հնարավոր են տվյալ իրավիճակում, որքան էլ դա դժվար լինի»:               
 

Մենք պետք է ազատագրվենք անլիարժեքության զգացումից, որ կարողանանք արդյունքի հասնել

Մենք պետք է ազատագրվենք անլիարժեքության զգացումից, որ կարողանանք արդյունքի հասնել
10.04.2015 | 00:42

Կիսատ, կիսատ, դիփ կիսատ...
Գ. ՍՈՒՆԴՈՒԿՅԱՆ

Արդեն տարուց ավելի է, որ պատրաստվում ենք հայոց մեծ ողբերգության՝ Ցեղասպանության 100-րդ տարելիցին: Հայագիտության մեջ չկա մի բնագավառ, որ ինչ-որ չափով կարողանա համադրվել Հայոց ցեղասպանության մասին ստեղծված գրականությանը: Բայց այդքանով հանդերձ՝ այդ բնագավառում ևս չենք կարողանում հաղթահարել մեր կիսատ-պռատությունը, չենք կարողանում գոնե այդ բնագավառը ամբողջական ու ավարտուն տեսքի բերել:
Ժամանակին Միքայել Նալբանդյանն արձանագրել է, որ 1850-ական թվականներին Թուրքիայում ապրում էր 3 900 000 հայ բնակչություն (հ. 3, 1982, էջ 192):
Ովքե՞ր են շրջանառել մեկուկես միլիոն հայերի` եղեռնի զոհ դառնալու իրողությունը, ինչքա՞ն է հավաստի այդ: Քանի՞ միլիոն հայ փրկվեց եղեռնից, դեռևս մեզ հայտնի չէ: Մեր համոզմամբ՝ 1,5 միլիոնը խուզված թիվ է:
Մեծ եղեռնի մասին անթիվ-անհամար գրականություն է ստեղծվել գրքերի, հոդվածների, վկայությունների, հուշերի տեսքով, հրապարակվել են մեծ տերությունների պահոցներում ամբարված բազմաթիվ պաշտոնական փաստաթղթեր և այլն: Բայց այդ ամենի կողքին որևէ հիշատակություն, գոնե մի լղարիկ հոդված չի շրջանառվում ռուսական տիրապետության ենթակա Հայաստանում կատարված ցեղասպանության մասին` Կարս-Արդահանից մինչև Բաքու:
Անցյալ տարի «Իրատեսը» (2014, թիվ 27) հրապարակեց Շիրակի տարածքին վերաբերող մի թիվ` 200 հազար զոհ: Չգիտենք` ինչքա՞ն է հավաստի այդ թիվը, բայց չենք մոռացել Կարաբեքիրի խոսքը Ալեքսանդրապոլում. «Օղո՛ւլ, հայ է, պիտի կոտորենք, ճակատներին գրվա՞ծ է, թե ով է դաշնակ, ով` բոլշևիկ»:
Արևելահայաստանում հայերի ցեղասպանության զոհերի թիվը որոշելը դժվարության հետ կապ չունի: Ցարիզմը հաճախակի վիճակագրություններ էր կատարում, բարեխղճորեն ներկայացնում յուրաքանչյուր բնակավայրի բնակչության թվաքանակը, կազմն ըստ սեռերի, ազգային պատկանելությունը: Բավական է միայն վերջին` 1916 թ. ցարական վիճակագրության տվյալները հանդիպադրել 1926 թ. ԽՍՀՄ համամիութենական մարդահամարի թվերին, և ամեն ինչ կընկնի իր տեղը: 1918-20 թթ. միայն Կարսի և Նախիջևանի մարզերում 152315 զոհ ենք ունեցել, որ արդեն չի հիշատակվում 1926 թ. մարդահամարում: Իսկ մյուս տարածքները` Շիրակից մինչև Բաքու, կարելի է պարզել 1916 թ. վիճակագրության ու 1926 թ. մարդահամարի տվյալների համադրումով: Նշենք, որ 1918 թ. Նուրի փաշան հայերին բնաջնջելով էր շարժվում դեպի Բաքու: Երկու փաստ միայն: Նախկին Շաքիի խանությունում 1916 թ. վիճակագրությամբ դեռ առկա էր 45 հազար հայություն: 1926 թ. մարդահամարում արձանագրված է 4004 հայ. 41 հազարը թուրքական յաթաղանի զոհ են դարձել: Շամախու գավառում արձանագրված 72 հազար հայերից 1926 թ. մնացել էր 12 հազարը: Իրար հարևան երկու գավառում 101 հազար զոհ ենք ունեցել: Իրական տվյալներով պետք է հրատարակել Արևելյան Հայաստանի զոհերի թիվը և գումարել շրջանառվող թվին:
Իսկ թե ինչ շրջանակներ էր ընդգրկում ցարիզմի տիրապետության տակ հայտնված Արևելահայաստանը և ինչ թվակազմով էր հասել 1916 թ., մի կողմ ենք դնում խորհրդային բազմակի աղավաղումներով նենգափոխված պատմությունը՝ ելակետ դարձնելով մեր ժողովրդի հազարամյակների պատմական տեղաշարժերի ընթացքը:
Հայտնի է, որ Վանի Արարատյան թագավորության տիրակալ Արգիշտի Բ-ն, որը թագավորել է մ.թ.ա. 714-680 թթ., պետության սահմանները հասցրել է Կասպից ծովի արևմտյան ափեր և կառուցել Բագու և Մարդական բնակավայրերը՝ արձանագրված զտարյուն հայկական բառերով: Հայտնի է նաև, որ Աքեմենյան կայսրության երրորդ տիրակալ Դարեհ Վշտասպյանը իր հսկայածավալ կայսրությունը բաժանել է 20 փոխարքայություն-սատրապությունների, ինչի արդյունքում մեր ժողովուրդը հայտնվեց երեք տարբեր սատրապություններում (տե՛ս Հերոդոտոս, 1986, Երևան): Երբ մ.թ.ա. 330 թ. Ալեքսանդր Մակեդոնացին կործանեց Աքեմենյան կայսրությունը, կարճ ժամանակ հետո այդ հսկայական կայսրության տարբեր հատվածներում ձևավորվեցին ինքնուրույն պետություններ, որոնց շարքում նաև՝ Մեծ Հայքի, Փոքր Հայքի և Հայոց Աղվանից աշխարհի թագավորությունները: Վերջինիս առաջին մայրաքաղաքը դարձավ Կովկասյան լեռների փեշերին գտնվող Կապանը, որը հետագայում պարսիկների թարգմանությամբ շրջանառվեց Դարբանդ, թուրքերի աղավաղումներով՝ Դերբենդ անունով: 1890 թ. Մակար արքեպիսկոպոս Բարխուդարյանցը եղել է Կապան-Դերբենդում, ըստ ամենայնի նկարագրել տեղի թագավորական պալատն ու կաթողիկոսարանը, որոնք արդեն օգտագործում էին մահմեդականները:
Այնպես որ, ցարական տիրապետության տակ հայտնված Արևելահայաստանի հյուսիսային սահմանը եղել է Կապան-Դերբենդը, հարավայինը՝ Արաքս գետը: Ծայր արևելյան սահմանակետը եղել է 2780 տարի առաջ Արգիշտի Բ-ի կառուցած Բագուն, արևմտյանը՝ Կարսի մարզը:
Մեզ մնում է 1916 թ. վիճակագրությամբ պարզել, թե դարավոր փորձություններից հետո ինչքան հայություն է պահպանվել Արևելյան Հայաստանում ըստ ցարական վարչատերիտորիալ բաժանումների: Եվ այսպես: Դերբենդի և Զաքաթալայի մարզերում պահպանվել է ընդամենը 6808 հայ: Բաքվի նահանգում եղել է 160650, Ելիզավետպոլի նահանգում՝ 418397, Երևանի նահանգում՝ 667081, Թիֆլիսի նահանգի Ախալքալաքի և շրջակա գավառներում՝ 32869, Կարսի մարզում՝ 113226 հայ բնակչություն: Ընդհանուր թվակազմով՝ 1516760 հայ ազգաբնակչությամբ է Արևելահայաստանը դիմավորել Հայոց մեծ եղեռնը:
Լենինը Բաքվի և Ելիզվետպոլի նախկին նահանգներից ստեղծեց կեղծանուն Ադրբեջանի Հանրապետություն, որտեղ 1916 թ. վիճակագրությամբ պետք է լիներ 630312 հայ, բայց 1926 թ. մարդահամարով արձանագրվել է 282004-ը, 348308-ը եղեռնի զոհ է դարձել: Թե ինչքան զոհ ենք ունեցել Երևանի նախկին նահանգում, ճշգրիտ որոշել հնարավոր չէ, որովհետև զոհերին հաջորդել են Թուրքիայից եկած փախստականները, և ՀՍՍՀ-ում 1926 թ. մարդահամարում արձանագրվել է 742560 հայ, որը 75479-ով ավելի է նախկին նահանգի թվից: Նշենք միայն, որ Երևանի նահանգի Նախիջևանի մարզում 1916 թ. արձանագրված 51365 անձից Ադրբեջանի ենթակայության տակ դրված Նախիջևանում 1926 թ. արձանագրվել է 11776 հայ: Հետևապես, նախկին Երևանի, Ելիզավետպոլի, Բաքվի նահանգներում զոհերի թիվը՝ 434819-ը, գումարվում է «Իրատես»-ում (2014 թ., թիվ 77) արձանագրված 200 հազարին և դառնում 634819: Առնվազն այդքան զոհ է տվել մեր ժողովուրդը Մեծ եղեռնի ժամանակ ռուսական տիրապետության տակ ընկած Արևելյան Հայաստանում:
Մի մոռացեք, որ շարունակվող ցեղասպանության դեմ մաքառման արդյունքում մեր զավակներն իրականացրին ազատ ու անկախ Արցախի տեսլականը: Անկախ Արցախի քաղաքական շահերը պահանջում են, որ աշխարհի դատին ներկայացնենք 1918-ից մինչև 1991 թ. իրականացված ցեղասպանությունը, որ հասավ մինչև Սումգայիթ ու Բաքու` Ադրբեջան կեղծանունով շրջանառվող հանրապետության տարածքով մեկ: Մենք պարտավոր ենք միջազգային դատարան հասցնել ազերթուրքական մարդակերության դրսևորումների նողկալիությունները անշրջանցելի փաստարկումներով:
Մեծ եղեռնի առնչությամբ մեր բարձրացրած աղմուկը կվերածվի օդ կրակած փամփուշտի, կդառնա հզոր երկրների ավանդական շահարկման առարկա, մեր նկատմամբ կհարուցի խղճահարության զգացում, եթե մենք այն ճանաչելու պահանջի փոխարեն հատուցման պահանջ չենք ներկայացնում: Հանրահայտ է, որ Պետրոս Առաջինի Կովկասյան արշավանքով սկիզբ դրվեց Ռուսաստանի և եվրոպական մեծ տերությունների դաժան մրցակցությանը այդ բնագավառում, որով և միաժամանակ գործողության մեջ դրվեց հայոց երեքհարյուրամյա շարունակվող ցեղասպանությանը: Այդ մասին հսկայական նյութեր կան մեծ տերությունների պահոցներում: Անգլիան չէ՞ր Գլադստոնի միջոցով մեզ գրգռում ապստամբության, Սոլսբերիի միջոցով հայտարարում, թե անգլիական նավատորմը Սասունի լեռներ բարձրանալ չի կարող, ու միաժամանակ քարտեզից ջնջում Հայաստան բառը և տեղը դնում Արևելյան Անատոլիա: Բիսմարկը չէ՞ր, որ հանդուրժում էր մի հայի` թանգարանի համար: Միաժամանակ նույն Գերմանիան չէ՞ր, որի զինվորները մասնակցում էին ցեղասպանությանը՝ հասնելով ընդհուպ մինչև Բաքու: Լոբանով-Ռոստովսկին չէ՞ր, որ Համիդին հուշեց Հայաստանն առանց հայերի գաղափարը: Ֆրանսիան չէ՞ր, որ Զեյթունը տվեց Աթաթուրքին` իր փոքր դաշնակից հայերին մատնելով ոչնչացման: Իրականում այդ տերություններն են թուրքերի ձեռքով իրականացրել ցեղասպանությունը` ամեն մեկը հետապնդելով իր պետական շահը:
Անհրաժեշտ է այդ ամենը մեկտեղած ներկայացնել Եվրադատարան ու ՄԱԿ և պահանջել մեր բռնազավթված հայրենիքի վերադարձը Վիլսոնի գծած քարտեզով` գումարած ռուսական տիրապետության տակ եղած այն տարածքները, որ Լենինը 1921 թ. նվիրեց իր հարազատ, իր մորաքրոջ որդի Թալեաթին:
Բոլորս էլ գիտենք, որ եթե նույնիսկ երկրագնդի բոլոր պետություններն ընդունեն, ճանաչեն ու դատապարտեն Հայոց ցեղասպանությունը, դրանից մենք գործնական որևէ արդյունք չենք ունենալու: Փոխանակ ազգովին ընկնենք աշխարհով մեկ՝ ողորմության հանգույն ցեղասպանության ճանաչում մուրալու, պետք է կորցրածը հետ բերելու մասին հոգանք: Ցեղասպանության դեմ գործնական արդյունքի հասանք Սարդարապատում՝ վերականգնելով մեր պետականությունը: Գործնական արդյունքի հասանք Արցախում՝ արցախցիներին փրկելով ցեղասպանության զոհ դառնալուց: Գործնական արդյունքի կհասնեինք, եթե ընդառաջեինք Իլհամ օղլի Ալիևին և ազատագրեինք մեր երեքհազարամյա Բաքուն: Բայց մեզ սրսկված անլիարժեքության հազարամյա սինդրոմը թույլ չի տալիս, որ այդ կենսական քայլին դիմենք: Մենք պետք է ազատագրվենք անլիարժեքության զգացումից, որ կարողանանք արդյունքի հասնել:

Արտաշես ՀԱԿՈԲՋԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 1299

Մեկնաբանություններ