Միջուկային զսպման հարցերով Անվտանգության խորհրդի նիստում Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ միջուկային տերության աջակցությամբ Ռուսաստանի դեմ ցանկացած ոչ միջուկային պետության ագրեսիան կգնահատվի իբրև հարձակում։ «Որպես Միութենական պետության անդամ՝ Ռուսաստանի և Բելառուսի դեմ ագրեսիայի դեպքում մեզ իրավունք ենք վերապահում միջուկային զենք կիրառել»,- ընդգծել է Պուտինը։               
 

Հայոց պահանջատիրությունն իրավական հարթության վրա

Հայոց պահանջատիրությունն իրավական հարթության վրա
10.04.2015 | 00:28

Այսօր բոլորն են Հայոց ցեղասպանության մասին խոսում, այսօր աշխարհի ուշադրության կենտրոնում է հայոց պահանջատիրության հարցը:
Մեզ համար՝ իբրև պահանջատեր ժողովրդի ներկայացուցիչների, առավել քան կարևոր է իմանալ՝ ինչ ենք պահանջում և ինչ ուղիներ ենք տեսնում մեր պահանջի արդար լուծման համար:
Այս առումով առաջնահերթ խնդիր է երիտասարդ սերնդի աշխարհընկալման ընդլայնումը, տեղեկատվական մերօրյա հեղեղի մեջ թեմայի շիտակ մեկնաբանումը, ինչն առավելապես դրված է կրթական հաստատությունների մարտավարության հիմքում:
Երևանի պետական գյուղատնտեսական քոլեջն այն ուսումնական հաստատություններից է, որտեղ ուսանողի, մատաղ սերնդի կրթության ու դաստիարակության գործում առաջնահերթությունը տրվում է նրա մտահորիզոնի ընդլայնմանը, պատմական փաստերի նորօրյա մեկնաբանման միջոցով ազգային ինքնագիտակցության ձևավորմանը:
Քոլեջում օրերս Մեծ եղեռնի 100-րդ տարելիցին ընդառաջ կազմակերպվել էր հերթական բաց դասախոսությունը՝ «Հայոց ցեղասպանությունը և հայոց պահանջատիրության իրավական հիմքերը» խորագրով: Բանախոսը պատմաբան, դիվանագետ, քաղաքական-հասարակական գործիչ, «Մոդուս վիվենդի» կենտրոնի հիմնադիր նախագահ ԱՐԱ ՊԱՊՅԱՆՆ էր:
Ներկայացնելով հյուրին՝ քոլեջի տնօրեն Ռ. Թովմասյանը նրան բնութագրեց որպես «խիզախ հայորդի», ով, լինելով ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանը Կանադայում, ինչպես նաև ներկայացնելով Հայաստանը աշխարհի շուրջ 4 երկրներում, իր բեղմնավոր գործունեությունը բացառապես նվիրել և նվիրում է մեր ազգի գերագույն խնդիրների լուծմանը:
Արա Պապյանը, երախտագիտություն հայտնելով հրավերի և իրեն ընձեռված հնարավորության համար, նշեց, որ հայոց պահանջատիրության հարցում առաջնայինը ոչ այնքան ցեղասպանության ճանաչումն է, որքան դրա հետևանքների վերացումը: Դա նախ և առաջ ենթադրում է պատմական տարածքների վերականգնում: Բանախոսը ազգամիջյան վեճերի լուծման 4 գործոն է առանձնացնում՝ ռազմական, տնտեսական, քաղաքական և իրավական: Խնդրո առարկայի վերաբերյալ նրա խոր ուսումնասիրությունը հանգեցրել է այն եզրակացության, որ հայոց պահանջատիրության դրական լուծմանը կարելի է հասնել միայն իրավական ճանապարհով:
Պատմաբանը ներկայացրեց այն 5 պայմանագրերը` Սևրի, Ալեքսանդրապոլի, Մոսկվայի, Կարսի և Լոզանի, որոնք ուղղակի կամ անուղղակի կերպով առնչվել են հայ-թուրքական հարաբերություններին: Հանգամանորեն անդրադառնալով այդ պայմանագրերին` Արա Պապյանը նշեց, որ, ըստ էության, դրանք մի դեպքում օրինական էին, բայց չէին վավերացվել, մյուս դեպքում, այս կամ այն պատճառով, օրինական չէին, իսկ վերջինը, հակառակ տարածված կարծիքի, առհասարակ Հայաստանին վերաբերող կետեր չէր պարունակում: Պատմական տեսակետից ավելի հավաստի տեղեկություն է պարունակում մեկ այլ՝ հայերիս համար խիստ արժեքավոր փաստաթուղթ՝ «Վուդրո Վիլսոնի իրավարար վճիռը» (փաստաթղթի իրական վերնագիրն ավելի ծավալուն է), որը երեք կարևոր խնդիր է արծարծում՝ հայ-թուրքական սահմանների որոշում, հայերի համար ելք դեպի ծով և թուրքական 5 տարածքների ապառազմականացում:
1920 թ. ապրիլի 25-26-ին դաշնակից և ընթերակա ուժերի գերագույն խորհուրդը, բաղկացած Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի, Իտալիայի և Ճապոնիայի ներկայացուցիչներից, որոշում կայացրեց դիմել ԱՄՆ-ի նախագահին երկու խնդրանքով.
ա) ստանձնել Հայաստանի մանդատը,
բ) Իրավարար վճռով որոշել Հայաստանի և Թուրքիայի սահմանը:
ԱՄՆ-ի նախագահը, իրավասու մարմինները (պետքարտուղարություն, պաշտպանության նախարարություն, նախագահի վարչակազմ) և համապատասխան աշխատանքային խումբը մանրազնին ուսումնասիրեցին հարցը և կայացրին իրավարար վճիռը:
ԱՄՆ-ի նախագահ Վուդրո Վիլսոնն Իրավարար վճիռը ստորագրեց 1920 թ. նոյեմբերի 22-ին: Ըստ Իրավարար վճռի` Հայաստանի Հանրապետության տիտղոսն ու իրավունքները ճանաչվում էին Վանի, Բիթլիսի, Էրզրումի և Տրապիզոնի նահանգների վրա` ընդհանուր առմամբ, 103599 քկմ: Դա կրկնակի քիչ էր այն տարածքից, որի վրա Մուդրոսի զինադադարի 24-րդ հոդվածով ճանաչվել էր Հայկական տիտղոսը: Նման էական կրճատումը պայմանավորված էր այն հանգամանքով, որ արդեն տեղի էր ունեցել Հայոց ցեղասպանությունը: Այս կարևոր փաստաթղթի (ի դեպ, այն հաստատված է ԱՄՆ-ի մեծ կնիքով, ինչն իրավական առումով ավելի հավաստի իրողություն է և պահվում է արխիվում) պահանջների կատարումը ժամանակին մնացել է առկախ, որովհետև Հայաստանի Հանրապետությունը, իբրև վճռի իրականացման առանձին կողմ, այլևս գոյություն չուներ, Հայաստանում հաստատվել էին խորհրդային կարգեր:
Միայն 1991 թվականի անկախացումից հետո ՀՀ-ն՝ որպես Հայաստանի առաջին Հանրապետության իրավահաջորդ պետություն, իրավունք է ձեռք բերում հանդես գալու որպես միջազգային իրավունքի սուբյեկտ և բարձրագույն ատյաններում բարձրաձայնելու հայոց պահանջատիրության հարցը: Այդ խիստ դժվարին և ազգանպաստ գործին է նվիրվել պատմաբան-դիվանագետ Արա Պապյանը, ով կատարել է շատ խոր ուսումնասիրություն, հավաքել բավականաչափ տեղեկություններ, որոնք զետեղել է իր «Հայոց պահանջատիրության իրավական հիմունքները» գրքում, և ակտիվորեն զբաղվում է տարբեր երկրների արխիվներում պահվող, հայկական հարցին վերաբերող կարևոր փաստաթղթերի թարգմանության և հրապարակման գործով:
Անդրադառնալով Հայոց ցեղասպանության հետևանքների վերացման կարևորագույն խնդրին՝ բանախոսը մասնավորապես ասաց. «Հայոց ցեղասպանության հետևանքների վերացումը միայն բարոյական հարց չէ, այլ առաջին հերթին երկրի կենսունակությունն ապահովող հարց, ապա նաև ռազմական ու տնտեսական նշանակություն ունեցող հարց: Այնպես որ, ունենք օրինական փաստաթուղթ՝ ընդունված այն ժամանակվա բարձրագույն մարմնի՝ Փարիզի վեհաժողովի և հաստատված Ազգերի լիգայի կողմից, որը պետք է այսօր ամեն գնով ներկայացնենք համաշխարհային ամենահզոր կառույցին՝ ՄԱԿ-ի միջազգային (Հաագայի) դատարանին, որը, ըստ իս, հնարավոր ամենաանկախ և արդար մարմինն է և իրավասու է հաստատելու փաստաթղթի հավաստիությունը, որի պահանջների կատարումից Թուրքիան խուսափել արդեն չի կարող»:
Արա Պապյանը կոչ արեց քոլեջի ուսանողներին ավելի հետևողական լինել հայոց պահանջատիրության հարցում, շատ խոր՝ բնագրային ուսումնասիրություն կատարել և, գտնելով պատմական ճշմարտությունը, շեշտը դնել ցեղասպանության հետևանքների վերացման իրավական հիմքերի վրա:


Էմմա ՄԽԵՅԱՆ
Երևանի պետական գյուղատնտեսական քոլեջի դասախոս

Դիտվել է՝ 1458

Մեկնաբանություններ