Հյուսիսային Կորեայի իշխանությունները մահապատժի են ենթարկել տասնյակ բարձրաստիճան պաշտոնյաների հուլիսի վերջին տեղի ունեցած հեղեղումների պատճառով, որոնք խլել են հազարավոր կյանքեր: Ավելի վաղ երկրի առաջնորդ Կիմ Չեն Ընը հայտարարել էր, որ խստորեն կպատժի նրանց, ովքեր «չեն կատարել իրենց պարտքը և այսքան զոհերի պատճառ են դարձել»։                
 

Նկար, ընդամենը մի լուսանկար ու...

Նկար, ընդամենը  մի լուսանկար ու...
14.10.2014 | 11:24

…Նորից փորձում եմ հարձակում գործել լի՜քը-լիքը թղթերիս, պահածս լուսանկարների վրա։ Պահել եմ, ձեռքս չի գնացել, որ պատռեմ։ Արդեն չեմ կարող այլևս մի կողմ դնել, որովհետև վաղուց մի կողմ չկա։ Ինձ ուտողներն, ասես, քիչ են, երբ ինքս եմ ինձ անճար-անճար ուտում, հիմա էլ ձեռագիր, մեքենագիր թղթերն են վեր կացել ու ինձ ուտում են։ Եվ մեր տուն եկողներից մեկը չէ, երկուսը չէ, որ խելոք-խելոք ասել են՝ չես աշխատում՝ դա քո գործն է, գոնե էս թղթերից ազատվիր, տանը երեխաներ կան, իսկ էս թղթերը` ձեռագիր, թե մեքենագիր, թեկուզ տաղանդավոր (վերջին երկու բառը ես եմ ավելացնում) նախ և առաջ հիվանդության բույն են, լավ իմացիր։ Էսքան թղթեր ո՞ւմ համար ես կուտակել։ Գրքերը, գրքերը պետք է պակասեցնել։ Էս թերթերը, էս թղթերը... Էսքան բացել-փակե՞լ կլինի... ՈՒ հանկարծ մի հին-հնուկ թերթի միջից սահուն քայլերով ընկնում է մի լուսանկար։ Վերցնում եմ։ Նայում։ Անմիջապես հիշում եմ։ Քանի՜ տարի է, ինչ թղթերիս մեջ մեծանում է էս աղջիկը, իսկ ես գոնե մի անգամ նայե՞լ եմ, զրուցե՞լ եմ հետը։ Անունը պիտի Անահիտ լինի։ Շրջում եմ լուսանկարն ու... Հա, էլի, պարզ գրված է՝ Անահիտ Համբարեան...
Երկրաշարժի ժամանակ քանի՜-քանի անգամ եմ գնացել աղետի գոտի։ Եկել-ոռնացել եմ։ Էնտեղ պինդ տղամարդ ես քեզ զգում, ձեռք ես մեկնում, հասնում ես, օգնում, գալիս ես տուն, նույն կադրերը տեսնում ես հեռուստատեսությամբ, սկսում ես դողալ։ Ես նայում եմ Անահիտին (չեմ ասում լուսանկարը), երևում է, չէ՞, որ սփյուռքահայ է, որ իր ընկերների հետ եկել է աղետի գոտում աշխատելու։ Եվ քարը երբեք չի վերցրել, որ լուսանկարվի։ Սա, իհարկե, երկրաշարժից հետո, երբ արդեն ուշքի էին գալիս մարդիկ։ Ծա՜նր-ծանր կորուստ։ Սպիտակի Գոգարան գյուղում սարսափելի էր։ Շառլ Ազնավուրն էր օգնություն հասցրել։ Ի՞նչ անես։ Բնակա՞ն է, արհեստակա՞ն է, աղետ է, որ ո՞ւմ կողմից է պատուհասվել քո ժողովուրդը։ Տապալված ժողովուրդ է, որ պիտի հավատա, հույսը չկորցնի, մի եղեռն էլ սա է, պիտի տոկա, պիտի ծնկի, պիտի բարձրանա, ոտի կանգնի... Հիշում եմ՝ երկրաշարժի առաջին օրերին մոլորվել-մնացել էի Գոգարանում։ Ի՞նչ անեմ։ Փորձում եմ ատել մոտիս թուղթ ու գրիչը։ Էդ ավերմունքի մեջ հանկարծ ինձ է մոտենում մի կին։ ՈՒ ասես հեռվից, շատ ու շատ հեռվից լսում եմ նրա ձայնը. «Ի՞նչ ես կանգնել-մոլորվել, արի տուն գնանք»։ Դեմս կին է, մայր է, անգամ թվաց, թե վեց ամսականից մորից որբ մնացած իմ մայրն է կանչողը։ Ավելի եմ խճճվում։ Իսկ նա նորից է ասում։ Հետո հասկանում է, որ չհասկացողի մեկն եմ, ձեռքը պարզում է ու նորից կանչում՝ ցուրտ է, սրան Գոգարան կասեն ու Գոգարանի ցուրտ։ Գնանք մեր տուն։ Ես լսում եմ նրան։ Չեմ էլ մտածում, որ անծանոթ ենք։ Ի՞նչ ունեմ իմ փոքրիկ պայուսակում։ Հո դատարկ ձեռքով չեմ մտնելու անծանոթ տուն։ Բայց կինը համառում է։ Ի՞նչ խանութ, ի՞նչ բան։ Խանութը մեր ինչի՞ն է պետք։ Գնում-գնում ենք։ Ոտի վրա կանգնած, փրկված տուն չկա, իսկ նա համառորեն «իմ տուն, իմ տուն» է կանչում ու անծանոթիս հրավիրում է տուն։ Մտքումդ ուզում ես նախադասություն կազմել՝ լեռնցու սրտաբացություն, լեռնցու ավանդներին հավատարմություն։ Մի ավերակի մոտ կանգ է առնում, աչքերը բացխփում ու փորձում ժպտալով (այո, ժպիտով) ասել՝ համեցեք, իմ տունն է, ներս մտնենք... Տրամաբանություն ենք ասում, հոգեբանություն ենք ասում, բայց էստեղ ուրիշ ապրումների աշխարհ է։ Մայրը, հայուհին, էս տան տիրուհին, էս տան Աստվածն ի՞նչ է ասում։ Հա, ինքն էլ է տեսնում, որ իր տունը, իր գյուղը, էս մեծ աշխարհը փլված են։ Որ իր տունը փլված է, ավերված է, ի՞նչ է, էլ իր տո՞ւնը չէ։ Եվ ասում է՝ ներս անցեք, խնդրեմ, համեցեք... Քանի՜ տարի է, ինչ նրա կերպարն եմ փայփայում-գուրգուրում իմ ներսում։ Ախր ինչո՞ւ եմ խճճվում, հաճախ սխալվում։ Նրա լուսանկարը էլի խնամքով մի տեղ եմ դրել, որ չկորցնեմ, բայց... Հիմա նորից եմ նայում էս հրաշք-աղջկա լուսանկարը. տեսնես ո՞ւր է Անահիտ Համբարեանը, որտե՞ղ են նրա ընկերները... Աղետ էր, ողբերգություն։ Իրենք ջահել էին, նետվեցին հրեշ-վիշապի վրա ու... տներ կառուցեցին։ Այո, ինչ էլ լինի, ավերակը դու ես տուն դարձնելու։ Ավերակը նույնպես տուն է, հայրենիք է։ Էնպես կառուցիր, էնպես ծաղկեցրու, շենացրու քո տունը, քո եզերքը, որ եկողներն անգամ կասկածեն, որ էստեղ երկրաշարժ է եղել, աղետ է եղել։
Մի լուսանկարը՝ Անահիտ Համբարեանի լուսանկարը, էսօր խոսեց ինձ հետ, և ես խոսեցի լուսանկարի աղջկա՝ Անահիտի հետ։ ՈՒ հիշեցի նաև, թե ինչպես Գուգարքի շրջանի Դեբեդ գյուղում մի օր աշխատեցի ֆրանսահայերի հետ, գիշերը մնացինք միասին, անտառափեշին սիրուն կրակ էինք վառել, վրաններ խփել, տղաներն ու աղջիկները խոսեցի՜ն-խոսեցին, ծիծաղեցի՜ն-ծիծաղեցին, ամեն ինչ տվեցին կրակին ու երազ տեսնելուց առաջ փակեցին աչքերն ու նաև քնելուց առաջ կրակի միջով, աստղերի միջով նայեցին՝ այ էնտեղ, դեպի Դսեղ, ուր ծնվել է Հովհաննես Թումանյանը... ՈՒ զարմացան, որ երկրաշարժը հասել է նաև Թումանյանի ծննդավայր, ու պեծուկրակ դարձած քնեցին, որ վաղը շարունակեն աշխատել։

Հրաչյա ՄԱԹԵՎՈՍՅԱՆ

Դիտվել է՝ 1570

Մեկնաբանություններ