ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը կչեղարկի Ջո Բայդենի վարչակազմի կարգադրությունները՝ պաշտոնն ստանձնելուց հետո առաջին շաբաթվա ընթացքում՝ հայտնել է Թրամփի շտաբի մամուլի քարտուղար Քերոլայն Լիվիթը։ Նրա խոսքով՝ Բայդենի ստորագրած 94 հրամանագրեր հանգեցրել են տնտեսական ճգնաժամի։ «Դրա համար էլ Թրամփին վերընտրել են նախագահի պաշտոնում, որպեսզի կանգնեցնի հետընթացը»,- հավելել է նա։               
 

«Armenia und Europe»

«Armenia  und Europe»
29.04.2014 | 11:40

ՅՈՀԱՆՆԵՍ ԼԵՓՍԻՈՒՍ (1858-1926), գերմանացի հասարակական գործիչ, բողոքական քահանա, գրող, արևելագիտության դոկտոր, պրոֆեսոր, 1914-1926 թթ. գերմանա-հայկական բարեգործական ընկերության հիմնադիր ու նախագահ:
Իր բազմաթիվ ստեղծագործություններում նա ներկայացրել է ոչ միայն Օսմանյան կայսրության ողջ տարածքում հայության հանդեպ գործադրված բռնություններն ու զանգվածային կոտորածները՝ սուլթան Համիդ 2-րդի օրոք, այլև երիտթուրքական իշխանությունների կողմից հայ ժողովրդի նկատմամբ կիրառված անմարդկային գործողություններն ու զանգվածային սպանդը:
«Հայաստանն ու Եվրոպան» (1896 թ.) գրքույկում նա քննադատում է մեր ժողովրդի ողբերգական ճակատագրի հանդեպ եվրոպական տերությունների հանդես բերած անտարբերությունը: Իսկ «Գերմանիան և Հայաստանը 1914-1918 թվականներին» գրքում նա չի ներում անգամ հայրենակիցներին, նրանց ենթարկելով անխնա քննադատության, քանի որ Առաջին աշխարհամարտին Կայսերական Գերմանիան սերտորեն համագործակցում էր Օսմանյան Թուրքիայի հետ:
Հայ ժողովրդի ողբերգությունը նա հանրությանն էր ներկայացնում անգամ ցեղասպանության ամենաընդգրկուն, ահագնացող ու ամենաթեժ պահին՝ 1916 թ. իր՝ «Թուրքիայում հայության վիճակի մասին տեղեկագրության» էջերում:
Շատերի հիշողության մեջ անմոռաց հետք էր թողել 1921 թ. մարտի 15-ին հայության դահիճներից մեկին՝ Թալեաթ փաշային, Բեռլինում գնդակահարած վրիժառու Սողոմոն Թեհլերյանի նկատմամբ հարուցված դատավարության ժամանակ ունեցած զարմանալի ու քարը քարի վրա չթողած նրա ելույթը:
Դոկտոր Լեփսիուսը ներկայացրեց ու համակողմանիորեն բացահայտեց հայ ժողովրդի նկատմամբ կիրառված նողկալի ու սահմռկեցուցիչ պատկերները, որոնց առանձին դրվագներն անըմբռնելի էին մարդկային ողջախոհ բանականությամբ ու նողկանք էին առաջացնում թուրք կոչված վայրամարդկանց հանդեպ և որ՝ մարդանման այդ գոյատեսակներն ինչ-որ 40 տարվա ընթացքում արդեն ոչնչացրել էին ավելի քան 2 միլիոն հայի, որն այսօր կկազմեր մի քանի տասնյակ միլիոն:
Գրիգոր Ա. Ջանշիևի (Ջանշյան) նախաձեռնությամբ ստեղծված «Եղբայրական օգնությունը Թուրքիայի տառապյալ հայերին» (1897 թ.) ծավալուն, գրեթե 1000-էջանոց հատորում դոկտոր Յոհաննես Լեփսիուսին տրամադրված հատվածը ընթերցողներին է ներկայացնում ականատեսի վկայությունները, որոնք ընդգրկվել էին 1896 թ. Բեռլինում հրատարակված վերոհիշյալ «Armenia und Europe» գրքում:
Ռուսական մամուլում, աննշան կրճատումներով, ներկայացված առկա տարբերակներից այն ներկայացվում է մեր ընթերցողներին:
Արթուր ՆԱՎԱՍԱՐԴՅԱՆ

Կասկածից վեր է, որ հայկական կոտորածները թուրքերն ընկալում էին որպես տոնախմբություն: Այն տեղի էր ունենում հրաշալիորեն կարգավորված ու նախապես կազմված ծրագրով՝ ջարդերի սկիզբն ազդարարում էին փողհարները, իսկ ավարտը՝ հանդիսավոր թափորը, որին մոլլաները բարձր մինարեթներից հղում էին Ալլահի օրհնանքը:
Ռեդիֆները (պահեստային կանոնավոր զորաբանակ), զափթիաները (ոստիկանները) և դարձյալ վերակազմավորված «Համիդիե» կոչված քրդական գնդերը գործում էին ամբոխի հետ եղբայրաբար, որին նախօրոք զենք էր տրամադրվել, և արյունոտ սույն գործին նրանք գնում էին կարծես տոնախմբության:
Տիրում էր լիակատար համերաշխություն: Թուրք կանայք իրենց կոկորդային ձայնեղ հնչյուններով մարտական ու ռազմատենչ ճիչ էին արձակում և թուրք քաջերին հարսանեկան բարձրաձայն երգերով խրախուսական նոր սխրանքների ու քաջագործությունների էին մղում, խլացնելով զոհերի ողբն ու հառաչանքները: Ազնվաբարո այս ժողովրդին պատել էր վայրի արյունռուշտ ոգի:
Իսկ ինչո՞ւ և ոչ: Այստեղ խրախուսում էր վալին (կենտրոնական իշխանությունը գավառներում ներկայացնող պաշտոնյա- Ա. Ն.). «Համարձակ եղեք, չվարանեք թրատել, կոտորել, թալանել ու աղոթել հանուն Սուլթանի»: Իսկ ինչո՞ւ չաղոթել ու չկոտորել: Նրանց աչքի առաջ բարեպաշտության առատ պարգևն էր. կույտերով լեցուն ապրանքը՝ հայ վաճառականների խանութներում, նրանց տան ողջ կայքը. վերցրո՛ւ և տար, որքան ի վիճակի ես: Ընդ որում, ամոթալի գործողության հանդեպ անպատժելիության հավաստիացում… Ավելին, հոգատար կառավարությունը ձեռք էր առել բոլոր միջոցները, որպեսզի արյունահեղության բոլոր գործողությունների ժամանակ թեթևացվեին նվիրյալ հպատակների արյունապիղծ մեղքերը և այդ իսկ պատճառով, վտանգի չենթարկելով սեփական կյանքը, նրանք վստահորեն կարող էին մորթել հայերին, ինչպես ոչխարներին սպանդանոցներում:
Անվեհեր ժողովուրդը և քաջարի զինվորներն իրենց կյանքի համար վախենալու որևէ պատճառ չունեին: Նրանք համարձակորեն կարող էին անձնատուր լինել իրենց վայրի զվարճանքին և ամոթալի այդ գործողությունն ավարտել բիրտ ու անմարդկային գինարբուքով:
Լեռներում թաքնված ու թաքստոցներում ծպտված հարյուրավոր անզեն ու անպաշտպան հայերին դուրս քշելը, գլխատելը, թրատելով մարմինը կտրատելը, հատելը, կախելը, մահակներով, կացնով ու մետաղաձողով սպանելը շատ շուտով նրանց ձանձրույթ պատճառեցին: Կենսուրախ այդ ամբոխին պետք էր զվարճանքի բազմազանություն: Միօրինակ ու միապաղաղ սպանությունները ձանձրալի էին, պետք էին հետաքրքրաշարժ դրվագներ, օրինակ՝ կրակ վառել ու խորովել վիրավորներին, կամ՝ սյունից գլխիվայր կախել, ոմանց մեխել կամ միմյանց կապել հիսունական հոգու և գնդակահարել։
Հայ տղամարդկանց ինչի՞ն է պետք այդքան առնանդամ, եթե ոչ այն բանի, որ յուրաքանչյուրից հատեն այն ու արյունոտ այդ ծայրակտրվածքներով բերանը լցնեն: Աչք հանելը, քիթ ու ականջ կտրելը կատարվում էին մասնագիտորեն:
Հատկապես այն հոգևորականները, ովքեր հրաժարվում էին իսլամ ընդունել, բնավ ավելի լավ բախտի չէին արժանանում: Հա՞րկ է բերել նման ձևով զոհված դժբախտ մարդկանց ցանկը: Այդ ցանկը պատրաստ է տրամադրվելու ցանկացողներին։
Բայց այդ հին մեթոդն ի վիճակի չէ հպարտանալու նորաձևությամբ:
Ահա և նավթ-կերոսին. իշխանությունն այդ նրանց տրամադրեց, որպեսզի հրկիզեն տներն ու ոչնչացնեն կենսաապահովման անհրաժեշտ շտեմարան-մառանները: Սակայն նրանք դեմ չեն լինի նավթ-կերոսինն առավել նպատակահարմար օգտագործելուն: Տեսեք, այս մարդը` Մարտիրոս անունով, լուսանկարիչ է: Ինչպիսի՞ փարթամ մորուք ունի: Վրան նավթ լցրե՛ք ու վառե՛ք: Քրիստոնյաներին միասին կապեք, նավթ լցրեք, և քանի դեռ նրանք այրվում են, այդ մարդակույտին ավելացրեք մյուսներին, որպեսզի նրանք բոլորը կծու ծխից շնչահեղձ լինեն: Ի՜նչ հրաշալի մազեր ունի այս կինը, վառոդ ցանեք, մյուսների համար ևս կառավարությունը կտրամադրի, թող նրա գլուխը պայթի: Այս գործը թուրք վարպետի ձեռքերում չի հապաղի: Ահա Աբդուլլահ անունով էֆենդին, Քաջծորնյաց վանքում նա մի երիտասարդի ու աղջկա պարտադրեց պառկել միմյանց վրա և, երբ այդ տեղի ունեցավ, սրի մի հարվածով կտրեց-հատեց երկուսի գլուխները: Երբեմն գործն ավարտվում էր առանց կրակի և երկաթի: Թավրիզցի քուրդ շեյխ Ջեգերը կարգադրում է միմյանց կապել երկու եղբայրների և նրանց մարմնի միջով ցիցը խրում է հողի մեջ: Լոկ մի ձեռքով հատված գլուխների թվով պարծենալով, նա թուլամորթ ծույլերին գործողության նման մրցակցության է մղում:
97 հայ մորթած կեսարացի մի հացավաճառ, իրողությունն ապացուցելու համար, ներկայացնում է նույնքան հատած քթեր ու ականջներ և հավաստիացնում, որ հանգիստ չի առնի, մինչև հարյուրի չհասցնի: Բայց նա, ի դեմս թադեմցի Հաջի Բեգոսի, հայտնաբերում է երանելի մի մրցակցի, որն արդեն հատել էր հարյուրը և հերոսական քաջագործությունները պսակել նրանով, որ մի կնոջ մարմինը բաժանել էր 4 մասի և նրա հատած մասերը ծեփել էր սյանն ի ցույց:
Վեց հայերի գլուխներ ցցին հագցրած այնթապցի մսագործին գերազանցել են Սուբաշն գյուղի թուրքերը, որոնք հայերին մորթել էին ոչխարների պես ու նրանց մեխել-կախել այնպիսի դանակներով, որ օգտագործում են մսագործները: Տրապիզոնում ժողովուրդը գործին հավելեց նաև հումոր: Թուրքերն այնտեղ գնդակահարեցին հայ մսագործ Ադամին, որդու հետ, այնուհետև՝ կտրատելով, նրանց խառը մասերը առաջարկեցին անցորդներին. «Ո՞Ւմ են պետք ձեռքեր, ոտքեր, գլուխներ. Էժան ենք վաճառում, գնեք»: Բայց հարկ էր խնայել անմեղությունը: Պահպանե՛ք երեխաների կյանքը. «Սուլթանը կարգադրել է ոչնչացնել քրիստոնյաներին, սկսած տասնյոթ տարեկանից»: Բայց ո՞վ է ունկնդիր սույն ողջամտությանը: Եվ հետագա կյանքում ի՞նչ օգուտ կտան անօգնական այդ պատանիները, որ հապճեպ վազքի, փախուստի և խուճապի ժամանակ կորցրել էին ծնողներին: Այդ հայ վտարանդիները թափառում էին Մուշի շրջակա տափաստանային անձավներում և փողոցային շների ոհմակի պես, սառած ու քաղցած, թափառում էին ճանապարհներին:
Մարաշի մերձակա մի մեծ գյուղի մահմեդականները մեկամյա մի մանկան ազատագրել էին նման տհաճ ճակատագրից՝ նետելով նրան կրակի մեջ: Բայբուրդում թուրքերն այն աստիճանի մեծահոգի գտնվեցին, որ մայրիկներին, ծծկեր երեխաների հետ, այրեցին իրենց իսկ տներում:
Մեծահարուստ Օհան Ավագյանն ամբոխին առաջարկում էր իր ողջ ունեցվածքը, միայն թե խնայեին ձեռքերին բռնած երեք տարեկան որդու և իր ընտանիքի անդամների կյանքը: Բայց ամբոխն առանց այդ էլ չէր հեռանա նրա ունեցվածքից, բայց նախ և առաջ հարկ էր հաշվեհարդար տեսնել տղայի, իսկ հետո նաև ծերունու հետ: Եվ երկուսն էլ սպանվեցին մոր և մնացյալ երեխաների աչքերի առջև:
Քաջարի թուրքի համար ոչինչ չարժե մոր կրծքին խեղդամահ անել մանկանը, իսկ Բիթլիսի զինվորները մանկահասակ մի երեխայի սվիններով գնդակի նման նետում էին միմյանց, մոր աչքի առջև, այդ համարելով արտակարգ զինավարժություն:
Ամբոխը Էրզրումում ցնծության մեջ էր. հոր այլանդակված դիակի առջև սպանում էին երեխաներին, որի մինչ այդ անդամահատված մարմնի մասերը համեմում էին քացախով: Երբ զոհվում էին տասնյակ կանայք ու երեխաներ, եթե Քսանթում (Քսանթատ) և Լեսոնում գլխատում էին հարյուրավոր կանանց, եթե Բիթլիսի զոհերի թվում հինգից-տասներկու տարեկան տղաներ էին՝ հոգևոր դպրոցի սաներ, ապա հարկ է թուրքերին, ըստ արդարամտության, արժանին հատուցել, քանի որ վերին իշխանությունները միշտ չէ, որ հավանության էին արժանացնում նման դաժանությունները: Այսպիսի չլսված բարբարոսությունների փաստերը կարելի է եզակի համարել, որ իրագործվում էին մարդկային կերպարանքով հրեշների կողմից: Ճեղքված որովայնով 450 կանանց առկայությունը Սվազի գերեզմանատանը վկայում էր, որ գերազանցվել ու խախտվել էին իշխանությունների կողմից ժողովրդին տրված հրահանգները: Բազմության վայրագությունների նկատմամբ իշխանություններն այնուամենայնիվ որևէ սահման չէին դնում: Եթե ամբոխի նկատմամբ հայության թիվը գերազանցում էր, օգնության էր հասնում բանակը և գործը հասցնում ցանկալի ավարտի: Սարսափից խենթացած տղամարդկանց, կանանց ու երեխաների բազմությունը հանգրվանում էր եկեղեցիներում, հուսալով, որ սրբավայրերը հուսալի պաշտպան կդառնան ու կփրկեն իրենց կյանքը:
Դե քանի որ որոշված էր արմատախիլ անել ատելի քրիստոնեությունը, արժե՞ր արդյոք ուշադրության արժանացնել նման չնչին մանրուքները: Տղամարդիկ, կանայք ու երեխաներ ապաստան էին գտել տաճարների ու եկեղեցիների հարկի ներքո և հենց այդ հարյուրավոր եկեղեցիներն ու մենաստաններն էին այնուհետև վերածվում մոխրակույտերի: Եվ ի՞նչը կարող էր խանգարել ավերելու Ռեսուանի տաճարի եկեղեցու մուտքը և կոտորելու այնտեղ հանգրվանած փախստականներին: 300 հոգի պատսպարվել էին Մաղապեացվոց վանքում, որպեսզի այնտեղ սպանվեին միաբանության անդամների հետ միասին։ Եվ ո՞վ պիտի ամբոխին հանդիմաներ, երբ Ինդիզում (Լու Շելրի շրջան), Գարբուրում և Բուսսում (Խարբերդի շրջան) բոլոր կառույցները փլուզվել էին քրիստոնյաների գլուխներին, մանավանդ, եթե զորամիավորումներն օրինակ էին տալիս, թե ինչպես գործեն:
Շապին Գարահիսարի սրբավայրին հարգանքի տուրք էր տրվել, երբ այնտեղ պատսպարված 2000 տղամարդկանց, կանանց ու երեխաներին կոտորել էին ոչ թե տաճարի մեջ, այլ մուտքի առջև:
Երբ հարց է ծագում, թե ի՞նչ անել բազմաթիվ դիակների հետ, արյունռուշտ ժողովրդի երևակայության համար բացվում էր գործունեության ամենալայն ասպարեզ: Հարկ չէ խոսել այն մասին, որ ամոթալի գործունեության համար տեղ չունեին ոչ ամոթի զգացումը, ոչ էլ մահվան խորհրդավոր վեհությունը: Սակայն անհրաժեշտ է պատմության տարեգրությանը հավելել, որ հազարավոր սպանված քրիստոնյաների սոսկալիորեն խեղանդամված ու այլանդակված դիակներն անպատկառորեն մերկացվում էին, որոնք փռված էին ամենուրեք՝ լեռներում, գյուղերում, քաղաքներում, փողոցներում, գոմաղբի ու աղբակույտերի վրա, նետված՝ կեղտաջրերի հորեր ու լցված՝ ջրհորներ: Վերջապես, հրեաների շնորհիվ, դրանք` որպես գեշ լեշ, ավանակներով դուրս էին բերվում քաղաքից: Աղբակույտի մեջ՝ այլանդակված մարդկային մսակույտի մեջ ոչ ոք ի վիճակի չէր գտնելու կամ ճանաչելու զոհված հարազատներին: Դիակները կամ թողնվում էին որպես շների կեր, կամ նախընտրում, նավթով շաղախելով, հրի ճարակ դարձնել կամ թաղել մեծ փոսի մեջ:
Պատվավոր մարդկանց հուղարկավորությունը կատարվում էր հատուկ ծիսակարգով: Այսպես, օրինակ՝ Բուսեյիդում հոգևորական Մաթևոսի թռցրած գլուխը դրվել էր դիակի զույգ ոտքերի միջև. երախտաշատ թուրքերը հաճույքի համար մտրակահարում ու ձաղկում էին Տեր-Հարությունին՝ Դիարբեքիրում, իսկ մեկ ուրիշին՝ Ալիպունարի եկեղեցում, բայց նաև Տադեմի շրջանի տասը քահանաների ևս մեծ պատվի էին արժանացրել՝ մաշկազերծելով նրանց մարմինները: Խիզանի շրջանի Սուրբ Խաչ վանքի վանահայր երիտասարդ վանականի պատվին համարժեք հետևյալ տիպի հուշարձան էր կանգնեցվել. կախել էին հարդով լցոնված նրանց մարմինները:
Ներոնի երևակայությանն էր միայն վայել արաբկիրցի թուրքերի գործողությունը. նրանք իրենց շրջանը զարդարել էին հայերի թռցրած գլուխների սյունաշարերով: Իսկ ինչ վերաբերում է Բայբուրդի ոստիկանապետին, ապա նա իրավացիորեն ի վիճակի էր հավակնելու Լենկթեմուրի պահնորդական զորաբանակի հրամանատարի պատվին: Հոկտեմբերի 29-ին նա Քսանթ բնակավայրի կանանցից թանկարժեք քարերով և 500 թուրքական ֆունտին համարժեք փոխհատուցում պահանջեց, խոստանալով խնայել նրանց ամուսինների կյանքը: Սակայն մի քանի օր անց միտքը փոխեց, ինչպես նաև նշված գյուղի բոլոր կանանց ու երեխաներին հավաքեց և կարգադրեց դաշտում կոտորել:
Մարաշի հյուսիսի և արևմուտքի տասներկու գյուղերի բնակիչներն անկարգությունների սկզբում շարժվեցին դեպի Թուրնուս, հուսալով այնտեղից անցնել Զեյթունի լեռներ: Այդ նպատակով հավաքվել էր 4000 մարդ: Բայց մի առավոտ նրանք անսպասելիորեն շրջապատվեցին զինվորների կողմից: Սկսվեց սարսափելի կոտորած, որից փրկվեցին միայն 380 կին ու երեխա: Արյունահեղության ավարտին զինվորները մնացյալ բազմությանը, որպես ոչխարի հոտ, քշեցին այդտեղից երկու օրվա հեռավորության վրա գտնվող Մարաշ: Իսկ ինչո՞ւ միանգամից չոչնչացրին նրանց: Որովհետև հարկ էր պահպանել սուլթանի կառավարության մեծահոգության անբիծ վարկն ու համբավը, որն իր պաշտպանության տակ էր առնում անմեղությունը: Բայց խեղճ կանայք ի վիճակի չէին գնահատելու այդ մեծահոգությունը. դեկտեմբերյան սառնամանիքին նրանց, որպես անմռունչ անասունների, քշում էին ձյունապատ սարերով. նրանց ուժասպառ երեխաներին վայր էին գցում, թողնում ճանապարհին, որպեսզի նրանք ուղերթի ողջ ընթացքում արգելք չլինեին, քանի որ այնուամենայնիվ հանգստի համար բնավ կանգառի ժամանակ չկար: Օ՜, երանի թե նրանք մեծահոգությունը հասցնեին ավարտին և բոլորին կոտորեին միանգամից: Ի՞նչ ուրախություն՝ ողջ մնալու համար:
Մի մայր պատմում էր, որ երկար ժամանակ իր ձեռքերին տանում էր զույգ երեխաներին: Չնայած հոգնածությանը, այնուամենայնիվ նա երջանիկ էր, որ զինվորները թույլատրեցին իրենց իսկ ներկայությամբ նրանց նստեցնել ձիերին: Բայց գետանցի ժամանակ հրեշները երկու մանուկներին էլ նետեցին ջուրը։
Արդյոք քի՞չ արցունք ու արյուն էր հեղվել:
Ծվատված ու բզկտված ժողովրդի վայնասունն արդյոք ե՞րբ լսելի կդառնա քրիստոնյա աշխարհին: Եվ ի՞նչ են ասում քրիստոնեական այն տերությունները, որոնք 18 տարվա ընթացքում հայությանն իբր օգնության ձեռք են մեկնել և ի պաշտպանություն հայ ժողովրդի ու հանուն ամենակարող Աստծո, թղթի վրա նրանք կազմել ու ամրագրել էին ստրկացված ժողովրդի բարենորոգումները: Արդ, բավ է այդ մասին: Հարկ է այստեղ հանդես բերել ու ներկայացնել գեթ մի թերթ, որը կնկարագրի վերագրված անարգանքը, հեղված արյունն ու արցունքը:
«Սպանե՛ք տղամարդկանց: Նրանց կարողությունը, կանայք ու աղջիկները մերն են»: Ահա այն կարգախոսը, որով զինվորները Կեսարիայում խրախուսում էին զինված ամբոխին ու մղում սպանության, թալանի ու ամոթալի հանցագործությունների: Եվ այդ կարգախոսին հետևում էին հարյուրավոր քաղաքներում, հազարավոր բնակավայրերում, որտեղ տեղի էին ունենում զարհուրելի ավերածություններ: Զինվորներն այն աստիճանի անխիղճ էին, որ դեռևս կոտորածներից առաջ անպատկառորեն հրահանգում էին, որ հայերն աչքի լույսի պես պահեն-պահպանեն իրենց դուստրերին, քանզի ասում էին, որ մոտ ապագայում բոլոր քրիստոնյա աղջիկները ողջ երկրում կդառնան իրենց սեփականությունը:
Հաջի Բեգոս անունով մի ստոր արարած՝ պարծենում էր, որ անձամբ գլխատել է հարյուր հայի, և այնուհետև, մերկանդամ քրիստոնյա մի աղջկա քշել քաղաքի բոլոր փողոցներով:
Ամբոխը Կեսարիայում բնակիչների հետ միասին հրկիզեց 30 հայկական տուն, կազմակերպեց նաև հարձակում կանանց բաղնիքի վրա՝ նրանց լոգանքի ժամանակ: Կարելի է պատկերացնել, թե ինչպիսի ընդունելության էին արժանանում Կոշմյատի 30 կանայք, որոնք ամբողջովին մերկ թափառում էին լեռներում և վերջապես ընկնում զինվորների ձեռքը: Եվ այդտեղ առանձնահատուկ ոչինչ չկար:
Ոչ մի կոտորած տեղի չի ունեցել այնպես, որ տղամարդկանց սպանությունից հետո չպղծեին կանանց ու աղջիկներին: Յուրաքանչյուր թալանից հետո կանայք ու աղջիկները վաճառվում էին, փոխանակվում ձիու կամ էշի հետ կամ էլ տարվում շուկա՝ ստրկավաճառության:
Յուրաքանչյուր կանգառը գյուղերում, որ նախատեսվում էին պահնորդական նպատակներով կամ կոտորածի համար, աղաների ու սպաների կողմից աղջիկներին որպես նվեր բաժանում էին զինվորներին ու զափթիաներին: Այս փաստերը, ըստ ամենայնի, բացահայտում են այն հանգամանքը, որ Հայաստանում հարյուրավոր կանայք ելքը գտնում էին ինքնակամ մահվան մեջ: Պարզ է դառնում, թե ի՛նչն էր պատճառը հիսուն կանանց՝ Կաենտից ու Լեսոնքից ջրհորներ նետվելը կամ անդունդ գահավիժելը:
Կարելի է պատկերացում կազմել, թե ինչպիսի զգացում էր համակել ՈՒզուն Օբայի (Խարբերդից 25 մղոն արևելքում) մի նշանավոր հայուհու, որին քշում էին մի խումբ այլ կանանց ու երեխաների և մի քանի տղամարդկանց հետ: Այն, որ խայտառակությունը մահվանից սարսափելի է, ապացուցեցին մնացյալ հիսունհինգ կանայք, որոնք իրենց երեխաների հետ հետևեցին նրա օրինակին և մահը գտան Եփրատի ալիքների մեջ:
Ո՞ր ընթերցողի սիրտը չի ցնցվել խղճահարությունից, կարդալով այն նամակը, որը գրում էր դժբախտ ծերունի հայրը օտարության մեջ գտնվող որդուն. «Օ, ես չեմ համարձակվում քեզ ասել…:
Նրանք եկան ու սպառնացին սպանել ինձ, եթե ես իրենց չտամ քույրիկիդ: Նրանք տարան ամեն ինչ՝ ծածկոցներ, անկողիններ, հագուստ, մթերքի ողջ պաշարը և անգամ վառելափայտը: Հետո նորից եկան և պահանջեցին, որ տամ դստերս: Ես ընդդիմացա, պատրաստ էի ամեն ինչի… Բայց երբ նրանք սուրը մոտեցրին կոկորդիս և մահն անխուսափելի էր, աղջիկս գոռալով փռվեց թուրքերի առջև` խնայեցեք հորս, ես գալիս եմ ձեր հետևից: Եվ նրանք տարան նրան»:

Դիտվել է՝ 2470

Մեկնաբանություններ