Համաշխարհային համատեքստում տարբեր աշխարհակարգերի սահմաններում գտնվող հայ ժողովուրդն այլ ելք չի ունեցել, եթե ոչ վարել այնպիսի քաղաքականություն, որտեղ հնարավորինս բարիդրացիական հարաբերություններ կառուցվեն թե՛ Արևելքի, թե՛ Արևմուտքի հետ: Սակայն ազգային յուրօրինակությունն ու ինքնատիպությունը պահպանելու և հունահռոմեական ու պարսկական ազդեցություններից ձերբազատվելու համար Մեծ Հայքի թագավորությունը որդեգրեց քրիստոնեական ուղին, որի պետական մակարդակով ընդունումն ուներ ոչ միայն քաղաքական կարևորություն, այլև ազգային-հոգևոր վերազարթոնքի նշանակություն, քանի որ հայ ժողովուրդը վերադարձավ միաստվածության ակունքներին:
Վերջին ժամանակներում տարբեր անձանց կողմից, մանավանդ համացանցում, չարությամբ և ատելությամբ հնչում են քննադատություններ քրիստոնեական հավատի և Հայ առաքելական սուրբ եկեղեցու վերաբերյալ, թե եկեղեցին հանուն հայրենիքի չի ուսուցանել, նվիրվել և հարկ եղած ժամանակ կյանքը զոհաբերել: Ինչքան էլ մարդիկ փորձեն ներքին կամ արտաքին ինչ-ինչ դրդապատճառներով նման անհարկի դիրքորոշումներ ցուցաբերել, իրականությունն այն է, որ հայի ինքնության և հայապահպանության մեջ մեծ դերակատարություն է ունեցել Հայ առաքելական սուրբ եկեղեցին: ՈՒշագրավ է, որ օտարազգի Եվսեբիոս Կեսարացին վկայում է, որ Հայաստանը տակավին քրիստոնեություն ընդունելուց շատ չանցած հանուն հավատի ու հայրենիքի պատերազմել է հռոմեական զորքերի դեմ և պարտության մատնել Մաքսիմինոս Դայա կայսեր (305-313) զորաբանակը՝ պաշտպանելով հայրենիքը և հավատը: Քրիստոնեությունը մշտապես կոչ է արել միաբանության: Հանրային հարաբերություններում միմյանց հանդեպ սիրով, ազնվությամբ, արդարությամբ, հավասարությամբ, արժանապատվությամբ առաջնորդվելու պատգամներով՝ կարևորելով «Սիրիր ընկերոջդ, ինչպես սիրում ես քո անձը» պատվիրանը:
Պատմության ընթացքում հայոց կաթողիկոսների մեծ մասը կանգնած է եղել պետության ու ժողովրդի կողքին, առավելապես հայապահպանության և ինքնության հարցերում: Այդ պատճառով նրանք միշտ ձգտել են ամրապնդել հայ եկեղեցու ուրույն դիմագիծն ու յուրօրինակությունը համաքրիստոնեական աշխարհում: Այնուամենայնիվ նախարարական տներն առաջնորդվել են հիմնականում անձնական շահերի դիտանկյունից և թուլացրել երկիրը: Հիշատակելի են սբ. Սահակ Պարթևի ջանքերը հայոց պետականության պահպանման գործում և նրա հայտնի խոսքն ու հորդորը հայոց նախարարներին, որ չնպաստեն հայոց թագավորին գահընկեց անելուն. «Ավելի լավ է մեր հիվանդ ոչխարը, քան օտարի առողջ գայլը»: Տպավորիչ է Ներսես Մեծ կաթողիկոսի քայլը, ով ուներ նաև զինվորական կրթություն: Նա 371-ի Ձիրավի ճակատամարտի ժամանակ քաջալերում է հայ մարտիկներին, որ աներկյուղ և հավատով զինված մարտնչեն թշնամու դեմ: Իսկ ինքը բարձրանալով Նպատ լեռան գագաթը՝ ողջ մարտի ընթացքում բազկատարած աղոթում է, մինչև հայոց զորքը լիակատար հաղթանակ է տոնում: Այսպիսով՝ ոգեշնչելով հայոց բանակին ու հաստատուն պահելով հաղթելու հավատի մեջ: Սբ. Սահակ Պարթևի և սբ. Մեսրոպ վարդապետի շնորհիվ հայոց գրերի ստեղծումով հայ եկեղեցին կարողանում է այդ դժվարին ժամանակներում վերջնականապես ամրապնդել հայի ինքնությունն ու հարատևությունը: Արդ՝ Հայ առաքելական սուրբ եկեղեցու շնորհիվ 5-րդ դարում լուծվում է հայ ժողովրդի հարատևության խնդիրը: Այդուհանդերձ այդ ծանր ժամանակներում, երբ պետականությունը կորսվեց հայ նախարարների ձեռքով, սուրբ Սահակ Պարթևի մտահոգությունն այնքան մեծ էր, որ Աստված նրան արժանացնում է մարգարեական տեսիլքի, որտեղ հաստատվում է, որ վերականգնվելու են հայոց թագավորությունն ու Լուսավորչի կաթողիկոսական տոհմը: Այս շրջանում էր, որ հայ եկեղեցու վարդապետ Մովսես Խորենացին գրում է իր հանրահայտ «Ողբը»:
Ցավալիորեն կարելի է նշել, որ մեր հասարակությունն իր վարքով ու բարքով չի տարբերվում 5-րդ դարի հայ հասարակությունից, ուր տարածված էին անարդարություններն ու անբարոյական վիճակը: Նման շարունակությունը միշտ էլ, ի վերջո, պատճառ է դառնում պետականության կորստի: Այս ամենի արդյունքում հայ ժողովուրդն արդեն ստիպված էր օրհասական կռիվ տալ 451-ին Ավարայրի դաշտում, որտեղ ճակատամարտի գործուն մասնակիցներից էին հոգևորականները՝ Ղևոնդ Երեցը և ուրիշներ: Նրանք մշտապես ձգտել են տեսնել հայոց հզոր պետականություն և իբրև հոգևոր հայրեր մտահոգ ու հոգատար են եղել հայ ազգի նկատմամբ: Այդպիսի մի դրվագ կարող ենք հիշել, երբ 703-ին հայ իշխանները ջարդում են արաբական ջոկատը, զորավար Մուհամեդ իբն Օկբայը մեծ զորքով շտապում է դեպի Հայաստան՝ ավերելու երկիրը: Սահակ Ձորափորեցի կաթողիկոսը հասկանալով, որ մեր փոքրաթիվ ջոկատներն ի զորու չեն հաղթելու, թեև տկար ու հիվանդ լինելով, մեն-մենակ ընդառաջ է գնում արաբական բանակին, որպեսզի կարողանա կասեցնել նրանց ներխուժումը: Եվ տկարության պատճառով մահանում է Խառան քաղաքում, սակայն նախքան այդ մի խնդրագիր է թողնում արաբ զորավարին, որն ազդվում է նամակից ու դադարեցնում արշավանքը: Այսպիսով՝ այդ օրերին հայոց կաթողիկոսը փրկում է Հայաստանն ավերումներից:
Այդ դարաշրջանում սբ. Հովհան Օձնեցին Դամասկոս քաղաքում հայոց ազգի, եկեղեցու, հայրենի հողերի վերաբերյալ համարձակ հարցեր է բարձրացնում, և շահը, ազդվելով նրա պատկառանքից, ընդառաջում է և զիջումներ խաղում: Հայոց պետականության կերտման գործում մեծ դեր են կատարում նաև սբ. Ներսես Շնորհալին, Ներսես Լամբրոնացին: Ներսես Լամբրոնացին, որ պետականության գաղափարախոսության մեծ գործիչներից էր, հսկայածավալ աշխատանք է կատարում արտաքին քաղաքականության մեջ, նաև իր աշխատանքի, ջանքերի շնորհիվ է, որ Կիլիկյան Հայաստանը 1198-ին միջազգայնորեն ճանաչվում է որպես պետություն:
Հայ հոգևորականները մեծ ներդրում են ունեցել ազգային-ազատագրական պայքարում: Հակոբ Ջուղայեցի կաթողիկոսի ջանքերով 1677-ին Էջմիածնում, Արցախի մելիքների և հոգևորականների մասնակցությամբ գումարվում է խորհրդակցություն Արևելյան Հայաստանի ազատագրության համար: Իսկ 1699-ին Անգեղակոթի գաղտնի ժողովից հետո Իսրայել Օրու հետ Մինաս վարդապետ Տիգրանյանն ուղևորվում է Եվրոպա, ուր պիտի փորձեին աջակցություն ստանալ եվրոպական տերություններից: 1722-ից սկսած ազատագրական պայքարում անմոռանալի է Եսայի Հասան-Ջալալյան կաթողիկոսի դերը, ով իր շուրջը համախմբված հոգևորականների օգնությամբ ստեղծում է հակապարսկական պայքար, ինչի շնորհիվ ազատագրվում է Արցախը և ստեղծվում հայկական անկախ իշխանություն:
Ազատագրական պայքարով առանձնանում է մեկ ուրիշ կաթողիկոս՝ Ներսես Աշտարակեցին: 1826-28 թթ. Ռուս-պարսկական պատերազմի ժամանակ նա հայրենասիրական կոչ է ուղղում հայ ժողովրդին, որով ոգեշնչում էր զենք վերցնել և կռվել թշնամու դեմ: Նրա ջանքերով կազմավորվում են բազմաթիվ կամավորական ջոկատներ: Այնուամենայնիվ ցարական կառավարությունը երբեմն իր դժգոհությունն էր արտահայտում Ներսես Աշտարակեցու գործունեությունից, տեսնելով, թե ինչպես է կաթողիկոսը ձգտում ստեղծել հայոց պետականության նախահիմքեր, որի պատճառով ցարական կառավարությունը նրան հեռացնում է Բեսարաբիա:
Հատկանշական է, որ հայ ազգի ազատության համար պայքարող Խրիմյան Հայրիկը նշում է, որ միամտություն է ուրիշ ազգերի հետ հույսեր կապելը: Դա հավասար է ինքնասպանության: Նա կարևորում է ժողովրդի մեջ հավատը վառ պահելը, հորդորում է չհուսահատվել, այլ հույսով լցված սպասել, քանի որ մի օր անպայման հայոց ազգը վերազարթոնք կապրի: «Այն ազգ և աշխարհ, որ հայ չէ, մեզ հետ չի լար, այլ մեզ չի պետք օտարին լաց: Բավական է, որ թե՛ տարաշխարհիկ գաղթական հայեր, և թե՛ Բյուզանդիոնի պանդուխտ հայեր հիշեն մեր հայրենյաց չարչարյալ որդիքներ և լան: Ես գիտեմ, և դու գիտես, թե սոսկ լալով ու ողբով եթե շաղախենք մեր հայրենյաց հող` հայրենիք չշինվիր: Օր մի ևս, Երկինք այդ կենդանարար ցող Հայոց դաշտերուն վերա կը ցողե, դու կտեսնես, թե ինչպես Հայոց աշխարհն ևս կը վերածնի հրաչյուք: Միայն թե մենք աննկուն արիությամբ գործենք, և Աստված մեր օգնականն է»,- ասում էր նա: Խրիմյան Հայրիկը շեշտել է, որ աշխարհով մեկ սփռված հայությունը պետք է հավաքվի հայրենիքում: Հայությունն իր հոգևոր և նյութական արժեքները պետք է կենտրոնացնի հայրենյաց երկրում և ստեղծի այնպիսի պայմաններ, որ հայը չհեռանա իր դրախտանման օրրանից:
Անմոռանալի է Գևորգ 5-րդ Սուրենյանց կաթողիկոսի դերը Սարդարապատի ճակատամարտում: Երբ թուրքերի մոտեցող բանակին համընթաց Երևանի քաղաքային խորհուրդը որոշում է Երևանն առանց դիմադրության հանձնել թուրքերի ողորմածությանը, և Վեհափառ հայրապետին խորհուրդ են տալիս հեռանալ Մայր աթոռ սուրբ Էջմիածնից, Գևորգ կաթողիկոսը կտրուկ մերժում է Սբ. Էջնիածինը թողնելու և Սևանա կղզում ապաստանելու առաջարկը` ասելով, որ եթե հայոց զորքը չի կարող պաշտպանել իր սրբությունները, ապա ինքը մենակ սուր կվերցնի ու կնահատակվի սուրբ տաճարի շեմին, բայց չի հեռանա Սբ. Էջմիածնից: Սա բեկումնային պահ էր հայոց նոր պատմության մեջ: Կաթողիկոսի պատասխանը կայծակի արագությամբ տարածվում է բնակչության մեջ և նրա խիզախ կեցվածքը խոր տպավորություն է գործում զորքի ու ողջ ազգի վրա: Վեհափառ հայրապետի հրամանով Արարատյան դաշտի բոլոր եկեղեցիների զանգերը ղողանջում են, դրանց սկսում են ձայնակցել մյուս եկեղեցիների զանգերը` Էջմիածնից մինչև Երևան, Արագածից մինչև Սևան: Կուսակցական ու քաղաքական կամքի բացակայության պայմաններում ինքնապաշտպանական պայքարը գլխավորում են Էջմիածնի ճեմարանի տեսուչ Գարեգին եպիսկոպոս Հովսեփյանը, Էրզրումի հոգևոր առաջնորդ Զավեն եպիսկոպոս Մահտեսի-Բաբայանը, վարդապետներ Եզնիկն ու Թադևոսը, տեր Հովհաննես քահանա Տեր-Մկրտչյանը: Գևորգ 5-րդ կաթողիկոսն ասում էր. «Ես միշտ հավատացել եմ իմ ժողովրդի ոգուն: Ես գիտեմ նրա անցած ճանապարհի դառնությունները: Ես համոզված եմ նաև, որ ազգն իմ հայոց անարգ թշնամուն դեռ չի ասել իր վերջին խոսքը: Եվ խոսքն այդ պիտի լինի հաղթական»:
Շուրջ հինգ հարյուր բարձրաստիճան և կրտսեր հոգևորականներ մարտնչում են Սարդարապատի ճակատամարտում: Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ Գևորգ Չորեքչյան կաթողիկոսը կարճ ժամանակ անց հայրենիքի, սփյուռքի և Մայր աթոռի տրամադրած նյութական միջոցներով պատրաստել է տալիս «Սասունցի Դավիթ» և «Գեներալ Բաղրամյան» տանկային շարասյուները, որոնք իրենց նպաստն են բերում Երկրորդ աշխարհամարտի հաղթանակին: Գարեգին Ա Հովսեփյան կաթողիկոսը 1943-ին գրում է. «Եվրոպայի և մարդկության վերածնունդը կախումն ունի ոչ միայն զենքի հաղթությունից, այլև կենդանի հավատի վերածնունդից: Մեր աղոթքն է, որ այս պատերազմը «բարւոյ պատերազմի» փոխարկվի ըստ ամենայնի և առիթ դառնա մարդկության զգաստության և իր որդեգրած ուղիների վերաքննության: Արդարությունն է և հավատն այն ժայռը, որի վրա շինված տունը անսասան է փոթորիկներից և հեղեղներից»: Հիշենք նաև սփյուռքում հայ եկեղեցու անփոխարինելի դերատակարությունը հայի ինքնության և պահպանման գործում: Պատմությունը ցույց է տալիս, որ առանց Հայ առաքելական սուրբ եկեղեցու սփյուռքահայությունը արագորեն ձուլվելու է տեղի երկրների ազգերի մեջ և փոշիանալու է:
Անդրադարձ կատարելով պատմական այս դրվագներին՝ այդքանից հետո ինչպե՞ս կարելի է աչքերը փակել այս փաստերի առջև և անտեսել կամ, դրանք չիմանալով անհիմն մեղադրանքներ ուղղել քրիստոնեության և հայ եկեղեցու դեմ: Մեր ձախողումների, թշվառությունների ու կորուստների պատճառը մեր մեջ է՝ մեղքի մեջ թաղված հասարակության, մարդկանց մեջ, ինչպես Մովսես Խորենացին նկարագրում է իր «Ողբ»-ում, այլ ոչ թե քրիստոնեության, Հայ առաքելական սուրբ եկեղեցու մեջ: Եթե մեր հասարակությունը, մարդիկ պահպանեին քրիստոնեական հավատի դավանության ու բարոյագիտության հիմունքները որպես առօրյա կյանքի նորմ, մենք կլինեինք միաբան ու հզոր պետություն: Բայց... Այնուամենայնիվ, դեռ ուշ չէ...
Հովհաննես ՄԱՆՈՒԿՅԱՆ