Վրեժ
ՍԱՐՈՒԽԱՆՅԱՆ
Սասունից Հալեպ մի քանի օրվա ոտքի ճամփա էր: Բալոենց Միհրանը կնոջն ապսպրել էր, որ խուրջինում Մովսեսի սիրելի ուտելիքներից դնի՝ թոնրի գաթա, իրենց ծառի ընկույզից, մի քանի կտոր մանանա ու էլի բաներ, որ երեխան Հալեպում գոնե մի քանի օր ծննդավայրից տարածը վայելի: Գյուղի քահանան դեռ վաղուց Միհրանին համոզում էր, որ Մովսեսը շատ ընդունակ է, լավ կլինի, որ Հալեպի Քառասուն մանկանց եկեղեցու վարժարանում սովորի: Քահանան, երկար մտածելուց հետո, հարմար բառ է գտել՝ Մովսեսը աշխարհի մասշտաբով մարդ է դառնալու: «Տեր հայր, աշխարհի մասշտաբը չգիտեմ, բայց որ լեզուներ սովորի ու կարողանա Գոմուց վանքի, Մշո Սուրբ Կարապետի ու Մշո Առաքելոց վանքի մագաղաթե գրքերը կարդա, Աստծուց գոհ կլինեմ»,- տղայի գլուխը շոյելով՝ ասել է Միհրանը ու ձեռքն արևելք պարզելով՝ Մովսեսին բացատրել, թե Հալեպն աշխարհի որ կողմում է:
-Խելացի երեխա է, անհոգ մնա,- հրաժեշտին Միհրանին ոգևորեց վանահայրը:- Ամբողջ օրը եկեղեցում հայեր են, Հալեպի սասունցիք առավոտյան ու երեկոյան ժամերգությանը պարտադիր գալիս են, երեխան խորթություն չի զգա, շուտ կվարժվի։
Երրորդ օրվա արևմտոցին, երբ Արաբի հող մտան, Մովսեսն ակնապիշ հորը նայեց. Միհրանը վարժ արաբերենով մի օտարականի բարևեց, ինչ-որ բան հարցրեց ու մի ջղարա հյուրասիրեց նրան: «Ես շատ լեզուներ կսովորեմ, որ բոլորն ինձանով հպարտանան»,- ինքն իրեն մտքում հպարտացավ Մովսեսը՝ ամուր սեղմելով հոր ձեռքը։
Տարին մեկ-երկու անգամ Միհրանը գալիս էր Հալեպ: Հարյուրավոր սասունցիներ տարվա էս գլխից էն գլուխը հացթուխ էին աշխատում փռերում, տարեվերջին վաստակած ոսկիներով ընտանիքի համար պետքական բաներ գնում ու վերադառնում Էրգիր: Իսկ ով վառոդի հոտն առել էր, խուրջինում մի մոսին հրացան ու մի երկու բուռ փամփուշտ էր թաքցրած բերում Էրգիր։
Ամառային մի օր, երեկոյան ժամերգության պահին, Մովսեսին հայտնեցին, որ եկեղեցու մուտքի մոտ մի կին է իրեն հարցնում: Շտապեց դուրս: Աչքերին չէր հավատում՝ մայրը մենակ հասել էր Հալեպ։ Կարոտի արցունքներն անհնար էր զսպել։ Մայրը ծոցից հանեց որդու սիրած թոնրի կլոր գաթան: Մովսեսը մոտեցրեց շուրթերին, մոր ծոցի հոտ կար գաթայի մեջ։ Զանգերի հավասարաչափ զարկերի հետ ներսից լսվում էին Տերունական «Հայր մեր»-ի մաղթանքները՝ «...Եվ մի տանիր զմեզ ի փորձություն, այլ փրկեա զմեզ ի չարէ...»:
Տարիներ անցան։ Վանահոր հետ վերջին հանդիպմանը Միհրանի աչքերը ուրախությունից փայլեցին.
-Միհրա՛ն, Քառասուն մանկանց եկեղեցու վարժարանի խորհուրդը որոշել է, որ Մովսեսը կրթությունը շարունակի Եգիպտոսի Ալեքսանդրիայի համալսարանում:- Միհրանը Մովսեսի գլուխը երկա՜ր պահեց գրկի մեջ, լսածին դեռ չէր հավատում։
...Ալեքսանդրիայում ուսանելու հենց առաջին օրերին Մովսեսը մտերմացավ Եգիպտոսի ճանաչված հայ մտավորականների ու գործիչների հետ։ Յոթ լեզուների իմացությունը նրան այնքան հանրաճանաչ դարձրեց, որ Եգիպտոսի հայազգի վարչապետ Նուբար Փաշայի, նավթի արքա Գալուստ Գյուլբենկյանի ու մյուս երևելիների հաճելի հյուրն էր։
1899-ին գերմանական «Դոյչե բանկն» սկսել էր «Բեռլին-Բաղդադ» երկաթուղու շինարարությունը: Ինժեներական խոր գիտելիքներ և բազմաթիվ լեզուներ իմացող մասնագետներ էին հարկավոր: Միջազգային այդ աննախադեպ շինարարության եվրոպական պատվիրատուներն ու ֆինանսավորողները Մովսեսին նշանակեցին «Բեռլին-Բաղդադ» երկաթուղու «Բասրա-Բաղդադ» երկաթգծի շինարարության ինժեներ: Եվրոպական կենտրոնում հիացել էին հայ երիտասարդով և խոստացել՝ շինարարության ավարտից հետո Եվրոպայում ավելի բարձր պաշտոն վստահել: Մովսեսը մեծ տերությունների և հատկապես գերմանա-օսմանական աշխարհաքաղաքական շահերն ու քայլերը մոտիկից տեսնելով՝ կանխազգում էր շատ մեծ աղետ, ինչը ճակատագրական կարող էր լինել հայերի համար: Սասունի 1894-96 թվականների ջարդերը կարող են ավելի սարսափելի շարունակություն ունենալ։ Հեռվում նշմարվող մի ծանր տագնապ ալեկոծում էր նրա հոգին: Սուլթան Համիդին հաջորդած երիտթուրքերը, որ գիշեր ու զօր 1908-ին հռչակած Սահմանադրության (Հուրիեթ) անվան հետ ցուցադրաբար սիրաշահում էին Օսմանյան կայսրությունում ապրող հատկապես քրիստոնյաներին, իրականում նենգ դավեր էին նյութում՝ սպասելով պատեհ ժամանակների:
-Մովսե՛ս, մեր ընտանիքը քո մասին շատ է լսել, սիրով հրավիրում եմ ծանոթանալու հարազատներիս և մտերիմներիս հետ,- հրավիրողը Ալեքսանդրիայի Արամ փաշան էր:
Արևելյան ճոխությամբ կահավորված ճաշասրահում, հայկական երաժշտության ուղեկցությամբ, Մովսեսը ժպիտով ու թեթև ձեռքսեղմումով ծանոթանում էր հայրենակիցների հետ։
-Մարիամ,- անկաշկանդ ժպիտով Մովսեսի աչքերին նայեց Արամ փաշայի դուստրը և փորձեց ձեռքը քնքշորեն հետ տանել: Չստացվեց: Մի քանի վայրկյան Մովսեսը քարացել էր։ Մարմնով տաք ու փափուկ դող անցավ, փոխանցվեց Մարիամին։ Մարիամն ակնթարթորեն դա զգաց:
-ՈՒրեմն Դո՞ւք եք յոթ լեզուներով խոսող սասունցին,- Մովսեսին փորձեց խոսքով սթափեցնել Մարիամը: Սեղանի մոտ նստեցին դեմ դիմաց: Մովսեսը վերացել էր: Մարիամը կարմիր գինի հյուրասիրեց: Թեև գինին վերջացել էր, բայց Մովսեսը բաժակը չէր հեռացնում շուրթերից։ Մովսեսի շփոթմունքը թաքցնելու համար Մարիամը ժպիտով հասկացրեց, որ դատարկ բաժակը դնի սեղանին։ Մարիամը զգաց, որ իր արյան մեջ մի անծանոթ ու անհասկանալի ջերմություն մտավ, անցավ երակներով, վեր բարձրացավ, դարձավ գլխապտույտ։ Մի պահ ինքն էլ շփոթվեց, ձեռքը դատարկ բաժակին տարավ, նորից տեղը դրեց, և աչքերը քարացան Մովսեսի հայացքում։
Հրաժեշտին Մովսեսը Մարիամի աչքերի մեջ կարդաց այն, ինչ ինքը սպասում էր:
-Մարիա՛մ, ես քեզ այսօրվանից կանվանեմ Այծեմնիկ, այն հերոսուհու անունով, ով 1126 թվականին Անիի պարիսպների վրա էր,- Մարիամի աչքերի մեջ կրկին տեսնվելու ցանկությունը կարդալով՝ հրաժեշտ տվեց Մովսեսը: Հաջորդ հանդիպումներին նա Այծեմնիկին արդեն սովորեցրել էր Սասնա սիրո, հարսանեկան ու փառաբանության շատ երգեր։ Քնքուշ ու հոգեթով ձայն ուներ Այծեմնիկը, հաճախ էր երգում Մովսեսի համար։
Դըրդո՜,
Գեղի բոլոր մանր փուշ էր,
Գեղի միջի յարն անուշ էր,
Յաման Դըրդո՜...
Դու հագեր իս կարմիր սոլեր,
Քելե երթանք շաբաթմ-երկու
Մնանք չոլեր,
Յաման Դըրդո՜...
Սասնա սարերում Համբարձման տոնին ջանգյուլում ասող աղջիկների մեջ Այծեմնիկը աչքերը փակ իրեն էր փնտրում և Համբարձման աստվածային արարչագործ գիշերին, աստղերին նայելով, իր երազն էր հյուսում։
Արամ փաշայի տուն Մովսեսի անառիթ այցելությունների պատճառը բոլորը հասկացել էին և փորձում էին կանխել։
-Մովսե՛ս, ուշքի՛ արի,- Արամ փաշայի տան բակում Մովսեսի ձեռքից քաշեց Մարիամի աղախին Անահիտը,- երեկ քո Այծեմնիկին նշանել են մի մեծահարուստ հայի հետ։
Մովսեսը չհասկացավ, թե ինչ կատարվեց: Աչքերը մթնեցին, գլխում ամեն ինչ խառնվեց իրար, ոտքերը դանդաղ ծալվեցին։ Ժամեր անց հասկացավ, որ հիվանդանոցում է։ Երեք ամիս անց հիվանդանոցից դուրս եկավ, քայլերն ուղղեց Այծեմնիկենց տուն։ «Պիտի տեսնեմ Այծեմնիկին և որոշենք...»:
Արամ փաշայի տան բակում Անահիտը մռայլ դիմավորեց Մովսեսին՝ «Քո հիվանդանալուց հետո Այծեմնիկը երեք ամիս անընդհատ սև շորեր էր հագնում, ոչ մի տեղ չէր գնում ու քո մասին էր մտածում: Բժիշկները ոչինչ չհասկացան նրա հիվանդությունից։ Հարազատներն էլ ոչինչ չպատմեցին: Հետո...»:
-Հետո ի՞նչ,- դողաց Մովսեսի ձայնը՝ տագնապելով խոսքի շարունակությունից։
-Հետո Այծեմնիկը… մահացավ, վերջին բառը՝ Մովսե՜ս...
Աշխարհը մթնեց աչքերին, միտքը կրկին մշուշվեց։ Հիվանդանոցում հրաժարվեց հացից ու ջրից, մահ էր որոնում։ Ընկերները բժշկի հետ նույնիսկ կապեցին Մովսեսի ձեռքերը և փորձեցին ուժով գոնե մի կում ջուր ու սնունդ լցնել բերանը։ Հոգու խռովքը մեծ էր։ Լուր ուղարկեցին Սասուն՝ հարազատներին։ Եկավ եղբայր Տիգրանը:
–Մովսե՛ս, ախպե՛ր, եկել եմ, որ քեզ Սասուն տանեմ, բա դու Էրգրին չե՞ս կարոտել, մերոնց, տունը, Սասնաջուր գետը, Ծովասարը,- անհույս համոզում էր եղբայրը:
-Էրգի՞ր պիտի երթանք,- հանկարծ աչքերը բացեց Մովսեսը։
Նույն օրը ճամփա ընկան։
Երբ բլրից երևաց Բալոենք գյուղը, Մովսեսը միանգամից գտավ ընկուզենիների մեջ թաքնված իրենց տունը։ Վերջին ամիսներին Մովսեսն առաջին անգամ ժպտաց։ Տիգրանը ազատություն տվեց իր խեղդված արցունքներին։
Միանգամից մտան գերեզմանոց, գլուխը երկար պահեց ծնողների տաք շիրմաքարին։ Մի քանի օր սար ու ձորերում էր, քարերից ու ծառերից մանկության հոտն էր առնում, ուղեղի մշուշը կամաց-կամաց թեթևանում էր։
1915-ի ապրիլի 24-ի գույժը ասկյարի տեսքով հասավ Սասուն։ Մովսեսը հիշեց դեռևս տասնհինգ տարի առաջ «Բեռլին-Բաղդադ» երկաթգծի շինարարության իր գերմանացի ընկերոջ հեռու-հեռավոր ակնարկը գերմանա-թուրքական դաշինքի մասին՝ «1898-ին Գերմանիայի Վիլհելմ Երկրորդ կայսրը Թուրքիայում հայտարարել էր, որ իր երկիրը սուլթանի և աշխարհով մեկ սփռված նրա երեք հարյուր միլիոն մահմեդականների հավիտենական բարեկամն է»։ Էրգրում զուլում էր։ Տասնամյակներով ծրագրված և եվրոպական որոշ տերությունների ու հայատյաց կազմակերպությունների կողմից գաղտնի խրախուսվող հայկական ջարդերի համար Առաջին համաշխարհային պատերազմը ամենանպաստավոր պահն էր։
Տունուտեղ թողած՝ բոլորը փախան սարերը, մի մասը թաքնվեց քարանձավներում, գեղեցիկ կանանց ու աղջիկներին առևանգեցին, շատ երեխաների քրդերը տարան մուսուլմանացնելու և անվճար հոտաղ ու տան ծառա դարձնելու։
Քարանձավում ամեն ինչ պապանձվել էր, ամեն ձայնից արյան ու թալանի կարոտ քուրդ ու ասկյար կարող էին հայտնվել։ Նորատի հարսը, բերանում գոգնոցի շորը սեղմած, անձայն գալարումներով ողբում էր երկու զավակների մահը։ Մովսեսի սիրտը գալարվում էր նրա հետ, արցունքները ներս էին գնում։ Ալեհեր մի ծերունի որդուն խնդրում էր, որ գիշերը անձայն հեռանալիս իրեն քարանձավում թողեն, բեռ չդառնա զավակներին: Քիչ այն կողմ, այլևս տասնօրյա սովին չդիմանալով, մի շինական բռով ագահաբար հող էր ուտում։ Մովսեսը կիսախավարում նկատեց, որ խուլ տնքացող մամիկը գոգնոցի գրպանից հանեց մկրատը և սկսեց սեփական երակը կտրել՝ գոնե հանգիստ մեռնի։ Մովսեսը գլուխն ափերի մեջ առավ։ Միտքը սկսեց նորից մթագնել, ամեն ինչ նորից խառնվեց իրար։
Հաջորդ օրը իր հավատարիմ քրդի հետ քարանձավ եկավ մի հեքիմ՝ որդուն փնտրելու: Տիգրանը նրան խնդրեց Մովսեսին նայել:
-Ոչինչ մի ասեք իր մասին, ամեն ինչ պարզ է: Նա հոգու մեծ խռովք ունի, ուղեղը մթագնել է և չի բուժվելու: Բայց նա երկար կապրի, և միայն խոր ծերության հասակում ուղեղը կպայծառանա,- ասաց հեքիմը և գաղտնի հեռացավ քարանձավից։
1916-ի գարունն էր։ Մշո դաշտը խեղդվել էր կարմիր կակաչներից։ Անսանձ քամին ծաղիկների բուրմունքը տանում, շաղ էր տալիս ձորերին ու քարանձավներին, ուր թաքնված հազարավոր անտուն թափառականները ամեն վայրկյան սպասում էին մոտեցող ռուսական զորքի թնդանոթների ազդանշան-զարկերին: Վերջապես լսվեցին թնդանոթների երկար սպասված կանչերը... Զորքը հասնելուն պես մի քանի օրում Մշո դաշտը լցվեց տասնյակ հազարավոր գաղթականներով։ Բալոենց Միհրանի Հարություն որդին գնաց Հալեպ, իսկ Տիգրանը, Գրիգորն ու Մովսեսը կենդանի մնացած հարազատներով միացան գաղթականների խմբին։ Երբեմն Մովսեսի ուղեղում ցավի պես արթնանում էին Անահիտի խոսքերը՝ «Այծեմնիկը երեք ամիս սև շորեր հագավ և իր մահն էր փնտրում»։ Գաղթականների խումբը անհուն ցավի ու անսփոփ կարոտի ծանր բեռով՝ արյան արահետներով գնում էր դեպի Մայր Արաքս՝ Արևելյան Հայաստան։
Չորս տարվա թափառումներից հետո Էրգրի կարոտը նրանց բերեց սահմանին մոտիկ, Մասիսի և Արագածի գրկում ծվարած Աշնակ գյուղը՝ կրկին Էրգրատեսին շուտ արժանանալու հավատով։
Հազար ու մի ցավերով տասնամյակներ անցան։ Մովսեսն արդեն մոտենում էր ութսունին: Սովորական առավոտ էր: Հանկարծ տնեցիները զարմանքով նկատեցին, որ Մովսեսը գիրք է կարդում։ Քիչ հետո եղբոր թոռներին օտար լեզվի դասերը բացատրեց և հանրահաշվի բարդ խնդիրները լուծեց։ Բոլորը ցնծության մեջ էին։ Հիշեցին քարանձավում հեքիմի ասած խոսքը՝ «Միայն խոր ծերության հասակում ուղեղը կպայծառանա»։ Յոթ լեզու իմացող Մովսես Վարդանյանի միտքը կրկին պայծառացել էր, մշուշը ցրվել։ Ծանր երազից զարթնածի պես առավոտից մինչև երեկո ութսունամյա Մովսեսը պատմական ու հայրենասիրական գրքեր էր կարդում, որոնք մեկ անգամ արդեն կարդացել էր Հալեպի Քառասուն մանկանց եկեղեցում և Ալեքսանդրիայի ֆրանսիական համալսարանում:
-Մովսե՛ս պապի, Մովսե՛ս պապի, մեզ քույրիկ է ծնվել, անունը ի՞նչ դնենք,- առավոտյան ընթերցանության պահին Մովսեսի մոտ վազեցին եղբոր՝ Գրիգորի թոռները:
Մովսեսի աչքերը սառեցին գրքի էջերին: Կանչող հայացքով իրեն էր նայում Այծեմնիկը։
-Այծեմնի՜կ, Այծեմնի՜կ, Արծեմնի՜կ,- եղբոր թոռներին գրկեց Մովսեսը, գլուխը սեղմեց նրանց կրծքին՝ արցունքները թաքցնելու։ Այդպես երկար պահեց՝ մինչև աչքերը ցամաքեցին։
Մովսեսն այդ գիշեր երազում Այծեմնիկին տեսավ։ Սպիտակ շորերով էր, սեղանի մոտ։ Գինու դատարկ բաժակը քարացել էր շուրթերին։
Առավոտյան նորածնին բերեցին Մովսեսի սենյակ, բարուրը դրեցին նրա գիրկն ու բոլորը սենյակից անձայն դուրս եկան։ Ալեհեր Մովսեսը մեղավորի պես համբուրում էր բարուրը, խոսում նորածնի հետ, հարցեր տալիս ու պատասխանի սպասում։ Սպիտակ բարուրից իրեն էր նայում սպիտակ շորերով իր երազի Այծեմնիկը։
1950-ականներին Թալինի և մերձակա տարածաշրջանում անգլերենով, ֆրանսերենով, արաբերենով, թուրքերենով և այլ լեզուներով պաշտոնական կարևոր գրությունները պատրաստող և արտերկրի հետ նամակագրության բարձրակարգ թարգմանիչ չկար։ Հաճախ էին պաշտոնատար այրերը և քաղաքացիները Մովսեսի մոտ գալիս: Եվ նրանց հետ պարտադիր գալիս էին նաև պետական անվտանգության կոմիտեի աշխատողները. հանկարծ Սովետից որևէ չստուգված կամ կասկածելի տվյալ չգնա կապիտալիստական երկիր, մանավանդ որ Մովսեսի եղբայր Տիգրանը, որպես հակասովետական տարր ու ժողովրդի թշնամի, 1937-ին աքսորվել էր Սիբիր։ Մովսեսին թվում էր, թե գաղթը դեռ շարունակվում է։
1963 թվականին, սովորական մի առավոտ, Մովսեսն իր մոտ կանչեց եղբոր հարսին:
-ՈՒստիա՞ն, ես մեռնում եմ... Շնորհակալ եմ հարազատ զավակի պես ինձ պահելու համար: Իմ վերջին խնդրանքը թող քեզ հոգու պարտք լինի՝ Այծեմնիկին հանկարծ չծեծես, երեխային վատ բան չասես, սիրտս կցավի։ Ես գնում եմ իմ Այծեմնիկի մոտ, նա ուրիշ էր, սպիտակ շորեր հագած՝ վաղուց ինձ է սպասում։
Մովսեսի իմաստուն ու հոգնած կոպերը կամաց փակվեցին, շուրթերին քարացավ իր վերջին բառը՝ Այծեմնի՜կ։