ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը կչեղարկի Ջո Բայդենի վարչակազմի կարգադրությունները՝ պաշտոնն ստանձնելուց հետո առաջին շաբաթվա ընթացքում՝ հայտնել է Թրամփի շտաբի մամուլի քարտուղար Քերոլայն Լիվիթը։ Նրա խոսքով՝ Բայդենի ստորագրած 94 հրամանագրեր հանգեցրել են տնտեսական ճգնաժամի։ «Դրա համար էլ Թրամփին վերընտրել են նախագահի պաշտոնում, որպեսզի կանգնեցնի հետընթացը»,- հավելել է նա։               
 

Լաց լինելու մարդկային ազնվագույն հատկությունից Լենինի ու Ստալինի նման դահիճները զուրկ էին

Լաց լինելու մարդկային  ազնվագույն հատկությունից Լենինի ու Ստալինի նման դահիճները զուրկ էին
04.03.2014 | 11:35

«Ի՞նչ կպատահի մեր երկրին, երբ ճշմարտությունը թափվի հեղեղի պես: Բայց կթափվի, խուսափել չես կարող». հանճարեղ Սոլժենիցինի` սերունդներին սթափեցնող, ճշմարտության համար պայքարի առաջնորդող այս տողերը Կարինե Խալաթովան բնաբան է դարձրել «Ողբերգական ճակատագրերի դեղնած էջերից» գրքի համար, գիրք, որում պատմվում է կոմունիստական գուլագներում հայ գրողների տառապանքների մասին: Ցավոք, այդ ճշմարտությունը դեռևս հեղեղի պես չի թափվում, քանզի այսօր էլ կան մարդիկ, ովքեր նորից ու նորից փորձում են փառաբանել ժողովուրդների դահիճներին:
Այսօր Արցախում և Հայաստանի սահմանամերձ շրջաններում թափվում է մեր զավակների արյունը. բոլորիս էլ ակնհայտ է, նաև լենինյան գաղափարագարների, որ այդ ազնիվ արյունը բոլշևիկյան-կոմունիստական հանցագործ կուսակցության, նրա դահիճ առաջնորդների խղճին է: Անժխտելի է այն, որ միջնադարյան այդ ինկվիզիտորները ի սկզբանե և առմիշտ վարել են մոլագար հայատյաց, պանթուրքիստական քաղաքականություն: Հարց` ինչպե՞ս եղավ, որ այս տարածաշրջանում աշխարհագրությունը ձևախեղվեց ի վնաս այդքան աղետներ տեսած ժողովրդի, հօգուտ ազգային դեմք չունեցող քոչվոր թաթարի, հայ, հույն, ասորի միլիոնավոր նահատակների ոսկորների վրա իրենց արյունարբու պետությունը ծավալած թուրքերի:
Ծանոթանալով լենինյան-ստալինյան հրահանգներով ստորագրված բոլշևիկաթուրքական, բոլշևիկաթաթարական ռազմաքաղաքական արձանագրություններին, պարզապես ապշում ես դրանց հայադավ, պանթուրքիստական բնույթից: Խնդրեմ` «Նախիջևանը որպես պրոտեկտորատ հանձնել Ադրբեջանին` պայմանով, որ երբեք չտրվի երրորդ կողմին» (Հայաստանին). ինչպիսի՜ արհամարհանք հայ ժողովրդի, Հայաստանի Հանրապետության նկատմամբ: Այդ արհամարհանքը վերահաստատվեց 1923 թ., երբ Ադրբեջան կոչված հանրապետությունը, խախտելով 1921 թ. արձանագրությունը, Նախիջևանը, որպես ավտոնոմ հանրապետություն, ընդգրկեց իր կազմում: Զավեշտալին այն է, որ քեմալական Թուրքիան բողոքի նոտա ներկայացրեց միակողմանի որոշման դեմ, իսկ հայ բոլշևիկները, պետական ու քաղաքական գործիչները լուռումունջ ենթարկվեցին այդ նվաստացումներին` իրենց ապազգային, հաճախ ազգադավ քաղաքականությամբ անտեսելով հայտնի սկզբունքները` «պատմության արդյունքը աշխարհագրությունն» է և «պատմության դիտակետից պետք է նայել ապագային», որ չհայտնվես ոխերիմ թշնամիների և ոխերիմ բարեկամների ամենօրյա թելադրանքի ներքո: Իսկ Արցախի, Կարսի մարզին վերաբերող արձանագրություննե՞րը... Ինչպիսի՜ հայատյացությամբ են ձևակերպված դրանք:
Ցավոք, մեր հայրենակիցներից ոմանք, մինչև օրս էլ դեռ տոգորված լենինյան-ստալինյան խեղաթյուրված, տասնյակ միլիոն նահատակների արյունով շաղախված սոցիալիզմի գաղափարներով, կեղծում են պատմական փաստերն ու իրողությունները` միայն թե իրենց պաշտելիների գլխին դրած պատմական վեհության լուսապսակը աղբանոց չնետվի:
Այսպես. «Փող ունեցողը միշտ էլ թելադրում է իր կամքը» հոդվածի հեղինակ Սոկրատ Հովսեփյանը («Իրատես de facto», 31.01.2014 թ.) գրում է. «Ցույց տվեք մեկ օրինակ, որ բոլշևիկները բունտ են կազմակերպել, ջարդել, փշրել, ավերել են երկիրը, ցույց տվեք մեկ օրինակ, որ բոլշևիկները բռնության կոչեր են արել. չկա և չի կարող լինել, որովհետև բոլշևիկները կազմակերպված քաղաքական ուժ էին և պայքարում էին ոչ թե իշխանությունը զավթելու, այլ հեղափոխությամբ նվաճելու» և իբր նենգափոխություն է հոկտեմբերյան հեղափոխությունը հեղաշրջում անվանելը։
Դեռ 1916 թ. ճիզվիտը կոչ էր անում համաշխարհային պատերազմը վերածել քաղաքացիական պատերազմի: Հարց` ի՞նչ է քաղաքացիական պատերազմը, եթե ոչ ամենահրեշավոր, ամենալայնածավալ բռնություն սեփական ժողովրդի դեմ, երկրի ավերում, աղքատացում, սով, համաճարակ, մահ, մի խոսքով` եղբայրասպան ոճրագործություն։ Դե, իհարկե, հակամարդու համար, բոլշևիկյան բառապաշարով ասած, հազարավոր կուլակները (աշխատասեր, երկրին հաց ու սնունդ մատակարարող գյուղացին), հազարավոր կալվածատերերը (հանճարեղ տոլստոյները և այլք), երկիրը զարգացնող հազար-հազարավոր արդյունաբերող-ձեռնարկատերերը (այսպես ասած` բոլշևիկյան ատելությամբ մոգոնած կապիտալիստները` մանթաշյանները, արամյանցները, գյուլբենկյանները, որոնց փողերով բոլշևիկ շահումյանները և շատ ու շատ ուրիշներ կրթվում էին եվրոպաներում, Անդրկովկասում արդյունաբերություն ու մշակույթ էր զարգանում, Բաքու, Թիֆլիս, Շուշի էր ծաղկում), հայրենի մշակույթը` գրականությունը, արվեստը ստեղծող ազնվականությունը (Պուշկինը, Լերմոնտովը, Տուրգենևը, Բունինը և հազար-հազար ուրիշներ) ժողովրդի զավակներ չէի՞ն և մեղավո՞ր էին, որ իրենց դասային կարգավիճակով որոշակի պատմական գործընթացի արդյունք էին. ուրեմն, մոլագար ճիզվիտը պետք է հրամայեր տգետ լյումպենների ձեռքերով բնաջնջել, ունեզրկել բոլորին, թե ինչ-որ կասկածելի, խեղաթյուրված, արյունաշաղախ սոցիալի՞զմ է կառուցում:
Մի պահ մտովի պատկերացնենք, թե Եվրոպայում, Ճապոնիայում, ԱՄՆ-ում կոմունիստներն անցնում են իշխանության գլուխ. ինչպե՞ս պետք է վարվեն հազարավոր արդյունաբերող-ձեռնարկատերերի (կապիտալիստների), ազնվականության (լորդերի, կոմսերի), ստեղծագործ ֆերմերների և նրանց ծնած ու սնած մտավորականների հետ, բնաջնջե՞լ, ինչպես արեցին ձեր պաշտելիները... ՈՒրեմն, պետք էր մարդ լինել, ոչ թե հակամարդ, և երկրի զարգացումը տանել էվոլյուցիոն ուղիով (ճիզվիտը այդ անվանում էր ռեֆորմիզմ ու օպորտունիզմ), որ չթափվեր միլիոնների անմեղ արյունը, որ երկիրը ավերակների չվերածվեր, որ 1921 թ. միլիոնավոր հայրենակիցներ սովամահ չլինեին, որ ճիզվիտի վիժվածքը, իր արյունաշաղախ, խեղաթյուրված սոցիալիզմը կառուցելու համար միջնադարյան դաժանությամբ տասնյակ միլիոնների չփտեցներ Սիբիրի գուլագներում:
«Բերեք մեկ օրինակ, որ բոլշևիկները բռնություն են գործադրել». մինչև մեծ ինկվիզիտորի դեմ Կապլանի կողմից մահափորձ կատարելը, Լենինն արդեն տեռորի հրաման էր արձակել և հեռագրեր էր ուղարկում երկրի տարբեր շրջաններ` նույնիսկ կասկածելիներին (այսինքն` ոչ մեղավորներին) մեկուսացնել ճամբարներում` քաղաքից դուրս, անհնազանդներին գնդակահարել, կախել սյուներից, ծառերից` ի սարսափ բուրժուազիայի: Իսկ բոլշևիկները, աշխարհում առաջինը, արդեն ստեղծել էին համակենտրոնացման ճամբարներ, որոնց թիվը 1920 թ. 84 էր: Մեծ մարդասեր Կորոլենկոն իր նամակ-բողոքներում զայրույթով գրում էր, որ բոլշևիկ-հրացանակիրները ամենուրեք գնդակահարում են գեղեցկատես, ազնվականորեն հագնված գիմնազիստներին` կուլակների, կալվածատերերի, ազնվականության, ձեռնարկատերերի զավակներին քանզի լյումպենական հոգեբանության տեր բոլշևիկյան զանգվածները դեռևս մշակույթի` արվեստի, գրականության, գեղեցկության կրողներ չէին, ընդամենը ստամոքսապաշտներ էին:
Դեռ 1917 թ., այսպես կոչված հեղափոխության հենց առաջին օրերին, երբ լենինյան հեղաշրջմանը մասնակցող լյումպենը, զանազան քրեականներ, հարյուրավոր դասալիքներ մոլեգնաբար թալանում էին Ձմեռային պալատի հարստությունը, Մաքսիմ Գորկին, ինչպես վկայում է Վահան Տերյանը, պատասխանելով այդ կապակցությամբ իրեն ուղղված հարցադրմանը, պարզապես ասել է. «Հեղափոխությունը պետք էր ոչ այսպես և ոչ հիմա: Հեղափոխությունները լավ են, եթե կատարողները մտավորականներն են, իսկ սա հեղաշրջում էր»: Ի դեպ, Լենինը մտավորականներին գռեհկաբար անվանում էր «այդ քաքերը», անդրադառնալով նրանց բողոքներին` ընդդեմ բոլշևիկյան բռնությունների: Եվ պատահական չէր, որ 1922 թ. սեպտեմբերին «Փիլիսոփա» նավով երկրից հեռացավ Ռուսաստանի սերուցքը` հազարավոր փիլիսոփաներ, գիտնականներ, արվեստագետներ, գրողներ:
Այո՛, Գորկին, լինելով իրադարձությունների ականատեսը, լավ էր հասկանում, որ դա հեղաշրջում էր։ Ի դեպ, Պետդուման դեռ փետրվարին ցրվել էր և նոր կառավարության ձևավորման հարցը պետք է որոշվեր հոկտեմբերի 26-ին` խորհուրդների համառուսաստանյան համագումարում, բայց բոլշևիկները շտապում էին, որովհետև խորհուրդներում մեծամասնություն էին կազմում, նույնպես սոցիալ-դեմոկրատները, մենշևիկներն ու էսէռները: Բոլշևիկները որոշեցին զինված ջոկատներով լուծել հարցը:
Նրանք հոկտեմբերի 24-ին բռնագրավեցին փոստ, հեռագրատուն, բանկեր, կամուրջներ, Ձմեռային պալատը, ձերբակալեցին ժամանակավոր կառավարությունը` այսինքն, բռնությամբ, զենքի ուժով զավթեցին իշխանությունը: Եվ, բնական է, որ սկսվեց չորս տարի տևած արյունահեղ, երկիրն ավերող, քայքայող, եղբայրասպան քաղաքացիական պատերազմը, ինչպես նախատեսել էր արյունարբու ճիզվիտը: Նա դեռ պատերազմի տարիներին կոչ էր անում` ամեն ինչով նպաստել Ռուսաստանի (հայրենիքի) պարտությանը. այսինքն, ոչինչ, որ այդ պարտությունից կզոհվեին, գերի կընկնեին հազարավոր հայրենակիցներ, միայն թե իրականացներ իր մարդատյաց ծրագիրը` միլիոնների դիակների վրայով քայլելով ինչ-որ խեղանդամ, արյունաշաղախ սոցիալիզմ հիմներ: Եվ, միջոցների մեջ խտրություն չդնելով, ամեն ինչ արեց դրան հասնելու համար. գնացքաշարերով ոսկի ու պարեն էր առաքում իր բարեկամ Վիլհելմ կայզերին (Աբդուլ Համիդի, Թալեաթի եղբորը), իսկ ինքը ֆինանսավորվում էր 5 տարի Ստամբուլում երիտթուրքերի քաղաքական ու ֆինանսական խորհրդատու դարձած, գերմանաթուրքական գործակալ-հետախույզ, մեծ պրովոկատոր, մեծահարուստ հրեա Պարվուսի կողմից` լայնորեն օգտվելով նրա պանթուրքիստական, հայակործան ծրագրերից:
Թերևս արժեր ծանոթանալ Ռուբեն Խուրշուդյանի «Եղեռնը և բոլշևիկները» հոդվածին, մեկ անգամ ևս համոզվելու համար, թե որքան մարդատյաց, հայադավ, պանթուրքիստական են բոլշևիկներն ու նրանց առաջնորդները:
Այո, Լենինը լավ է բնորոշել ինքն իրեն. «Նա, ով կարծում է, թե մաքուր ձեռքերով և մաքուր խղճով կարող է բարձրանալ, չարաչար սխալվում է». իսկ նրա ձեռքերն ու խիղճը թաթախված էին իր հայրենակիցների, մասնավորապես հայ ժողովրդի արյունով:
Թվարկենք լենինյան-ստալինյան-բոլշևիկյան հայադավ պայմանագրերի, որոշումների, դեկրետների անվանումները. 1917 թ. դեկտեմբեր` «Դեկրետ Արևմտահայաստանի ինքնորոշման մասին». ինչպիսի՜ հայադավ կեղծիք` ռուսական զորքերը հանել Արևմտյան Հայաստանից` արևմտահայությանը ինքնորոշվելու հնարավորություն տալու համար: Մեկնաբանությունները` ձեր խղճին:
Բրեստ-Լիտովսկ. ակնհայտ պանթուրքիստական, պանգերմանական, պանհրեական, հայակործան պայմանագիր:
1920 թ. օգոստոսի 24. ռուս-թուրքական գաղտնի պայմանագիր` Թուրքիան փրկելու, Հայաստանը կործանելու համար. և ահա ուղիղ մեկ ամիս անց քեմալական Թուրքիան ճիզվիտների հրահանգով արշավեց Հայաստան, զավթեց Կարսի մարզը` ոչնչացնելով ևս 300 հազար հայություն: Մեկնաբանությունը...
1921 թ. մարտի 16-ի Մոսկվայի պայմանագիր. առանց որևէ հայի մասնակցության, քանզի ձեր պաշտելի կինտոյի անմիջական նախաձեռնությամբ, ճիզվիտի համաձայնությամբ փորձառու հայ դիվանագետին` Լևոն Կարախանին, փոխարինել էր մոլի պանթուրքիստ Նարիմանովը: Պատկերացնո՞ւմ եք, Հայաստանի, հայ ժողովրդի ճակատագիրը բանակցություններում որոշում էին Քեմալի ու Կարաբեքիրի գործակալներ, հայության ոխերիմ թշնամիներ Նարիմանովը, Մդիվանին, Ջուղաշվիլին և մի խումբ հայադավ հրեաներ: Մեկնաբանությունը...
Կարսի պայմանագիր. դարձյալ տնօրինում էին նույն հայադավները, որոնք, օ՜, ապշանք, հայ բոլշևիկների հետ Հայաստանից արկղերով տարված կոնյակով բաժակ էին բարձրացնում` ի պարտություն, հայատյաց կինտոյի բառերով ասած, իմպերիալիստական Հայաստանի: Մեկնաբանությունները` ձեր բոլշևիկյան խղճին:
Իսկ Բաքվի ողբերգությո՞ւնը... Նենգամիտ ճիզվիտները, չնայած օգնության մասին Շահումյանի բազում հեռագրերին, այդպես էլ դավադրաբար լքեցին նրան` հանուն թուրք-գերմանական հաղթանակի: Դահիճները գոնե մեկ նախադասությամբ չարձագանքեցին այդ ողբերգությանը: Ի դեպ, ռուս պատմաբան Վոլկոգոնովը արխիվներից հանել է Լենինի նամակը, որում իր արյունոտ խղճով կոչ է անում` «Բաքվից կարմիրների նահանջի դեպքում քաղաքը հրդեհել...»: Մեկնաբանությունները... Հարց` ձեր «հանճարեղ» առաջնորդի 55 հատորներում գոնե մեկ նախադասություն, մեկ բառ կգտնե՞ք` մարդկության առաջին ցեղասպանությունը դատապարտող: Չեք գտնի, քանզի, ինչպես հանճարեղ Պուշկինն է ասել, «հանճարն ու չարագործությունը անհամատեղելի են»:
Յուրաքանչյուր ոք, կարդալով Սոլժենիցինի «Արխիպելագ գուլագ»-ը` լենինյան-ստալինյան ինկվիզիցիայի պատժական զարհուրելի համակարգի այդ առավել քան վավերագրական հանրագիտարանը, ինչպես նաև Շալամովի, Կոստան Զարյանի, Վալտեր Արամյանի, Հուսիկ Խանդամուրյանի, Սուրեն Ղազարյանի և կոմունիստական հրեշավոր գուլագներում տառապած տասնյակ ազնիվ մարդկանց հուշագրությունները, թերևս մեծագույն ցավ, տառապանք ու ամոթ կզգա իր երկրի 70 տարվա մղձավանջային պատմության համար և ատելությամբ ու արհամարհանքով կլցվի բոլշևիկյան դահիճների նկատմամբ:
Մոլագար ինկվիզիտորները միլիոնավոր մարդկանց մանկուրտ էին դարձրել, զրկել ինքնուրույն մտածելու, չարի դեմ ըմբոստանալու, բարուն, դաժանորեն ամբաստանվածին, հալածվածին պաշտպանելու, փրկելու, ձեռք մեկնելու մարդկային ունակությունից: Հարյուր հազարավոր մարդկանց, մասնավորապես երիտասարդությանը, նույնիսկ երեխաներին լրտու էին դարձրել, մատնում էին, դավում էին բոլորըբոլորին, որդին` հորը, աղջիկը` մորը, ամուսինները` միմյանց, ընկերը` ընկերոջը, հարևանը` հարևանին:
Նույնիսկ մեծ գրողները, արվեստագետները, գիտնականները կորցրել էին իրենց մարդկային դեմքը` ընկածին օգնելու, սատար կանգնելու բնական ունակությունը: Այսպես. ակադեմիկոս Սերգեյ Վավիլովը օգնության ձեռք չէր մեկնում ստորաբար ամբաստանված հանճարեղ եղբոր` Նիկոլայ Վավիլովի ընտանիքին: Գրող Ալեքսեյ Տոլստոյը զգուշանում և խուսափում է օգնելուց ամբաստանված եղբոր ընտանիքին: Գրող Լեոնիդ Լեոնովը կնոջը թույլ չէր տալիս օգնության ձեռք մեկնել ձերբակալված եղբոր ընտանիքին:
1933 թ. 64 գրողներ, արվեստագետներ, այդ թվում` Գորկի, Տոլստոյ, Տիխոնով, Կատաև, Զոշչենկո, այցելում են Բելոմորյան ջրանցքի շինարարություն, ապա մամուլում հոդվածներ են հրապարակում, առանց խղճի խայթի գովերգելով, այսպես կոչված, սոցիալիստական մրցությունը, կոմունիստական հերոսական աշխատանքը. «Գրողի տարած չեկիստներ, էս ի՞նչ եք արել...», հորթային հրճվանքով Ալ. Տոլստոյը փառաբանում է դահիճ չեկիստներին` տառապյալ բանտարկյալների շարքերում իբր սոցիալիստական մրցություն կազմակերպելու համար` զգուշորեն չտեսնելու տալով դժոխային իրականությունը. չեկիստներ, որոնց հրացանների խզակոթերի ներքո 250 հազար տառապյալներ, այդ թվում` տասնյակ հազարավոր կանայք, բահով, քլունգով, քարշասայլակներով գիշեր ու զօր, դաժան սառնամանիքին 165 կմ երկարությամբ, 5 մ խորությամբ ջրանցք էին փորում` Սպիտակ ու Բալթիկ ծովերը միացնելու համար: Կանայք 50-60 կգ ծանրություն էին բարձրացնում, պարաններով ծանր արկղեր էին քաշում վերև: Մեծ մարդասպանը հրամայել էր երկու տարում (կատարվեց 20 ամսում) ավարտել շինարարությունը, այն դեպքում, երբ Սուեզի ու Պանամայի ջրանցքները կառուցվել էին 10-20 տարում... 250 հազար մարդ զոհվեց հենց առաջին հերթափոխում, որոնց էլ փոխարինեց հաջորդ 250 հազարը` ոչնչացվելով նույն դաժանությամբ: Հարյուր հազարավորներ զոհվեցին 126 կմ երկարությամբ Վոլգա-Դոն ջրանցքը կառուցելիս: Հապա Կոտլաս-Վորկուտա երկաթուղին` մոծակների պարսեր, ճահճային զարհուրելի տենդ, բևեռային դաժան սառնամանիք, սով, հիվանդություններ, Ամուրի Կոմսոմոլսկը... և միլիոնավոր կյանքեր խլող այլ կառույցներ:
Մաքսիմ Գորկին 1929 թ. այցելել է Սպիտակ ծովի Սոլովեցկի կղզիախումբ` ամենաիսկական երկրային դժոխք, ուր հակամարդկային աներևակայելի պայմաններում տառապում էին և զոհվում հարյուր հազարավոր աքսորյալներ: Մեծ գրողն այստեղ տեսավ հազարավոր հյուծված, հագուստի փոխարեն պարկեր հագած մարդկանց: Դահճապետի պաշտոնյաները կոմունիստավարի շոու էին սարքել. փայտամածներին նստած գողերի (ի դեպ, բոլոր ճամբարներում ավագներ էին նշանակում գողերին, որոնք անպատիժ տանջում, ստորացնում, նվաստացնում էին մյուսներին, մասնավորապես` մտավորականներին, այսպես ասած` քաղաքականներին) ձեռքները լրագրեր էին տվել, իբր, տեսեք, ինչ լավ պայմաններ են, մարդիկ նույնիսկ լրագիր են կարդում. իսկ գողերը դիտավորյալ լրագրերը թարս էին բռնել, ինչպես նկատել է Գորկին, հասկացնելով, որ այս ամենը սարքովի է: Մի պատանի համարձակվեց դիմել գրողին` խնդրելով առանձին զրուցել: Նա գրողին ներկայացրել էր դժոխային ողջ իրականությունը. մի քանի օր անց պատանուն գնդակահարեցին:
1930 թ. այս կղզիախումբ էին աքսորվել նաև ՈՒկրաինայի ուսումնարաններից մեկի մի քանի հարյուր սաներ, ովքեր ազնվություն, խիղճ ու համարձակություն էին ունեցել չկատարելու դահիճների հրամանը` ճնշել գյուղացիների ապստամբությունը:
Իհարկե, «ազնիվ» կոմունիստները «Սոլովեցկի» լրագրում հոդված տպագրեցին, որում Գորկին իբր հրճվանքով ասում է «Հեղափոխական զանգվածները հերոսաբար, սոցիալիստական մրցությամբ շենացնում են երկիրը». այնպես որ գրողները, մտավորականները, քաղբյուրոյական ոհմակն էլ գիտեին դաժան իրականությունը, բայց դժոխք դարձած երկրում բոլորն էլ դարձել էին դահճի հլու կամակատարները, զուրկ պայքարելու, չարիքի դեմ ըմբոստանալու, մարդու տարրական իրավունքները պաշտպանելու ունակությունից: Եվ զավեշտալի է, որ 1937 թ. Մարիետա Շահինյանը զմայլանքով գրում է. «Սոցիալիզմի դարաշրջանը փոխակերպել է հետաքննությունը. ըստ քննիչների (ամենաիսկական դահիճների- Ա. Ծ.) պատմածների, հիմա մեղադրյալները հաճույքով են (պատկերացնո՜ւմ եք- Ա. Ծ.) աշխատակցում իրենց հետ, իրենց և մյուսների մասին պատմելով անհրաժեշտ ամեն ինչ». պարզապես ապշում ես գրողի միամտությունից, անտեղյակությունից և դահիճ քննիչի ստալինյան զառանցանքից։
«Ստալինը արորով ստեղծեց մեծ Ռուսաստան». ինչպիսի՜ կեղծիք. ընդհակառակը, մարմնի և մտքի այդ դահիճը միլիոնների արյունով շաղախված, այլասերված, բարոյազրկված սոցիալիզմով նախապատրաստեց ոչ միայն միջազգային սոցիալիստական շարժման անկումը, այլև ԽՍՀՄ-ի փլուզումը, ուրեմն և մեծ Ռուսաստանի կազմաքանդումը: Եվ պատահական չէ, որ Ռուսաստանի նախկին բարեկամները թշնամացած ամեն ինչ անում են կազմաքանդելու Ռուսաստանը, և պարզ էլ չէ, թե վերջն ինչ է լինելու:
Վիճակագրության նշանավոր պրոֆեսոր Կուրգանովի հաշվարկներով, 1917-1956 թթ. դահիճների արյունոտ սապոգների տակ զոհվել է 66,7 միլիոն անմեղ մարդ: Այսօր Ռուսաստանի բնակչությունը 200 միլիոն էլ չի կազմում: Եթե չոչնչացվեին այդ տասնյակ միլիոնները, այսօր երկիրը կլիներ 500-միլիոնանոց հզորագույն պետություն:
Կարդում ես կոմունիստական գուլագներում տառապած տասնյակ ազնիվ մարդկանց վավերագրական սարսռազդու պատմությունները ստալինյան համատարած ոճրագործությունների, զանգվածային աներևակայելի խոշտանգումների մասին, խոշտանգումներ, որոնք այսօր էլ ընթերցողներին սարսափեցնում են իրենց դաժանությամբ, ուզում ես բացականչել` պարոնայք, մի անարգեք միլիոնավոր նահատակների, մասնավորապես այնքան տառապանք տեսած հայ ժողովրդի նահատակների հիշատակը` փառաբանելով դահիճներին:
Սոցիալական արդարության մասին։ Նախ, ի սկզբանե հարկավոր էր կառուցել մարդկային և ոչ թե դահճային դեմքով սոցիալիզմ, և նման պարագայում անպայման կհաղթանակեր սոցիալական արդարությունը: Մեծ ճիզվիտը Ռուսաստանը էվոլյուցիոն ճանապարհով զարգացնելու փոխարեն առաջադրեց արյունոտ հեղափոխության մարդատյաց գաղափարը, հռչակելով «ով` ում» եղբայրասպան հարցադրումը հաստատելով ոչ թե դասական բանվորագյուղացիական դաշինք, այլ լյումպենական դաժան դիկտատուրա` էությամբ լյումպեն, նախկին գողական, ցարական պահնորդական մատնիչ Կոբայի, նրա բանդայի` դահիճ-լյումպեններ Բերիայի, Յագոդայի, Եժովի և քաղբյուրոյական ոհմակի գլխավորությամբ: ՈՒրեմն, ի սկզբանե խոսք չէր կարող լինել սոցիալական արդարության մասին, որի վերաբերյալ դուք ակնարկում եք հրճվանքով: Ահա տասնամյակներ տևած սոցիալական զարհուրելի անարդարությունների անժխտելի միայն մի քանի փաստ:
Լենինը, հասկանալով, որ իր բարբարոսական հեղափոխությամբ երկիրը տնտեսական-պարենային աղետի է հասցրել, 1921 թ. անցավ նէպ-ի քաղաքականությանը, այսինքն, այսպես ասած, կուլակությանը` բուրժուազիային, թույլատրեց գործել` երկիրը մեծագույն աղետից փրկելու համար: Բայց նա ուշացել էր, և 5 մլն հայրենակիցներ սովամահ եղան:
1932 թ. լյումպենների պարագլուխը երկրի հացահատիկը արտահանեց Եվրոպա` ոսկի ձեռք բերելու, իր արյունոտ գահը ամրապնդելու համար և արդյունքում ՈՒկրաինայի հարյուրավոր բնակավայրեր գերեզման դարձան 7 մլն բնակիչների համար:
1949 թ. հունիսի 14. գիշերվա ժամը 3-4-ին Երևանում և Հայաստանի այլ բնակավայրերում ստալինյան դահիճները մտնում են քաղաքացիների բնակարանները, նրանց հանում անկողիններից` երկու ժամում պատրաստվելու և գուլագներ քշվելու համար: Մեկ գիշերում 2754 ընտանիք (12850 մարդ)` հղի կանայք, հիվանդներ, երեխաներ, ծերունիներ, սուգ ու լացով, կապոցներով բեռնվում են մեքենաները, ապա մի ամբողջ ամիս փակ վագոններով քշվում են Սիբիր: Մարդիկ մեռնում էին սովից, ծարավից, կանայք ծննդաբերում էին: Անմարդաբնակ տափաստաններ հասնելով, բարեհաճում էին բացել վագոնները, դահիճ հսկիչները սվինը խրում էին մեռածի մարմինը և հարազատների ողբի ներքո վագոնից դուրս նետում: Գիշերային տեղահանման այդ ոճրագործությունների պահին ստալինյան-բոլշևիկյան դահիճները փայլում էին իրենց գազանային բնազդներով։ Այսպես. շրջկոմի քարտուղարը կենտկոմում զեկուցում է տեղահանման մասին. «Պատկերացնո՞ւմ եք, մարդիկ մռայլ դեմքերով էին ենթարկվում, ոմանք համարձակվում էին լաց լինել»։ Ահա ինչպիսի հակամարդկային դեմքով սոցիալիզմ էին կերտել ձեր պաշտելի առաջնորդները, բոլշևիկյան կուսակցությունը: Գրում ես և ամաչում երկրիդ այդքան ամոթալի անցյալի համար:
Բազմաթիվ են փաստերը, երբ կանայք ու աղջիկները սովից փրկվելու համար հնձած արտերից, ժողովրդի լեզվով ասած, «պաշաղ» էին անում, մեքենաների թափքից թափված ցորենի հասկեր էին հավաքում, իսկ նրանց քշում էին գուլագներ` որպես հանրային սեփականությունը հափշտակողների:
1954 թ. հունիսի 25. Կինգերյան համակենտրոնացման ճամբարում աքսորյալները պահանջում են հարգել իրենց սահմանադրական իրավունքները, վերանայել անարդարացի պատիժները, բարելավել ճամբարային անտանելի պայմանները... և` տանկերով ճզմում են 700 հոգու, նաև կանանց:
1962 թ. հունիսի 2. Նովոչերկասկի բանվորները բողոքում են իրենց աշխատավարձերը 30 տոկոսով կրճատելու, կարագի և մսի գները բարձրացնելու դեմ, և լենինյան-ստալինյան ոգով տոգորված քաղբյուրոն տանկերով, զրամեքենաներով, պայթուցիկ փամփուշտներով ճզմում ու գնդակահարում է իրենց քաղաքացիներին, նաև տասնյակ երեխաների:
Այսպիսին էր սոցիալական արդարությունը։ Իսկ ազգայի՞նը...
Մարշալների դավադրության մասին. նախ հարկ է նշել, որ 1937 թ. դահճի կողմից մոլագար կատաղությամբ ոչնչացված հազարավոր փառապանծ զորավարներից շատերը հրեա չէին, կային ռուսներ, նաև ցավոք, հեղափոխությանը նվիրված փառապանծ հայ զորավարներ` Բժշկյանց, Ոսկանյան, Խախանյան, Մելքումյան, որոնք նույնպես հոշոտվեցին, ինչպես նաև Խանփերյանցը, որին ևս ճիզվիտը չխնայեց, որովհետև պարզվել էր, որ հայ է, և սխալմամբ մարշալի կոչում է շնորհվել: Այնպես որ, ճիվաղը ոչ թե Ռուսաստանն էր պաշտպանում ինչ-որ հրեաներից, այլ իր արյունոտ գահը, բացահայտված նողկալի անցյալը: Իսկ 1934 թ. դեկտեմբերին Կիրովի սարքովի սպանությունից հետո կենտկոմի կազմի մեծ մասի ոչնչացումը նո՞ւյնպես հրեական դավադրությունը կանխելն էր, թե՞ դեմոկրատական ճանապարհով իշխանությունը Կիրովին չզիջելը, քանզի պատվիրակների մեծ մասը քվեարկել էր նրա օգտին: Եվ ընդհանրապես այդ լյումպենը ոչ մի սրբություն չուներ. նա վերջին խոսքերով անպատվում էր իր մորը, հալածում մտերիմ ընկերոջ, իր սարսափից ինքնասպանություն գործած Օրջոնիկիձեի կնոջը, իր գործընկեր, արժանապատվությունից զուրկ Կալինինի կնոջը, կենտկոմի ցանկացած անդամի որդուն, աղջկան, եղբորը, որևէ ազգականի` սարսափի մեջ պահելու, իր կամակատարը դարձնելու համար:
Լենին-Տրոցկի հարաբերությունների մասին. դեռ 1921 թ. Լենինը կենտկոմին հղած նամակում առաջարկում էր Ստալինին փոխարինել մեկ ուրիշով, ավելի հավասարակշռված գործչով: Արխիվային տվյալներ կան, որ կինտոն կեղծ կոնտրկտակ էր կազմել: Իսկ Լենինը Տրոցկուն հուդա էր կոչել 1909-1912 թթ., մենշևիկների հետ համագործակցելու համար: Նա Տրոցկուն լավ էլ վստահում էր, և պատահական չէր, որ, 1918 թ. նրան էր վստահել պաշտպանության ժողկոմի պատասխանատու պաշտոնը, Բրեստ-Լիտովսկի պայմանագիրը կնքելու պատասխանատվությունը: Շատ ուշագրավ է այն փասը, որ երբ Տրոցկին փորձում է ձախողել բանակցությունները` հօգուտ հենց Լենինի բարեկամներ Գերմանիայի, Թուրքիայի, այդ առթիվ հղված բողոքներին ճիզվիտը լկտիաբար նետում է. «Տրոցկու բարեկամությունը ինձ համար ավելի թանկ է, քան Լիտվայի ու էստոնիայի կորուստը»: Այնպես որ, ձեր պաշտելի առաջնորդի նպատակն էր պանթուրքիստական, հրեական պետություն ստեղծելը, քանզի նա ակտիվորեն համագործակցում էր հրեաներ Պարվուսի, Թալեաթի, Էնվերի, Ջեմալի և մյուս հայակերների հետ:
Ստալինը ԽՍՀՄ-ի ժողովուրդներին անուղղելի աղետներ է պատճառել: Որևէ բանականությամբ ու բարոյականությամբ հնարավոր չէ հիմնավորել այն, որ երկրի ղեկավարը պատերազմում գերի ընկած միլիոնավոր զինվորների քշի գուլագներում փտելու, այն դեպքում, երբ Եվրոպայում գերիներին կոչումներ էին տալիս, թոշակ էին նշանակում, իսկ ցարական Ռուսաստանում դրամահավաք էին անում` նրանց օգնելու համար. ահա բուրժուական և կոմունիստական հասարակարգերի բարոյական տարբերությունը:
Պարզապես ծիծաղելի է ճիզվիտի ցուցադրական-ցուցամոլական խոսքը` ուղղված իր դստերը` փողը շռայլելու մասին, և հպարտորեն գրում եք` «մեկնաբանություններն ավելորդ են» իբր տեսեք, ինչ ազնիվ պետական գործիչ է: Բայց երբ խոսում եք այն մասին, որ դուստրը, իբր չհասկանալով, գրել է հոր դաժան վարքագծի մասին, այդ դեպքում չեք ասում` մեկնաբանություններն ավելորդ են: Ի դեպ, դուք էլ եք ընդունում, որ Ստալինը շատ դաժան է եղել. կարծում եմ, շատ դաժան մարդը երբեք չի կարող լավ մարդ, ավելին` լավ ղեկավար լինել: Մեկ անգամ արդեն վերնագրել եմ, բայց նորից եմ ուզում ընդգծել 20-րդ դարի ամենամեծ հայի` Նժդեհի իմաստուն խոսքը. «Չկա ավելի զարհուրելի թույն, քան վատ առաջնորդի օրինակը, որը շատ վարակիչ է», և ցավոք, ստալինյան դահճային այդ թույնը վարակեց խորհրդային ողջ հասարակությանը` տասնամյակներ շարունակ սերունդների մեջ դաստիարակելով մարդատյացություն, դաժանություն, չարություն, մատնություն: Մեկնաբանությունները թողնում եմ ձեր բոլշևիկյան խղճին:
Դոստոևսկին երեխայի մի կաթիլ արցունքը հակադրում է ամեն տեսակի հեղափոխություններին, վերակառուցումներին ու վերափոխումներին, ընդգծելով. «Լավագույն դեպքում հասարակական խիղճը պետք է ասի` թող կործանվենք մենք բոլորս, եթե մեր փրկությունը կախված է ընդամենը մի տանջված երեխայից»: Իսկ Լենինի, Ստալինի, բոլշևիկյան-կոմունիստական կուսակցության բռնություններից, դաժանություններից թափված միլիոնների արցունքից թերևս մի սպիտակ ծով կգոյանար և արցունքածածկ կաներ Սոլովեցկի դժոխքը: Իսկ լաց լինելու մարդկային ազնվագույն հատկությունից, կարծում եմ, Լենինի ու Ստալինի նման դահիճները զուրկ էին:

Աբրահամ ԾԱՏՈՒՐՅԱՆ

Դիտվել է՝ 3187

Մեկնաբանություններ