ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը կչեղարկի Ջո Բայդենի վարչակազմի կարգադրությունները՝ պաշտոնն ստանձնելուց հետո առաջին շաբաթվա ընթացքում՝ հայտնել է Թրամփի շտաբի մամուլի քարտուղար Քերոլայն Լիվիթը։ Նրա խոսքով՝ Բայդենի ստորագրած 94 հրամանագրեր հանգեցրել են տնտեսական ճգնաժամի։ «Դրա համար էլ Թրամփին վերընտրել են նախագահի պաշտոնում, որպեսզի կանգնեցնի հետընթացը»,- հավելել է նա։               
 

Հիշելով հռչակավոր ըմբշամարտիկին, մանկավարժին` Նորայր Մուշեղյանին

Հիշելով հռչակավոր  ըմբշամարտիկին, մանկավարժին` Նորայր Մուշեղյանին
28.02.2014 | 11:34

-Պապիկ, ամիսներ շարունակ ցանկանում եմ քեզ մի բան ասել, բայց ամաչում եմ։
-Ամաչելու բան թե չես արել, մի ամաչիր: Ես էլ քեզ եմ հաճախ հարցեր տալիս` առանց ամաչելու: Ասելիքդ ասա:
-Կարո՞ղ ես գուշակել, թե մեր տուն եկող քո ընկերներից ամենից շատ ես ում էի սպասում,- աչքերը լցվեցին:- Ոնց էի ուրախանում, երբ նա գալիս էր: Ո՞վ էր, ասա։
Հանելուկային չէ հարցը. մտքիս ծովն ընկա` գալիս ենք, գնում ենք, հիշվում ենք, մոռացվում: Պատրանք է, գնացածները հաճախ հավաքվում են շուրջդ, լսում ես նրանց ձայները, մեկ էլ կտրվում են ամռան անձրևի նման: Ո՞Ւմ վրա կանգ առնեմ, ո՞ւմ հիշեմ: Թվում է` անգամ տեսնում եմ, աչքիս առջև է, անունը` լեզվիս վրա, բայց...
-Լավ, մի տանջվիր: Առաջին տառերն ասեմ: Անունը` Ն-ով, ազգանունը՝ Մ-ով:
Գլխի ընկա, հասկացա: Տխրությունը բռունցքված վրա տվեց: Փարվեցի թոռնուհուս.
-Նորայր Մուշեղյանը այլ կերտվածք էր, նրա շաղախը ուրիշ էր: Բազմաշերտ տաղանդ էր: Երանի նման հայեր միշտ ունենանք:
Մեր տանը հիշում են: Եվ տեսնես Երևանի քանի՜-քանի տներում են հիշում, հենց Երևանն է հիշում:
Հայաստանի քանի՜-քանի տներում են հիշում, տասնյակ երկրների քանի՜-քանի տներում են հիշում հռչակավոր Նորայր Մուշեղյան հային, մարզիկին, մարզչին, վարպետին, մանկավարժին: Եվ քանի՜ քանիսն են ասում՝ Նորայր Մուշեղյանը իմ կյանքում:
-Դու ինչպե՞ս ես հիշում Նորայր պապիկին, Մանե ջան:
-Երբ մեր տուն էր մտնում, ինձ թվում էր, որ շատ հեռո՜ւ հեռվից է գալիս, երբ գնում էր, թվում էր, թե շատ հեռո՜ւ-հեռու տեղ է գնում: Նա միշտ լավ բաներ էր ասում, ուզում էր լավ բաներ տեսնել հենց էն պահի մեջ, որ կայինք, հենց վաղվա, եկող օրերի մեջ: Հիշում եմ` մեզ բարևելուց հետո մոտենում էր քեզ, նեղացած ասում` հիմա ինչո՞ւ ես պառկած, գլուխ մի՛ պահիր, վեր կաց: Տան տղամարդը ցերեկով չի պառկի, էն էլ` տարիներով: Ասում էր` ի՞նչ, ի՞նչ չես կարող: Դա ի՞նչ խոսք է: Թոռներդ մեծանում են, պահանջները շատանում, իսկ դու կիսատ մի՛ թող: Ասում էր` չեմ սիրում, երբ տղամարդիկ համբուրվում են։
-Հա, շողուլից էլ ենք ընկել: Նեղանում էր` լարից ընկնել չկա, շողուլից ընկնել չկա, մեր ժողովրդին պետք է ամեն ինչում օգնել: Միշտ պիտի լավի, հավատի ձգտում լինի, շարժում, անընդհատ շարժում։
Մի ժամանակ փորձեցի նրան նվիրված վավերագրական վիպակ գրել: Քսան էջ գրելուց հետո զգացի, որ դեռ չեմ սկսել: Երեկ տեսել ես նրան, հիմա էլ ես տեսնում: Երեկվա Նորիկն է ու նույն Նորիկը չէ: Նույն խաղաղն է ու նույն անհանգիստն է: Մտքի մեջ մարդիկ են, որոնց պետք է հասնել, օգնել, ոգևորել: Իր շուրջը հավաքում էր ուժ ու խելք ունեցողներին և նրանց, ովքեր ուժատ էին, հուսահատ: ՈՒժ չունեն` ինքը կտա, էլ ո՞ր օրվա Նորայրն է:
Նա էնքան շատ մրցանակների, տիտղոսների էր արժանացել, որ կարող էր քիթը ցցած ման գալ: Բայց նա չէր լինի Նորայր Մուշեղյան:
Երևանում ծնված մշեցու զավակը` Թագվորի ու Աղավնու չորս արու զավակներից երկրորդը, կյանքում միշտ առաջինն է լինելու, նաև մարդ մնալու իմաստով: Եվ ինչ էլ աներ, պիտի մտածեր` իմաստը ո՞րն է: Անիմաստ օր չի տրված նրան: Չորս եղբայրներն էլ զբաղվում են սպորտով: Նորայրի անունը հաճախ է հնչում: Նրա հետ միշտ հույսեր են կապում:
Եվ մի օր ազգային ի՜նչ հպարտությամբ հնչեց նրա անունը: Հայորդին փառահեղ հաղթանակ տարավ` զգետնեց անպարտելի թուրք հակառակորդին:
Նորայր Մուշեղյան. նրա անունը ոսկե տառերով է գրված, երախտագիտությամբ պետք է կարդանք, արտասանենք։
Միջազգային բազմաթիվ մրցաշարերի, ԽՍՀՄ, Եվրոպայի, աշխարհի առաջնությունների մրցանակակիր և չեմպիոն, ըմբշամարտի հայ առաջին աշխարհի չեմպիոն և գավաթակիր: ԽՍՀՄ սպորտի վաստակավոր վարպետ, ԽՍՀՄ և ՀՀ սպորտի վաստակավոր գործիչ, ԽՍՀՄ վաստակավոր մարզիչ-մանկավարժ, Աշխատանքային կարմիր դրոշի և Ժողովուրդների բարեկամության շքանշանակիր, Արգենտինայի ըմբշամարտի ակադեմիայի պրոֆեսոր, Բնության և հասարակության միջազգային ակադեմիայի պատվավոր դոկտոր: Մարզել և միջազգային ասպարեզ է հանել ՀՀ, ԽՍՀՄ, Աֆղանստանի, Արգենտինայի, Մավրիկիայի ըմբշամարտի հավաքականները:
Բարձր պրոֆեսիոնալիզմի շնորհիվ էր, որ երեսունմեկ տարեկան հասակում` 1966-ին, նա հիմնադրեց Հայաստանի առաջին ըմբշամարտի օլիմպիական հերթափոխի մասնագիտացված մարզադպրոցը, որի սաները մինչ այժմ շարունակում են նվաճել միջազգային սպորտի բարձրաստիճան հարթակներ:
Ազգապաշտ Նորայրն էր, որ 1987-ին հիմնադրեց «Զորավար Անդրանիկ» հայոց համազգային բարեգործական միությունը, որի նախագահը մնաց մինչև իր կյանքի ավարտը: Հայոց հին ու նոր պատմությունը լավ գիտեր Նորայրը, իսկ «անդրանիկյան» հարցերում պարզապես քաջագիտակ էր: Զորավարի ծննդյան և մահվան օրերին Նորայրը պարտադիր հանդես էր գալիս «Ազգ» թերթում: Իսկ երբ Եռաբլուր այցից հետո հավաքվում էինք մարզադպրոցում, և սկսվում էր Զորավարին նվիրված հանդիսությունը, մի խորհրդավոր պահ էր տիրում: Ակադեմիկոսներ են հավաքվածները, պատմաբաններ, անդրանիկապաշտներ, գրողներ, մանկավարժներ։ Այդ պատմությանը տեր եղավ ու իր սքանչելի մանրապատումը գրեց գրող Գևորգ Դևրիկյանը:
Հանդիպում եմ իմ կրտսեր ընկերոջը` Հայաստանի մարզական լրագրողների ֆեդերացիայի նախագահ, մարզական լրագրող Յուրի Ալեքսանյանին:
-Սիրելի Յուրի,- ասում եմ,- հենց ապրես, օրվա հոգսերից չխոսենք: Խոսենք լրագրողների, գրողների հոգսերից: Մարզական հրաշալի լրագրողներ ունենք: Ինչո՞ւ չենք կարողանում ոգևորել, պարզապես պարտավորեցնել, որ նրանք գրքեր գրեն մեր անվանի, միջազգային փառքի ու ճանաչման արժանացած մարզիկների մասին: Քանի՜ մարզիկ իր կյանքը նվիրեց Արցախի հաղթանակի համար: Նաև Մուշեղյանի սաներից զոհվեցին: Լրագրող, արձակագիր Վանիկ Սանթրյանը գրքեր գրեց Սերգեյ Զատիկյանի, Սարգիս Հովիվյանի մասին: Կարող ենք բազմաթիվ անուններ հիշել: Ո՞վ է գրելու Նորայր Մուշեղյանի մասին: Անընդհատ հիշում եմ Նորայրին: Հրաշալի հայ, անվանի մարզիկ ու մարզիչ, տաղանդավոր մանկավարժ, անդրանիկապաշտ։
Հաղթող մարդ, հաղթանակներ սիրող մարդ: Նա ոչ թե կյանք էր սիրում, այլ ամենուր կյանք էր արարում: Երբ ըմբշամարտի մարզադպրոցը բացվեց, նա փողոցներից անգամ, աչքից ընկած ու աչքից հեռու մնացած, ինչպես ասում են, դժվար երեխաների էր հավաքում։ Լավ գիտենք, թե պատերազմի ժամանակ ինչ ու ինչեր արեց Նորայր Մուշեղյանը իր սաների հետ: Բարի հիշենք ու ամենուր նրա անունը հպարտությամբ տանք: Մի լավ օր կգա, ու երկար կխոսենք ոչ միայն Մուշեղյանի, այլև շատերի մասին: Կխոսենք թերթերով, գրքերով: Այո, նրանց մասին ոչ միայն պետք է գրել, այլև մարզադպրոցներ, փողոցներ անվանակոչել, հուշամրցումներ անցկացնել:
Շատ շատերից եմ հիացմունքի խոսքեր լսել Նորայր (իրոք որ` նոր մարդ) Մուշեղյանի մասին: Նրա կերպարով հիացած էր Սիլվա Կապուտիկյանը: Դուք պատկերացրեք գնահատումի ծաղկուն բառերը ժողովրդական արտիստուհի Ժենյա Ավետիսյանի շուրթերին: Ինչ էր ասում Սվետլանա Խանումյանը Նորայրի մասին. «Տղամարդը գոնե մի քիչ պետք է Նորայր Մուշեղյան լինի»: Միշտ անկեղծ, ճիշտ գնահատող Ռոբերտ Փոլադյանը, ծնված Մովսես գյուղում, իր եզերքի սար ու ձորերի մաքրությամբ, մի առիթով հպարտությամբ խոսեց անմոռանալի Նորայրի մասին. «Մեր երկրին ամեն մի բնագավառում Նորայրի նման մարդիկ են հարկավոր: Միայն նրա հետ ճամփա գնացողը կհասկանար, թե ով է Նորայր Մուշեղյանը` իր երկրի հավատավոր զավակը»:
Ասում են` անփոխարինելի մարդ չկա: Նորայրը, չենք թաքցնում, ուղղամիտ էր, դիմացինին տրամադրող, ամեն ինչ էր հասկանում ու, կարևորը, գնահատում էր ժամանակը: Նա ժամանակի տերն էր: Մուշեղյանի ղեկավարած մարզադպրոցում տարբեր առիթներով շատ եմ եղել: Նա չէր սիրում սպասել: Սպասեր, որ իրեն մեկը հուշեր, հրաման տար: Միայն ժամանակն իրավունք ուներ սպասելու կամ հրամայելու: Սա կյանք է, նաև հայոց կյանք է: Պիտի մխրճվես քո երկրի կյանքի մեջ: Զորավար Անդրանիկի մեծությունը զգալու համար պետք է թեկուզ մտքով քայլես նրա անցած ճանապարհով` միշտ հիշելով ժամանակը, քո երկրի, ժողովրդի վիճակը:
Զորավար Անդրանիկը ապրել է Վառնայում: Իսկ ինչո՞ւ զորավարի ապրած տան պատին հուշատախտակ չտեղադրել: Իսկ ինչո՞ւ բուլղարահայերը: Իսկ ինչո՞ւ սփյուռքահայերը: Իսկ ովքե՞ր: Քեզնից մի՛ հեռացիր, Թագվորի որդի Նորայր Մուշեղյան: Հենց դո՛ւ: Դա քո ազնիվ մտահղացումն է, ինքդ էլ իրագործիր: Հա, հորդ հոգու հետ խորհրդի նստիր: Կոտորած տեսած մարդ էր, երկրի կորուստ տեսած, ժողովրդի կորուստ: Ասել ես` քո ձայնը քո ականջով լսել ես: Ինչ քար ես ընտրում: Քո ընտրած քարը դու ես քո մեքենայով հասցնելու Բուլղարիա: Մարդիկ այսօր հարցնում են` սովետի ժամանակ դա հնարավո՞ր բան էր, խելքին մո՞տ էր: Եթե Նորիկի նման տղաներ կային, ուրեմն ուզած ամեն լավ բան էլ կլիներ: Ինչ սպասված ջերմությամբ են ընդունում բուլղարները: ՈՒրախ են բուլղարները, որ Հայաստանում չեն մոռացել Անդրանիկին։
Նորայրը ամեն հարցի շուրջ երկար էր մտորում: Նախ՝ մտքում: Վառնայից հետո տարիներ շարունակ մտածում էր Զորավարի աճյունը Փարիզից Երևան տեղափոխելու մասին: Մտերիմները խենթություն էին համարում: Ո՞վ կհամաձայնի: Եվ մի օր էլ Փարիզ գնաց: Հանդիպեց Զորավարի հարազատներին, հայտնեց իր ցանկությունը: Զորավարի խոնջացած ոսկորները պետք է հանգիստ գտնեն Երևանում: Անդրանիկը է՛ն Զորավարն է, որ զինվորներ ունեցավ իր կենդանության օրոք, զինվորներ ունեցավ արցախյան գոյամարտի տարիներին և ունենալու է միշտ: Տարիներ հետո եկավ սպասված օրը:
Արթուն էր Մուշեղյանը, երբ հիմնադրեց և միջազգային ասպարեզ հանեց իր ազգի հերոսների՝ Զորավար Անդրանիկի և Մարշալ Բաղրամյանի մրցաշարերը։


Հրաչյա ՄԱԹԵՎՈՍՅԱՆ

Հ. Գ.- «Իրատես de facto» թերթի մարզական էջառու Մարտին Հուրիխանյանը, նաև ընթերցողները թող ներողամիտ լինեն, որ չկարողացա Նորայր Մուշեղյանին վայել, պայծառ դիմանկար ստեղծել: Պարզապես փորձեցի ասել, որ շատ շատերի հիշողության մեջ ապրում է մի մարզիկ, որն իր ոսկե էջը թողեց մեր մարզական պատմության հերկում, և նրա պահած, այո, հիմնադրած, շահած դպրոցի կամարները հուշում են, որ դպրոցի առջև մի գեղեցիկ օր կբարձրանա հաղթանակներ կերտող քաջ հայորդու արձանը, և բոլորս կասենք` վաղուց արժանի էր, որ դպրոցը անվանակոչվեր, կրեր Նորայր Մուշեղյանի անունը: Նա խաղաղ պեծ ու կրակ էր, հենց այրում էր ու նվիրում իր Հայաստանին, իր Երևանին, իր ժողովրդին:

Դիտվել է՝ 3103

Մեկնաբանություններ