ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը կչեղարկի Ջո Բայդենի վարչակազմի կարգադրությունները՝ պաշտոնն ստանձնելուց հետո առաջին շաբաթվա ընթացքում՝ հայտնել է Թրամփի շտաբի մամուլի քարտուղար Քերոլայն Լիվիթը։ Նրա խոսքով՝ Բայդենի ստորագրած 94 հրամանագրեր հանգեցրել են տնտեսական ճգնաժամի։ «Դրա համար էլ Թրամփին վերընտրել են նախագահի պաշտոնում, որպեսզի կանգնեցնի հետընթացը»,- հավելել է նա։               
 

«Ո՜վ անճառ Մին»

«Ո՜վ անճառ Մին»
15.10.2013 | 11:27

Աստվածապաշտ մարդու վերելքը կախված է նրա մեջ Աստծո կարողության ազատ դրսևորումից: Նրա ներքին կյանքը կախված չէ շրջապատից, ինչ-որ հոսանքներից, որովհետև կյանքը չի առաջանում այդ հոսանքներից, հոսանքներն են առաջ գալիս կյանքից: Կյանքը ուսմունքների արգասիք չէ, ուսմունքներն են կյանքի արգասիք: Աստծո կյանքն է անարգել հոսում բանաստեղծի մեջ և ոչ թե ինչ-որ կրոնական հոսանք կամ ուսմունք: Աստված նրան տվել է իմաստություն և իմաստության խոսքի պարգև, և դա այն իմաստությունը չէ, որ Աստված տալիս է յուրաքանչյուր խնդրողի (Հակ. 1.5), այլ հոգևոր իմաստություն է, Սուրբ Հոգու պարգև, ուղերձ.

Ո՜վ անճառ Մին, որ ամենքին միացնում ես
մի կյանքում,
Ամեն կյանքում ու երակում անտես,
անկեզ բորբոքում,-
Ողջ ազատ են ու հարազատ էս աշխարհքում
Քեզանով,
Ողջը Քո մեջ` անմա՜հ, անվերջ`
Քեզ են երգում Քո ձենով…

Որոշ փիլիսոփաներ ու գիտնականներ այնքան էլ բարյացակամ չեն Աստծո Խոսքի հանդեպ, քանի որ հավակնում են ոչ միայն քննելու, վեր հանելու այն ամենը, ինչ գոյություն ունի երկնքում և երկրի վրա, այլև հավակնում են քննելու հենց Իրեն` այդ ամենը Ստեղծողին, և չեն հանդուրժում Նրա անքննելիությունը: Ճիշտ է, նրանք խոստովանում են, որ իրենց համար տիեզերքում և երկրի վրա դեռ շատ առեղծվածներ կան չբացահայտված, բայց չեն ուզում խոստովանել, որ կա Մեկը, ՈՒմ երբեք չեն կարող քննել: Որպեսզի կարողանան խոստովանել, նրանք պետք է ընդունեն, որ իրենց հասկացողության սահմաններից դուրս է այդ Մեկը և չի ենթարկվում իրենց մտածողությանը: Չեն ընդունում, թող չընդունեն, բայց որ փորձում են Նրան վար բերել Իր բարձունքներից և Նրա հետ վարվել այնպես, ինչպես իրենք են ցանկանում, դա արդեն անհանդուրժելի հանդգնություն է:
Իհարկե, սա չի նշանակում, թե գիտնականներն ու փիլիսոփաները, և ընդհանրապես մարդիկ, պետք է խուսափեն Աստծուն ճանաչելուց, Նրա հետ մտերմանալու վեհ ձգտումներից: Ընդհակառակը, կյանքի մասին գիտական ու փիլիսոփայական ճշմարիտ հայացք ունենալու համար պետք է գոհանալ, որ Նրա աստվածային զորությունը «մեծ և պատվական խոստումներ է տվել մեզ, որպեսզի հաղորդակից լինենք Նրա աստվածային բնությանը» (Բ Պետր. 1.3-4):
Եվ Նրա գոյությանը հավատալով հանդերձ` կասկածի տակ չառնենք Նրա կատարած հրաշքները` պատճառաբանելով, թե իբր դրանք հակասում են բնության օրենքներին: Մի՞թե կարելի է Աստծուն սահմանափակել Իր իսկ ստեղծած բնության օրենքներով և չհավատալ, որ կան նաև գերբնական օրենքներ, որոնք նույնպես Ինքն է ստեղծել: Ըստ Սուրբ գրքի` բոլոր տեսանելիները Անտեսանելիի ձեռքով են ստեղծվել (Եբր. 11.1): Աստծո համար ոչ մի բան գերբնական չէ, իսկ մարդու համար նույնիսկ բնական բաներն են գերբնական. «Ինչ որ անում ենք, Նրանով ենք անում, և Նրանով է, որ ապրում ենք ու շարժվում և կանք» (Գործք 17.28):
Թումանյանը, ի հեճուկս այդ փիլիսոփաների ու գիտնականների, առանց վերապահումների և առանց ավելորդ հավակնության հայացքն ուղղում է դեպի «ամենքին մի կյանքի մեջ միացնող Անճառ Մինը», այսինքն` դեպի Նա, ՈՒմ մասին անհնար է ճառել, պատմել, նկարագրել, դեպի Անճառը, Անճառելին, Անպատումը, Անասելին, Աննկարագրելին, այսինքն` դեպի Ամենակարողը (Ծննդ. 17.1), Ամենազորը (Ես. 9.6), Գերիշխանը (Դան. 8.25), Ամենակալը (Հայտն. 1.7), Ամենատեսը (Ծննդ. 1.31), Ամենագետը (Առակ. 8.26), Անքննելին ու Անզննելին (Ես. 55.8-9), Անըմբռնելին և Անսահմանը (Գ Թագ. 8.27, Ես. 66.1), Հավիտենականը (Ես. 40.28, Ա Հովհ. 2.12-14), Անփոփոխելին (Եբր. 13.8), Անմերձենալին (Ա Տիմ. 6.16), Սքանչելին (Ես. 9.6) և այլն: Դեպի «Անճառ Մինը», այսինքն` դեպի Եզակին, Միակը: Չկա Նրա նման ուրիշ մեկը. «Ամեն ինչ Նրանով եղավ, և առանց Նրա ոչինչ չեղավ, ինչ որ եղավ» (Հովհ. 1.3):
Բանաստեղծն իր անհատականությունը չի հակադրում Աստծո անհատականությանը, իր կամքը` Աստծո կամքին, նա ընդունում է Նրա ինքնիշխանությունը. «Նա Իր աթոռը Երկնքի մեջ հաստատեց, և Նրա թագավորությունը տիրում է բոլորին» (Սաղմ. 103.19), այսինքն` Նա է ամբողջ տիեզերքի Տերը և Տիրակալը: Նրանով են հաստատվում տեսանելի և անտեսանելի աշխարհների բոլոր օրենքներն ու կանոնները: Այդ աշխարհները Նրան են հպատակվում, քանի որ. «Ինքը հրամայեց, և նրանք ստեղծվեցին, և նրանց կանգնեցրեց (հաստատեց) մինչև հավիտյան. կանոն դրեց, որ չի խափանվի» (Սաղմ. 148.5,6):
Նրան «Անճառ Մին» կոչելուց առաջ բանաստեղծի համար աստվածային էության հրաշքն ու փառքը բացահայտված են Նրա տարբեր անունների մեջ: Այդ անունների մեջ Նա ներկայանում է որպես ճշմարիտ և հավիտենական Աստված, Միակը, որ բացարձակ Գոյ է. «Մտե՛ք Նրա դռները գոհությամբ, Նրա սրահները` փառաբանությամբ, գոհացե՛ք Նրանից և օրհնեցե՛ք Նրա անունը» (Սաղմ. 100.4):
«Ո՜վ Անճառ Մին, որ ամենքին միացնում ես մի կյանքում»: Չէ՞ որ սա էլ է օրհնություն, գոհության մտերմիկ պատարագ, որ մատուցում է բանաստեղծը` Տիրոջ անունը «Անճառ Մին» կանչելով: Այս նոր անունը Աստծո ակունքն ու իմաստն է հանդես բերում Աստված-Թումանյան հարաբերության մեջ: Դրա վառ օրինակն է Աստծո հայտնությունը Մովսեսին անկեզ մորենու մեջ (Ել. 3.13-15): Մովսեսի այն հարցին, թե ինչ է Նրա անունը, Տերը պատասխանեց. «Ես Եմ, որ Եմ», այսինքն` Աստված է, որ մեզ տալիս է այն ամենը, ինչի կարիքը մենք ունենք, իսկ մենք փրկության, ներման, արդարության, սրբության, խաղաղության, բժշկության, հաղթության, հովվության կարիք ունենք: ՈՒրեմն, մեր կարիքները բավարարող «Ես Եմ, որ Եմ»-ը կարող է միայն լինել մեր Արդարությունը, մեզ Սրբացնողը, մեր Խաղաղությունը, մեր Բժիշկը, մեր Հաղթությունը, մեր Հովիվը: Նույն անալոգիայով «Անճառ Մինը» կարող է լինել մեր Զորությունը, Իմաստությունը, Բարությունը, Հեզությունը, Համբերությունը, Ողորմությունը:
«Անճառ Մին»-ը բանաստեղծին տրված հայտնություն է և ոչ թե մտացածին անվանում: Ճիշտ այնպիսի հայտնություն, ինչպիսին էր Հիսուսի Ով լինելու մասին Պետրոսի տված պատասխանը. «Դու ես Քրիստոսը՝ կենդանի Աստծո Որդին»: «Երանի քեզ… որովհետև դա մարդու կողմից չհայտնվեց քեզ, այլ Երկնքում գտնվող Իմ Հոր կողմից» (Մատթ. 16.15-16): Հավատացյալին Աստված է հայտնում, թե ով է Քրիստոսը` Մեծ «Ես Եմ, որ Եմ»-ը: Թումանյանին նույնպես Աստված է հայտնել Քրիստոսի «Անճառ Մին» լինելը: Աստծո և մեր Տեր Հիսուս Քրիստոսի արդարությամբ հավատն ընդունած բանաստեղծը գիտի, որ Աստված հավատը տալիս է նրանց, ում կանչում է, որովհետև Աստված սկզբից ընտրեց նրանց, որ փրկվեն Սուրբ Հոգու սրբացումով և ճշմարտության հավատով:
Թումանյանը կանչվեց, որպեսզի նրա մեջ փառավորվեր Հիսուս Քրիստոսի` «Անճառ Մին»-ի անունը: Այդ անունը փառավորելը դարձավ նրա պարտավորությունն ու կոչումը: Աստված փառավորվեց Թումանյանի մեջ, և Աստված լիովին կփառավորի Թումանյանին` հարություն տալով նրան և Իր Որդու պատկերի կատարյալ կերպարանակիցը դարձնելով: Աշխարհաստեղծումից էլ առաջ հենց դա է եղել Աստծո ծրագիրն ու նախասահմանությունը, որ «մի կյանքի մեջ միացած» ամեն վերստին ծնված հավատացյալ փրկություն և հավիտենական կյանք ստանա:
Ինչպես որ մեր մարմինն է մեկ և կազմված է բազմաթիվ անդամներից, այնպես էլ Քրիստոսի Մարմինն է մեկ և կազմված է բազմաթիվ հավատացյալներից: Հոր հետ Քրիստոսի միությունը դրսևորվեց Նրա հետ նույնանալու միջոցով: Հայր Աստված, Որդի Աստված և Սուրբ Հոգի Աստված մեկ են, այսինքն` ոչ թե երեք, այլ մեկ Աստված: Նրանք մեկ են, իրար հավասար և կազմում են հավիտենական, անփոփոխ նույնություն: Բոլոր քրիստոնյաները նույնպես հավասար են և կազմում են նույնություն` Քրիստոսի Մարմին, որը նույնքան խորհրդավոր է իր միասնության մեջ, որքան Սուրբ Երրորդությունը` իր միության մեջ:
Հոր և Որդու միությունը մի նմուշ է այն միության, որը փորձառելու էին մարդիկ, ում մեջ բնակվելու էր Աստված: Ինչպես Հայրն է Որդու մեջ և Որդին` Հոր, այնպես էլ բոլոր վերստին ծնվածները պետք է մեկ լինեն Հոր և Որդու մեջ: Սա հոգևոր միություն է, որը ստեղծվում է Սուրբ Հոգու միջոցով: Աստծո Սուրբ Հոգու շնորհիվ է, որ բոլոր-բոլոր քրիստոնյաների սրտերն ու մտքերը մեկ են դառնում: Հոգին մեկ է, Մարմինը` մեկ: Բոլորը մեկ Մարմին են, որովհետև բոլորի մեջ նույն Հոգին է: Նախ` մեկ Հոգի, այնուհետև՝ Հոգու միջոցով` մեկ Մարմին: Սուրբ Հոգին կյանքի Հոգին է, որ հավատացյալի մեջ դառնում է աստվածային կյանք, և այդ կյանքը գալիս է Քրիստոսով. «Ես եմ Կյանքը»: Առաքյալն ասում է, որ այդ Կյանքը Որդու մեջ է, և միայն Որդուն մեր մեջ ունենալով է, որ կյանք կունենանք: Եվ այդ Կյանքով է, որ Աստծո Որդին բոլոր հավատացյալներին միացնում է մեկ կյանքի մեջ:
Իր մեջ այդ Կյանքն ունեցող բանաստեղծը հենց այնպես չէ, որ ասում է. «Ամենքին միացնում ես մի կյանքում»: Այսինքն` խոսքը անհավատների ու ամբարիշտների մասին չէ, այլ փրկվածների: ՈՒստի փրկվածների այդ միությունը բխում է Քրիստոսի հետ ունեցած միությունից:
Աստծո Որդին աշխարհ եկավ բոլոր մարդկանց Փրկիչը լինելու: Քրիստոսի Արյունով (Քրիստոսի զոհաբերական մահով) բոլոր հավատացյալները մերձավոր դարձան, իրար միացան մեկ հոգևոր ընտանիքի մեջ: Քրիստոսը խաղաղություն է ստեղծում ոչ միայն մարդու և Աստծո միջև, այլև մարդկանց միջև: Նա խաղաղություն է ստեղծում հավատացյալի և հեթանոսի միջև: Նա քանդեց Աստծուն և մարդուն բաժանող, նաև մարդկանց իրարից բաժանող միջնապատը` թշնամությունը՝ հավատացյալի և հեթանոսի, բարձր դասակարգի և ցածր դասակարգի, հարուստի և աղքատի, տարբեր ցեղերի ու ազգերի միջև եղած թշնամությունը, և «ամենքին միացրեց մի կյանքում»:
Ասել է թե՝ հեթանոսներին մաքրվելու և Աստծո ներկայության մեջ մտնելու հնարավորություն է ընձեռված: Մարգարե բանաստեղծը ամենքին մի կյանքի մեջ միացնելու հայտարարությամբ փաստորեն հաստատում է, որ մարդը փրկվում է միայն Քրիստոսին հավատալով և ոչ թե Օրենքին հնազանդվելով: «Բայց ոչ թե միայն նրանց համար եմ աղաչում, այլ նրանց համար էլ, որ նրանց խոսքով կհավատան Ինձ, որ ամենքը մեկ լինեն, ինչպես Դու, Հա՛յր, Իմ մեջ, և Ես Քո մեջ, որ նրանք էլ Մեր մեջ մեկ լինեն, որ աշխարհը հավատա, թե Դու ուղարկեցիր Ինձ» (Հովհ. 17.21):
Խաչելության նախօրյակին այս աղոթքում Հիսուսը Հորը խնդրում է ոչ միայն իր տասնմեկ աշակերտների, այլ բոլոր նրանց համար, ովքեր հավատացել են և կհավատան Ավետարանին:
Իսկ ի՞նչ է խնդրում Հիսուսը: Նա խնդրում է, որպեսզի ամենքը մեկ լինեն, որ Աստված «ամենքին միացնի մի կյանքում»: Բոլորը պետք է մտքով ու սրտով մեկ լինեն, մեկ լինեն սիրո, Քրիստոսի և Աստծո մեջ, ինչպես Աստված և Քրիստոս են մեկ:
ՈՒր որ Սուրբ Հոգին է, այնտեղ ազատությունն է, ուրեմն երբ Սուրբ Հոգին մեր մեջ է, մենք ազատ ենք: Հիսուսն ասում է. «Եթե Իմ Խոսքի մեջ մնաք, ճշմարտապես Իմ աշակերտներն եք: Ճշմարտությունը կճանաչեք, և ճշմարտությունը կազատի ձեզ» (Հովհ. 8.31,32): Քրիստոսի Խոսքի մեջ հարատևող մարդը կիմանա ճշմարտությունը, և այդ ճշմարտությունը կազատի նրան մեղքի ու տգիտության կապանքներից: Եվ մեղքից ազատվելուց հետո նա կծառայի ճշմարտությանը: Ահա այդ ճշմարտության զավակներն են, որ «ազատ են և հարազատ այս աշխարհում», և ամենքը մեկ են մտքով ու սրտով` Որդու և Հոր մեջ, ինչպես որ Հայրն ու Որդին են մեկ` իրարու մեջ: Մտքով ու սրտով մեկ եղողները մշտապես վայելելու են Աստծո ներկայության ցնծությունը, Աստծուն փառաբանելու են «Աստծու ձայնով».

Ողջ ազատ են ու հարազատ էս
աշխարհքում Քեզանով,
Ողջը Քո մեջ` անմա՜հ, անվերջ`
Քեզ են երգում Քո ձենով…

Լինե՞լ, թե՞ չլինել. սա մի հարցադրում է, որ ավելի խոր իմաստ ունի, քան Շեքսպիրը կարող էր պատկերացնել: Այս հարցադրումը մարմնավոր (մահաբեր) խորհրդի արդյունք է: Համլետի գործերը, խոսքերը, մտքերը իշխող դիրք ունեն նրա էության վրա, ուստի նրա հարցադրման պատասխանն ընդամենը այն է, թե ինչով է մարդը զբաղված: Մահը (հոգևոր մահը) գործերի կամ մտածմունքների մեջ չէ, մահը մարմնավոր (մեղանչական) մտքի մեջ է, որն էլ հենց ցանկություն է առաջացնում մտածելու դրանց մասին և զբաղվելու դրանցով: Մարմնավորի միտքը մշտապես մահ է բերում, անկախ այն բանից, թե որտեղ է այն դրսևորվում և ինչ ձևափոխություններով է հանդես գալիս: Մարմնով ապրողները մտածում են մարմնի մասին, մինչդեռ Հոգով ապրողները խորհում, ուսումնասիրում և սովորում են այն, ինչ վերաբերում է Հոգուն: Հոգևոր միտքը պահում է հավատացյալի կապը Կյանքի Աղբյուրի` Աստծո հետ, դրա համար էլ Հոգու խորհուրդը հավիտենական կյանք և խաղաղություն է (Հռոմ. 8.13):
Թումանյանը գիտակցում է, որ մեղանչական մարմնին մահվան վճիռ է սպառնում, ուստի մարմնի ազդեցությամբ չի գործում, այլ Հոգու: Երբ մարդը սկսում է մտածել Աստծո մտքով, նա քանդում է իր սեփական՝ մարմնավոր մտքի կառուցած բոլոր կապանքները: Հին Կտակարանի նշանավոր զորավարներից մեկին` Հեսուին, ամորհացիների դեմ մղած ճակատամարտը հաղթական ավարտի հասցնելու համար ցերեկվա ժամերը չբավարարեցին: Եթե նա արդեն պարտված թշնամուն չջախջախեր մինչև մութն ընկնելը, ապա գիշերվա ընթացքում նրանք կվերադասավորեին իրենց ուժերը, և առավոտյան նորից վերսկսելու, նորանոր կորուստների գնով հաղթանակի հասնելու խնդիր կառաջանար:
Ահա այս խորհրդածությունների մեջ Հեսուի գլխում արեգակը կանգնեցնելու միտք ծագեց: Զորավարը հասկացավ, որ նման միտք միայն Աստված կարող էր առաքել, քանի որ ոչ մի մարդու գիտակցության մեջ այդպիսի միտք չէր կարող ծնվել: Առանց տարակուսանքի նա հրամայեց, և արեգակը կանգ առավ, իհարկե, ողջ տիեզերքի և Երկիր մոլորակի հետ միասին: Զորավարը գիտեր, որ Աստված ավելի մեծ է, քան ցանկացած իրական և երևակայական խնդիր, ուստի իր մտածելակերպին թույլ չէր տալիս սահմանափակել, փոքրացնել Ամենակարողին: Այդպիսին է փրկված և փոխված մարդու մտածելակերպը: Նա չունի Աստծուն սահմանափակող մտքեր, ընդհակառակը, նա թույլ է տալիս, որ Քրիստոսի միտքը դառնա իր միտքը, որպեսզի ինքն ունենա Աստծո զորությունն ու կարողությունը: «Ոչ ոք չգիտի Աստծո խորհուրդները (միտքը), եթե ոչ Աստծո Սուրբ Հոգին» (Ա Կորնթ. 2.11): ՈՒրեմն, եթե Սուրբ Հոգին բնակվում է մարդու մեջ, ապա այդ մարդը Աստծո միտքն ունի:

Արտակ ՈՍԿԱՆՅԱՆ
Գրող, հրատարակիչ

Դիտվել է՝ 3002

Մեկնաբանություններ