ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը կչեղարկի Ջո Բայդենի վարչակազմի կարգադրությունները՝ պաշտոնն ստանձնելուց հետո առաջին շաբաթվա ընթացքում՝ հայտնել է Թրամփի շտաբի մամուլի քարտուղար Քերոլայն Լիվիթը։ Նրա խոսքով՝ Բայդենի ստորագրած 94 հրամանագրեր հանգեցրել են տնտեսական ճգնաժամի։ «Դրա համար էլ Թրամփին վերընտրել են նախագահի պաշտոնում, որպեսզի կանգնեցնի հետընթացը»,- հավելել է նա։               
 

Երկու ամիս բոլշևիկյան բանտում (մաս 7-րդ)

Երկու ամիս բոլշևիկյան բանտում (մաս 7-րդ)
08.10.2013 | 11:28

Բախշի

ԻՇԽԱՆՅԱՆ


(սկիզբը` այստեղ)

Բաքուն և Անկարան պահանջներ են դնում, իրենց հայ «ընկերներից» բռնությունների, հալածանքների դժոխային ծրագրի իրագործում են սպասում։
Սա վատ խաղի սկիզբ էր, ո՞ւր էր տանելու ավարտը, Աստված իմ: Նշանակում է՝ այս թշվառականները ամեն ինչում և ամեն քայլափոխի ոչ միայն Մոսկվայի ծափով են պար գալիս, այլև Բաքուն իրավունք ունի սրանց վրա մատ թափ տալու: Ինչպիսի՞ ողբալի դրության էր մատնվել Հայաստանը. հայ ժողովրդի քաղաքական բախտը տնօրինողներին նարիմանովներն ու կարաևները պիտի թելադրեին իրենց կամքը` քողարկված պանիսլամիզմի հրեշավոր ծրագիրը:
Ամբողջ օրը ես կամ մտամոլոր քայլում էի բանտախցում, կամ պառկում ու շարունակ մտածում հնարավոր գալիքի մասին: Ինձ ամենից շատ սարսափեցնում էր քաղաքացիական արյունահեղ կռիվների ուրվականը, որի շորշոփն արդեն տեսել էինք մայիսյան շարժման օրերին: Իսկ կենտրոնում մուսուլմանական ուժեղ ազդեցությունը աշխատելու է ամեն կերպ հայ սինլքորների միջոցով արյունահեղ քաղաքականություն վարել:
Հաջորդ օրը, դեկտեմբերի 17-ի երեկոյան, երկու շաբաթ բանտ նստելուց հետո ազատեցին նաև ինձ: Բարեկամներս՝ Մելիք-Հովսեփյանները, պատմեցին, որ շատ աղմկալից է եղել հեղկոմի այն նիստը, ուր վերջնականապես պիտի լուծվեր իմ հարցը: Հակառակորդներս, մանավանդ դրանցից մի երկուսը, որպես անձնական թշնամիներ, ամեն կերպ համառել ու չէին համաձայնել դրական քվե տալ: Սակայն երբ Բաղդատյանն սպառնացել էր, թե հակառակ դեպքում ինքն իր պատասխանատվությամբ ինձ բաց կթողնի, մյուսներն ակամայից համաձայնել ու դրական լուծում էին տվել հարցիս:
Հարց ծագեց` այժմ ի՞նչ էի անելու:
Առանց վարանելու որոշեցի շարունակել պաշտոնավարությունս, չհրաժարվել ծառայությունից, մինչև կոմիսարիատն ինքը ինձ պաշտոնից չազատի: Պաշտոնս` պետական վիճակագրությունը, այնպիսին էր, որ ես ոչ մի կապ ու շփում չունեի քաղաքական ու վարչական շրջանակների հետ, և անհարմար դրություն չէր ստեղծվի ինձ համար: Վերջապես, ինչո՞ւ հրաժարվելով զենք տայի հակառակորդներիս ձեռքը, որ նրանք ինձ մեղադրեին ծառայությունից խուսափելու մեջ, ինչո՞ւ դառնայի «սաբոտաժնիկ» և ինչո՞ւ չունենայի զենք իմ ձեռքին` հարկ եղած դեպքում ինքս նրանց մեղադրելու համար:
Հաջորդ օրը դուրս եկա քաղաք: Փողոցով անցնել չէր լինում, ամեն կողմից մարդիկ զվարթ դեմքերով թափվում էին վրաս, ձեռքս սեղմում և բարձրաձայն, ցուցադրաբար գոչում` «շնորհավորում ենք», «կեցցե», «բռավո՛, Իշխանյան», «հաղթանակը ձերն է», «հերոսացաք» և այլն, և այլն: Ես խիստ ճնշվում էի այդ դրսևորումներից և աշխատում էի խուսափել բանուկ փողոցներից: Իհարկե, իմ հասցեին չէին այդ դրսևորումները, այլ այն գաղափարների, այն առողջ քննադատական տեսակետների, որ շարունակ արծարծել էի մեր ազգային-պետական կյանքի վերածնության շուրջ: Եվ այդ գաղափարներն էին ահա, որ հրապարակավ փառաբանվում էին:
«Նշանակում է` հասարակական համակրանքը դարձյալ մեր կողմում է».- մտածում էի ես: Նշանակում է` օտարի տիրապետությունը, հակառակորդի ձեռնարկած բոլոր միջոցները և ամեն կարգի ու ձևի մղած քարոզչությունը չեն փոխել հասարակական տրամադրությունները հօգուտ նրանց: Միայն թռուցիկ տպավորությունների հետևանքով չէր, որ այդպիսի կարծիք կազմեցի, այլև իմ ընկերների ու բազմաթիվ ծանոթների կենդանի վկայությամբ:
Եվ դա դեռ այն ժամանակ` առաջին մեղրամսին, երբ բոլշևիկյան իշխանությունը դեռևս հրապարակավ ի ցույց չէր դրել իր իսկական դեմքը, իր կերպարանքը, երբ ժողովուրդը բոլշևիկյան դառնության բաժակը դեռ չէր ճաշակել, երբ դեռևս սա-նա միամտաբար ինձ հարցնում էին` ո՞ւր են հապա այն սարսափները, որոնց մասին այնքան խոսում են, մինչ այժմ դեռ ոչինչ չենք տեսել: Ահա դեռևս այդ սկզբնական մեղմ շրջանում ժողովրդի մեջ խորանում էր հիասթափությունը:
Բանտից դուրս գալուս առաջին իսկ օրվանից երկու դեմքեր չափչփում էին քայլերս, երկու բոլորովին անծանոթ երիտասարդներ շարունակ հետևում էին ինձ, երբեմն` միասին, երբեմն` առանձին-առանձին: ՈՒր գնում էի, ուր մտնում էի, ում հետ խոսում էի, այդ մարդիկ, ասես կենդանի ուրվականներ, նայում, տեսնում, հետևում էին ինձ:
Բայց ահա չորս օր անց ամենահավաստի աղբյուրից ինձ հաղորդեցին հետևյալը. բոլշևիկյան կուսակցության կենտրոնական կոմիտեի նիստում Երևանի աշակերտներից ընտրված երիտասարդ անդամները բողոքել են հեղկոմի մեղմ, թույլ և անվճռական վարքագծի դեմ, փաստ բերելով, օրինակ, իմ այդքան շուտ ազատվելը բանտից և հեղկոմի մեղմ վերաբերմունքը դեպի բանտարկված դաշնակցականները:
Եվ ահա երիտասարդների բողոքի ու քննադատության բացասական հետևանքները շուտով ի հայտ եկան. դեկտեմբերի 23-ին ստացա չեկայի գրությունը՝ հետևյալ բովանդակությամբ. «Առաջարկվում է ձեզ դեկտեմբերի 24-ին, առավոտյան ժամը 10-ին ներկայանալ չեկայի նախագահին»:
«Անշուշտ, չեկայի հրավերը լավ բանի համար չի լինի»,- մտածեցի ես, ու մի վատ կանխազգացում պաշարեց սիրտս: Նույն կարծիքն ունեին նաև ընկերներս, որոնցից մի քանիսն առաջարկեցին թաքնվել և ամենևին չներկայանալ:
Հաջորդ օրը նշված ժամին ես այնտեղ էի: Բայց պարոնը դեռ չէր եկել, իսկ օգնականը և քարտուղարը չգիտեին բանն ինչ է: Ստիպված սպասեցի մի ամբողջ ժամ: Օգտվելով հանգամանքից, ես դիտեցի չեկա կոչված այդ անիծյալ հաստատությունը:
Դա բազմաթիվ բաժանմունքներից բաղկացած մի լաբիրինթոս էր, տեղավորված Երևանի ամենալավ ու ամենամեծ շենքերից մեկում: Բոլոր բաժանմունքներում, չնչին բացառությամբ, ծառայում էին փոքրահասակ աշակերտներ և օրիորդներ: Կային բաժանմունքներ, ուր մուտքը խստիվ արգելված էր. դրանք նրանց գաղտնարաններն էին, ուր սովորական մահկանացուն մուտք գործել անկարող էր: Շենքի ներքնամասում, բակի կողմում, կային մի քանի մութ սենյակներ. դրանք չեկայի բանտախցերն էին, ուր ժամանակավորապես, երբեմն 2-3 շաբաթ նստում էին նոր բանտարկյալները և ապա այդտեղից բանտ ուղարկվում. երբեմն այդտեղից բանտ չէին ուղարկում, այլ «այն աշխարհ»: Այդ լաբիրինթոսի դռնից ներս մտնելու համար պետք էր վաղօրոք հետևի կողմից` պարետի բաժանմունքից, վերցնեիր մուտքի գրություն, ցույց տայիր մուտքի մոտ կանգնած զինվորներին, ապա դուրս գալու ժամանակ մեկ այլ բաժանմունքից հատուկ գրություն վերցնեիր, տայիր զինվորին և այնուհետև դուրս գայիր: Եթե մեկ անգամ ընկնեիք այնտեղ, այլևս դուրս գալու հնար չէիք ունենա առանց մուտքի գրություն տվող բաժանմունքի թույլտվության, որն իր հերթին պետք է իմանար, թե ում մոտ կամ որ բաժանմունք եք գնում, վերջացրե՞լ եք, արդյոք, այնտեղ ձեր գործը և ունե՞ք իրավունք դուրս գալու, թե՞ ոչ:
Ինձ հայտնեցին, որ նախագահը եկել է, ու հրավիրեցին ներս:
Չեկայի նախագահ Այվազյանն ասաց. «Բարձր իշխանությունների վճռի համաձայն, դուք պետք է թողնեք Հայաստանի սահմանները և գնաք սովետական ուրիշ հանրապետություններ, օրինակ` Բաքու: Ե՞րբ կարող եք մեկնել»:
Ես հայտնեցի, որ իմ բաժանմունքի բազմաթիվ գործերը կոմիսարիատին հանձնելու համար բավական ժամանակ է հարկավոր, առնվազն` մեկ շաբաթ:
-Ոչ, այդքան ժամանակ տալ չեմ կարող, հինգ օրն էլ ձեզ բավական է, մինչև դեկտեմբերի 29-ը. այդ օրը Երևանից Բաքու է ուղարկվելու հայ սպաների մի խումբ, դուք կմեկնեք նրանց հետ:
Հակառակ իմ առարկությունների, այդ պարոնը նշանակեց հիշյալ ամսաթիվը և ինձնից ստորագրություն վերցրեց պայմանավորված ժամկետում Երևանը թողնելու վերաբերյալ:
-Սպաներն ինչպե՞ս են գնալու,- հարցրի ես:
-Այստեղից մինչև Աղստաֆա կայարան խումբը կանցնի ոտքով, մոտ 180 վերստ, իսկ ամեն մեկի մի-մի փութ իրերի համար կլինեն սայլեր: Աղստաֆայից արդեն կնստեք գնացք մինչև Բաքու:
-Ի՞նչ է, ուզում եք մեզ պատժե՞լ: Նախ, ես ոչ մի պարագայում ոտքով չեմ գնա, երկրորդ, չէի ցանկանա վիճակս կապակցել սպաների հետ:
-Այդժամ բարի եղեք ձեր ծախքով կառք կամ ավտոմոբիլ վարձել, բայց այդ դեպքում ձեզ հետ զինված պահակ կդնենք մինչև Բաքու,- պատասխանեց Այվազյանը:
-Ասացեք խնդրեմ, պարոն նախագահ, ընդունվա՞ծ բան է, որ դուք ինձ աքսորեք, հակառակ իմ կամքի քշեք այստեղից, իսկ ծախքերը ես քաշեմ:
-Դա արդեն իմ գործը չէ, ես կատարում եմ հեղկոմի որոշումը, ուզում եք` դիմեք նրան:
Թողեցի-հեռացա: Նույն օրը հրավիրեցինք մեր կուսակցության կենտրոնական կոմիտեի նիստ` իմ աքսորի հարցը քննարկելու համար: Բոլորը համարում էին, որ անկարելի է Բաքու իմ գնալը, որ այնտեղ խիստ մեծ է մահացու վտանգը:
-Ընկերներ,- ասացի ես,- ո՞վ չի ցանկանա գնալ այնտեղ, ուր ապրել է տարիներով, ուր ունի հարազատներ, տունուտեղ, ընտելացել է տեղի կյանքին ու միջավայրին: Այդպիսին է ինձ համար Բաքուն: Երևանում ես ինձ օտար եմ զգում, իսկ Բաքվում կլինեմ մեր տանը: Բայց գիտեմ Բաքվում ինձ ինչ է սպասում: Երբ ինքը` բոլշևիկ կոմիսարը, խոստովանում է, որ ինձ պետք է ձերբակալեին` Բաքվի թուրքերին բավարարելու համար, ապա դա վկայում է, թե ինչպիսի ատամկրճտոց կա իմ դեմ Ադրբեջանի մայրաքաղաքում: Հայաստանի խորհրդային իշխանությունն ինձ ազատում է այստեղ և աքսորում Բաքու. դրանով հայ բոլշևիկները լռելյայն հասկացնում են իրենց թուրք ընկերներին` մենք Իշխանյանին աքսորեցինք Բաքու, իսկ դուք վարվեք ինչպես կուզեք:
Բոլորն էլ համաձայնեցին, որ հեղկոմի որոշումը փոխելու համար պետք է միջոցների դիմել: Որոշվեց հեղկոմին մեր կենտրոնական կոմիտեի անունից ուղարկել հետևյալ բովանդակությամբ գրությունը. «Խորհրդային Հայաստանի Յեղկոմին:
Հայաստանի Սօցիալ-Դեմոկրատական Բանվորական Կուսակցութեան Կենտրոնական Կոմիտէն իր՝ դեկտեմբերի 24-ի նիստում քննութեան ենթարկելով ընկեր Բ. Իշխանեանին Բագու աքսորելու հարցը, որոշեց դիմել Յեղկոմիդ հետեւեալ յայտարարութեամբ:
Մենք գտնում ենք ընկ. Բ. Իշխանեանին Բագու աքսորելու վճիռը չափազանց խիստ, ուստի խնդրում ենք փոխել այդ վճիռը և թողնել նրան Հայաստանի սահմաններում: Եթէ Յեղկոմիդ համար անհաճելի է ընկ. Իշխանեանի ներկայութիւնը մայրաքաղաքում, նա կարող է հեռանալ Հայաստանի մի որ եւ է խուլ անկիւն: Հակառակ դէպքում, եթէ խորհրդային իշխանութիւնը շահագրգռւած է, որ ընկ. Իշխանեանը հեռանայ Հայաստանի սահմաններից առհասարակ, այն ժամանակ խնդրում ենք թոյլ տալ նրան իր կամքով հեռանալ արտասահման, ուր ինքը կը ցանկանայ (Ստորագրություն` հերթական նախագահ Տրդատ Տրդատեան): Երեւան, դեկտեմբերի 24-ին, 1920թ.»:
Միաժամանակ կոմիտեն որոշեց, որ ես ու Դ. Անանունը այդ հարցով դիմենք անձամբ արտաքին գործերի կոմիսար Ա. Բեկզադյանին:
Բեկզադյանն իմ ու Դավթի անձնական մտերիմն էր (նույնիսկ` իմ ազգականը), այնպես որ մեր դիմումն ուներ կիսապաշտոնական ու կիսաընկերական բնույթ:
Բեկզադյանը պատմեց, որ Երևանի երիտասարդ բոլշևիկները, որոնք միշտ հաճախել էին իմ դասախոսություններին և հետևել գործունեությանս, խիստ լարված ու թշնամացած էին իմ դեմ: Նրանք ասում էին, որ վերջին ամիսների ընթացքում Երևանում հասարակական կարծիքը բացառապես ղեկավարել է Իշխանյանը և բոլշևիկների դեմ ավելի շատ կատաղի կռիվ մղել, քան որևէ դաշնակցական, ուստի նրանք համարում էին, որ խորհրդային իշխանությունը Հայաստանում այդպիսի մեծ հակառակորդի ներկայությունը չի կարող հանդուրժել:
-Նրանց կտրուկ պահանջի հետևանքով է, որ մեր կենտրոնական կոմիտեն որոշեց քեզ, Բախշի, ուղարկել Բաքու,- դարձավ նա ինձ:- Քո շահերի տեսակետից դա ավելի լավ է, որովհետև այստեղ քեզ համար կստեղծվի մի սարսափելի մթնոլորտ: Կգնաս Բաքու, մի քանի ամիս կմնաս, ապա կվերադառնաս, երբ այստեղ կրքերը կհանդարտվեն:
Իհարկե, Բեկզադյանը չհամաձայնեց թուրքերի վերաբերմունքի առնչությամբ մեր կասկածներին, բայց և խոստացավ պաշտպանել մեր կոմիտեի դիմումը` իմ աքսորի հարցը վերաքննարկելու իմաստով:
-Սաշա, ասա խնդրեմ,- դիմեցի Բեկզադյանին,-ձերոնք ինչո՞ւ թույլ չեն տալիս, որ գնամ արտասահման` Վրաստան, այնտեղից էլ` Պոլիս, Եվրոպա:
-Օ՜, դա անկարելի է, ինչպե՞ս կարող ենք բաց թողնել մեր թշնամուն, որ գնա և մեր դեմ շարունակի խոսել արտասահմանում:
-Տո եղբայր, ձեր դեմ խոսում է ամբողջ Եվրոպան, ամբողջ աշխարհը, ի՞նչ նշանակություն ունի, եթե միլիոնավոր խոսողներին ավելանա ևս մեկը: Վերջապես դա գաղափարական երկչոտության ու սնանկության ապացույց չէ՞` վախենալ հակառակորդի ասածներից արտերկրում ու նրան փակած պահել վանդակում:
-Տեսնո՞ւմ ես, Դավիթ,- ասաց Բեկզադյանը,- ընդամենը երեկ է ազատվել բանտից, բայց շարունակում էլի մեզ հարվածել: Տո բավական է,- դարձավ նա ինձ ծիծաղելով,- մի փոքր պապանձվիր, էլի:
-Քանի բոլշևիզմը կա, ես երբեք չեմ պապանձվի:
Մենք հեռացանք:
Դժբախտաբար, կենտրոնական կոմիտեի այն նիստին, ուր քննարկվել էր իմ աքսորի հարցը, Բաղդատյանը ներկա չէր եղել: Հիմա նա աշխատում էր ամեն կերպ հարցը վերանայել: Նա ինձ հավաստիացնում էր, որ նախկին որոշումը ուժի մեջ մնալու դեպքում Բաքու գնալու խնդիրը այլ կերպ կարող է տնօրինել. նա ինքը դեկտեմբերի 29-ին ավտոմոբիլով մեկնելու էր Բաքու և կարող էր ինձ վերցնել հետը, առանց պահակի ուղեկցության:
Երկու օր անց հեղկոմը որոշեց իմ հարցի վերջնական լուծումը թողնել իրենց կենտկոմին, որպես ավելի բարձր մարմնի:
Օրերը եկան-անցան, վրա հասավ դեկտեմբերի 29-ը: Բաղդատյանն ավտոմոբիլով պիտի գնար, հարմար առիթ էր, գնա՞լ նրա հետ, թե՞ սպասել մինչև նրանց կենտկոմը վերջնական որոշում կայացներ: Բայց հանկարծ ու կենտկոմը մերժեր մեր դիմումը և նախկին որոշումն ուժի մեջ թողներ, այդ դեպքում ինչպիսի՞ իրավիճակ կստեղծվեր ինձ համար, հետո պիտի գնայի ոտքո՞վ, սպաների հետ միասի՞ն… Ծայրահեղ երկընտրանք էր:
Ընկերներիցս շատերն ու ես չէինք հավատում, թե բոլշևիկների կենտկոմը կփոխեր իր որոշումը, անկարելի բան էր, ուստի շատերը խորհուրդ էին տալիս չկորցնել հարմար առիթը, մեկնել Բաղդատյանի հետ, որը խոստանում էր անվտանգ ինձ հասցնել տուն: Ես նրան կատարելապես վստահում էի, բայց ոչ ոք հետևանքների համար չէր կարող երաշխավորել. նույն Բաղդատյանը, որի խոսքին շատ ավելի էի հավատում, քան որևէ այլ բոլշևիկի, միաժամանակ ինձ զգուշացնում էր Բաքվում մնալու հարցում:
ՈՒրեմն, ի՞նչ անել: Մյուս կողմից էլ չեկան կարող էր կասկածել, որ խուսափում եմ, որ հեղկոմի պարոնայք իրեն չեն հաղորդել, որ խնդիրը վերանայվելու է, և ամսի 29-ին չէի կարող մեկնել:
Որոշեցի մնալ, ինչ ուզում է լինի: Վերջին օրերին ինձ լավ էի զգում, իմ բաժանմունքի գործավար Հովհ. Վարդանյանի բնակարանում պառկած` դեղեր էի ընդունում և ունեի բժշկի համապատասխան գրություն:


(շարունակելի)


Հրապարակման պատրաստեց
Խաչատուր ԴԱԴԱՅԱՆԸ

Դիտվել է՝ 3489

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ