Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հակաիսրայելական հայտարարություններ է արել և նույնիսկ սպառնացել ներխուժել Իսրայելի տարածք՝ գրում է The Jerusalem Post-ը։ «Ինչպես մենք մտանք Ղարաբաղ և Լիբիա, նույնը կանենք Իսրայելի հետ»,- հայտարարել է Էրդողանը կուսակցական հանդիպման ժամանակ:               
 

Կորսված Վանի ու վերագտնված ճակատագրի կերպարվեստը

Կորսված Վանի ու վերագտնված  ճակատագրի կերպարվեստը
24.09.2013 | 11:34

Խորհրդային տարիների հայ գեղանկարչության մեջ իր ինքնօրինակ ձեռագիրն է հաստատել ՀՄԱՅԱԿ ԱՎԵՏԻՍՅԱՆԸ, ում արվեստում կերպավորվել են ծննդավայր Վանը, որին նա հարկադրված հրաժեշտ է տվել հինգ տարեկան հասակում, գաղթի ու սպանդի հիշողությունները` դաջված ահաբեկված մանկան հայացքում, իրենց ազգային նկարագիրն ու պայքարի պաթոսը կրող հայ զինվորը, աշխատավորը, շինականն ու մտավորականը, նոր կյանքի սեփական բանաձևը առաջադրող երիտասարդ սերունդն ու երիտասարդ հայրենիքը, հարազատ բնաշխարհն ու դրան ներդաշնակորեն միաձույլ ազգային ճարտարապետությունը` հիմնականում վեհանիստ եկեղեցիների տեսքով:
2012-ին լրացավ գեղանկարչի 100-ամյակը: Հոբելյանի առթիվ նրա դուստրերի` Անահիտ և Արմենուհի Ավետիսյանների ձեռնարկած մի շարք ոգեկոչումների շարքում առանձնանում է Հմայակ Ավետիսյանի աշխատանքների համահավաք ալբոմի տպագրությունը, որն ի մի է բերել նկարչի բոլոր տարիների տարբեր ժանրերի նկարների վերատպությունները, կյանքի և ստեղծագործության նշանավոր տարեթվերի համառոտ պատկերը, մատենագիտական տվյալներ, ինչպես և արվեստագետի թողած ժառանգության վերաբերյալ իր նշանավոր ժամանակակցի` Հայաստանի ժողովրդական նկարիչ Էդվարդ Իսաբեկյանի և դստեր` Արմենուհի Ավետիսյանի վերլուծական ակնարկները:
«Ներկերը ծեփում էր հաստ շերտով` գույնի ծայրագույն հագեցվածությամբ օխրաները խառնելով սևի, ուլտրամարինի հետ… Թանձր էր նկարում, ինչպես իր մտքերն էին թանձր, խառնիխուռն տագնապով: Իսկական գեղանկարիչ էր, և նկարներից ձեթի առատությունն էր ծորում` հյութեղ, լիարյուն, զարկերակի ռիթմով արված, ոչ` խելքին զոռ տալով, ոչ` դուր գալու ճիգով, այլ ջղայնացնելու, բարկացնելու, շոյելու համար»,- կարդում ենք Է. Իսաբեկյանի վերլուծականում:
Գրքի հեղինակ, կազմող և թարգմանիչ, փիլիսոփայական գիտությունների թեկնածու, արվեստաբան Արմենուհի Ավետիսյանն էլ, զավակի ջերմությամբ ու մասնագետի սթափությամբ այսպես է բնորոշում մարդ և գեղանկարիչ Հմայակ Ավետիսյանին. «Հիմնարար ուժը, որը դրդել է նկարչին ստեղծագործելու, բարձրագույն իմաստը, հանուն որի նա ստեղծել է իր կտավները, սերն է կյանքի, ազատության, արդարության և, ամենագլխավորը` մարդու նկատմամբ: Նկարիչն ասել է. «Իսկական արվեստի արդյունքը միշտ էլ բարոյական է»: Ողջ կյանքում հավատարիմ մնալով այդ սկզբունքին` Հմայակ Ավետիսյանը թողեց համամարդկային հնչեղության գեղարվեստական ժառանգություն»:
Հմայակ Ավետիսյանի ալբոմը յուրօրինակ առձեռն պատկերասրահ է, որի շնորհիվ կարելի է լիարժեք պատկերացում կազմել ոչ միայն նկարների հեղինակի վարպետության, այլև իր ապրած ժամանակների ու տրամադրությունների մասին: Անցյալի առօրյայից ¥ի դեպ, այսպես է վերնագրված նկարչի 1960-ին արված կտավը, որ գաղթ ու կոտորած տեսած մանկան ապրումների խտացումն է¤ պոկված այս հուշ-պատառիկը ունի խիստ մերօրյա հնչողություն և նախերգանք-հիշեցումն է մոտալուտ դաժան տարելիցի` Հայոց մեծ եղեռնի 100-ամյակի: Այս թեմային համարձակ ու իր ապրած ժամանակների համար անտրամաբանական անդրադարձները գերակշռող են Հմայակ Ավետիսյանի կերպարվեստում:


Կարինե ՌԱՖԱՅԵԼՅԱՆ

Դիտվել է՝ 2508

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ