Ռուսական կողմը չափազանց ափսոսում է Վաշինգտոնում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին Հայաստանի մասնակցության համար՝ «ՌԻԱ Նովոստիին» ասել է ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը։ «Այդպիսի տեմպերով համագործակցությունը խորացնելով նրանց հետ, ում նպատակը Ռուսաստանի ռազմավարական պարտությունն է, Երևանն իր ձեռքով վտանգում է լրջորեն ապակայունացնել իրավիճակը Հարավային Կովկասում՝ ի վնաս սեփական անվտանգության»,- շեշտել է բարձրաստիճան դիվանագետը:               
 

«Ցեղասպանության ամենամեծ վկան ժողովրդի հիշողությունն է, որը պետք է ներկայացվի աշխարհին ու մարդկության արդար դատին»

«Ցեղասպանության ամենամեծ վկան ժողովրդի հիշողությունն է, որը պետք է ներկայացվի աշխարհին ու մարդկության արդար դատին»
23.04.2013 | 17:53

ՀՀ ԳԱԱ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտն ու Հնագիտության և ազգագրության ինստիտուտը «Գիտություն» հրատարակչությամբ լույս են ընծայել բանասիական գիտությունների դոկտոր Վերժինե ՍՎԱԶԼՅԱՆԻ «Հայոց ցեղասպանություն. Ականատես վերապրողների վկայություններ» 700միավոր պատմափաստագրական սկզբնաղբյուրային նյութ պարունակող հայերեն և անգլերեն ստվար հատորները, իսկ թուրքերենը շուտով լույս կտեսնի:

Դեռևս 1955 թվականից, երբ Խորհրդային Հայաստանում Հայոց ցեղասպանության մասին խոսելը ցանկալի չէր, Վերժինե Սվազլյանը, արհամարհելով ամեն կարգի դժվարություն, անձնական նախաձեռնությամբ գրի է առել, ձայնագրել, տեսագրել և ուսումնասիրել Արևմտյան Հայաստանի և Կիլիկիայի հայության ցեղասպանությունից հրաշքով փրկված ականատես-վկաների հաղորդած վկայություները, որոնք գրանցել է ինչպես Հայաստանում, նույնպես և Սփյուռքում:

Հատորի առաջին «Պատմաբանագիտական ուսումնասիրություն» բաժնում հեղինակը հանգամանորեն ներկայացրել է Հայոց ցեղասպանության ամբողջ ընթացքը`սկսած համիդյան ջարդերից մինչև արցախյան ազատամարտը`հիմնավորելով ականատես վերապրողների հաղորդած վկայություններով:

«Ցեղասպանության մասին շատ գքեր են լույս տեսել, բայց այդ բոլորի մեջ բացակայում էր ականատեսի մասնակցությունը, ովքեր վերապրել են այդ ամբողջ ողբերգությունը: Ահա այդ է, որ ինձ մտահոգել է և երիտասարդ տարիքից սկսել եմ հավաքել և գրի առնել`շրջելով, երբեմն էլ ոտքով, Հայաստանի ամբողջ տարածքով մեկ»,-պատմում էր տիկին Վերժինեն:

Աշխատությունն օժտված է նաև անգլերեն, ֆրանսերեն, գերմաներեն, թուրքերեն, ռուսերեն հայերեն ամփոփումներով, բառարանով, ծանոթագրություններով, վերապրողների և նրանց հաղորդած վկայությունների մասին փաստագրական աղյուսակով, ինչպես նաև`թեմատիկ, անձնանունների, տեղանունների, և էթնոանունների ցուցիչներով:

Գրքի գիտական ուսումնասիրության մեջ Վ.Սվազլյանը հետևյալ կերպ է հիմնավորում ականատես վերապրողների հաղորդած վկայությունների կարևորությունը. «Ինչպես ամեն մի հանցագործություն բացահայտելիս որոշիչ են վկաների ցուցմունքները, նույնպես և այս պարագայում պետք է հենվել նաև ականատես վերապրողների վկայությունների վրա, որոնցից յուրաքանչյուրն իրավաբանական տեսակետից ապացուցողական նշանակություն ունի Հայ Դատի արդարացի լուծման և Հայոց ցեղասպանության ճանաչման գործում»:

Ամփոփելով աշխատությունը, հեղինակը գրում է. «Ցեղասպանությունը քաղաքական զանգվածային ոճիր է և այն չպետք է անպատիժ մնա...Ամենամեծ վկան ինքը` ժողովուրդն է, որը, ցավագնորեն վերապրելով, պատմել ու դեռ շարունակում է պատմել`վկայելով իր ողբերգական, նաև հերոսական անցյալը: Անցյալ, որը հայ ժողովրդի անցյալն է, նրա պատմությունը, նրա պատմական հավաքական հիշողությունը, որը որպես ցուցմունք պետք է ներկայացվի աշխարհին ու մարդկությյան արդար դատին»:

Հասմիկ ՄՈՎՍԻՍՅԱՆ

Դիտվել է՝ 4118

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ