26.01.2018|
10:54
Առաջին աշխարհամարտը` հայ ժողովրդի ողբերգության սկիզբը, առաջ բերեց նաև մարդասիրական համերաշխության, խղճի զարթոնքի մինչ այդ չլսված, աներևակայելի դրսևորում: Ցեղասպանությունից փրկված հազարավոր գաղթականներին, որբերին ֆինանսանյութական օգնություն ցուցաբերեցին ինչպես Ռուսաստանի, Ֆրանսիայի, Անգլիայի, ԱՄՆ-ի կառավարություններն ու հասարակական կազմակերպությունները, այնպես էլ ազգակիցներն իրենք: Ստեղծվեց ներազգային համախմբվածության մի նախանձելի իրավիճակ, երբ մերձավորին օգնության ձեռք մեկնելը, կարեկցանքը դարձան կենսակերպ: Դա առաջին հերթին արտահայտվեց ինքնակամ դրամական նվիրաբերություններով, որոնց մասնակցեցին առանց բացառության աշխարհի բոլոր այն բնակավայրերը, որտեղ կային հայեր: