Ի՞նչ մեծ գյուտ արեց Կոլումբոսը, որ Ամերիկան գտավ: Եթե նա չգտներ՝ ներկայիս մեր սավառնակները մի ժամում կգտնեին:
Մեծ գյուտ կատարեց Հակոբ Պարոնյանը, որ դարերով լացող հայ ժողովրդի երեսին ծիծաղ բերեց:
Մի գյուտ, որ ոչ մի սավառնակ չէր կարող անել:
Պարոնյանից առաջ, հայ ազգն իր անկախությունը կորցնելուց ի վեր, ամբողջ 400 տարի լաց եղավ, որ քրիստոնյա մեծ պետությունները լսեին և իրենց անկախություն տային, առանց նկատի ունենալու այն, որ Քրիստոսն ասել է՝ «ով երկու անկախություն ունի՝ մեկը չունեցողին տա», և չի ասել՝ մեկ անկախություն ունեցողը այն նվիրի հայ ազգին:
Խե՜ղճ մեծ պետություններ, ի՞նչ կարող էին անել:
Ու հայ ազգը, այս իմանալով հանդերձ, իր լացը ոչ միայն չէր մեղմում, այլև ձայնը ավելի էր բարձրացնում:
Հարց: Կարո՞ղ ենք բնական համարել այն լացը, որ 400 տարի է տևում: Ո՞վ է տվել այդքան արտասուք մարդուն:
Երեխան, երբ իր պահանջը լացով է ուզում անցկացնել, որոշ ժամանակ լալուց հետո, երբ տեսնում է, որ մայրը իր ուզածը չի տալիս, այնուհետև շարունակում է կեղծ լաց... աչքերին թուք քսելով:
Այո, երբ լացն այսքան երկարում է, դառնում է միտումնավոր և արհեստական ձև է ընդունում:
Ձայն կա՝ արտասուք չկա:
-Ո՞վ արհեստականորեն լացուց հայ ազգին:
-Իր բանաստեղծները:
Գամառ-Քաթիպան իր լեզվով խոստովանում է այն: Նա ազգին ասում է. «Պզտիկ տղա, չեմ օրորի օրորանդ, որ դու լաս»...
Ու ես վախենում եմ, որ նա ոչ միայն չի օրորում, որ լաց լինի երեխան, այլ տակից էլ կսմթում է խեղճ երեխային, որ ավելի ձայնը բարձրացնի...
Այն մարդը, որ դիտմամբ լացացնում է մի ազգի, նրանից ամեն բան սպասելի է:
«Ծիծեռնակի» հեղինակ Դոդոխյանը Դորպատի համալսարանում սովորում է: Փոխանակ ավարտելու և գալու իր հորն ուրախացնելու, ծիծեռնակին է ուղարկում և պատվիրում է ասել հորը, որ «լաց լինի իր անբնախտ որդու վրա»...
Ո՞ւմն է պետք այսքան լացեր: Չէ՞ որ մեր ազգը ուրիշ լալու տեղ էլ ունի: Նա, որպես հավատացյալ ժողովուրդ, լաց է լինում նաև Աստծո առաջ և արքայություն խնդրում:
Ահա ձեզ մի «պզտիկ տղա», որ մի աչքով լալիս անկախություն է ուզում, մյուս աչքով՝ արքայություն:
Եվ այս այն ժամանակ, երբ ոչ երկնքում Աստված կա, ոչ էլ Եվրոպայում՝ քրիստոյնա պետություն:
Այստեղ խոսքս ուղղելով քեզ ասում եմ, ո՜վ Գամառ-Քաթիպա, լացող երեխային խաղալիք են տալիս և ոչ թե անկախություն: Ահավասիկ 1918 թվին մի այդպիսի խաղալիք անկախություն տվին հային: Նշանավորելու համար, իր չունեցած վառոդով թնդանոթ կրակեց օդում այդ «անկախ» կառավարությունը, պարլամենտ ստեղծեց, մինիստրներ, ծերակույտ, լորդերի պալատ: Բայց այս բոլորը որովհետև կատարվում էր այն ժամանակվա միակ թատրոնի շենքում, շուտով վարագույրն իջավ, խաղը վերջացավ, ծերակույտականները կուլիս քաշվելով հանեցին իրենց կեղծ մորուքները և երիտասարդ դառնալով ճղեցին արտասահման:
Հետո՝ դու սրան մտիկ:
Չնայած տրվածը մի խաղալիք անկախություն էր, բայց այնուամենայնիվ Պողոս փաշան և Ահարոնյանը իրար ձեռքից խլխլում էին, ցուցաբերելով մեր նախնի նախարարների անհաշտությունը:
Քե՛զ եմ հարցնում, ո՜վ մեծ բանաստեղծ, արժե՞ր այս բոլորի համար լացացնել քո «պզտիկ տղային»:
Ո՛չ: Դու պիտի օրորեիր երեխային, որ քներ, մեծանար, մարդ դառնար և խելոք մի բան մտածեր:
Այս բոլորն ինչո՞ւ եմ ասում:
Ասում եմ, որ ցույց տամ Պարոնյանի մեծությունը:
Մեծ երգիծաբանը միայն կարող էր ի ծնե լացող մեր ազգի երեսին ծիծաղ բերել:
Իսկ եթե ժպիտն ու ծիծաղը համարենք կյանքի միակ նշանները, ուրեմն, Պարոնյանը մեր լացող ազգին մի նոր կյանք պարգևեց:
Միջնադարից հետո՝ վերածնունդ:
Ու հայ ազգը, Պարոնյանի ժամանակից սկսած, ամբողջ 120 տարի ծիծաղում է:
Ու երջանիկ է շատ:
... Միայն մի շա՜տ փոքրիկ նկատողություն: Ներկա հայ ընթերցողը ծիծաղելու համար պիտի 120 տարի ետ գնա, մինչև Պարոնյանը ու նոր ծիծաղի՝ դարձնելով այն պատմական ծիծաղ:
Երիտասարդ ընթերցողի համար հեռավորությունը մեծ չի, նա հեշտությամբ այդ տարածությունը կտրում է: Բայց արի տես, որ ծերունի ընթերցողի համար այդ խիստ դժվար է:
Նրան հարկավոր է մի քանի ծիծաղի կայարաններ՝ Պարոնյանին հասնելու համար:
Չեմ հասկանում, թե ինչո՞ւ չկա:
Ո՞ր դարում մեր մեջ պակասել են Աբիսողոմ աղաներ, Մանուկ աղաներ, մանավանդ Բաղդասար ախպարներ:
Ո՞ւր են Պարոնյանները:
Չէ՞ որ նա հետագա երգիծաբանների գործը հեշտացրեց: Նրանք խնդացնող երեսին լրացուցիչ խինդ պիտի առաջացնեին՝ ինչո՞ւ չկան: Ոչ մի ծեր այդքան ճանապարհ չի կտրի ծիծաղի համար:
Իսկ ծերն անպայման ուզում է մեռնելուց առաջ ծիծաղած լինել... իր անցած կյանքի վրա:
Լեռ Կամսար
1963թ.
Ռուզան Ղազարյանի (Ruzan Kazaryan) ֆեյսբուքյան էջ