Այսօր հայ կոմպոզիտոր և դաշնակահար, Սովետական Միության (1971) և Հայաստանի Հանրապետության (1956) ժողովրդական արտիստ Առնո Բաբաջանյանի ծննդյան 92-ամյակն է:
Հայ կոմպոզիտոր և դաշնակահար Առնո Բաբաջանյանը ծնվել է Երևանում, 1921 թ. հունվարի 22-ին:
Նրա տաղանդը Արամ Խաչատրյանը դեռ հինգ տարեկանում նկատելով՝ որոշում է, որ տղան պետք է երաժշտությամբ զբաղվի: Դրանից հետո՝ 1929-ին ընդունվել է Երևանի պետական կոնսերվատորիային կից երաժշտական դպրոցը, որն ավարտելուց հետո սովորում է կոնսերվատորիայում: Այնուհետև, 1948-ին ուսումը շարունակել է Մոսկվայի կոնսերվատորիայի դաշնամուրի բաժնում՝ միաժամանակ կատարելագործվելով Մոսկվայում գործող Հայաստանի կուլտուրայի տանը կից ստուդիայում:
1950-1956 թթ. դասավանդել է Երևանի կոնսերվատորիայում: 1956-ից հաստատվել է Մոսկվայում, որտեղ էլ վախճանվել է 1983-ի նոյեմբերի 11-ին:
Առնո Բաբաջանյանի ստեղծագործական հարուստ ժառանգությունը ներառում է երգեր, գործիքային կատարումներ, սիմֆոնիկ երաժշտություն: Նա ստեղծագործել է տարբեր ոճերով՝ դասական, փոփ, ջազ:
Առնո Բաբաջանյանի ստեղծագործական ոճը ձևավորվել է Արամ Խաչատրյանի և Սերգեյ Ռախմանինովի ազդեցությամբ: Իսկ նրա ստեղծագործական անհատականությունը դրսևորվել է դաշնամուրի և նվագախմբի համար գրված «Հերոսական բալլադում» (1950) և դաշնամուրային տրիոյում (1952): Լայն ժողովրդականություն վայելող «Հայկական ռապսոդիան» գրել է 1950-ին:
Խորհրդային լավագույն ֆիլմերից շատերում հնչում են նրա հեղինակային կատարումները՝«Առաջին սիրո երգը», «Երջանկության մեխանիկան», «Հարսնացուն հյուսիսից» և այլն: Նա գրել է տարբեր ստեղծագործություններ` «Էլեգիա», «Նոկտյուրն» և այլն: