Մենք ընդդիմություն ենք փնտրում, մինչդեռ, հարկ է երիտասարդություն փնտրել:
Ու՞ր եք, պարմանի ու երիտասարդներ, ոչ մի տեղ ձեզ չենք տեսնում՝ ո՛չ միտինգներին, ո՛չ պայքարում, ո՛չ էլ ձեր թռի-վռի, անհոգի հղումներում:
Որակ չեք կազմում, չկաք:
Արցախյան պատերազմի լեգենդար սերունդս հավերժական ու անսպառ չէ, բայց էսօր էլի մենք ենք պայքարներում՝ ով ինչպես կարող է, էլի մենք ենք բղավում՝ փողոցներն ընկած:
Մի՞թե իմ սերնդի երիտասարդությունն այդպիսին էր, ինչպիսին այսօր դուք եք:
Մեծացեք, ի վերջո, 20-30 տարեկան եք, մի հավերժություն ձեզ խնամակալություն չի արվելու, իմ սերունդը հենց հիմա 2018-ի ձեր՝ գունավոր դժբախտություն բերածներիդ սխալներն է ուղղում:
Հարյուր հազարներով դուրս էիք եկել, փռվել էիք ասֆալտներին, տուն չէիք գնում, ոգևորված գոռում էիք՝ մե՛նք ենք տերը մեր երկրի:
Ազգի մեծ մասը, երևի, ձեզ տեսնելով է ոգևորվել, լոպազացել՝ ինչ լավ է, երեխեքը մեծացել, տեր են երկրին, ու եկել ձեր հետևից:
Այսպե՞ս են տեր լինում երկրին, էսօր՝ ամենքդ ձեր աջը քաշած, ձեռքներդ լվացած երկրի հոգսերից:
Ծանոթ երիտասարդներից մեկը վերջերս ասաց՝ դուք ստեղծել եք այս ողջ կաշկալամաշը, դրել մեր ուսերին, դուք էլ գլուխ հանեք:
Բայց մի՞թե կարևոր է , թե ով է ստեղծել, բա ձեր պա՞րտքն ուր մնաց:
Միայն չասեք՝ մեր պարտքն արդեն տվել ենք 2020-ին. սրա պատասխանն էլ կա՝ հայի պարտքն անվերջ է, մինչև վերջին շունչը, այն չի սահմանափակվում պարտադիր զինծառայությամբ, իսկ դուք ընդամենը 20-30 տարեկան եք, պարտադիր ժամկետային ծառայությունն էլ ընդամենն օրենքով կարգավորված պարտականություն է:
Իսկ եթե սա էլ չլինե՞ր, քանի՞սդ դուրս կգայիք թշնամու դեմ, ինչպես մեր սերունդն է դուրս եկել՝ ինքնաբուխ, անզեն, անցուցմունք, կամավորական:
Ամեն սերունդ մի բան անում է՝ ճիշտ, թե սխալ, եկողը պարտավոր է սխալին էլ տեր լինել, ճշտին էլ:
Դեռ լավ է՝ մենք կանք, ոչ միայն մեր, նաև դարերի սխալները ուսներիս առած՝ դաս ու դպրոց ենք, որոնց վրա էլ, կարծես, թքած ունեք:
Վաղն ի՞նչ եք անելու, երբ մենք չլինենք, ու՞ր եք տանելու երկիրը՝ ամորֆ, անտարբեր ձեր այս վիճակով, երբ նորագույն դավաճաններ հայտնվեն վարչապետի աթոռին:
Ու սա սերունդների հավերժական ու զվարճալի հակամարտություն չէ, երկրի լինել-չլինելու հարցն է:
Ախր, ձեր մեջ այնքան լավերն էլ կան՝ կիրթ, հզոր, ազգային, նրա՛նց եմ ամենաշատն ափսոսում, հանկարծ մեր բախտին չարժանանան, որոմը չուտի նրանց: Ձեզանից է կախված՝ վաղը մոլախո՞տն է հաղթելու ձեզ, թե՞ դուք՝ նրան:
Իսկ ի՞նչ եք անում դուք հեշտի, վաղահաս պաշտոնի ու փողի տնաքանդ օֆիսներում՝ ձևամոլության, էժան զվարճանքների հետևից շնչասպառ վազքի մեջ եք:
Իմացած լինեք՝ հային հեշտ ոչինչ չի տրվում, տրվածն էլ թանկ գին ունի՝ քթով է գալիս, դառնում է ցուպը ձեռքին մի նսեմ գաղթական:
Խոսքն այս մասին է, սա՛ է մեր մտահոգությունը:
Սուսաննա Բաբաջանյան