Ավելի քան մեկ միլիոն ամերիկահայ իրավունք ունի քվեարկելու այսօր անցկացվող ԱՄՆ-ի նախագահի ընտրություններում։ Թեկնածուներ Թրամփն ու Հարիսը հայկական սփյուռքին աջակցություն են խոստանում Ղարաբաղի հարցում: «Լեռնային Ղարաբաղից տեղահանված հայերի՝ իրենց տները անվտանգ վերադառնալու իրավունքը կենսական նշանակություն ունի հայ ժողովրդի համար»,- նշել էր դեմոկրատ թեկնածու Քամալա Հարիսը։ Հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփը բարձրացրել էր խաղադրույքը՝ Ղարաբաղն անվանելով Արցախ:               
 

ԱԱԾ. Բարեփոխու՞մ, թե՞ կազմաքանդում. ԱԱԾ պահեստազորի սպաների միություն ՀԿ

ԱԱԾ. Բարեփոխու՞մ, թե՞ կազմաքանդում. ԱԱԾ պահեստազորի սպաների միություն ՀԿ
27.12.2022 | 08:33

Հանրային և լրատվական տարբեր հարթակներում այսօր շատ է քննարկվում ԱԱԾ և ՊՆ կազմից արտաքին հետախուզության ստորաբաժանումները դուրսբերելու և առանձին ծառայություն ձևավորելու կառավարության օրենսդրական նախաձեռնությունը, փորձում են վեր հանել դրական, բացասական կողմերը։


Հարցի պատասխանը ստանալու համար առաջնահերթ պետք է հասկանալ, թե իրականում ի՞նչ նպատակով է այս արմատական փոփոխությունը նախաձեռնվում, այդ նոր ծառայությունից ի՞նչ արդյունք է ակնկալվում, որը հնարավոր չի եղել ապահովել ԱԱԾ և ՊՆ կազմում մինչ այժմ գործող ստորաբաժանումների կողմից․ այսինքն՝ ի՞նչն է խնդիրը, ինչո՞վ է պայմանավորված անհրաժեշտությունը և որոնք են թաքնված միտումը, իրական նպատակը։
Փաստերի պարզ համադրումը վկայում է, որ ԱԱԾ կուռ համակարգը մասնատվում է, ընդ որում մեկ հիմնական պատճառաբանությամբ, թե, իբր, լրացուցիչ ծանրաբեռնվածությունից ազատում են, որ կառույցն աշխատանքները կենտրոնացնի հակահետախուզության, ահաբեկչության դեմ պայքարի և սահմանադրական կարգի պահպանության ուղղություններով, բարձրանա արդյունավետությունը։


Իրողությունների պարզ վերլուծությունը ցույց է տալիս, որ ԱԱԾ համակարգից նախատեսվում է հանել կամ արդեն իսկ հանվել են հետևյալ կարևորագույն ստորաբաժանումները՝ պետական պահպանության ծառայությունը, քննչական դեպարտամենտը, արտաքին հետախուզության դեպարտամենտը, տնտեսական անվտանգության և կոռուպցիայի հակազդման դեպարտամենտը, սահմանապահ զորքերը և, որոշ տեղեկությունների համաձայն, դեսպանատների պահպանության վարչությունը` առանց հաշվի առնելու, որ թվարկված բոլոր ստորաբաժանումներն իրենց այլ գործառույթների հետ մեկտեղ ուղիղ կապ ունեն հետախուզական և հակահետախուզական աշխատանքների կազմակերպման ու իրականացման հետ, այդ իմաստով փոխլրացնում են մեկմեկու և հետախուզական, հակահետախուզական դեպարտամենտների կոորդինացման ներքո ապահովում են անհրաժեշտ ինֆորմացիոն հոսքերի ստացումը, վերլուծումը և իրացումը, ու դա է պատճառը, որ դեռևս խորհրդային տարիներից այդ ստորաբաժանումները գործել են մեկ կառույցի և ղեկավարման ներքո։


Նույն տրամաբանությամբ կարող են ԱԱԾ-ից բաղդատվել, միմյանցից առանձնացվել նաև հակահետախուզության, ահաբեկչության դեմ պայքարի և սահմանադրական կարգի պահպանության ստորաբաժանումները, դարձվել առանձին ծառայություններ ու յուրաքանչյուրը դնել վարչապետի ուղիղ ենթակայության ներքո (օրինակ, կստեղծվեն Ահաբեկչության դեմ պայքարի ազգային կենտրոն, գաղտնի կամ քաղաքական ոստիկանություն, հակահետախուզության վարչություն կամ բաժին)։ Թե ո՞րն է մյուսների համեմատությամբ դրանք մեկ կառույցի ներսում պահելու անհրաժեշտությունը, բացարձակապես անհասկանալի է: Ստացվում է, որ իշխանություններն առայժմ պարզապես այդպես են ցանկանում։


Հետաքրքիր է, որ իշխանությունները տրամագծորեն լրիվ այլ դիրքորոշում ունեն, օրինակ, ոստիկանության, հակակոռուպցիոն կոմիտեի, պետական եկամուտների կոմիտեի, բազմաթիվ այլ նախարարությունների (ԿԳՄՍ, Էկոնոմիկայի և այլն) պարագայում, որոնցում փաստացի ներառված են տարբեր ոլորտներ, գործառույթներ։ Օրինակ՝ ձևավորում է ՆԳՆ, որում կկենտրոնացվի 5 հիմնական ոլորտ՝ հասարակական կարգի պահպանություն, հանցագործությունների կանխում և բացահայտում, աղետների և ռիսկերի կառավարում, միգրացիա և քաղաքացիություն, պետական ռեզերվների կառավարում և հումանիտար հարցեր։ Ստեղծվել է հակակոռուպցիոն կոմիտեն, որտեղ քննչականից բացի այսօր արդեն իսկ կա օպերատիվ ստորաբաժանում, ՊԵԿ-ում համատեղ աշխատում են մաքսային և հարկային ծառայությունները, տարբեր նախարարություններում միավորված են բազմաթիվ ճյուղեր, ոլորտներ։


Փաստորեն բացի ԱԱԾ-ից որևէ այլ տեղ իշխանությունները «բեռնաթափելու» խնդիր չեն տեսնում, մյուս կառույցների ղեկավարները, ի տարբերություն ԱԱԾ ղեկավարի, ունեն ծանրաբեռնված աշխատելու «ունակություն», «փորձ» և «գիտելիք»։ Իսկ միգուցե իրական պատճառը լրիվ այլ է` այն, որ իշխանությունների մոտ ձևավորված է թյուր կարծիք, թե, իբր, ԱԱԾ-ն հայաստանյան մյուս կառույցների համեմատ առավել սերտ է համագործակցում Ռուսաստանի հետ և հետևաբար աշխարհաքաղաքական նոր իրողություններով պայմանավորված, այսինքն՝ ռազմաքաղաքական վեկտորի փոփոխության պատճառով, անհրաժեշտ է պարզապես թուլացնել կառույցը, ազատվել այն կադրերից, ովքեր կրթություն են ստացել Ռուսաստանում, գործընկերային միջավայրում աշխատել են այդ երկրի հատուկ ծառայության աշխատակիցների հետ։ Ինչևէ, ժամանակը ցույց կտա, թե արդյունքում ո՞ր երկրների հետ համագործակցությունը կխորանա, ո՞ր երկիրը կօգնի ձևավորել արտաքին հետախուզության նոր ծառայությունը (այսինքն՝ «շեֆություն» կանի), հետևաբար այդ արդյունքներից ելնելով՝ պարզ կդառնան ԱԱԾ-ն կառուցվածքային փոփոխությունների ենթարկելու իրական դրդապատճառը և նպատակը։


Ուսումնասիրելով «Արտաքին հետախուզության գործունեության և արտաքին հետախուզության ծառայության մասին» օրենքի ընդունման հիմնավորումները` կարող ենք փաստել, որ նախագծի փաթեթը մշակվել է Անվտանգության խորհրդի գրասենյակի կողմից, որը մասնավորապես ներկայացրել է դրա ընդունման անհրաժեշտության հետևյալ պատճառներն ու նպատակը`

1. կառավարության ծրագրերի հետ մեկտեղ վարչապետը վերափոխման մինչև 2050թ. ռազմավարությունում ներկայացրել է, որ Հայաստանն ունենալու է աշխարհի 10 ամենաարդյունավետ հետախուզական ծառայություններից մեկը,
2. 2016 և 2020 թթ. պատերազմների ընթացքում հետախուզական մարմինների կողմից տեղեկատվության տրամադրման գործընթացում առկա են եղել խնդիրներ, կա հետախուզական տեղեկատվության օպերատիվության և որակի բարելավման անհրաժեշտություն,
3. առանձին ծառայություն ունենալը համահունչ է համաշխարհային փորձին՝ թե՛ աշխարհի առաջատար երկրների, թե՛ տարածաշրջանի երկրների, թե՛ մեր անմիջական հարևանների օրինակով,
4. Արտաքին հետախուզության ծառայության ստեղծումը ոչ միայն կնպաստի ԱԱԾ գործառույթային արդյունավետության բարձրացմանը՝ հնարավորություն ընձեռելով կենտրոնանալ հետախուզության և ահաբեկչության դեմ պայքարի ուղղություններով, այլև հնարավություն կընձեռի ավելի ճկուն ու համարժեք արձագանքել փոփոխվող աշխարհի ու տարածաշրջանի մարտահրավերներին։


Թվարկված հիմնավորումները մակերեսային են, թերի։ Որևէ վերլուծություն չի արվել, թե ի՞նչն է բացասական, երբ հետախուզության և հակահետախուզության մարմինները գործում են մեկ կառույցում և նույն ղեկավարման ներքո։ Անհասկանալի է, թե 2016 և 2020 թթ. պատերազմների ընթացքում հետախուզական մարմինների կողմից տեղեկատվության տրամադրման գործընթացում ի՞նչ թերություններ են նկատվել, որոնք այսօր հնարավոր չէ շտկել ԱԱԾ և ՊՆ կառույցների ներսում գործելու պայմաններում, ովքե՞ր են պատժվել այդ թերությունների ու բացթողումների համար, եթե այդպիսիք եղել են։


Աշխարհի 10 ամենաարդյունավետ հետախուզական ծառայություններից մեկը լինելու գաղափարն իհարկե ողջունելի է, սակայն դրա համար պարտադիր չէ գործել առանձին կարգավիճակում։ Խիստ վիճարկելի է, որ առանձնացումը կարող է նպաստել հետախուզական և հակահետախուզական աշխատանքների արդյունավետության բարձրացմանը։ Անհասկանալի է, թե ինչպես է ուսումնասիրվել ու որոշվել` ո'ր առանձին կառույցներն առավել արդյունավետ են գործում, ո՞ր երկրների փորձն է նման խորությամբ հետազոտվել, համադրվել մինչ առանձնացումն արձանագրված ցուցանիշների հետ։ Միայն փաստելը, որ թե՛ աշխարհի առաջատար, թե՛ տարածաշրջանի և թե՛ մեր անմիջական հարևան երկրներում գործում են առանձնացված ծառայություններ, բավարար չէ վստահ լինելու համար, որ արդյունքում բարձրացել է արդյունավետությունը։ Շատ հնարավոր է, որ այդ երկրները ևս բախվում են խնդիրների, որոնք կապված են տեղեկատվության փոխանակման, վերլուծության և իրացման հետ, ու որտե՞ղ է երաշխիքը, որ վերջնարդյունքում կրկին չեն գնա վերամիավորման։ Բազմաթիվ այլ երկրներում, այդ թվում՝ Իրանում, Ղազախստանում, Մոլդովայում, Ուզբեկստանում, Ղրղզստանում, Թուրքմենստանում, Տաջիկստանում, Բելառուսում, Էստոնիայում, Լատվիայում, Լիտվայում, Իտալիայում, Կանադայում հետախուզական և հակահետախուզական մարմինները գործում են մեկ կառույցում և մեկ միասնական ղեկավարման ներքո։ Ընդ որում խոշոր երկրների հակահետախուզական ծառայությունները, այդ թվում ՌԴ ԴԱԾ-ն, ունեն իրենց հետաքրքրություններն արտասահմանում, որոնց լուծմանը հասնում են ինքնուրույն ուժերով, տեղերում դիրքեր ունենալով։


Այսինքն՝ խնդիրը մեծ ծախսեր պահանջող բազմաթիվ առանձին կառույցներ ունենալու մեջ չէ: Պարզապես աշխատանքը ճիշտ կազմակերպել ու կանոնակարգել է պետք։ Որակ և արդյունք ստանալու համար առաջին հերթին անհրաժեշտ է բարձրացնել պետության, իշխանության հեղինակությունը, հայրենասիրության զգացումը, վերացնել միմյանց նկատմամբ թշնամական մթնոլորտը, ամրապնդել Սփյուռքի մեր հայրենակիցների և դաշնակից երկրների հետ կապերը, հետախուզական և հակահետախուզական ոլորտներում ներգրավված աշխատակիցներին ապահովել բարձր աշխատավարձով, սոցիալական երաշխիքներով, հագեցած տեխնոլոգիական հնարավորություններով։


«Արտաքին հետախուզության գործունեության և արտաքին հետախուզության ծառայության մասին» օրենքի ուսումնասիրությունը վկայում է, որ ընդամենը նախատեսում են ստեղծել ահռելի մեծ ծախսեր պահանջող մի նոր ծառայություն և ոչ ավելին։ Այն օժտված չի լինելու որևէ նոր էական լիազորությամբ, ինչը չունեն այսօր գործող ստորաբաժանումները։ Նոր ծառայության գործունեությունը ծավալվելու է նույն սկզբունքների շրջանակներում, արտաքին հետախուզական գործունեության մեթոդները, ձևերն ու միջոցները ևս նույնն են լինելու։ Այսինքն՝ ընդամենը ավելանալու է պետության ֆինանսական բեռն առնվազն վարչակառավարչական ծախսերի մասով, որը կարելի էր ուղղել գործող ստորաբաժանումներին, հատկապես որ դրանք այսօր իսկ համալրված են պրոֆեսիոնալ, բանիմաց ղեկավար-օպերատիվ կազմով։ Բացի այդ նախատեսում են ստեղծել առանձին ուսումնական կենտրոն, հատուկ ստորաբաժանումներ, որոնք արդեն իսկ առկա են ԱԱԾ և ՊՆ կազմում, հետևաբար ընդամենը կարելի էր բարեփոխել և ավելի զարգացնել։


Պետք է հաշվի առնել նաև, որ Հայաստանը փոքր երկիր է, բնականաբար չունի լայնածավալ շահեր, ֆինանսական ռեսուրսներ, ինչպես, օրինակ, գերտերությունները։ Մեր հետաքրքրություններն, ըստ էության, սահմնափակվում են այս տարածաշրջանով, աշխարհաքաղաքական մի քանի կենտրոններով, ինչպես նաև այն երկրներով, որտեղ կա մեծաթիվ Սփյուռք, հետևաբար այս տեսանկյունից ևս ուռճացված կազմով ծառայություն ստեղծելն ու պահելն առնվազն խնդրահարույց և աննպատակ են։

Բացի վերը թվարկվածից, հետախուզության առանձնացումը կարող է հանգեցնել հետևյալ խնդիրներին՝
1. խախտվելու են հետախուզության-հակահետախուզության համակարգերի ամբողջականությունը, փոխլրացումը, այլ կերպ ասած` սիստեմը,
2. խախտվելու է հետախուզության-հակահետախուզության համակարգերի միջև արդեն իսկ կանոնակարգված փաստաթղթաշրջանառությունը, լինելու է գործառույթների կրկնություն, փոխադարձ հետաքրքրությունների բախում, որը հանգեցնելու է հակասությունների, անառողջ մրցակցության, այսինքն՝ վտանգվելու է երկրի անվտանգային համակարգը,
3. արտասահմանում ստեղծվելու են աննպատակ և ցածր էֆեկտիվությամբ լրացուցիչ կետեր,
4. ծառայությունն ապահովվելու է օպերատիվ հետախուզական միջոցառումներ իրականացնելու, մասնավորապես արտաքին դիտման, հեռախոսային խոսակցությունների գաղտնալսման և այլ օպերատիվ-տեխնիկական միջոցառումների անցկացման առանձին հնարավորություններով, ինչը բնականաբար կպահանջի լրացուցիչ, ահռելի ծախսեր,
5. ովքե՞ր են համալրելու ծառայությունը, ո՞ր երկրներում են նրանք վերապատրաստվելու,
6. ո՞ր երկիրն է կոորդինացնելու ծառայության ստեղծման ու կայացման աշխատանքները: Եթե արևմտյան փորձն է ներդրվելու, այսպես ասած «շեֆությունը» նրանք են վերցնելու, դրան ինչպե՞ս կարձագանքի ռազմավարական դաշնակից Ռուսաստանը և ի՞նչ բացասական հետևանքներ կարող են առաջանալ,
7. ինչպե՞ս են վարվելու գործող կադրերի հետ, քանի որ մեծ է ռիսկը, որ այս անցումային 3 տարիների ընթացքում նրանցից կազատվեն կառուցվածքային փոփոխությունների, ատեստացիաների պատրվակներով,
8. ինչպե՞ս է լուծվելու այն աշխատակիցների կենսաթոշակի անցնելու հարցը, որոնց ծառայության 20 տարին դեռևս չի լրացել, բայց փաստորեն զինվորական ծառայությունը չի շարունակվելու և զինվորական կենսաթոշակի չեն կարողանալու անցնել,
9. ատեստացիաներով լրացուցիչ ծանրաբեռնումը, անհարկի պահանջներ դնելը հանգեցնելու են համակարգից որակյալ կադրերի հեռանալուն,
10. երեք տարվա անցումային ժամկետ սահմանելով և պրոֆեսիոնալ աշխատակիցներին նոր ստեղծվելիք կառույցում տեղ գտնելու առումով անորոշության մեջ պահելով՝ ողջամիտ ռիսկ է առաջանում, որ նրանք կդադարեն արդյունավետ գործելուց ու կփորձեն նպաստավոր այլ պայմաններ ստեղծել իրենց համար,
11. ի վերջո անհասկանալի է, թե Անվտանգության խորհրդի գրասենյակի կողմից մշակված այս նախագծի հետ որքանո՞վ է առնչվել ԱԱԾ-ն, ի՞նչ դիրքորոշում ունեն ԱԱԾ գործող ղեկավարությունը և կոմպետենտ աշխատակիցները, արդյո՞ք նրանք միտում, խնդիրներ տեսնում են ԱԱԾ-ից նշված բոլոր ստորաբաժանումները հանելու հետ կապված, թե՞ դա համարում են արդյունավետ գործընթաց,
12. «բեռնաթափելով» ԱԱԾ տնօրենին՝ փաստորեն անհարկի և անիմաստ ծանրաբեռնվելու է վարչապետը, որի ուղիղ ենթակայության տակ առանց այն էլ գործում են գրեթե բոլոր մարմինները: Հատկանշական է, որ օրենքի 7-րդ հոդվածի համաձայն արտաքին հետախուզական գործունեության արդյունքում ձեռբերված տեղեկատվությունը տրամադրվում է վարչապետին և վերջինիս կողմից սահմանված կարգով կարող է փոխանցվել պետական այլ մարմիններին:

Այսինքն` վարչապետը պետք է ունենա այնքան ունակություն, ժամանակ և հնարավորություն, որ մտաբերի, տիրապետի բոլոր պետական մարմիններում առկա ինֆորմացիաներին և օպերատիվ որոշում կայացնի, թե որ ինֆորմացիան կարող է հետաքրքրություն ներկայացնել մյուս մարմինների, այդ թվում հակահետախուզութան համար: Սա պարզապես հանգեցնելու է արժեքավոր ինֆորմացիայի կորստի և դրա ոչ ժամանակին իրացման:
Այսպիսով, եթե փորձենք ի մի բերել վերը շարադրվածը և պատասխանել մեր իսկ կողմից ձևակերպված հարցերին, թե ի՞նչն է խնդիրը, ինչո՞վ է պայմանավորված անհրաժեշտությունը և որո՞նք են արտաքին հետախուզության ծառայության ստեղծման թաքնված միտումը, իրական նպատակը, կարող ենք փաստել հետևյալը` Արտաքին հետախուզական առանձին ծառայություն ստեղծելով` մեխանիկորեն չեն բարձրանալու աշխատանքի արդյունավետությունը, ստացված տեղեկատվության որակը:

Դրանց հնարավոր է հասնել նաև մյուս ստորաբաժանումների հետ մեկ կառույցի ներքո աշխատելու պայմաններում, եթե, իհարկե, բարձրացվի պետության, իշխանության հեղինակությունը, հայրենասիրության զգացումը, վերացվի միմյանց նկատմամբ թշնամական մթնոլորտը, ամրապնդվեն Սփյուռքի մեր հայրենակիցների, ինչպես նաև դաշնակից երկրների հետ կապերը, հետախուզական և հակահետախուզական աշխատանքներում ներգրավված աշխատակիցներն ապահովվեն բարձր աշխատավարձով, սոցիալական երաշխիքներով, հագեցած տեխնոլոգիական հնարավորություններով:
Այսինքն` կառույցի ստատուսը որոշիչ չէ:


Այլապես ստացվում է, որ ԱԱԾ-ն պարզապես մասնատվում և կազմաքանդվում է, իսկ կոնկրետ Արտաքին հետախուզական առանձին ծառայությունը ստեղծվում է քաղաքական (ռազմավարական դաշնակցի փոփոխության) դրդապատճառներով, գործող կադրերից հետզհետե ազատվելու հնարավոր միտումով։

Դիտվել է՝ 16724

Մեկնաբանություններ