«Հրապարակը» գրում է.
«Նիկոլ Փաշինյանը մտադիր է վերականգնել ներքին գործերի նախարարությունը։ Ըստ նախագծի՝ ոստիկանությունը, որպես առանձին կառույց, կլինի վարչապետին կից, իսկ ՆԳՆ-ն կլինի կառավարության կազմում։ Նախարարությանը կենթարկվեն ՀՀ ոստիկանությունը, նոր ստեղծվելիք ՆԳՆ քննչական դեպարտամենտը, Միգրացիայի և քաղաքացիության ծառայությունը և «ՀՀ ոստիկանության կրթահամալիր» ՊՈԱԿ-ը։ Ենթակա մարմինների ղեկավարներին, բացառությամբ ոստիկանության, նշանակելու և ազատելու է վարչապետը՝ ՆԳ նախարարի առաջարկությամբ։ Ոստիկանապետին և նրա տեղակալներին, ոստիկանության զորքերի հրամանատարին նշանակելու և ազատելու է հանրապետության նախագահը՝ վարչապետի առաջարկությամբ, որին նախորդելու է ՆԳ նախարարի միջնորդությունը։ «…Ոստիկանության պետը շարունակելու է իրականացնել ոստիկանության ամենօրյա անմիջական ղեկավարումը, իսկ ՆԳ նախարարը պատասխանատու է լինելու ոլորտի քաղաքականության մշակման և իրականացման համար, կադրային նշանակումներ է կատարելու ոստիկանության գլխավոր խմբի պաշտոններում», - նշված է նախագծում։ ՆԳ նախարար կարող է նշանակվել քաղաքացիական անձ, որի համար պարտադիր չի լինի համակարգում աշխատանքի ստաժը՝ նրան կարող են նշանակել թիմից, ասենք՝ նույն Նավակ Ճոճողին։
Դեռ 2019-ին էին փորձում ԱԱԾ և ոստիկանապետի պաշտոնները քաղաքականացնել, սակայն աղմուկ բարձրացավ, որ անթույլատրելի է անփորձ մարդկանց պատասխանատու ոլորտները վստահելը, և նախագիծը մնաց թղթի վրա։ Հիմա, երբ իշխանության պահպանման միակ ճանապարհն ուժայիններն են, որոշել են կյանքի կոչել։ Երեկ Արցախի խորհրդարանն օրենք է ընդունել, որով Արտակարգ իրավիճակների ծառայությունն ու ոստիկանությունը միավորվում են ներքին գործերի նախարարության մեջ»: