Էլի բացատրություն չունեցող վարկեր
17.12.2019 | 01:28
Անցած շաբաթ խորհրդարանը վավերացրեց չորս վարկային ծրագիր, որոնք, ինչպես միշտ, ոչինչ չասող անուններ ունեն։ Ընդհանուր առմամբ, Հայաստանն այդ համաձայնագրերով 152 մլն դոլարի վարկ է ստանում։ Արտաքին պարտքի հերթական չափաբաժնի ավելացման միակ հիմնավորումը, ըստ իշխանական պատգամավորների, այն է, թե մեզ էժան փող են տալիս։ Էժան, թե թանկ, ի՞նչ կարևոր է, եթե պատճառաբանված չէ, թե ինչի համար են այդ վարկերը։
Քննարկումների ողջ ընթացքում այդպես էլ մի հոդաբաշխ բացատրություն չտրվեց, թե էժան փողը մեր ինչի՞ն է պետք, եթե այն, միևնույն է, տոկոսներով ենք հետ տալու։ Ի դեպ, մինչ այս Փաշինյանը հպարտանում էր, թե մեր արտաքին պարտքը ոչ միայն չի ավելացել, այլև նվազել է։ Դեռ այս տարվա սեպտեմբերի սկզբին նա այսպիսի ֆեյսբուքյան գրառում էր արել. «Այս տարվա օգոստոսին 2015-ից ի վեր առաջին անգամ արձանագրվել է արտաքին պետական պարտքի նվազման միտում: Իհարկե, պետական պարտքի նվազումը ինքնանպատակ չէ, բայց սա արդյունք է այն բանի, որ հստակ խնդիր ենք դրել պետական միջոցները ծախսել արդյունավետ: Սա, իհարկե, որոշակիորեն դանդաղեցնում է կապիտալ ծախսերի տեմպը, որովհետև համակարգը սովոր է աշխատել այլ՝ հայտնի կանոններով։ Սա ճիշտ ճանապարհ է. թույլ չտալ պետական միջոցները վատնել անորակ շինարարությունների և ատկատների վրա»: Փաստորեն, հիմա Փաշինյանն է սկսել «հայտնի կանոներով» աշխատել, իսկ պետական միջոցների վատնումն ու «ատկատներն» էլ չեն հիշվում։
Իսկ իրականում ինչ պիտի աներ Նիկոլ Փաշինյանը՝ որպես հեղափոխական ղեկավար։ Տարիներ շարունակ հանրային օրակարգում միշտ քննարկվող հարց է եղել մեր արտաքին պարտքի չափը, որը շատ հաճախ վտանգավոր է համարվել։ Ամեն եկող իշխանություն իր ներդրումն է ունեցել մեծացող պարտքի մեջ, ոչ մեկը չի քննել, թե նախկինում վերցրած վարկային միջոցները ինչպես են օգտագործվել, ուր են այդ գումարները, ինչ ծրագրեր են դրանցով կյանքի կոչվել (ավելին, կար կառավարություն, որ վարկ էր վերցնում թոշակ ու աշխատավարձ տալու համար)։ Հիմա ունենք 7 մլրդ դոլարը գերազանցող արտաքին պարտք, որը Հայաստանի դեռ չծնված երեխայի վզին էլ է փաթաթված և էլի մի իշխանություն, որը նախորդների հետագծով է առաջ ընթանում։ Մինչդեռ հարկավոր էր, նախ ուսումնասիրել արտաքին պարտքի ողջ պատմությունը, հասկանալ, թե այս կամ այն վարկային համաձայնագրով տրված գումարները ովքեր են գրպանել, ու, ի վերջո, որտեղ են փոշիացել դրանք՝ առանց որևէ արդյունքի։ Ահա այս հետաքննությունն ու գործընթացը կլինեին իրական կոռուպցիայի դեմ պայքար, ոչ թե նախկին այս կամ այն չինովնիկի ընդամենը մի քանի մլն դրամի յուրացումը, որը այս 1,5 տարվա ընթացքում խոսակցությունների մակարդակից դատական վճռի չի վերածվել։
Մեծ խոստումներով իշխանության եկած փաշինյանական թիմն այդպես էլ արմատական ոչ մի փոփոխության չգնաց, այս դեպքում էլ հազիվ թե փորձեն ուսումնասիրել նախկին վարկային համաձայնագրերի ճակատագրերը։ Իսկ աշխարհում բավական շատ է ազատ արժույթը, և ֆինանսական կառույցները հաճախ նաև էժան գումար են տալիս զարգացող երկրներին, բնականաբար, ո՛չ «սիրուն աչքերի» համար։ Սրանով այդ ֆինանսական գիգանտները ոչ միայն իրենցից կախվածությունն են մեծացնում, այլև որոշակի պահանջներ թելադրում։ Այնպես որ, այս առումով իշխանության գործողություններն էլի հիշեցնում են հայտնի ասացվածքը. «Լավագույն նորը մոռացված հինն է»։ Տվյալ դեպքում` «մերժված հինը»։
Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ
Հեղինակի նյութեր
Մեկնաբանություններ