ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը, պաշտոնը ստանձնելու առաջին իսկ օրից, ծրագրում է վերականգնել իր «առավելագույն ճնշման ռազմավարությունն Իրանին սնանկացնելու համար»՝ գրում է Financial Times-ը: «Առավելագույն ճնշման» արշավը նպատակ ունի զրկել Իրանին բանակը հզորացնելու հնարավորությունից, սակայն վերջնական նպատակը Թեհրանին միջուկային նոր համաձայնագրի շուրջ բանակցությունների մղելն է։               
 

Ամեն ինչ սկսվեց «Արմաթից». աշակերտից մինչև խմբակավար ու «Քոթուկ» ստուդիա

Ամեն ինչ սկսվեց «Արմաթից». աշակերտից մինչև խմբակավար ու «Քոթուկ» ստուդիա
20.02.2018 | 02:22

18-ամյա Վազգեն Հովհաննիսյանը տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում առաջին քայլերն արել է 8-րդ դասարանում, երբ իմացավ «Արմաթ» ինժեներական լաբորատորիաների մասին և սկսեց հաճախել «Արմաթի» դասերին։ Վազգենը Այգեկ համայնքից է, պատմում է, որ մինչև 8-րդ դասարանը հիմնական զբաղմունքը բռնցքամարտն է եղել։ Բայց մի օր հանդիպեց ինժեներական խմբակի վարող Շուշան Գրիգորյանին, որն էլ համոզեց Վազգենին ացելել իրենց դասերին։ «Ես մի քիչ համակարգչային գիտելիքներ ունեի, սիրում էի համակարգչով խաղեր խաղալ, բայց, չգիտեմ ինչու, չէի ուզում գնալ խմբակ։ Ինձ միայն բռնցքամարտն էր հետաքրքրում։ Չորս կողմից բարկանում էին վրաս, ստիպեցին գնալ։ Ես էլ փորձեցի։ Առաջին անգամ գնացի «Արմաթի» դասերին, ու վերջ, կապվեցի համակարգչային ծրագրերի, ՏՏ-ի հետ։ Խմբակավար Շուշան Գրիգորյանի օգնությամբ մի շատ թեթև խաղ պատրաստեցի, և դա այնքան դուր եկավ ինձ, որ սկսեցի ինքս համակարգչային խաղեր պատրաստել։ Դպրոցում սովորելու տարիներին ինժեներական խմբակի ոչ մի դաս բաց չեմ թողել»,- ասում է Վազգենը և ավելացնում, որ «Արմաթի» շնորհիվ ինքը կապվեց տեխնոլոգիաների հետ, կանխորոշվեց իր ապագա մասնագիտությունը. դպրոցից հետո Վազգեն Հովհաննիսյանն ընդունվեց պոլիտեխնիկական համալսարան։


Այգեկի «Արմաթ» լաբորատորիայում Վազգենի հետ ՏՏ հմտություններ էր ձեռք բերում ևս 20 աշակերտ, որոնց մի մասը հետագայում ընտրեց տեղեկատվական տեխնոլոգիաների հետ կապված մասնագիտություններ։ Ինչպես մեր զրուցակիցն է ասում, նույնիսկ նրանց, ովքեր այլ ուղղություններով են գնացել, ինժեներական լաբորատորիան ու համակարգչային ծրագրերի վերաբերյալ հմտությունները օգտակար են եղել, քանի որ փոխում են մարդկանց մտածելակերպը, բարձրացնում առաջադիմությունը, սկսում են մյուս առարկաները նույնպես հետաքրքրությամբ ուսումնասիրել. «Ես համոզված եմ, որ եթե մուտք չգործեի ռոբոտաշինության խմբակ, լրիվ այլ մարդ կլինեի, շատերի պես ոչինչ չէի անի։ Բայց այդտեղ ստացած գիտելիքները թույլ են տալիս ինչ-որ բան ստեղծել, սպառողից վերածվել արտադրողի»։ Իսկ բռնցքամարտը մղվեց երկրորդ պլան, վնասվածքից հետո Վազգենն այլևս չմասնակցեց սպորտային պարապմունքներին։


Վազգեն Հովհաննիսյանն արդեն ինքն է Այգեկի դպրոցի ինժեներական լաբորատորիայի խմբակավարը։ Ասում է, որ աշխատանքը և երեխաների հետ շփումները շատ հետաքրքիր են։ Երեխաները խմբակ սկսում են հաճախել 5-րդ դասարանից և արդեն գիտելիքներով զինված, ինչը Վազգենին զարմացնում է։ Այս պահին խմբակում ուսանում է 25 աշակերտ՝ Այգեկից և հարևան Նորակերտ համայնքից։
ՏՏ ոլորտում կա՞ մեկը, որ ոգեշնչում է, ում կուզեր Վազգենը նմանվել։ Մեր զրուցակիցը խոստովանում է, որ իր համար օրինակ է Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը. «Նրա պես աշխատասեր, նպատակասլաց, դժվարությունները հաղթահարող, պայքարող ուրիշ մեկին չեմ ճանաչում։ Նրան տեսնելիս ոգևորվում եմ։ Մեկ էլ՝ իմ խմբակավար Շուշան Գրիգորյանը, որն ինձ համար բացահայտեց ՏՏ աշխարհը։ Նրա շնորհիվ է, որ ես այսօր հաջողությունների եմ հասնում»։


Արդեն մի քանի ամիս է՝ Վազգենն ստեղծել է «Քոթուկ» ստուդիան, որն զբաղվում է անիմացիաներով, ՏՏ ոլորտի այլ ծրագրերով. «Գովազդեր ենք պատրաստում, բայց գեղեցիկ գովազդեր, ոչ թե նրանցից, որ այսօր հեռուստացույցով ցուցադրում են։ Ցանկանում եմ ստուդիան մեծացնել, դարձնել մեծ կենտրոն, որտեղ մարդիկ մոնտաժ, անիմացիա կսովորեն։ ՈՒզում եմ, որ գյուղի մարդիկ շատ զբաղվեն տեղեկատվական տեխնոլոգիաներով։ Բոլորն ասում են, թե քաղաքի մարդիկ խելացի են, բայց գյուղում էլ խելացի մարդիկ շատ են։ Ստուդիայի անունն էլ «Քոթուկ» եմ դրել, որպեսզի ասեմ՝ որքան էլ առաջ գնանք, հիշենք, որ արմատներով գյուղից ենք ու այստեղից ենք ամեն ինչ սկսել»։


Լիլիթ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Դիտվել է՝ 6977

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ