ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը, պաշտոնը ստանձնելու առաջին իսկ օրից, ծրագրում է վերականգնել իր «առավելագույն ճնշման ռազմավարությունն Իրանին սնանկացնելու համար»՝ գրում է Financial Times-ը: «Առավելագույն ճնշման» արշավը նպատակ ունի զրկել Իրանին բանակը հզորացնելու հնարավորությունից, սակայն վերջնական նպատակը Թեհրանին միջուկային նոր համաձայնագրի շուրջ բանակցությունների մղելն է։               
 

2018-ին ՀՀ-ն՝ 20 ամենաինովացիոն երկրների թվում

2018-ին ՀՀ-ն՝ 20 ամենաինովացիոն երկրների թվում
05.11.2014 | 12:21

Հոկտեմբերի 31-ից մինչև նոյեմբերի 1-ը Դիլիջանում անցկացվեց Բիզնես ինովացիոն 2-րդ համաժողովը։ Այն անցկացվում էր «2018թ.՝ Հայաստանը 20 ամենանորարար երկրների շարքում» նշանաբանով և նվիրված էր տեխնոլոգիական կրթության և ձեռներեցության հիմնախնդիրներին: Ֆորումի օրակարգում էին հանրակրթական և բարձրագույն կրթության, ձեռներեցության, օրենսդրական և ենթակառուցվածքների տեսանկյուններից անհրաժեշտ անելիքների քննարկումները:

Ֆորումի նպատակն էր քննարկումների արդյունքում ձևավորել Հայաստանի նորարարական զարգացման թիրախային ուղղություններն ու անհրաժեշտ գործողությունները, որոնք կդրվեն ՀՀ կառավարության, մասնավոր ոլորտի և միջազգային կազմակերպությունների օրակարգում:
ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը բիզնես ֆորումի ընթացքում համոզմունք հայտնեց, որ նման հանդիպումների կարիքը կա: «Մենք բաց ենք ՏՏ ոլորտի համար, ես շատ եմ կարևորում այս ոլորտը և պատրաստ եմ յուրաքանչյուր ողջամիտ առաջարկ կառավարության հնարավորությունների սահմաններում քննարկել և աջակցել: Նաև տեղյակ եմ, որ այսօրվա դրությամբ ոլորտն ունի մոտ 2000 մասնագետի կարիք և պատրաստման անհրաժեշտություն: Հայտնում եմ իմ պատրաստակամությունը՝ աջակցելու և ֆինանսավորելու, որպեսզի ունենանք այդ մասնագետները: Միաժամանակ առաջարկում եմ ՏՏ ոլորտի բոլոր ներկայացուցիչներին, որպեսզի կառավարությանը ներկայացնեն առաջարկություններ մեր համագործակցության վերաբերյալ՝ բոլոր ձևաչափերով»,- նշեց վարչապետը:
Ֆորումի հիմնական խոսնակներից էր իսրայելական «Յոգմա գրուպ» վենչուրային հիմնադրամի հիմնադիր և ղեկավար ՅԻԳԱԼ ԷՌԼԻԽԸ։ Վերջինս ներկայացրեց, թե ինչպես է Իսրայելը քսան տարի առաջ դարձել ՏՏ առաջատար երկրներից մեկը՝ զուգահեռներ անցկացնելով Հայաստանի և Իսրայելի միջև։ Պարոն Էռլիխը շեշտեց կառավարության դերակատարման կարևորությունը։ Իսրայելի կառավարությունը տարեկան ֆինանսավորում է տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի 500 տեղական ծրագիր։ Այսօր Իսրայելում տարեկան ստեղծվում է 700-800 ընկերություն, որոնցից 300-ը փակվում է, 500-ը շարունակում է գործել։ «Հայաստանի պես երկրի համար շատ կարևոր են և՛ արտասահմանյան ներդրումները, և՛ կառավարության օգնությունը։ Այսօր Իսրայելի ընկերությունների ֆինանսավորման 80 տոկոսն իրականանում է արտասահմանյան երկրների՝ հիմնականում ԱՄՆ-ի կողմից, իսկ մնացած 20 տոկոսն ապահովում է Իսրայելի կառավարությունը»,- նշեց Էրլիխը։
Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության գործադիր տնօրեն ԿԱՐԵՆ ՎԱՐԴԱՆՅԱՆԸ շեշտում է, որ պետական քաղաքականություն է պետք, ներդրումներ, որպեսզի հնարավոր լինի 4 տարում Հայաստանը դարձնել աշխարհի ամենանորարար երկրներից մեկը: Կազմակերպված համաժողովի նպատակն է պարզել, թե դրա համար ինչ է հարկավոր: «Հայաստանը քսանյակի մեջ մտցնելու խնդիր կա։ Կարող ենք համախմբել բոլոր ուժերը, և համոզված եմ, որ 2018-ին մտնելու ենք 20 ամենաինովացիոն երկրների մեջ»,- ասաց Կարեն Վարդանյանը։
«Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի տնօրեն ԲԱԳՐԱՏ ԵՆԳԻԲԱՐՅԱՆԸ նշեց, որ խրախուսելի է տեխնոլոգիական գործընթացների զարգացումը Հայաստանի մարզերում և Արցախում։ Նա նկատեց, որ ապակենտրոնացումը ոչ միայն կկանխի արտագաղթը Հայաստանից, այլև մարդիկ չեն լքի իրենց բնակավայրերը։
Գյումրու տեխնոլոգիական կենտրոնի հաջողված մոդելի օրինակով շուտով նման կենտրոններ են բացվելու նաև Վանաձորում և Արցախում։ Բագրատ Ենգիբարյանը նշեց, որ Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնի բացումը բաղկացած է երկու փուլից՝ տեխնոլոգիական կենտրոնի կառուցումը Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի Վանաձորի մասնաճյուղի տարածքում և բովանդակային ծրագրերը՝ կադրերի պատրաստում ու աջակցում բիզնեսին։ Տեխնոլոգիական կենտրոնի գործունեությունը ներառելու է երեք ուղղություն՝ ինֆորմացիոն տեխնոլոգիաներ, մուլտիմեդիա և ճարտարագիտություն։ Դեկտեմբերից կենտրոնը գործելու է համալսարանի շենքում։ Նոր կառուցվող շենքը պատրաստ կլինի 2016 թվականին։ Արցախի տեխնոլոգիական կենտրոնը նույնպես կգործի դեկտեմբերից։ Արցախի տեխնոլոգիական կենտրոնում տեղավորվելու են համաշխարհային մեծության ընկերությունների, այդ թվում՝ Synergy ընկերության ներկայացուցիչները։ «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի տնօրենը հայտնեց նաև, որ Կապանում հիմնվել է տեխնոլոգիական լաբորատորիա, որը զբաղվում է բջջային և վեբ տեխնոլոգիաներով։

Լիլիթ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Դիտվել է՝ 2550

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ