ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը, պաշտոնը ստանձնելու առաջին իսկ օրից, ծրագրում է վերականգնել իր «առավելագույն ճնշման ռազմավարությունն Իրանին սնանկացնելու համար»՝ գրում է Financial Times-ը: «Առավելագույն ճնշման» արշավը նպատակ ունի զրկել Իրանին բանակը հզորացնելու հնարավորությունից, սակայն վերջնական նպատակը Թեհրանին միջուկային նոր համաձայնագրի շուրջ բանակցությունների մղելն է։               
 

ՏՏ ոլորտը փոխադարձ օգնության է կանչում համալսարաններին

ՏՏ ոլորտը փոխադարձ օգնության է կանչում համալսարաններին
24.06.2014 | 16:30

Մեր երկրում բարձր տեխնոլոգիաների զարգացման գործում բուհերն այսուհետ ունենալու են անմիջական մասնակցություն՝ համագործակցելով ոլորտի խոշոր ընկերությունների հետ:

Այսօր ԵՊՀ ռեկտորի աշխատասենյակում համագործակցության եռակողմ հուշագիր ստորագրվեց «Technology and Science dynamics» ընկերության, «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի և հայաստանյան մի քանի խոշոր բուհերի միջև, որոնք մասնագետներ են պատրաստում տեղեկատվական տեխնոլոգիաների բնագավառում: Այդ բուհերն են Երևանի պետական համալսարանը, Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանը, Եվրոպական տարածաշրջանային կրթական ակադեմիան, Հայաստանում ֆրանսիական բարձրագույն ինժեներական ինստիտուտը և Հայ-ռուսական (Սլավոնական) համալսարանը:
Հուշագրի ստորագրմանը ներկա էր նաև ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը:
««Technology and Science dynamics» ընկերությունը Հայաստանում իրականացնելու է արտադրական գործունեություն, բայց նպատակ ունի զբաղվելու նաև գիտահետազոտական աշխատանքներով: Եվ ամենաառաջին քայլը, որ տեսնում ենք, ակադեմիական ու արտադրական գործունեություններն իրար միացնելն է»,- ասում է ընկերության տնօրեն Վահան Շաքարյանը՝ հավելելով, որ նպատակը մեր երկրում տնտեսության ու բարձր տեխնոլոգիաների զարգացումն է:
Հուշագրի ստորագրումից հետո կկազմվեն աշխատանքային խմբեր, որոնք արդեն կկոնկրետացնեն, թե համագործակցությունն ինչ ուղղությամբ է լինելու: Ըստ փաստաթղթի՝ «Technology and Science dynamics» ընկերությունը կազմակերպելու է հուշագիրը ստորագրած բուհերի ուսանողների պրակտիկան, իրականացնելու է ուսանողների այցելություններ ընկերության գրասենյակ ու արտադրամաս, ինչպես նաև այլ ծրագրեր ու միջոցառումներ:
Ընկերության աշխատակիցները բուհերի սովորողների համար դասախոսություններ կկարդան, կմասնակցեն կազմակերպվող գիտաժողովներին ու սեմինարներին և այլն: ««Technology and Science dynamics»-ը խոստանում է նաև ֆինանսավորել ու կյանքի կոչել նշված բուհերի ուսանողների կողմից առաջարկվող նորարարական տեխնոլոգիական գաղափարները:
«Այսօր համալսարանն առանց գործարար աշխարհի, գործարար աշխարհն էլ առանց համալսարանի զարգանալ չեն կարող: Ես հույս ունեմ, որ այս հուշագիրը սկիզբ կդնի այն ճանապարհին, որը կտանի դեպի շոշափելի ելքեր: Տրամադրվածությունից արդեն իսկ հասկանում ենք, որ սա զուտ փաստաթուղթ ստորագրելով չի սահմանափակվելու, այլ վարելու ենք լուրջ գործընկերային հարաբերություններ»,- կարծում է ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը:
«Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի տնօրեն Բագրատ Ենգիբարյանն էլ նշում է, որ այս համագործակցությունը Հայաստանում առկա մեծ ներուժն ու ոլորտի զարգացման հեռանկարները համատեղելու լավ հնարավորություն է. «Աշխարհում կան խնդիրներ, որոնց լուծման համար չեն պահանջվում ծրագրավորողներ, այլ մաթեմատիկոսներ, ֆիզիկոսներ կամ քիմիկոսներ, որոնք մասնագիտական լուրջ պատրաստվածություն ունենալու դեպքում կարող են լուծել այդ խնդիրները և մեծ եկամուտներ ապահովել երկրի համար: Այդպիսի բան քիչ երկրներ կարող են իրենց թույլ տալ, իսկ մեր երկրում մեծ ներուժ կա»:

Դիտվել է՝ 2440

Մեկնաբանություններ