Արդեն «Վճարում ենք 100 դրամ» շարժման որոշ մասնակիցներ, ուղիղ կամ միջնորդավորված, խոսում են այն մասին, որ այլևս չեն ուզում շարունակել պայքարը, քանի որ այն քաղաքականացվում է: Հնարավոր է, որ նրանցից ոմանք պարզապես գլուխ չունեն իշխանությունների հետ, այլ կերպ ասած` իշխանությունների հետ «քյալլա տալու զահլան չունեն»: Բայց միայն դա չէ պատճառը: Սա ոչ միայն իշխանությունների, այլև ընդդիմադիր դաշտում գործող քաղաքական ուժերի պատճառով է, կարծում եմ: Նույնը` ազատամարտիկների պարագայում է: Նրանք էլ չեն ուզում քաղաքականացնել իրենց ընդվզումը, և ոչ այն պատճառով, որ չեն գիտակցում, թե հարցն ինքնին քաղաքականության կոնտեքստում է` ուզեն թե չուզեն, այլ որ չեն ուզում կուսակցական շահերն սպասարկող գործիք ծառայել: Մարդիկ հիասթափված են ընդդիմությունից, հոգնել են դատարկ խոստումներից, ճառերից, վերամբարձ կոչերից: Նրանք իրենց հարցերի լուծումը տեսնում են անհատական պայքարի մեջ: Հենց սա էլ պատճառ է, որ քաղաքացիական շարժումներն ակտիվանան Հայաստանում: Դեռ բոլորովին վերջերս որոշ ընդդիմադիր գործիչներ սրտնեղում էին, երբ խոսվում էր քաղաքացիական շարժման միջոցով երկրում փոփոխությունների հասնելու հնարավորության մասին: Բայց իրադարձությունների ընթացքը ցույց է տալիս, որ քաղաքական ուժերը ցանկացած ազնիվ պայքարից միայն խրտնեցնում են մասնակիցներին` լինի իշխանական-իշխանամերձ, թե ընդդիմադիր կուսակցություն: Այս շարժումն էլ կփսորվի, եթե մեջտեղ գան քաղաքական ուժերը: Ու եթե նման նպատակ գոնե ընդդիմադիրները չունեն, ապա պիտի թողնեն, որ շարժման ինքնաբուխությունն ու ընթացքի մեջ որոշումներ կայացնելու թարմ-կրեատիվ միտքն իր հունով գնա: Առանց քաղաքական-կուսակցական շահախնդիր միջամտության:
Կարինե ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ