38 իտալացի պատգամավորներ հայ գերիներին ազատ արձակելու կոչ են արել՝ տեղեկացնում է Tempi-ն։ Իտալիայի կառավարությանը կոչ է արվում պարտավորություն ստանձնել Հայաստանի և Ադրբեջանի հանդեպ տարածաշրջանում խաղաղության համաձայնագրի առնչությամբ և ապահովել դեռևս ադրբեջանական բանտերում պահվողների ազատ արձակումը:               
 

Որտեղի՞ց կուտակվեց այսքան դաժանություն

Որտեղի՞ց կուտակվեց այսքան դաժանություն
20.07.2013 | 21:45

«Մասիսում Զոհրաբ անունով 35-ամյա բնակիչը սպառնացել է սպանել մորը: Տեղի է ունեցել վիճաբանություն, որի ընթացքում նա ծեծի է ենթարկել մորը, որին տեղափոխել են հիվանդանոց: Քույրը ստիպված է եղել ահազանգել իրավապահներին ու տեղյակ պահել, որ եղբայրը մորը ծեծում է ու սպառնում սպանել»:
«Հուլիսի 20-ին, ժամը 01.00-ի սահմաններում Մեղրիի բժշկական կենտրոնից ոստիկանության Մեղրիի բաժին հայտնել են, որ սուր կտրող ծակող առարկայի հարվածներից ստացած մարմնական վնասվածքներով իրենց մոտ է տեղափոխվել Մեղրիի բնակիչ 28-ամյա Նելլի Ա-ի դին:
Նելլի Ա-ին սպանելու կասկածանքով Մեղրիի ոստիկանները ոստիկանություն են բերման ենթարկել նրա ամուսնուն՝ 34-ամյա Միխայիլ Վարդանյանին, ով քննիչի կողմից որպես կասկածյալ ձերբակալվել է»:
Մեր տեղեկություններով՝ Միխայիլ Վարդանյանը տևական ժամանակ գտնվելիս է եղել Ռուսաստանում, իսկ վերադարձից հետո պարբերաբար սպառնացել է կնոջը, որ կսպանի նրան: Նա նաև թուլություն է ունեցել խմիչքի նկատմամբ:
Նման ահասարսուռ լուրերի գրեթե ամեն օր հանդիպում ենք օրվա լրահոսում, և դրանք ցավալիորեն դադարել են մեզ համար անակնկա լինել: Մեկ այլ օրինաչափություն ևս. եթե նախկինում նման ողբերգությունները տեղի էին ունենում միայն մեծ քաղաքներում, հիմա նույն հաճախականությամբ հանդիպում են նաև մարզերում ու փոքրիկ քաղաքներում, որտեղ ավանդաբար իշխող են եղել մարդկային, ընտանեկան ամուր կապերն ու հարաբերությունները:
Որտեղի՞ց կուտակվեց այսքան և այսօրինակ դաժանություն: Ինչո՞ւ հնարավոր չի լինում կանխարգելել, նվազագույնի հասցնել նման դեպքերը, որոնք միանգամից ու մեկ օրում չէ, որ հասունանում են, վերածվում ողբերգության:
Վերջին տարիներին մեր երկրում պահանջված մասնագիտությունների թվին ավելացան նաև հոգեբանությունն ու սոցիոլոգիան, սկսեցին գործել հոգեբանական ծառայություններ, կենտրոններ, քրեակատարողական հիմնարկներում, մանկատներում, գիշերօթիկ դպրոցներում ներդրվեց նաև սոցիալական աշխատողի՝ վաղուց պահանջարկ ունեցող և արևմտյան երկրներում բավականին հարգի ինստիտուտը: Չնայած սրան՝ պարզվում է, որ մարդիկ այսօր հայտնվել են առավել քան անօգնական վիճակում: Մերձավորներ, ծանոթ-բարեկամ, հարևան դժբախտ դեպքի մասին ահազանգում են միայն ողբերգությանը բախվելուց հետո:
Ըստ հոգեբանների՝ տարաձայնությունները վերածվում են սոցիալական կոնֆլիկտի, երբ առնվազն մեկ «մասնակից» (մեկ կողմ, այսինքն՝ մարդ, խումբ և այլն) այնպես է տանում մյուս «մասնակցի» հետ իր ունեցած տարաձայնությունը, որ վերջինիս գործողությունները սահմանափակում են իր սեփական գաղափարների, զգացմունքների կամ մտադրությունների վերապրումը կամ իրականացումը: Իսկ սոցիալական կոնֆլիկտները, խորացման որոշակի աստիճանի հասնելուց հետո, անխուսափելիորեն վերածվում են ողբերգության, քանի որ հակամարտող կողմերը հետդարձի ճամփա չեն տեսնում:
Եվ քանի որ մեր հասարակության որոշակի շերտերի մեջ շարունակում է իշխող մնալ ամեն գնով «տան աղբը դուրս չհանելու» միտումը, ակնհայտ կոնֆլիկտների, ներընտանեկան և միջանձնային առճակատումների դեպքում էլ շատերը նախընտրում են ոչ թե այդ մասին ահազանգել ժամանակին, դիմել մասնագետների օգնությանը, իրենց մերձավորներին օգնելու և հնարավոր ողբերգությունը կանխելու նպատակով, այլ՝ լռել: Իսկ լռության գինը լինում են խորտակված կյանքերը, մարդկային խեղված ճակատագրերը, անհայր կամ անմայր մեծացող երեխաները:


Թագուհի ՀԱԿՈԲՅԱՆ

Դիտվել է՝ 2022

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ