Արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության մամուլի քարտուղար Գոռ Ղլեչյանի տեղեկացմամբ,երեք օրով ազատ է արձակվել Հայ Ազգային կոնգրեսի ակտիվիստ Տիգրան Առաքելյանը: Պատճառը հոր հոգեհանգստի և հուղարկավորության արարողությանը մասնակցելն է եղել: Ազատ արձակման որոշումը կայացրել է Վճռաբեկ դատարանը`թույլատրելով կարճաժամկետ մեկնել:
Հիշեցնենք`2011թ. օգոստոսի 9-ին Խնկո Ապոր Գրադարանի մոտ տեղի ունեցած միջադեպից հետո ոստիկանության Կենտրոնի բաժին բերման էին ենթարկվել Հայ ազգային կոնգրեսի յոթ ակտիվիստներ: Ավելի ուշ, երիտասարդներից չորսի մասով գործն ավարտվել էր և ուղարկվել դատարան, մյուս երեք երիտասարդների մասով գործը դեռևս գտնվում է ՀՔԾ-ում: Վեց երիտասարդները ստորագրությամբ ազատ էին արձակվել, իսկ Տիգրան Առաքելյանը կալանավորված էր մնացել:
Տիգրան Առաքելյանը դատապարտվել էր վեց տարվա ազատազրկման, Արտակ Կարապետյանը` երեք, Սարգիս Գևորգյանը և Դավիթ Քիրամիջյանը` 2-ական տարվա ազատազրկման:
Հասմիկ ՄՈՎՍԻՍՅԱՆ