Սուրբ ծննդյան տոնին նախապատրաստվում են նաև ԱՄԷ-ում: Թեև սա իսլամական տոն չէ, բայց կառավարությունը հնարավորություն է տալիս երկրում ապրող քրիստոնյաներին այն նշելու ըստ արժանվույն: Տոնի մասին առաջինը հիշեցնում են տոնական ձևավորումները, մարդաշատ խանութները: Ի դեպ, արդեն նվերներ գնելու ժամանակն է: Եթե այցելեք Աբու Դաբիի Տիկնանց հանձնախմբի «Ռոթանա Բիչ» հյուրանոցում կազմակերպված Սուրբ ծննդյան տոնավաճառ, կարող եք մատչելի գներով ձեռք բերել տոնական նվերներ` մոմեր, հուշանվերներ, գեղանկարներ, բնակարանի ներքին հարդարման ապակե զարդեր, կանացի զարդեր, հագուստ, տոնական բացիկներ, տոնական չրեր, շոկոլադ, թխվածք: Ամենակարևորը` ամեն ինչ ձեռքով է պատրաստված: Սա կանանց հանձնախմբի ղեկավար ԳՅՈՒԼԻԶԱՐ ՋՈՆՅԱՆԻ ջանքերով կազմակերպվող երկրորդ տոնավաճառն է: Թեև տարիներ առաջ եղել են նման միջոցառումներ, որտեղ ներկայացվել են միայն հայ կանանց աշխատանքները, բայց այս անգամ տոնավաճառը փորձել էր դուրս գալ այդ սահմաններից և հայկական տաղավարների կողքին ներկայացնել նաև այլ համայնքների ներկայացուցիչներին: Մինչև տոնավաճառի մեկնարկը միջոցառման մասին ծանուցվել էր տեղական մամուլում, սոցիալական կայքերում, ուստի բազմաթիվ այցելուներ եղան, այդ թվում` հայեր: Տիկին Ջոնյանը մեր զրույցում ուշադրությունս հրավիրեց այցելուների վրա. օտարերկրացիները գալիս էին ընտանիքներով, իսկ հայ համայնքից միայն կանայք էին ներկա: «Որքան էլ փորձեցի բացատրել տղամարդկանց, որ սա կանանց շուկա չէ, այլ արվեստի, արհեստի ցուցահանդես, որ այսօրը նրանք կարող են ընտանեկան տոնի վերածել, արդյունքի չհասա»: Իսկ կանայք պատճառաբանում էին, որ աշխատանքային օր է, ամուսինները զբաղված են: Սակայն տոնավաճառում դիտարժան աշխատանքներ շատ կային: Բոլոր տաղավարներում հաճույքով պատասխանում էին իրենց աշխատանքին վերաբերող ցանկացած հարցի, բարեհամբույր և ջերմ վերաբերմունքով գրավում այցելուների ուշադրությունը: Տիկին Ջոնյանը հետևում էր տոնավաճառի ընթացքին և հիշում, թե ինչպես է իրեն հաջողվել ստանալ մասնակիցների համաձայնությունը: «Երբ ասում էի հայկական տոնավաճառի եք մասնակցելու, Արմենիա անունը հասկանում էին Ամերիկա, Ալբանիա: Շատերը նույնիսկ Հայաստանի տեղը չգիտեին: Սկզբում տարակուսում էին, հետո համաձայնեցին»: ԱՄԷ-ի հայ համայնքի ներկայացուցիչները գիտակցում են, որ իրենցից յուրաքանչյուրը պետք է հնարավորինս լավ փորձի ներկայացնել իր հայրենիքը, իր ժողովրդին: Հայկական տաղավարների ներկայացուցիչներն էլ նույն գիտակցումով իրենց տաղավարով հետաքրքրվողներին մանրամասն ներկայացնում էին հետաքրքրող ապրանքը, նաև առիթն օգտագործելով, պատմում Հայաստանի ու հայերի մասին: Այստեղ վաճառվում էր հայկական չրեղեն, շոկոլադ, խմորեղեն, հուշանվերներ, հայ գեղանկարիչների աշխատանքներ: Մեծ մասը տիկին Ջոնյանը տոնավաճառի առիթով բերել էր Հայաստանից: Նա հաճախ է այցելում Հայաստան, ժամանակի մեծ մասն անցկացնում է թատրոններում, համերգասրահներում, ցուցահանդեսներում, օպերայում: Մեր ջերմ զրույցն ուղեկցվում էր նաև տոնավաճառի մասնակիցների հետ ծանոթություններով: Ծանոթացա Թերրի Օնանյանի հետ: Երբ իմացավ Հայաստանից եմ, շտապեց պատմել հայաստանյան տպավորությունների մասին և իր հիացմունքն արտահայտել: Նա անգլուհի է, ամուսնացել է լիբանանահայի հետ: Տիկին Թերրին ցույց էր տալիս իր աշխատանքները և բացատրում պատրաստման եղանակը. աղում է թուղթը, ստացված զանգվածը հարթեցնում, վրան դնում իր ստեղծագործության մետաղյա կաղապարը, հետո գունավորում: Իմ այն հարցին` կցանկանա՞ ներկայանալ Հայաստանում, պատասխանեց, որ հարմար առաջարկի դեպքում կմտածի այդ ուղղությամբ: Հարևան տաղավարն էլ ներկայացնում էր լիբանանահայ Նորա Բադանյանը, ով հիմա ապրում և աշխատում է Դուբայում: Այցելուն կարող էր իր երեխայի նկարչական աշխատանքները տալ նրան և այդ նկարներով բարձ, փափուկ աթոռ, հագուստ կամ բաժակ պատվիրել: Կարող էր նաև իր երեխայի նկարներով գիրք պատվիրել: Նորան վստահեցնում էր, որ սա լավ միջոց է երեխաների մանկության տարիների ստեղծագործությունները պահելու համար: Նա էլ խոստովանեց, որ կցանկանար իր աշխատանքները ներկայացնել Հայաստանում: Մեկ ուրիշ տաղավարում իր ձեռքով պատրաստած կանացի զարդերն էր ներկայացնում Աննուշկա Ջոնյանը: Նա նշեց, որ հազվադեպ է անձամբ մասնակցում տոնավաճառների, հաճույք է ստանում միայն ստեղծագործական պրոցեսից, իսկ իր աշխատանքները վաճառվում են տարբեր առևտրի կենտրոններում, հյուրանոցների վաճառասրահներում: Բայց քանի որ սա Հայկական տոնավաճառ էր, ցանկացավ անձամբ մասնակցել: Աննուշկան զարդեր պատրաստում է դեռ համալսարանական տարիներից: Սկսել է բջջային հեռախոսների կախազարդերով, որոնք վաճառվել են և որոշակի եկամուտ բերել: Այդ փոքրիկ շահույթը նա սիրով փոխանցել է Հայաստանին: Այս քայլին նրան մղել է հատկապես մայրիկի և Հայաստանի «Զատիկ» մանկատան համագործակցությունը: Տարիներ ի վեր մայրը գնում է մանկատան սաների պատրաստած աշխատանքները և դրանք ներկայացնում ԱՄԷ-ում: Մայրը` տիկին Գյուլիզարը, սիրով ներկայացրեց աշխատանքները, որոնց մասին պատմում էր դուստրը. դրանք տոնական բացիկներ էին. «Ես ամեն տարի մանկատան սաներից գնում եմ այս բացիկները, փորձում քաջալերել նրանց: Հետո դրանք կա՛մ վաճառում եմ տոնավաճառներում, կա՛մ նվիրում ծանոթներիս»: Մենք ընդմիջեցինք զրույցը, քանի որ մի քանի րոպեից սկսվելու էր տոնավաճառի վիճակախաղը: Ի դեպ, վիճակախաղի ժամանակ իմ բախտն էլ բերեց` տաղավարների ներկայացրած աշխատանքներից նվեր ստացա: Հաճելի անակնկալ էր: Վիճակախաղը, պարբերաբար կատարվող զեղչերը, հայկական երաժշտությունն աշխուժություն էին ստեղծում: Տոնավաճառը տևեց 11:00-20:00: Միջոցառումը մեծ արագությամբ արձագանք գտավ ԱՄԷ-ի հայերի ֆեյսբուքյան էջում: Սա ակտիվ էջերից մեկն է, որը լրատուի դեր է ստանձնել: Սրանով էին համայնքին տեղեկացնում նաև վերջին օրերին ՀՀ արտգործնախարար Էդուարդ Նալբանդյանի ԱՄԷ այցի և հայկական դեսպանատանը համայնքի անդամների հետ հանդիպման մասին: Այս էջը ողողված էր նաև ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի ԱՄԷ կատարած այցին վերաբերող լուսանկարներով և մեկնաբանություններով:
Համասփյուռ ԳՐԻԳՈՐՅԱՆ
ԱՄԷ-ում մեր հատուկ թղթակից