ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը, պաշտոնը ստանձնելու առաջին իսկ օրից, ծրագրում է վերականգնել իր «առավելագույն ճնշման ռազմավարությունն Իրանին սնանկացնելու համար»՝ գրում է Financial Times-ը: «Առավելագույն ճնշման» արշավը նպատակ ունի զրկել Իրանին բանակը հզորացնելու հնարավորությունից, սակայն վերջնական նպատակը Թեհրանին միջուկային նոր համաձայնագրի շուրջ բանակցությունների մղելն է։               
 

Doing Business-2013 զեկույցում Հայաստանն իր դիրքերը բարելավել է 18 կետով՝ զբաղեցնելով 32-րդ տեղը

Doing Business-2013 զեկույցում Հայաստանն իր դիրքերը բարելավել է 18 կետով՝ զբաղեցնելով 32-րդ տեղը
23.10.2012 | 15:04

Համաշխարհային բանկի Doing Business-2013 (Գործարարությամբ զբաղվելը) ամենամյա զեկույցի արդյունքներով վարկանիշային աղյուսակում Հայաստանն իր դիրքերը բարելավել է 18 կետով՝ զբաղեցնելով 32-րդ տեղը: Այս մասին վարչապետ Տիգրան Սարգսյանի գլխավորությամբ «Սինոփսիս Արմենիա» ընկերությունում տեղի ունեցած Տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացմանն աջակցող խորհրդի հերթական նիստում տեղեկացրել է ՀՀ էկոնոմիկայի նախարարի առաջին տեղակալ Կարինե Մինասյանը՝ նշելով, որ աա մեր երկրի պատմության մեջ լավագույն ցուցանիշն է:

«Այս մեկ տարվա ընթացքում աննախադեպ բարելավում ենք ունեցել: 184 երկրների շարքում զբաղեցնում ենք 32-րդ տեղը: Դա, իհարկե, լավ ցուցանիշ է, բայց մենք դեռևս առաջընթացի լուրջ տեղ ունենք, և մեր աշխատանքները պետք է ուղղված լինեն Հայաստանի դիրքի հետագա բարելավմանը»,- ասել է վարչապետ Սարգսյանը:
Կարինե Մինասյանի խոսքով՝ այս առաջընթացը պայմանավորված է ներդրումների, փոքր բիզնեսի շահերի պաշտպանության և այլ բնագավառներում արձանագրված լուրջ բարեփոխումներով:
Մասնավորապես, Հայաստանն ամենամեծ առաջընթացը գրանցել է «Ներդրողների պաշտպանություն» ցուցանիշում` առաջ գնալով 73 կետով և զբաղեցնելով 25-րդ տեղը: Բարելավվել է նաև «Հարկերի հավաքագրման» ցուցանիշը՝ 44 կետով, «Շինարարության թույլտվության»՝ 3 կետով, «Էլեկտրականության հասանելիության»՝ 42 կետով:
Իր դիրքի բարելավման արդյունքներով ԱՊՀ երկրների շարքում Հայաստանը լավագույնն է: Ուկրաինան զեկույցում առաջ է գնացել 15 կետով, Ուզբեկստանը` 14, Ռուսաստանը` 8, Ղազախստանը՝ 7, Տաջիկստանը՝ 6, Վրաստանը և Մոլդովան՝ 3-ական կետերով: Ադրբեջանը նախորդ տարվա նույն զեկույցի համեմատ նահանջել է մեկ կետով:
Վարկանիշային աղյուսակով տարածաշրջանում Հայաստանը երկրորդն է՝ Վրաստանից հետո, որն զբաղեցնում է 9-րդ հորիզոնականը: Ադրբեջանը գտնվում է 67-րդ, Թուրքիան 71-րդ, Իրանը՝ 145-րդ տեղում:

Դիտվել է՝ 3280

Մեկնաբանություններ