Գազայի հատվածում և Լիբանանում հրադադարի մասին Իսրայելի համաձայնությունը կարող է ազդել հոկտեմբերի 26-ի հարձակումից հետո հրեական պետությանը հակահարված տալու Իրանի որոշման վրա՝ հայտարարել է ԻԻՀ նախագահ Մասուդ Փեզեշքիանը։ «Նրանք լավ գիտեն, որ եթե որևէ սխալ թույլ տան Իրանի Իսլամական Հանրապետության դեմ, կստանան ջախջախիչ պատասխան»,- ասել է նա:               
 

Էգուց ինքնահող է

Էգուց ինքնահող է
29.06.2012 | 00:38

Առաջին հայացքից թվում է, թե ոչ մի կապ չկա «էգուց» և «ինքնահող» բառերի միջև: Տեսնենք՝ իրո՞ք այդպես է, թե՞ ոչ:
Գիտենք, որ այ-ը շատ բարբառներում դառնում է է. օրինակ՝ հայր - հէր, մայր - մէր, այծ - էծ և՝ այգ - էգ: Այսինքն՝ էգուց-ի արմատը այգ-ն է, որ նշանակում է «առավոտ»: «Այգ» բառը բարբառներում չի պահպանվել, բայց կան այդ արմատի հնչյունափոխված ձևերով կազմված մի շարք բառեր՝ էգուց, էգլաց, էգվան, էքսի, էքսը և այլն:
Ինչպես գիտենք, «էգուց» նշանակում է «վաղը»: Եթե բառի մեջ վերականգնենք «այգ» արմատը, կստանանք՝ այգուց, որը նշանակել է «թաղման երկրորդ առավոտը հանգուցյալի վրա կատարված մի կարգ», որն այսօրվա խոսակցական լեզվում հանդես է գալիս «ինքնահող» սխալ կազմությամբ բառով: Իսկ ինչպե՞ս է առաջացել «այգուց» բառի «վաղը» նշանակությունը: Ց նախդիրով բառը դարձել է ցայգ՝ «մինչև այգ, մինչև առավոտ եղած ժամանակամիջոցը», այսինքն՝ գիշեր: Այդպես է կազմված նաև «ցերեկ» բառը՝ «մինչև երեկո», այսինքն՝ առավոտից մինչև երեկո եղած ժամանակամիջոցը: Իսկ ե՞րբ է բացվում այգը. մյուս օրը, այսինքն՝ վաղը: Ի միջի այլոց, առավոտ և վաղ նշանակությունների նույնացումներ կան նաև այլ լեզուներում: Օրինակ, ռուսերեն завтра (վաղը) բառը նշանակում է նաև «առավոտ», գերմաներենում morgen նշանակում է և՛ «վաղը», և՛ «առավոտ»:
Այժմ տեսնենք, թե ինչ ճանապարհ է անցել այսօրվա մեր խոսակցական բառապաշարում լայն գործածություն ստացած «ինքնահող» բառը:
Մի հնագույն ծեսի՝ թաղման հաջորդ օրը ննջեցյալի գերեզմանի վրա կատարվող սգի համար ստեղծվել են «այգալաց», «այգուց», «այգահող» բառերը: Լեզվում երբեմն լինում են բառերի իմաստափոխություններ թյուրըմբռնման հետևանքով: Այսինքն՝ բառերը կամ դրանց բաղադրիչները սխալ հասկանալու, բառերի ճիշտ նշանակությունն ու գործածությունը չիմանալու, հարանունները (նմանահունչ բառերը) իրար հետ կամ բառի բաղադրիչներից մեկն իր հարանվան հետ շփոթելու, բառի կազմությունը չիմանալու հետևանքով:
Օրինակ՝ «վարկաբեկել» (անվանարկել) բառը կազմված է «վարկ» (հեղինակություն) և «բեկել» (կոտրել) բաղադրիչներից: Խոսակցական լեզվում վարկ բառը անգործածական է, ուստի և խոսողները վարկաբեկել-ի առաջին բաղադրիչը կապում են «վարք» բառի հետ՝ բառը դարձնելով վարքաբեկել:
Այստեղ այգահող-ը հետագայում դարձել է էգնահող, էքնահող, իսկ սա էլ դարձել է ինքնահող, իբր թե «իր հողին այցելելը»:
Կա նաև մեկ այլ կարծիք, որ «ինքնահող» բառն առաջացել է «այգողք» գրաբարյան բառից: Իսկ այս բառը կազմվել է այգողբք այգ և ողբք բաղադրիչներից՝ բ-ի անկումով: Քանի որ այգ-ը բարբառներում չի պահպանվել, ապա այգողք-ը կապվել է «ինքը» բառի հետ, իսկ ողբք բաղադրիչի մնացած մասը՝ ողք-ը, կապվել է «հող» բառի հետ և ստացվել է ինքնահող:
Ազգագրական շատ հետաքրքիր մի արարողություն է նշանակում էքպարև բառը: Պսակի հաջորդ առավոտը նորապսակ զույգը նվագածուների հետ բարձրանում էր կտուր՝ երգով ու նվագով արևածագը ողջունելու համար: Սա ևս մի վկայություն է մեր արևապաշտ նախնիների մասին:


Վաչագան Ա. ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 16380

Մեկնաբանություններ