Գազայի հատվածում և Լիբանանում հրադադարի մասին Իսրայելի համաձայնությունը կարող է ազդել հոկտեմբերի 26-ի հարձակումից հետո հրեական պետությանը հակահարված տալու Իրանի որոշման վրա՝ հայտարարել է ԻԻՀ նախագահ Մասուդ Փեզեշքիանը։ «Նրանք լավ գիտեն, որ եթե որևէ սխալ թույլ տան Իրանի Իսլամական Հանրապետության դեմ, կստանան ջախջախիչ պատասխան»,- ասել է նա:               
 

MADE IN TURKEY (մաս 26-րդ)

MADE IN TURKEY (մաս 26-րդ)
14.10.2024 | 18:18

Սկիզբը՝ այստեղ

(ուղեցույց նրանց համար, ովքեր ցանկանում են ուսումնասիրել Հայաստանի Հանրապետության վերջին վեց՝ 2018-2024 թթ., տարիների պատմությունը)

ԳԼՈՒԽ 25-ՐԴ

(կամ` «վզի՜կ… տոտի՜կ… թևի՜կ…»

ՊԵԿԻՆՅԱՆ ԲԱԴԻՑ ՑՆՑԱԿԱԹՎԱԾԻ ՄԵՋ ԸՆԿԱԾՆԵՐԸ

Փողոցից գործադիր և օրենսդիր կառույցներում հայտնված ու դրանք սեփական նախասիրություններին ծառայեցնող ընդոծին բոսյակները, ժողովրդի ծառա ձևանալով, խոզաբարո ագահությամբ, ըմբոշխնում են իրենց առջև անսպասելի առատությամբ թափված վայելքներն ու այլազան նրբախորտիկները, որոնց անուններն իջևանյան անցյալում, անգամ չէին էլ լսել:

Պետբյուջեի հաշվին տարբեր մայրցամաքներում աշխատանքային այցով զբոսաշրջային «տուր»-ի դուրս եկածները, հաճախ առաջնորդվում են սեփական քիմքի թելադրանքով:

Հետևա՞նքը:

Մերթ ընդ մերթ, կամա թե ակամա, անսպասելիության այնպիսի «բարձրագույն ցուցանիշներ» են սահմանում, որ երբեմն ակներև «արդյունքը», միջազգային դեռևս գոյություն չունեցող ֆեդերացիայի` տակավին չհաստատված պայմաններով, անվերապահորեն կարելի է գրանցել «Գինեսի ռեկորդների գրքում»:

Որպեսզի նկարագրվածը չընկալվի կանխակալ վերաբերմունքի հետևանք-դրսևորում` ասվածը համեմենք փաստերով:

Առիթի դեպքում աշխարհի մեգապոլիսների թանկարժեք ռեստորաններում, պերմանենտ պարարտացող գերագույն գլխավորը, յուր կողակցուհու ընկերակցությամբ, խփշտում է սև կամ կարմիր խավիար, ֆուա-գրա, որկորը լցնում արտասովոր այլ կերակրանյութերով:

Եվ իհա՜րկե ոստրեներով:

Ա՜խ ոստրենե՜ր… ոստրենե՜ր…

Ինչու առանձնացնել օտար, հայկական խոհանոցին խորթ այդ ծովամթե՞րքը:

Տեղին հարց է:

Բայց մինչ պատասխանելը, համառոտ հստակեցում. սա ընդունված դելիկատես է աշխարհի թանկարժեք ռեստորաններում: Դրա շուկայական արժեքը խիստ տատանվում է:

Տեղական, կրկին թանկարժեք, ռեստորաններում մեկ ափսեի գինը սկսվում է շուրջ 90 հազար ՀՀ դրամից:

ՈՒշադրություն, հիմա պատասխանը.

արդարության դեմ չմեղանչելու համար նախ փաստենք. ոստրեների գոյությունից նախորդ կյանքում իրազեկ չէր նաև Իջևանի հանրաճանաչ հարսը:

Գահաթոռին բազմելուց հետո, սակայն, պարտադիր պետք է համտեսեր այդ ծովամթերքը, որպեսզի ժամանակ անց «պայազատ» (տվյալ պարագայում պարտադիր «ուհի» իգականակերտ ածանցով), իմա` ազնվատոհմիկ խաղալով քամահարանքով հեգնի «միջին վիճակագրական հայի» սերը հայրենիքի հանդեպ` գրառելով.

«Մի երկու երկիր եղած, մի երկու գիրք կարդացած, մի երկու անգամ օպերա լսած, մի երկու ոստրե կերած միջին վիճակագրական հայ «ուսյալ-մտավորականը» ոչ միայն չի՛ սիրում, այլեւ ամաչո՛ւմ է միջին վիճակագրական հայ մարդուց, նրա տնից, նրա խանութից, նրա կերածից, նրա լսածից, առհասարակ Երեւանի փոքր կենտրոնից դուրս գտնվող ամեն ինչից»։

Պարզ է, չէ` ինչու՞ հատկապես ոստրե:

Հայկական ավանդական ուտեստներ հո չէ՞ր պրոպագանդելու: Այսօր դրանցով ու՞մ կզարմացնես:

Համ էլ լոբապուրը, սպասը, քրջիկը կամ էլ փեսային պատվելիս հայ զոքանչների նախընտրած ձվածեղը «բարձրաշխարհիկ» քիմքի համար շատ կոշտ են, իսկ ստամոքսի համար` ծանրամարս:

ՈՒրեմն միայն և միայն ոստրե, որ և՛ էկզոտիկա է, և՛ ազնվատոհմիկության ցուցական:

Ոստրեով տարված մոռացանք կարևորը` չինական խոհանոցի զարդը:

Երկար զիգզագներից հետո, վերջապես անդրադառնանք այս հատվածի հիմնական «մեղավորին»` բադին:

Միջազգային ներկայացուցչական որևէ համաժողովի մասնակցելու փոխարեն, երբ նույն ժամանակահատվածում, մյուս երկրները շահավետ պայմանավորվածություններ են ձեռք բերում ու համաձայմագրեր կնքում, ոստրեներով և արտառոց այլ «նյութերով» գերլցված որկորի խորքերից ժայթքող պես-պես ձայնարկությունների ուղեկցությամբ, սրանք շարունակում են իրենց խեղճ ստամոքսները տաժանակրության դատապարտելու գործընթացը` հիմա էլ համտեսում են մատուցվող աղանդերները:

Ո՜վ կպատկերացներ, օրինակ, որ Չինաստանում անցկացված տնտեսական խոշոր ֆորումից հետո, երբ հարևան Ադրբեջանի տարբեր հարթակներում կվերլուծեն կարևոր նախագծերին առնչվող ձեռքբերումները, նույն այդ ընթացքում Հայաստանում քննարկման նյութ կդառնա…

Այո՛, մի՛ զարմացեք, սովորական մի փետրավոր, որը շեղաչք խոհարարի մոգական «սեանսի» վերջնարդյունքում, որպես «խելքամաղ» անող «էկզոտիկա» մատուցվել է ՀՀ ղեկավար կոչվածի ու նրա տիկնոջ կեսօրյա սեղանին, իսկ «ճաշակվելուց» հետո դարձել «ինքնատիպ» էսսեի «հերոս»:

Բայց մինչ սագանմանների դասին պատկանող թռչունների այս ցեղատեսակի ներկայացուցչից պատրաստված ուտեստին ու դրան հաջորդող «զարգացումների» մանրամասներին անդրադառնալը փոքրիկ պարզաբանում:

Որպեսզի բադը հանգրվանի ՀՀ վարչապետի աթոռը յուրացրած օբյեկտի ամենամարս ստամոքսում, գերագույնը տիկնոջ հետ, ձրիակերների յուր թափորը հետևից գցած, Երևանից նախ պետք է հասնի Բրյուսել:

Ընդամենը մասնակցի ինչ-որ ճաշի, լուսանկարվի, հետո, իր իսկ պարզաբանմամբ` Եվրասիա մայրցամաքի արևմտյան ափից հասնի արևելյան ափ` մասնակցելու տնտեսական խոշոր համաժողովին:

Բայց իհարկե ներկա չի գտնվի կարևոր նախագծերի քննարկմանն ու ֆինանսավորմանը:

Ո՜նց մասնակցի, երբ Միխայիլ Սամուելովիչ Պանիկովսկու նման ողջ էությունը, Պարոնյանի լեքսիկոնով` «կպոռա».

«Վզի՜կ… տոտի՜կ… թևի՜կ…»:

Բայց ո՛չ սագի, այլ լավ բտված ջրլող թռչնատեսակի վզիկ, տոտիկ ու թևիկ:

Դաժան ու լուռ երկընտրանք:

Գրեթե` «լինե՞լ, թե՞ չլինել»:

Սովորականի նման ուտել-վայելել և ինքնագոհ բխկալ-զկռտա՞լ, թե՞ ձանձրալի` փորը չուրախացնող միջոցառման մասնակիցը լինել:

Համլետյան ձևախեղված ու փոխակերպված դիլեման` «ուտե՞լ, թե՞ չուտել» փաթեթավորմամբ, «ժողովրդավարության բաստիոնի» տիրոջ պարագայում հար ու հավետ մեկ լուծում ունի, և մեկ պատասխան` ուտե՜լ, իհարկե` ուտե՜լ:

Հետևապես, անվերապահորեն, երկրի շահը ստորադասվելու էր անհագ քիմքին ու գերագույնը «գորշ կարդինալուհու», հայկական տարբերակում`տիկին «վարչապետուհու» հետ ճաշակելու էր չինական խոհանոցի ամենահայտնի ուտեստներից մեկը:

Մինչ այր ու կին մանդարինի կտորներին զուգակցած կուլ էին տալիս հատուկ ջեռոցում եփված մեղրապատ բադի խրթխրթան շերտերը, Ադրբեջանը տնտեսական նախանձելի պայմանագրեր էր կնքում:

Ստացվեց` միլիոնների ծախսը` պետբյուջեից, ընդամենը բադ խժռելու և ֆեյսբուքյան մեջբերված գրառման համար էր.

«Չինաստանի մեր գործընկերները ամեն ինչ անում են, որ մենք անմոռանալի տպավորություններով հեռանանք Պեկինից: Ավելի քան ստացվել է:

Այսօր էլ՝ ինձ ու Աննային հրավիրեցին 150 տարվա մի ռեստորան՝ «Բադ պեկինյան ձեւով» փորձելու:

Եւ ընդհանրապես՝ ցնցված ենք չինական հյուրընկալությունից» (15 մայիսի, 2019 թ., https://www.facebook.com/photo.php?fbid=2315908542062861&id=1378368079150250&set=a.1895098537477199&locale=af_ZA):

Արձանագրենք` մի բադից «ցնցակաթվածի» մեջ հայտնվածն այդպես էլ չի կողմնորոշվում, թե տերերն իրեն ի՛նչ աթոռի են տեղադրել, թե ինքն ի՛նչ պաշտոն է ստանձնել:

Երկիրը, տնտեսությունը կամ ռազմական հզորությունը ո՞րն է, երբ փորը լցնելն է առաջնային գերխնդիրը:

Նրա ինչի՞ն են պետք հոգնեցուցիչ, որկորը տանջամահ անող քննարկումները` ընդամենը մի քանի միլիոնի համար, երբ կարող է ոտքերից բռնել-«թափ տալ» ուզած հայ օլիգարխին և՞…

… և փոքրիկ թվաբանություն հետաքրքրասերների համար.

երկրի վարչապետ կարգվածի գաստրոնոմիական շրջայցին առնչվող գրառմանը սրտիկել և բութն է վեր ցցել շուրջ 21 հազար օգտատեր:

Մեկնաբանել է 1,5 հազարը:

Կիսվել` 623-ը:

Ծիծաղել` 169-ը:

Զարմացել` 60-ը:

Զայրացել 36-ը:

Արտասվել` 4-ը:

Եթե ժամանակ ունեք` աչքի անցկացրեք 21 հազար հմայված-զմայլվածների ցուցակը:

Տարբեր հարթակներից ու եթերներից այսօր իրենց պատռտողներից ոմանց դեմքերը կհառնեն ձեր դիմաց:

Ինչևէ, ամենամեծ ձեռքբերումը «ցնցող հյուրընկալությունն» էր, որ նիկոլերենից թարգմանաբար կնշանակի.

«Ստամոքսս հաճելիորեն «շոյեց» բադը` պեկինյան ձևով: Որքա՜ն հիասքանչ է կյանքը, երբ փորս կուշտ է: Հայրենիքն էլ… սոված փորով ի՞նչ հայրենիք»:

Լիներ Պարոնյանը, թերևս, կփաստեր` ահա ևս մեկ «ազգային ջոջ», որի կյանքի իմաստն ու մեծագույն իդեալը նախ իր փորը կշտացնելն է:

Հավելենք` երբ սա փառավոր կերել է ու պեկինյան ցնցող բադով գոհացրել ստամոքսը, «դեմոկրատական բաստիոնի» բնակիչներն էլ, հավանաբար, երջանիկ են:

Կասկածու՞մ եք:

Իզու՜ր:

ՈՒսումնասիրեք 1,5 հազար մեկնաբանությունները և՞…

Կհամոզվեք` իրողությունն իսկապես ողբերգական է`«փորի գերուն» ինքնակամ գերի դարձածների բազմությունը համառորեն չի ցանկանում ընկալել, որ վարչապետ կարգվածի միակ նպատակը ոչ թե լյումպենի գոյությունն իմաստավորելն ու տնտեսական վիճակը բարելավելն է, այլ նախ իր փորի, ապա և սեփական ընտանիքի շքեղ ու իշխանավայել կյանքն ապահովելը:

Դատարկ հույսերով սնվողները, ցավոք, համառորեն ժխտում են, իրողությունը` գորշ է և դժգույն, անհեռանկար ու ողբերգական հայոց ապագան նման կաշալոտի առաջնորդությամբ:

(շարունակելի

)

ՍՏՈՒԳՈՂԱԿԱՆ ՀԱՐՑԵՐ 25-ՐԴ ԳԼԽԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

1. ՈՒ՞մ թելադրանքով են առաջնորդվում Պետբյուջեի հաշվին տարբեր մայրցամաքներում զբոսաշրջային «տուր»-ի դուրս եկածները:

2. Անվերապահորեն ի՞նչը կարելի է գրանցել «Գինեսի ռեկորդների գրքում»:

3. Աշխարհի մեգապոլիսների թանկարժեք ռեստորաններում պերմանենտ պարարտացող գերագույն գլխավորը, յուր կողակցուհու ընկերակցությամբ, ի՞նչ դելիկատեսներով է լցնում որկորը:

4. Չինաստանյան «աշխատանքային այցի» շրջանակներում ի՞նչ են քննարկում Հայաստանում:

5. Ո՞ր քայլերից հետո բադը կհայտնվի ՀՀ վարչապետի աթոռը յուրացրած օբյեկտի ամենամարս ստամոքսում:

6. Միխայիլ Սամուելովիչ Պանիկովսկու օրինակով ի՞նչ էր «պոռում» ամենակերի ողջ էությունը:

7. «Պայազատուհի» ձևացող տիկնոջ հետ պարոնն ի՞նչ էր ճաշակելու 150 տարեկան ռեստորանում:

8. Պետբյուջեից հանուն ինչի՞ ծախսվեցին միլիոնները:

9. Թվային ի՞նչ տեսք ունեին երկրի վարչապետ կարգվածի գաստրոնոմիական շրջայցին առնչվող արձագանքները:

Փիրուզա ՄԵԼԻՔՍԵԹՅԱՆ

Ծաղրանկարը` ՆԻԿՕ-ի (Նիկոլայ ՄԱՆՈՒԿՅԱՆ)

Դիտվել է՝ 10927

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ