ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը, պաշտոնը ստանձնելու առաջին իսկ օրից, ծրագրում է վերականգնել իր «առավելագույն ճնշման ռազմավարությունն Իրանին սնանկացնելու համար»՝ գրում է Financial Times-ը: «Առավելագույն ճնշման» արշավը նպատակ ունի զրկել Իրանին բանակը հզորացնելու հնարավորությունից, սակայն վերջնական նպատակը Թեհրանին միջուկային նոր համաձայնագրի շուրջ բանակցությունների մղելն է։               
 

Ցավից ու պայքարից ծնված գրական աշխարհ. խոնարհում մեր անմահ քաջերին, որ այսօրվա սերնդին` վաղվա ազգը պիտի դաստիարակեն

Ցավից ու պայքարից ծնված գրական աշխարհ. խոնարհում մեր անմահ քաջերին, որ այսօրվա սերնդին` վաղվա ազգը պիտի դաստիարակեն
29.07.2024 | 21:52

Վաստակաշատ գրադարանավար, մատենագետ, արձակագիր, բանաստեղծուհի. սրանք պարզապես մասնագիտություններ չեն։

ԶԵՓՅՈՒՌ ՄԿՐՏՉՅԱՆԻ անցած կյանքի ուղին անցնում է հենց այս` մեկը մյուսից ինքնօրինակ աշխարհ բովանդակող բառերի միջով։ Եվ այս «աշխարհներում» ամենապայծառ կետը նրա երկվորյակ թոռներն էին` Վահեն ու Էդգարը։

ՎԱՀԵ և ԷԴԳԱՐ ԱՌԱՔԵԼՅԱՆՆԵՐԸ ծնվեցին միասին։

Հայոց բանակ զորակոչվեցին միասին։

Եվ... միասին էլ անմահացան Արցախյան երրորդ պատերազմում։ Միացան անմահների գնդին, որ սերունդները Հայրենիք ունենան, և մենք չդառնանք պետություն չունեցող մի հին ժողովուրդ, ինչպես եղել է բազմաթիվ հնագույն քաղաքակիրթ ազգերի դեպքում, որոնք եղել են մեզնից շատ ու ավելի ընդարձակ սահմաններով։

Եվ ի՞նչ ուժ պետք է ունենա հայ գերդաստանի մայրը և տատը, որ այս անփարատելի վշտի մեջ գրիչ վերցնի ու շարունակի գրել:

Դեռ 2020 թվականի դեկտեմբերին համացանցում ես հանդիպել էի տիկին Զեփյուռի ահա այս գործին.

ԾԱՌԵՐԸ ՉԵՆ ԳԱՂԹՈՒՄ

Չէ՛, ծառերը չեն մահանում,

Արմատները խորն են ձգում`

Անտառ դառնում...

Միայն թե, ա՜խ,

Կացին չգա ծառի ճյուղին,

Միայն թե, վա՜խ,

Կայծակ չտա ծառի բնին,

Ծառերն էլ են անձայն լալիս...

Ասես, պորտը մորից կտրում

ՈՒ չեն կապում,

Ասես, փախչում են վտանգից

ՈՒ ծեր մորը տանը թողնում,

Չէ՛, ծառերը չեն դիմանում

Այդ մեծ վշտին...

Սակայն նրանք մարդկանց նման

Չեն թափառում ու չեն գաղթում,

Արմատները խորն են ձգում՝

Անտառ դառնում...

ՈՒ մեռնում են իրե՛նց տեղում:

Այո՛, սիրելի տիկին Զեփյուռ, ծառերը չեն գաղթում, քանզի այստեղ` Հայկական բարձրավանդակում, Հայը տեղաբնիկ է։

Այդ թշնամի՛ն է մեր Հայրենիքում եկվոր, բայց պիտի գնա, պայքարելու ենք։ Ձեր պոեզիան պայքարի գրականություն է` ցավից ծնունդ առած։

Եվ այդ ցավը համազգային է:

Հուլիսի 27-ին մենք բացառիկ առիթ ունեցանք ավելի մոտիկից առնչվելու Զեփյուռ Մկրտչյանի գրական աշխարհին։

Ամիսներ առաջ ձևավորվել է Հայաստանի ազնվական արվեստագետների միութունը, որը նպատակ ունի ազգային մշակույթների հոգևոր դաշտին նետված մարտահրավերների ժամանակներում պահպանել ու տարածել ազգային արժեքները, որի հիմնաքարերից մեկն էլ մեր անմահացած հերոսներին ապրեցնելն է։ Պատահական չէ, որ միության շարքերում են նաև անմահացած հերոսների մայրեր ու քույրեր, ովքեր ազգային արժեհամակարգի համար պայքարող տեսակներ են: Տիկին Զեփյուռն այս շարքում օրինակ է, թե ինչպես դիմակայել ցավին ու պայքարել հանուն հայրենիքի հարատևության ու չխենթանալ մեզնից բռնազավթված Հայրենիքի մյուս հատվածների համար։ Դեռևս բռնազավթված...

Միջոցառումը բացվեց ՀԱԱՄ հ/կ-ի հիմնադիր- նախագահ Նարեկ Պապոնց Առաքելյանի խոսքով.

-Հարգելի ներկաներ, այսօր մեր միջոցառումը նվիրված է արձակագիր, բանաստեղծուհի Զեփյուռ Մկրտչյանին, ում մեջ ամբարված է ամբողջ Հայրենիքը։

Այնուհետև բոլորը մեկ րոպե լռությամբ հարգեցին բոլոր ժամանակների պատերազմներում անմահացած հերոսների հիշատակը, որից հետո միության նախագահը շարունակեց.

-Երբեք ցավը չկարողացավ կեղեքել մարդու ներաշխարհը։ Երկու հերոսացած հայորդիների տատիկ է Զեփյուռ Մկրտչյանը։ Այստեղ ևս գտնվում են հերոսների մայրեր` Աիդա Բարեկյանը, Քլարիս Ծատուրյանը: Ցավի հետ մեկտեղ ունենք դիմակայելու կարողություն։ ՈՒնենք Հայրենիք, հանուն որի ոչինչ չենք խնայում` անգամ մեր զավակներին։

Հայ ազնվական արվեստագետների միությունը ստեղծվել է, որ պահպանենք մեր արժեհամակարգը` հանուն որի ընկան մեր քաջերը:

Խոսքը տրվեց տիկին Զեփյուռին.

-Նախ շնորհակալ եմ հրավերի համար։ Երեկ իմ զույգերի ծննդյան օրն էր։ Կանգնել եմ այդ երեխաների քարե արձանների մեջտեղ։ Եվ անվերջ զրոներ... Ինչպե՞ս կարելի էր այս սերնդի հետ այսպես վարվել։ Մեկը մյուսից գեղեցիկ, լուսավոր:

Ես Աստծուն հարցեր ունեմ ուղղելու։ Թող ներվի ինձ ասել` կասկածում եմ Նոյի աղավնու լեգենդին։ Ինձ միշտ թվացել է` ոչ թե աղավնին, այլ մայր արծիվն է դուրս եկել տապանից: Իսկ այսօր մայր արծվի թևերն ուզում են կտրել։ Բայց ես էլի լավատես եմ` չե՛ն կարողանալու... Որքան էլ սողունները, գորշ գայլերը ուզենան կտրել մեր մայր արծվի թևերը, մեր ազգը ճախրող ազգ է, մեր ազգը թևերը լայն բացող ազգ է:

Զեփյուռ Մկրտչյանը գրել սկսել է հասուն տարիքում։ Եվ իր գիրն առաջինը գնահատել է Խիկար Գեղամյանը, մի խստապահանջ արվեստագետ, որ ինչպես վկայում են ավագ սերնդի ներկայացուցիչները, ոչ ոքի հենց այնպես չէր գնահատում։

Այդ բացառիկներից մեկն էլ եղել է տիկին Զեփյուռը։

Եվ միանգամայն տեղին ու հետաքրքիր էր ՀԱԱՄ հ/կ հիմնադիր-փոխնախագահ, վաստակաշատ մանկավարժ Ջուլիետա Ասատրյանի խոսքը` ուղղված Զեփյուռ Մկրտչյանին.

-Զեփյուռ Մկրտչյանի պոեզիան ծնվեց հիսուն տարեկանից հետո, ծնվեց գեղագիտությունը։

Նա ճանապարհի արժեքն իմացավ, ճանապարհից քարերը վերցրեց, մաքրեց ու դրեց թղթերի մեջ։ Սա աստվածային ճանապարհ է, որը նա գնացել է ու չի հասկացել, որ Աստվա՛ծ է իրեն ուղղորդել, բերել դեպի Պառնաս։

Եթե մենք մտնում ենք պոեզիայի, արձակի աշխարհ, ապա մենք կարծրանում ենք, մենք հյուլեանում ենք, ինչպես գետի ջրից հանում են կեղտոտ քարի կտորը ու ձուլում են ոսկի: Պոեզիան դա է։ Եթե ոչ` դառնում է եռացող ջուր, որ եռում-եռում է, ու մեկ էլ տեսաք` հատակը վառվում է։Այս մարդու հատակը չի վառվել, այլ միայն ազնվացել է, ավելի է ձգվել ու թևում է դեպի վերև։ Եվ եթե վերև է գնում, ապա նա կառչած է իր Հայրենիքին։ Նրա ոտքերի տակ կա ամուր հիմք` Հող հայրենի։

Տիկին Ասատրյանը կարդաց Զեփյուռ Մկրտչյանի «Հայրենի Հող» բանաստեղծությունը։

Ելույթ ունեցան շատերը։ Զրույցները շարունակվում էին Զեփյուռ Մկրտչյանի գրական աշխարհի շուրջ, որոնք դառնում էին ևս մի բանալի` բացահայտելու նրա ներաշխարհը, մարդկային վեհ տեսակը։

Այս մասին իր սրտի խոսքն ասաց ՀԱԱՄ հ/կ-ի հիմադիր-քարտուղար Կարինե Սարդարյանը։

Պատմեց, թե ինչպես է դեռ միությունը ստեղծվելուց առաջ Նարեկ Պապոնց Առաքելյանի հետ ծրագիր իրականացրել` այցելելու մեր անմահացած հերոսների ընտանիքներին, ովքեր Հայրենիքին նվիրել են իրենց ամենաթանկը և անթույլատրելի է, որ հերոսների ընտանիքները մնան իրենց վշտի մեջ մենակ։

Նրանց կողքին պետք է լինել մի՛շտ։ Եվ այդ այցելություններից մեկի ժամանակ էլ իր համար բացահայտել է տիկին Զեփյուռի ու նրա ընտանիքի տեսակը, թե որքան ուժեղ կարող է լինել մարդկային հոգին, որ վշտի մեջ չկորցնի իր ներսի լույսը, որը շարունակում են բաշխել մարդկանց։

Տիկին Սարդարյանն իր հերթին ընթերցեց Զեփյուռ Մկրտչյանի բանաստեղծությունները, ինչպես նաև ի՛ր ստեղծագործություններից մեկը` նվիրված մեր բոլոր ժամանակների հերոս հայ զինվորին։

Եվ ամբողջ ընթացքում պարբերաբար զրույցներն ընդմիջվում էին ժողովրդական վարպետ Նորայր Հովհաննիսյանի քամանչայի հնչյուններով։

...Զեփյուռ Մկրտչյանին շնորհվեց Հայաստանի ազնվական արվեստագետների միության պատվավոր անդամի կորչում։

Սա սովորական միջոցառում չէր, այլ մի յուրահատուկ ձևաչափով հանդիպում հայոց մոր ու տատի, բանաստեղծուհու հետ, որից հետո յուրաքանչյուրի մտապատկերում պետք է ուրվագծվի ա՛յն ուղին, թե ինչպես ենք կառուցելու մեր ազգային պետությունը` այն պետությունը, որ դեռ վերադառնալու է միջազգային հարթակ ու պայքարելու է իր անժամանցելի իրավունքների համար։ Եվ մեր պայքարի ճանապարհին մեզ ուղեկցելու են մեր անմահացած հերոսների լուսե պատկերներն ու մարտական ուղին, որոնց շարքում են մեր կրտսեր եղբայրներ` Վահե և Էդգար Առաքելյանները։

Մեր բոլորի խոնարհումը Ձեզ, սիրելի տիկին Զեփյուռ:

Մեր հերոս եղբայրների պայքարի սուրը չենք դնելու վայր:


Հասմիկ ՊՈՂՈՍՅԱՆ

Դիտվել է՝ 6671

Մեկնաբանություններ