ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը, պաշտոնը ստանձնելու առաջին իսկ օրից, ծրագրում է վերականգնել իր «առավելագույն ճնշման ռազմավարությունն Իրանին սնանկացնելու համար»՝ գրում է Financial Times-ը: «Առավելագույն ճնշման» արշավը նպատակ ունի զրկել Իրանին բանակը հզորացնելու հնարավորությունից, սակայն վերջնական նպատակը Թեհրանին միջուկային նոր համաձայնագրի շուրջ բանակցությունների մղելն է։               
 

Ես էլ եմ վախենում

Ես էլ եմ վախենում
12.07.2024 | 18:45

Երեկ ԱԺ-ում քննարկվեց Ազգային անվտանգության մարմիններում ծառայելու մասին օրենքում լրացում կատարելու կառավարության նախագիծը։ ՔՊ խմաբակցության հայտնի օլիգարխ Խաչատուր Սուքիասյանը բարձրացրեց հետևյալ հարցը․

«Մենք հիմա իրենց (Արցախի Հանրապետության Ազգային անվտանգության նախկին աշխատակիցներին) վերցնում ենք, որ նորից նու՞յն մեթոդով համակարգ լինի, թե՞ մեզ ավելի ճիշտ է՝ նոր կադրեր վերցնենք՝ ՀՀ ազգային անվտանգության նոր գիտակցությամբ, ՀՀ պետության պաշտպանության գիտակցությամբ, պետության կարևորության գիտակցությամբ, թե՞ այդ նույն 30 տարվա գիտակցությամբ ենք շարժվում» (https://www.youtube.com/watch?v=XAfJK6amzYE

Թվում է՝ ՔՊ-ի մանիպուլյատիվ հռետորաբանության շարքը հասել է Սուքիասյանին։ Օրեր առաջ էլ նա ԱԺ ամբիոնից հնչեցրեց մի այլ աղմկահարույց հայտարարություն․

«44-օրյա պատերազմի ժամանակ միտումնավոր մարդիկ տեղերը տվել են, որ մեր զինվորներին սպանեն, որպեսզի այդ ժամանակվա իշխանությունը պարտվի․․․» (https://www.aravot.am/2024/06/27/1429260/

Վերոնշյալից դատելով՝ կարծես թե, Սուքիասյանը ճշգրիտ պատկերացումներ չունի Արցախի Հանրապետության մասին առհասարակ։ Չգիտի, որ նույն այս Հանրապետության պետական մարմինների՝ այդ թվում Պաշտպանության բանակի և Ազգային անվտանգության աշխատակիցների զոհաբերության շնորհիվ է հաղթանակներ արձանագրվել և պահպանվել 30 տարի, միաժամանակ երաշխավորվել ոչ միայն Արցախի, այլև մեծամասամբ ՀՀ անվտանգությունը, այդ տանիքի ներքո նաև Սուքիասյանների ողջ բիզնեսը:

«Դուխով» օլիգարխին ենք ձոնում երջանկահիշատակ Վազգեն Սարգսյանի հետևյալ տողերը, որոնք շարադրվել են 1989 թ․ (Եթե լիներ, գուցե և խմբագրական մի փոքր միջամտությամբ, նույնը կասեր հենց այսօր).

«Սրտացավության պակասից եմ վախենում։ Ցավի առուծախից եմ վախենում։ Գաղթականների համար եմ վախենում, որ էս վերջին հանգրվանում էլ իրենց տեր չեն զգում, հյուր են զգում․․․

«Մեր հացն ուտող, ուրիշի դռանը հաչող շներից եմ վախենում։ Մեզանից եմ վախենում, որ միլիոնանոց միտինգներից, Սումգայիթից ու երկրաշարժից հետո էլ մեկմեկու անվերապահորեն սիրել-ներել-հանդուրժել չսովորեցինք։

«Բռունցքված ձեռքն այսօր բառ է դառնում ու գրանցում ու աշխատատեղ է վաճառում գաղթականին, տնակ` աղետյալին․․․

«Հազար անգամ ասել ենք, որ մեր փրկությունը մեր միասնական ուժի մեջ է, բայց այնքան ենք իրարից հեռու, ասես իրավապահ մարմինների աշխատողներս այլ ազգից ենք, գործարարներս՝ ուրիշ․․․

«Ամենից շատ վախենում եմ նրանցից, ովքեր ոչ մի բանից չեն վախենում, բացի աթոռ կորցնելուց․․․»։

(Գրական թերթ, Երևան, 2002 մարտի 8, էջ 11)

Կարէն ԽԱՆԼԱՐԵԱՆ

Դիտվել է՝ 4421

Մեկնաբանություններ