Վրաստանի իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը մտադիր չէ չեղարկել «Օտարերկրյա գործակալների մասին» և «ԼԳԲՏ քարոզչությունն» արգելող օրենքները՝ հայտարարել է կուսակցության գործադիր քարտուղար Մամուկա Մդինարաձեն։ «Դրանք եվրոպական արժեքներ չեն։ Մենք ուրիշ Եվրոպա գիտենք, ուրիշ Եվրոպա ենք ուզում։ Վստահ եմ, որ պահպանողական ուժերը Եվրոպայում կարթնանան»,- ասել է քաղաքական գործիչը:               
 

ՍԵՎԱՀՈՂԻ ԲԱՆԱՍՏԵՂԾ, ԱՆՈՒՆԸ` ԹԱԹՈՒԼ ԲՈԼՈՐՉՅԱՆ

ՍԵՎԱՀՈՂԻ ԲԱՆԱՍՏԵՂԾ, ԱՆՈՒՆԸ` ԹԱԹՈՒԼ ԲՈԼՈՐՉՅԱՆ
15.11.2011 | 00:00

Երբ տասը տարեկան էի, սարերով Սանահնավանք մատաղուխտի էինք գնում։ Ընտանիքո՛վ։ Պատերազմ տեսած հայրս էր, մեր տանը մեզ պահած, դպրոց ուղարկած ու մեզ հետ տառերը վերհիշած, Սանահնավանքին մատաղ խոստացած մայրս էր, մեծ եղբայրս ու փոքր քույրս։ Չաթնասարի կատարին էինք, նկարապատկեր Լոռին էր մեզ հմայում։ Հայրս պահեց ձին, նայեց երկար, սարերի ու գյուղերի անուններ տվեց, նաև Ծովեր ասաց, Քոշաքար ասաց, ձեռքը մեկնեց ու ժպտաց. «Էն էլ ձեր ուզած Դսեղը` Թումանյանի ծննդավայրը»։ Հափշտակված նայեցինք։ Հայրս ասաց. «Հայերիս ամենահավատացյալ ուխտավորը Հովհաննես Թումանյանն է։ Լավ սովորեք, մի օր այ էն ճամփով ուխտավորին ուխտի կգնանք»։ Եղբայրս հարցրեց. «Ինչո՞ւ մեր տնից չի երևում Թումանյանի տունը»։ «Մեր սարերից երևում են Դսեղի սարերը։ Դասերդ որ լավ սովորես, կհասկանաս, որ Լոռին, Դսեղը աշխարհի ամեն տեղից էլ երևում են»։ Հետո հորով, մորով, քույր-ախպերներով Թումանյան արտասանեցինք, ապա հայրս ասաց, որ մարդ իր տանը պիտի մարդ ու բանաստեղծ դառնա, թե չէ հեքիաթների ոսկի քաղաք էլ գնաս, եթե մարդու զավակ չկա ու մարդ չես, վրայիցդ մարդահոտ չի գա։
Չգիտեմ ինչու սա հիշեցի, ու հիշածովս սկսեցի խոսքս Թաթուլ Բոլորչյանի մասին։ Նա Երևան եկավ ոչ թե մարդ ու բանաստեղծ դառնալու, այլ արդեն մարդ էր ու բանաստեղծ, որ եկավ Երևան։ Եկավ ու կրկին դարձավ էն, ինչ կար` մարդ ու բանաստեղծ, որ իր անունից առաջ իր հպարտ ու հզոր եզերքի անունը հնչել տվեց։ Եկել էր ուխտատուն Ջավախքից, եկել էր Տերյանի թախիծներից, շրշյուններից, եկել էր լեզու ու եկեղեցի, աղոթք ու կռիվ ունեցող իր Գումբուրդո գյուղից, իր Պողոս հոր տնից։ Եկեղեցին էնքան լավն է, որ վրացիներն ասում են` մերն է։ Գյուղը սևահող շերտեր ունի, որ շնչելու հետ հիշում ես Վարպետին` սևահողդ հին քո կտրիճ որդին։ Ջավախքի սևահողը տեսնելուց հետո է, որ մտածել եմ` հողը չեն փորում բահով, հողը չեն հերկում չութով, արորով, գութանով, մշակի ուսով կամ հորովելով, հողը հերկում են զավակ ունենալով, օրորոցայինով, Ջիվանի ու Տերյան երգելով, ակոսի մեջ նախնիների ձայների ստվերները շոյելով։ Եվ մեր Թաթուլն իր սևահողը, իր Աբուլը, ամպածրար երկինքը, իր անձրևները, իր բարբառաձայները էնպես է երգել առանց բառահասցեի, որ թվում է` հերկել է։ Երգել է, հերկել, հետն էլ ինքն իրենից թաքուն դարձել է ութսուն տարեկան` դառնալով իր ուխտատուն Հայաստանի Ջավախքի ուխտավորը, լեզվի, սիրո, նվիրումի բանաստեղծը, բառի ոսկեմաշկն առնելով ու տեղը նանի գործած շալե շապիկը նվիրելով, որ չմրսի բառը, որ սարերի մեջ արթուն մնա հնչյունը։ Մի քանի տող գրի, մի էջ, թե ամբողջական պոեմ, մնում է նույն Թաթուլը` զարմանալի անկեղծ ու մաքուր, նվիրական, լեզվի տեր ու ծառա։
Լյուդվիգ Դուրյանի Սիրանուշ դստեր հարսանյաց հանդեսին Վարդան Վանատուրը, Թաթուլ Բոլորչյանն էնպես էին երգում ու պարում, որ մեծ ուրախությանը ջավախքական գուներանգներ էին հաղորդում։ Անիական ակունք ունեցող Լյուդվիգ բանաստեղծը հպարտ էր դրա համար։ Ամեն հարսանիք, ամեն մի ծնունդ մեզ ուշքի էր բերում` երկիր ու ժողովուրդ ենք դառնում նորից։
Երանի նրանց, ովքեր երանի տալ գիտեն։ Երանի նրանց, ովքեր մեր գլխին կապույտ երկնքի գմբեթն են պահել։ Երանի բանաստեղծներին, որ թաքնվել գիտեն բառի մեջ, բառի միջից կարող են հսկել հեռացող սերը։
«Թաթուլ Բոլորչյանը` հիսուներկու տարվա իմ ընկերը, իր երգերի սերմն առնում է ջավախքյան սևահողից։ Սևահողն է պահում երգերի մեջ և երգն է պահում սևահողի մեջ»,- ասում է Արարատի քուրմ Հովհաննես Շիրազի ուրույն կենսագիր, տաղանդավոր գրող Վազգեն Առաքելյանը։
ՈՒժերիցս վեր պիտի լինի լռության բանաստեղծ Թաթուլ Բոլորչյանի գրական խորունկ հերկի բուրմունքը շնչել տալ ընթերցողին, պարզապես անցած տարիների սիրով ու եկող օրերի ձայնով չեմ կարող չասել.
-Դու քո հերկվորը և հնձողը, քո երգերի արդար կալվորը մնացիր, ապրե՛ս, սիրելի՛ Թաթուլ, լավ էլ արեցիր, որ դարձար ութսուն տարեկան, դա նույնպես խիզախում է, մի բան, որ շատերը չեն համարձակվում։ Դա ավելին է, քան մանկության երկինքների կապույտ զրնգոցը։ Չէ, ինչ եմ ասում։ Էդ կապույտներն են քեզ բանաստեղծ պահել։ Դու քեզ կարդա, հիացիր քեզնով, որ հասկանաս, թե ինչու ենք շատերս կարողանում լսել քո անուշ ու տխուր երգերի մեղեդին։
Դու արժանի ես քեզ։
Հրաչյա ՄԱԹԵՎՈՍՅԱՆ

Դիտվել է՝ 4987

Մեկնաբանություններ