1990-ին, երբ «Գարունի» գլխավոր խմբագիր Մերուժան Տեր-Գուլանյանն ընտրվեց խորհրդարանի լրատվության... և այլ հարցերով մշտական հանձնաժողովի նախագահ, իրավունք չուներ համատեղելու երկու պաշտոնները, և ամսագրի նոր գլխավոր խմբագիր պիտի ընտրեինք։ Թեկնածուներն էին՝ գլխ. խմբագրի տեղակալ Լևոն Անանյանը և պատ. քարտուղար Հակոբ Մովսեսը։ Խմբագրությունը երկու բանակների էր բաժանված (շատ ուշ հասկացա, որ նոր-նոր բարձր պաշտոններ ստացած երկու նախկին գարունականների՝ Վազգեն Սարգսյանի ու Վանո Սիրադեղյանի ազդեցության գոտիներն էին)։
Ես նոր էի գործի ընդունվել, Վազգենի ու Վանոյի հետ չէի աշխատել, որևէ մեկը «Գարունում» աշխատելուս համար չէր բարեխոսել, որևէ մեկի ազդեցության գոտում չկայի։ Ասել էին, որ ձայները հավասար են բաշխվում, ու նման դեպքերում, գիտեք, տատանվողների գինը բարձրանում է։ Ինձ համար, ինձանից գոհ ֆռֆռում էի «Գարունի» միջանցքներով, ու ով ասես, չէր փորձում մտքինս հասկանալ կամ սիրաշահել ինձ։
Արդարության դեմ չմեղանչելու համար ասեմ, որ անգամ Մերուժան Տեր-Գուլանյանը, որը երևի հենց էդ առիթով էր մի անգամ հյուր եկել «Գարուն», ինձ միջանցքում մենակ բռնացնելուց և տատանվելս իմանալուց հետո որևէ մեկի օգտին ձայնս տալու հորդոր չարեց։ Դա արեցին տղերքը։ Ջահել գարունականների մի խումբ կար՝ բոլորիդ հիմա քաջ ծանոթ ոսկի տղերք, իրենց հետ մտերիմ էի, մի մասի հետ՝ ուսանողական տարիներից։ Իրենք շատ տակտով, առանց ստիպելու հասկացրին, որ քանոնով գծածի պես լրիվ հավասար են բաշխվում ձայները, ու եթե ես Լևոնին եմ ընտրում, Լևոնն է ընտրվում, Հակոբին եմ ընտրում, Հակոբն է ընտրվում։
Խնդրեցին Հակոբին ընտրել։
Ջահել էի ու երևի մի քիչ էլ «ստերվա», որովհետև արդեն որոշել էի տղերքի խաթրից դուրս չգալ ու Հակոբին ընտրել, բայց բուն ընտրության օրը, երբ քննարկում էինք թեկնածուների ծրագրերը, ամենաշատը ես հարցեր տվեցի երկուսին էլ, ու ինձ այնպես էի պահում, թե իբր հենց այդ պատասխաններից է կախված իմ որոշումը։
Թատրոնս խաղացի, հետո քվեարկությունն էր։ Հաշվելուց հետո պարզվեց, որ Լևոնն է մեկ ձայն ավելի ստացել, ոչ թե Հակոբը։ Մինչ կմտածեի՝ հեսա ինձ են կասկածելու, կամ՝ կարո՞ղ է պատահաբար սխալ անուն ջնջեցի, լուրը շատ արագ տարածվեց՝ Սմբատը տղերքին ասել էր, թե Հակոբին է ձայն տալու, Լևոնի օգտին էր քվեարկել։
ՈՒ այդպես «Գարունի» գլխավոր խմբագիր դարձավ Վանոյի թեկնածու Լևոն Անանյանը։
Հակոբի համար էլ՝ Վազգեն Սարգսյանի օգնությամբ երևի, «Գարունին» կից «Ապոլլոն» հրատարակչությունը ստեղծեցին, որ ղեկավարի։
Այսպիսի բաներ։
Մի՛ ասեք, էլի, օ՜յ, ես ծրագրերը կարդացի, օ՜յ, ես հայեցակարգերը համեմատեցի, օ՜յ, ես հաղթող թեկնածուին չեմ տվել ձայնս...
Լա՛վ, էլի, ԱՄեկ պլյուսին կապուղի տրամադրելու մրցույթներն էլ չհիշեցնեմ, ամեն ինչի խոհանոցն էլ համտեսել ենք։
Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ