Ինչ-որ բան նեխել է
Դանեմարքում, միլորդ.
մեր դերը խաղանք խելագար,
գուցե դա է փրկությունը մեր:
Միշտ էլ ծափ կտա ամբոխը,
հետո կշպրտի քարեր.
հիմա չեն հարցնում` կա՞ մեկը ձեր մեջ,
որ լինի արդար:
Մենք կամավոր ենք`
շալակած ծաղր ու պարսավանք,
հանուն ճշմարիտ խոսքը ասելու.
դեռ խոցվելու ենք սրից` սայրը թունավոր,
մենամարտում արքայի մատնած:
Իսկ հետո մեկը` պալատի ծաղրածուն,
մեր փոխարեն կասի`
բառե՛ր, բառե՛ր… մնացյալը լռությո՛ւն է:
Կարևոր մի բան անդարձ է նեխել
Դանեմարքում, միլորդ.
մենք խելագարվում ենք,
և սա է փրկությունը մեր:
Հուսիկ ԱՐԱ